HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Եկել էին ասեին, որ ասելիք չունեն, կամ ասուլիսի իմիտացիա

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքն ու Պիեռ Անդրյոն եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկն այսօր 15 րոպե ուշացումով ներկայացան մամուլի ասուլիսին, որը կայացավ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Վերջինիս երկու մուտքերի մոտ նրանց էին սպասում ՀՀ եւ ԼՂՀ դրոշներով, ցուցապաստառներով «զինված» քաղաքացիները:

Երբ ասուլիսի համակարգող, ԱՄՆ դեսպանատան աշխատակցուհուն հարցրինք, թե ինչպիսին է հարցեր տալու կարգը, պարզվեց, որ մի խումբ լրագրողներ արդեն մշակել են 5 հարց, որոնցից բացի, փաստորեն, այլ հարց չէր լինելու: Աշխատակցուհին դա փորձեց հիմնավորել ժամանակի սղությամբ, իսկ երբ հարցրինք, թե քանի րոպե է տեւելու ասուլիսը՝ կես ժա՞մ, ասաց՝ դե, մի 40 րոպե: Ի դժբախտություն, թե բարեբախտություն լրագրողների, ասուլիսը, իսկ ավելի ճիշտ դրա իմիտացիան, ընդամենը 15-20 րոպե տեւեց:

Նախ Ի. Պոպովն ասաց, որ տարածաշրջան են եկել՝ հանդիպելու Հայաստանի, Ադրբեջանի ու ԼՂՀ-ի ռազմաքաղաքական ղեկավարությանը. «Մեր գլխավոր նպատակն է օգնել կողմերին կարգավորել իրավիճակն ու միջոցներ ձեռնարկել, որ ռազմական գործողությունները չկրկնվեն: Ցանկանում եմ ընդգծել, որ մեր մանդատի մեջ չի մտնում հետաքննել, թե ով է մեղավոր, պատասխանատու տեղի ունեցածի մեջ: Ընդհանուր եզրակացությունն այն է, որ կողմերը մտադիր են պահպանել հրադադարը, որի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել երեքշաբթի օրը Մոսկվայում: Խոսել ենք այն մասին, թե ինչ է պետք անել խաղաղությունը պահպանելու համար: Գլխավոր խնդիրը կողմերին բանակցությունների սեղանին նստեցնելն է: Որոշ հարցեր ենք քննարկել կողմերի միջեւ վստահության «վերադարձի» վերաբերյալ: Երբ անհրաժեշտ լինի, կրկին կվերադառնանք ռեգիոն: Ամենակարեւոր հարցերից է ամենասեղմ ժամկետներում զոհերի աճյունների վերադարձը: Դրանով հիմա զբաղվում են Կարմիր խաչն ու կողմերը, մոնիտորինգով, համակարգմամբ զբաղվում է դեսպան Կասպրշչիկի խումբը: Օգտվելով առիթից՝ ուզում եմ ցավակցություն հայտնել զոհվածների հարազատներին ու ընկերներին»:

Հարցին, թե առաջարկությունների ինչ փաթեթ է քննարկվում բանակցություններում, Իգոր Պոպովը նշեց, որ որեւէ նոր փաստաթուղթ («Լավրովի փաստաթուղթ») գոյություն չունի, սեղանին համանախագահների առաջարկներն են, որոնք հիմնված են հայտնի 3 սկզբունքների  եւ 6 տարրերի վրա: Այդ տարրերից ամենագլխավորներն են ԼՂ-ի կարգավիճակի որոշումը եւ տարածքների վերադարձը (նաեւ փախստականների վերադարձ, ՀՀ-ն ու ԼՂ-ն կապող միջանցքի լայնություն): Պոպովը շեշտեց, որ խաղաղապահ առաքելությունն իրականացվելու է վերջնական փուլում, երբ ստորագրված կլինի խաղաղության համաձայնագիրը:

Ադրբեջանական զինուժի կողմից խոշտանգված հայ խաղաղ բնակիչների եւ զինվորների մասին Ջ. Ուորլիքն հերթապահ արտահայտություններով նշեց, որ խորապես մտահոգված են մարդու իրավունքների խախտման միջադեպերի կապակցությամբ: ԼՂՀ-ի՝ բանակցություններին մասնակցելու հարցին ի պատասխան՝ Ի. Պոպովն ասաց, թե մեկ անգամ չէ, որ իրենք նշել են, որ որոշակի փուլում Արցախը, այո, պիտի վերադառնա բանակցություններին: «Գոնե ձեզ համար արդյոք ճշտել եք, թե որ կողմն է սկսել էսկալացիան, եւ արդյոք չեք կարծում, որ այսքան արյունահեղությունից հետո անիմաստ է բանակցել, մինչեւ չլուծվի հետաքննությունների մեխանիզմի ներդրման հարցը». այս հարցին Պ. Անդրյոն ընդամենն ասաց, որ իրենք մանդատ չունեն որոշելու, թե ով է սկսել, իրենք դրանով չեն զբաղվել, իրենց համար ամենագլխավորն է այնպես անել, որ հրադադարը երկար շարունակվի: Մեխանիզմների մասին էլ նշեց, թե երկար ժամանակ աշխատում են այդ ուղղությամբ եւ շարունակելու են: Փաստորեն, կարելի է ասել, որ քանի դեռ համանագահները չունեն այդ մանդատը, եւ չկա հետաքննություների մեխանիզմը, որի ներդրումը Ադրբեջանը վիժեցնում է, նրանք շարունակելու են ագրեսորին ու պաշտպանվողին նայել նույն դիտանկյունից, ինչպես եղավ նաեւ այս անգամ:      

Իսկ հարցին, թե արդյոք դիտարկվում է Ադրբեջանին ակնհայտ պաշտպանող Թուրքիային Մինսկի խմբից հեռացնելու տարբերակը, Ջ. Ուորլիքը բացասական պատասխան տվեց:

Ահա այսքանը: Համանախագհներն ասացին այն, ինչ եւ կարելի էր սպասել նրանցից. լղոզված, ընդհանրական մոտեցում, ընդհանուր հայտարարություններ, անդեմ պատասխաններ:

Մեկնաբանություններ (1)

Հասմիկ Պողոսյան
Դուք միայն դրանց ոչինչ չասող դեմքերին ու դատարկ աչքերին նայեք ...և բոլոր հարցերի պատասխանները կստանաք....Ուրիշ բան չէր էլ կարելի սպասել.....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter