Կիրակի, 23 սեպտեմբերի

Զեկույց մարդկանց թրաֆիկինգի մասին 2007թ.



Հայաստան. խումբ 2 - Հատուկ վերահսկման ցուցակ

Հայաստանը հանդիսանում է սկզբնաղբյուր եւ որոշ չափով նաեւ տարանցիկ երկիր սեռական կոմերցիոն շահագործման նպատակով կանանց ու աղջիկներին Միացյալ Արաբական Էմիրություններ (ՄԱԷ) եւ Թուրքիա տեղափոխելու համար: Աշխատանքային շահագործման նպատակով իրականացվում է հայ կանանց եւ տղամարդկանց թրաֆիկինգ դեպի Ռուսաստան: Կանայք եւ աղջիկները ՄԱԷ են ուղեւորվում նաեւ Մոսկվայով:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի ապահովում թրաֆիկինգի վերացմանն ուղղված նվազագույն ստանդարտները, չնայած նշանակալի աշխատանքներ է կատարում դրանց կենսագործման նպատակով: Արդեն երրորդ տարին անընդմեջ Հայաստանը տեղ է գտնում երկրների դասակարգման սանդղակի երկրորդ խմբի հատուկ վերահսկման ցուցակում, որովհետեւ անցած տարվա ընթացքում չի ցուցադրել իր աշխատանքներն աշխուժացնելու վերաբերյալ բավարար ապացույցներ, մասնավորապես թրաֆիկինգի հետ կապված կոռուպցիայի դեմ պայքարելու եւ զոհերին աջակցություն տրամադրելու ոլորտներում: Չնայած Հայաստանում հակաթրաֆիկինգային օրենսդրության կիրառման ընդլայնմանը, քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող դատապարտված թրաֆիկինգ իրականացնողների թվի ավելացմանն ու աշխատանքային թրաֆիկինգի առաջին գործին 2006 թ. դեկտեմբերին (նշանավորվելով որպես թրաֆիկինգի առաջին գործ, որի շրջանակում թրաֆիկինգի զոհերը ստացան ֆինանսական փոխհատուցում)` կառավարությունը չի գրանցել առաջընթաց զոհերի նույնականացման ու ուղղորդման աշխատանքներում կամ թրաֆիկինգի հարցերում պաշտոնեական մեղսակցության դեմ պայքարում:

Հաշվետու ժամանակահատվածում տեղ գտած պաշտոնեական կոռուպցիայի երկու նկատված դեպքերից առաջինի պարագայում Գլխավոր դատախազության հակաթրաֆիկինգային բաժնի ավագ քննիչի նկատմամբ կառավարության անցկացրած հետաքննությունը բավարար չէր. պաշտոնապես եզրակացվեց, որ նա որեւէ խախտում թույլ չի տվել եւ, ի վերջո, փոխադրվեց այլ բաժին՝ ավելի ցածր պաշտոնի: Երկրորդ դեպքում թրաֆիկինգի իրականացման համար դատապարտված անձը, որը ՀՀ օրենսդրության համաձայն ժամանակավորապես բաց էր թողնվել բանտից, ըստ հնչած մեղադրանքների՝ ձեռք էր բերել իր ժամկետանց անձնագիրը կառավարության պաշտոնյաներից եւ փախել երկրից: Չնայած այդ անձնավորությանը հայտնաբերելու համար կառավարությունը սահմանափակ ջանքեր էր գործադրել` հաշվետու ժամանակահատվածի ավարտին նա դեռ շարունակում էր մնալ ազատության մեջ: Թրաֆիկինգ իրականացնողի փախուստի հետ կապված գործողությունների համար քրեական հետապնդում չի իրականացվել ոչ մի պաշտոնյայի հանդեպ, չնայած քրեակատարողական հիմնարկի երեք վերադաս պաշտոնյաներ հեռացվել են աշխատանքից, ու ընթանում է հետաքննություն: Հակաթրաֆիկինգային աշխատանքները բարելավելու համար Հայաստանը պետք է վճռականորեն հետաքննի, դատական կարգով հետապնդի, դատապարտի ու պատժի թրաֆիկինգի հարցերում մեղսակից կոռումպացված պաշտոնյաներին:

Կառավարությունը պետք է ներդնի թրաֆիկինգի զոհերի նույնականացման ու ուղղորդման պաշտոնական ու համապետական համակարգ ու ավելի շատ զոհերի ուղղորդի դեպի պաշտպանության ծառայություններ մատուցող հասարակական կազմակերպություններ: Հայաստանը պետք է նաեւ ընդլայնի բնակչության տեղեկացվածության ու կանխարգելման աշխատանքները:

Քրեական հետապնդում

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ կառավարությունը չափավոր դրական տեղաշարժեր է ունեցել թրաֆիկինգի դեմ պայքարի իրավապահ աշխատանքներում: Հայաստանում քրեական օրենսգրքի 132 հոդվածով արգելվում է մարդկանց թրաֆիկինգը թե՛ սեռական, թե՛ աշխատանքային շահագործման նպատակով, եւ այդ հանցանքի համար նախատեսվում է 3-15 տարվա ազատազրկում, ինչը բավարար խստության պատիժ է եւ համահունչ է մյուս ծանր հանցանքների համար նախատեսված պատժաչափերի հետ: 2006 թ. ընթացքում ՀՀ կառավարությունը հետաքննել է թրաֆիկինգի 16 գործ` 2005 թ. 14 գործի համեմատ: Քրեական հետապնդում է իրականացվել թրաֆիկինգ իրականացնող 13 անձանց նկատմամբ, իսկ 2005 թ. նրանց թիվը 16 էր: 2006 թ. ընթացքում հետապնդված բոլոր 13 թրաֆիկինգ իրականացնողներն էլ դատապարտվել են: 2006 թ. դատապարտված 13 հոգուց 4-ը դատապարտվել են 5 տարվա ազատազրկման, 1-ը` 4.5 տարվա ազատազրկման, 4-ը` 4 տարվա ազատազրկման, 1-ը` 3.5 տարվա ազատազրկման, 2-ը` 2 տարվա ազատազրկման, ու 1-ը` 2 տարվա պայմանական ազատազրկման: Հաշվետու ժամանակահատվածում գործողության մեջ է դրվել նոր օրենք, որը զգալիորեն խստացնում է մարդկանց թրաֆիկինգի համար նախատեսվող պատիժը եւ հստակորեն տարանջատում է մարդկանց թրաֆիկինգը կազմակերպված մարմնավաճառությունից կամ կավատությունից:

Պաշտպանություն

Թրաֆիկինգի զոհերի պաշտպանության հարցում 2006 թ. ՀՀ կառավարությունը բավարար աշխատանք չի կատարել: Զոհերի աջակցության, վերականգնողական խորհրդատվության ու ապաստանի հարցերով հիմնականում զբաղվել են հասարակական կազմակերպությունները, չնայած սահմանապահները կարճաժամկետ ապաստան ունեին զոհերի համար Վրաստանի սահմանային անցակետի մոտ ու ուղղորդում էին զոհերին դեպի հասարակական կազմակերպություններ: Կառավարությունը ֆինանսական կամ նյութական օգնություն չի ցուցաբերել հակաթրաֆիկինգային հասարակական կազմակերպություններին: Հայաստանը չի ձեւավորել զոհերի նույնականացման ու նրանց պաշտպանությունն ապահովող հասարակական կազմակերպություններ ուղղորդելու պաշտոնական ընթացակարգեր: 2006 թ. հասարակական կազմակերպություններին օգնության համար դիմած 24 զոհերից 8-ն ուղղորդվել են ոստիկանության կողմից. այս թիվը նախորդ տարվա համեմատ անկում է ունեցել: Զոհերի նկատմամբ պատիժ չի կիրառվել ուղղակիորեն թրաֆիկինգի ենթարկվելու արդյունքում թույլ տված անօրինական գործողությունների համար: Չնայած զոհերին արգելված չէ մեղադրանք ներկայացնել ընդդեմ թրաֆիկինգ իրականացնողների, սակայն հետաքննության ու քրեական հետապնդման հարցերում նրանց մասնակցությունը չի խրախուսվել: Հասարակական կազմակերպությունները նշել են որոշ դրական տեղաշարժեր դատաքննության ընթացքում զոհերին ցուցաբերած վերաբերմունքի առնչությամբ:

Կանխարգելում

ՀՀ կառավարությունը բնակչության իրազեկման իր աշխատանքները համալրելու հարցում շարունակել է հիմնվել միջազգային կազմակերպությունների ու հասարակական կազմակերպությունների վրա: Հայաստանի Միգրացիոն գործակալությունը, աշխատելով Քաղաքացիական ավիացիայի վարչության ու մի հասարակական կազմակերպության հետ, պատրաստել եւ Թուրքիա ու ՄԱԷ ուղեւորվող անձանց բաժանել է թրաֆիկինգի վտանգները ներկայացնող թերթոններ: Կառավարությունը նաեւ աշխատել է Ռուսաստանի Միգրացիոն գործակալության հետ` գրքույկներ հրատարակելու ու դրանք Ռուսաստան աշխատելու նպատակով ուղեւորվող անձանց բաժանելու համար: Հաշվետու ժամանակահատվածում մի հասարակական կազմակերպություն թրաֆիկինգի նշանները ճանաչելու շուրջ ուսուցանում է կազմակերպել 71 սահմանապահների համար: Հասարակական կազմակերպությունները նաեւ չորս դպրոցների ուսուցիչների ու աշակերտների համար թրաֆիկինգի մասին սեմինարներ են անցկացրել:


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ