HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նալբանդյանը Մոսկվայում հանդիպել է Լավրովին

Ներկայացնում ենք Մոսկվայում ՌԴ և ՀՀ արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Էդվարդ Նալբանդյանի հանդիպման մասին Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունը․

«Զրուցակիցները շարունակեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի լարման վերաբերյալ վերջին օրերին ունեցած քննարկումները:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով լուրջ հարված է հասցվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Նախարարի խոսքերով հրատապ գործնական քայլեր են հարկավոր իրադրության կայունացման համար:

Սերգեյ Լավրովը նշեց, որ իրավիճակի սրման հենց սկզբից Ռուսաստանը ջանքեր է ներդրել կրակի դադարեցման ուղղությամբ։ Նա անընդունելի համարեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի կիրառումը, կարևորեց ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածության պահպանումը և նման իրավիճակների կրկնության բացառումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում բանակցային գործընթացի շարունակման համար համապատասխան պայմանների ստեղծումը։

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները կարևորեցին հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված առաջարկությունների իրագործումը։

Սերգեյ Լավրովը Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրեց Բաքվում կայացած ռուս-ադրբեջանական հանդիպումների մասին։

Նախարարներն անդրադարձան տարբեր ոլորտներում համագործակցության շուրջ Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, հայ-ռուսաստանյան երկկողմ օրակարգի հարցերին։

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրներ։ Անդրադարձան Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, փոքրամասնությունների, հատկապես՝ քրիստոնյաների պաշտպանության հարցերին, ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերին»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter