HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թեկնածուն «ախպերության հանդեպ իրեն լավ չի պահել»

Մայիսի 12-ի ԱԺ ընտրությունները թիվ 31 (Վանաձոր, Ալավերդի) ընտրատարածքում ախպերության շքերթն էր:

Մանավանդ, երբ Հանրապետական կուսակցության Ալավերդու տարածքային կազմակերպության քարտուղար նշանակվեց Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը, իսկ Հանրապետականի կողմից մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվեց Կարեն Սարիբեկյանը: Արթուր Նալբանդյանը դեռ մարտ ամսից էր իր աշխատասենյակ ներսուդուրս անողներին տեղեկացնում, որ ԱԺ պատգամավոր են դարձնելու «իրենց ախպորը»` Կարեն Սարիբեկյանին:

Այլեւս ինձ համար պարզ էր, որ իշխանության եւ կրիմինալի համագործակցության պայմաններում քարոզչական աշխատանքներում ինչ ծանր փորձություններ էին սպասվում ինձ` ընդիմադիր թեկնածուիս:

Լոռու մարզում իշխանության եւ կրիմինալի սերտաճումը տալիս է իր դառը պտուղները: Մարզում կրիմինալ տարրերին իշխանության մեջ ներգրավելու գործընթացը սկսել է Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը: Իհարկե, պետք չէ միամիտ լինել` կարծելով, թե, օրինակ, 2005 թ. Ալավերդիում մի քանի ծանր հանցագործություններով հանրահայտ Արթուր Նալբանդյանին քաղաքապետ կարգելը պայմանավորված էր զուտ Հ. Քոչինյանի ցանկությամբ:

Դեռ այն ժամանակից ալավերդցիներին հայտնի է, որ, շրջանցելով վարչապետ Անդրանիկ Մարգարյանին ու նրա հանրապետական թեկնածուին, Գագիկ Ծառուկյանի միջնորդությամբ Արթուր Նալբանդյանի քաղաքապետ դառնալու «դաբրոն» Հ. Քոչինյանի առաջ դրել է «Թումանյան» էլ. ցանցի տնօրեն Կարեն Սարիբեկյանը: Ընտրակեղծիքների տեխնոլոգիաներին գիտակ Հենրիկ Քոչինյանն այն իրականացրեց մեծ եռանդով: Ալավերդիում տեղական ինքնակառավարումը հանձնվեց ախպերությանը, որի արդյունքում, Քոչինյանի բարձր հովանու ներքո, տարիներ շարունակ թալանված եւ շուրջ 45 մլն դրամ պարտք ունեցող համայնքային բյուջեն այս անգամ էլ հայտնվեց ուղիղ գայլի երախում: Այդ օրերին Կարեն Սարիբեկյանի կողմից «Թումանյան» էլ. ցանցի տնօրեն նշանակվեց ախպերության մեկ այլ ներկայացուցիչ` Աշոտ Շաքարյանը (մականունը` Ֆշիկ):

Քաղաքապետ Արթուր Նալբանդյանը Ալավերդի քաղաքի բյուջեի 8 մլն դրամով նախ վերանորոգեց քաղաքապետարանի իր նստավայրը, 5 մլն դրամով քաղաքապետի համար նոր ավտոմեքենա գնվեց, 1,5 մլն դրամ հատկացվեց ավտոմեքենայի վառելիքի համար, 1,7 մլն դրամ` քաղաքապետի ռեստորանային հյուրասիրությունների, 400 հազար դրամ էլ` բջջային հեռախոսազրույցների համար:

Քննադատության նկատմամբ ախպերության ընկալումները միանգամայն այլ են: Դա նրանց կողմից դիտվում է «ախպերության գլխի վրայով անցնել»: Պարզաբանումներ կամ բացատրություններ նրանք երբեք չեն տալիս, ախպերությունը պատասխանելու իր օրենքներն ունի:

Ախպերության սպառնալիքները

Ահա այս պայմաններում Ալավերդիում մեկնարկեց խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Առաջին լուրջ փորձությունը տեղի ունեցավ Գուգարք գյուղում մայիսի 1-ին` ժամը 20-ի սահմաններում, քարոզչական աշխատանքներ կատարելու ժամանակ, երբ գյուղի կենտրոնական փողոցի ծայրամասում ՀԷՑ ՓԲԸ «Դեբեդ» մասնաճյուղի Վահագնի տեղամասի պետ Վահե Միկիչյանը եւ ՀՀ ոստիկանության ՊՊՎ Վանաձորի բաժնի ոստիկան Վանիկ Միկիչյանը ավտոմեքենայով փակեցին մեր ճանապարհը` պահանջելով դադարեցնել քարոզչությունը եւ դուրս գալ գյուղից: Մտածեցի, որ նորից գործ ունեմ Կարեն Սարիբեկյանի անողոք էլեկտրիկների հետ ( արդեն շատ համայնքներում հանդիպումներիս էլեկտրիկների հետ գործ էի ունեցել ) , դուրս եկա մեքենայից եւ ներկայացա: Ազգանունս լսելուն պես էլեկտրիկ Վահե Միկիչյանն ինձ ասաց. «Դու ախպերության հանդեպ լավ չես պահում քեզ: Ես լսել եմ քո ելույթները, եւ դա մեզ դուր չի եկել»:

Քարոզչությունն ամեն գնով խափանելու համար ոստիկանը մեզ սուրճի հրավիրեց, երբ քաղաքավարությամբ հրաժարվեցի, ձեռքիցս քաշելով` զոռով էր ուզում ինձ մտցնել ավտոմեքենան: Ես մի կերպ ազատվեցի նրա ձեռքից, նետվեցի դեպի իմ ավտոմեքենան եւ խնդրեցի վարորդին արագ դուրս գալ գյուղից: Նրանք մեզ ավտոմեքենայով հետեւեցին մինչեւ Ազգային անվտանգության ծառայության Վանաձորի բաժնի շենքը: Այստեղ ինձ ասացին, որ պետք է դիմեմ ոստիկանություն: Հետս երիտասարդ աղջիկներ կային, ստիպված դիմեցի Վանաձորի ոստիկանություն` ապահով Ալավերդի հասնելու նպատակով: Ընտրություններից մեկ շաբաթ հետո իմացա, որ Կարեն Սարիբեկյանի այդ էլեկտրիկին քարոզչությունս խափանելու համար 200 հազար դրամ տուգանել են:

Երկրորդ փորձությանը մենք հանդիպեցինք դրանից մի քանի օր հետո` Վանաձոր գնալիս: Երբ մեքենայով դուրս եկանք Ձորագետ ավանի առաջին թունելից, դիմացից իրար ետեւից եկող երեք արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաներից առաջինը` մուգ գույնի «æիփը», ուղիղ քշեց մեզ վրա: Մեր վարորդը մի կերպ խույս տվեց: Անակնկալից չհասցրինք ավտոմեքենայի մակնիշն ու պետհամարանիշը նայել: Կանխամտածվա՞ծ էր դա, թե պատահականություն` չհասկացանք:

Երրորդ անակնկալ փորձությունը տեղի ունեցավ ընտրություններից հետո: Երբ պարզվեց, որ թիվ 31 ընտրատարածքում մեծամասնական եւ համամասնական ընտրակարգով միասին գրանցվել են շուրջ 6600 անճշտություններ, մայիսի 21-ին դիմեցինք Լոռու մարզային դատախազություն` անճշտությունների հեղինակներին հայտնաբերելու եւ պատժելու պահանջով: Մայիսի 26-ին ինձ եւ թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Վռամ Վանյանին հրավիրել էին Լոռու մարզային դատախազություն, որտեղ կարճատեւ քննարկումից հետո դատախազ Ա. Ղազարյանը, հիմա արդեն ինձ համար շատ զարմանալիորեն, ասաց, որ պետք է վերահաշվարկ կատարվի, եւ որ դրա համար, ի լրացումն իմ դիմումի, վերահաշվարկի պահանջի մասին բացատրագիր ներկայացնեմ դատախազություն: Դատախազի տեղակալ Առաքելյանի հետ պայմանավորվեցինք, որ այն դատախազություն կներկայացնեմ մայիսի 28-ին: Մայիսի 27-ի լույս 28-ի կեսգիշերին, ժամը 3-ի սահմաններում, բնակարանիս դուռն արդեն բոցերի մեջ էր:

Ի դեպ, այստեղ չեմ կարող շրջանցել մի կարեւոր հանգամանք. ընտրություններից անմիջապես հետո Ալավերդիում սկսեցին լուրեր շրջանառվել, թե թիվ 31 ընտրատարածքում սպասվում է կրկնակի ընտրություն, քանի որ Կարեն Սարիբեկյանին նշանակելու են ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ` թիվ 30 ընտրատարածքում Վիկտոր Դալլաքյանին պարտված Վահրամ Բաղդասարյանին ամեն գնով այստեղ պատգամավոր դարձնելու համար: Դրա հետ Ալավերդիում շրջանառվում էին նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ Վահրամ Բաղդասարյանի սերտ մտերմության լուրերն ու դատախազության առանձնակի շահագրգռությունը թիվ 31 ընտրատարածքում կրկնակի ընտրություն անցկացնելու գործում: Եթե այս լուրերը հավաստի էին, չի բացառվում, որ վերահաշվարկի մասին Լոռու մարզի դատախազի մտադրության մասին անմիջապես տեղեկացվել է Կարեն Սարիբեկյանը, եւ դրանից գազազած` ախպերությունը, որի նկատմամբ իմ պահվածքը, ինչպես հավաստում էր Վահե Միկիչյանը, մինչ այդ էլ նրանց դուր չի եկել, որոշել է ինձ հետ հաշվեհարդար տեսնել: Ասենք նաեւ, որ բնակարանիս հրդեհից հետո դատախազությունը, կրկին Ալավերդիում շրջանառվող լուրերի համաձայն, հրդեհի հետեւանքով քաղաքում առաջացած վրդովմունքի մթնոլորտում այլեւս անհնարին է համարել Վահրամ Բաղդասարյանին թիվ 31 ընտրատարածքում պատգամավոր դարձնելու ծրագիրը եւ անճշտությունների բացահայտման մասին դիմումս վերահաշվարկի բացատրագրով ուղարկել է Լոռու մարզի ոստիկանության քննչական բաժին` այն մերժելու համար:

Կարեն Սարիբեկյանի դիպլոմները

Ո՞վ է Կարեն Սարիբեկյանը: Ողջ քարոզչության ընթացքում նա հեռուստաեթերում իր բերանով մի բառ անգամ չասաց ընտրողներին, փոխարենը նրա համար գործի էին դրված մարզի բոլոր պետական լծակները եւ էլեկտրիկների ողջ ռեսուրսը, որոնք ուղղակի տառապանքի էի վերածում նրա մրցակիցների քարոզչությունը, զոմբիացած մանկավարժների ու դպրոցների տնօրենների հիացած մի խումբ մեծ ճիգերով տեսահոլովակներով միամիտ լոռեցի ընտրողներին մատուցում էր «ախպերության պապայի»` աշխատասերի, կրթվածի, մեծ հայրենասերի ու մարդասերի բացառիկ կերպարը, որն այսօր էլ կասկածելի է դիտվում նրա բազմաթիվ համաքաղաքացիների կողմից: Այդ է փաստում նաեւ մեր տրամադրության տակ գտնվող` 2003 թ. թիվ 61 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու եւ 2007 թ. թիվ 31 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Կարեն Սարիբեկյանի քարոզչական բուկլետների համեմատությունը: Պարզվում է` պրն Սարիբեկյանի 2003 թ. քարոզչական նյութերում 1989 թվականը խիստ արգասաբեր է եղել նրա համար: Ըստ քարոզչական հայերեն պաստառի` Կ. Սարիբեկյանը 1989 թ. ավարտել է Լենինականի Պոլիտեխնիկական ինստիտուտի տեքստիլ եւ թեթեւ արդյունաբերության ֆակուլտետը` կարի տեխնոլոգիա մասնագիտությամբ: Նույն թվականի ռուսերեն բուկլետում Կ. Սարիբեկյանը 1989 թ. ավարտել է ՌԴ-ի Նալչիկ քաղաքի պետական համալսարանը` տնտեսագետի մասնագիտությամբ: Նույն 1989 թ. Կարեն Սարիբեկյանը մասնակցել է Հայաստանի ու Արցախի շրջանների պաշտպանությանը: Պարզվում է` պրն Սարիբեկյանը ( հայտնի չէ երբ, որովհետեւ թվականը չի նշվում ) սովորել է նաեւ Վանաձորի «Սանահին» կառավարման ինստիտուտի «Արտադրության էկոնոմիկա եւ կառավարում» ֆակուլտետում: Պատկերացնու՞մ եք, այսքան շատ դիպլոմներ ունեցողը 2007 թ. ԱԺ պատգամավորի թեկնածուի իր քարոզչական բուկլետի ինքնակենսագրության մասում կարեւորում ու հիշատակում է ընդամենը Թեթեւ արդյունաբերության տեխնիկումն ավարտելը, մի թեթեւ էլ նշում, թե տնտեսագիտական բարձրագույն կրթություն ունի: Ճիշտ էլ անում է, չէ՞ որ մարդ ու ԱԺ պատգամավոր լինելու համար դիպլոմների հավաքածուն կարեւոր չէ, կարեւորը տղամարդու պես հայրենիքը սիրելն է, եւ հայ տղամարդուն վայել ձեւով հայ կնոջը հարգելը, անգամ եթե նա քո «անարժան» մրցակիցն ու հակառակորդն է: Իսկ մինչ այդ սպասենք, թե ախպերությունն էլ ինչ չարիքներ է գործելու երկրիս ու նաեւ իմ նկատմամբ:

Լարիսա Փարեմուզյան 
Թիվ 31 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության նախկին թեկնածու

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter