HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպիտակցի բազմազավակ մոր 18 տարվա երազանքը՝ շուրջը հավաքել 10 երեխաներին ու ապրել միասին

Գայանե Սարգսյան

32-ամյա Լիլիթ Նիկողոսյանին հանդիպեցինք Սպիտակի բժշկական կենտրոնի մանակաբարձագինեկոլոգիական բաժանմունքում. երիտասարդ կինը լույս աշխարհ էր բերել 10-րդ երեխային ՝ Ալիսային:

Տարիներ առաջ Լոռու մարզի Գոգարան գյուղում ապրող 15-ամյա աղջնակը չէր էլ պատկերացնում, որ սպիտակցի 18-ամյա երիտասարդը տեսնելուց երկու օր անց կփախցնի, ու ինքը 18 տարում 10 զավակ կպարգևի նրան:

«Իրար հետ չենք էլ շփվել: Տեսել ա ու փախցրել 2 օրվա վրա: Ես էդ ժամանակ 8-րդ դասարան էի: Որ փախցրեց, էլ հետ չգնացի, արդեն ամաչեցի, բերել էր պրծել: Հետ էթայի՝ ի՞նչ կմտածեին»,- անկեղծանում է Լիլիթը:

Ամուսնությունից մեկ ամիս անց ամուսինը՝ Բագրատը մեկնել է բանակ: Երիտասարդ հայրիկը առաջնեկին տեսնելու բախտ ունեցել է միայն ծառայությունն ավարտելուց հետո:

Ամուսնության 18 տարիների ընթացքում բազմանդամ ընտանիքն ապրել է Սպիտակի ծայրամասային՝ «գերմանական» կոչվող տնակային ավանում: Ամուսնու ծնողների տանը՝ երկսենյակոց փայտաշեն տնակում բնակվող երիտասարդ ընտանիքի կազմը տարեցտարի համալրվում է: 6-րդ զավակի ծնվելուց հետո, երբ համատեղ ապրելն այլևս անհնար էր, Սպիտակի քաղաքապետը երիտասարդ ընտանիքին է հատկացնում նույն թաղամասում հետերկրաշարժյան տարիներից մնացած մի հին տնակ:

Ձորի պռնկին տեղադրված տնակը զուրկ է տարրական պայմաններից, նույնիսկ սանհանգույց չկա: Խունացած պատերն ու առնետների կողմից հատակին բացված անցքերը վկայում են, որ այն օգտագործման 28 տարիների ընթացքում դարձել է  բնակության համար ոչ պիտանի:

«Կռիսները սաղ պատերը կերել են: Մի տարի կռիսը երեխուս երեսն էր պոկել, շատ վատ վիճակով հասցրել ենք հիվանդանոց… Տան անկյուններում կռիսի դեղեր ենք դնում, դրանով ենք փորձում պաշտպանել երեխեքին»,-պատմում է Լիլիթը:

Տարեցտարի երեխաների թվի ավելացմանը զուգահեռ ավելացել են նաև ընտանիքի հոգսերը: Բագրատը տարիներ շարունակ ստիպված է եղել մեկնել արտագնա աշխատանքի: Կնոջն ու երեխաներին տեսնելու բախտ է վիճակվել տարվա մեջ մեկ-երկու ամիս: Ամբողջ ընտանիքով համատեղ բնակվել, սակայն, մինչ օրս չի հաջողվում:

43 քառակուսի մետր տարածքով երկսենյականոց տնակում ընտանիքի անդամները չեն տեղավորվում: Լիլիթն ստիպված դպրոցահասակ 7 երեխաներին ուղարկել է գիշերօթիկ դպրոց: Ավագ դուստրը նախորդ տարի է ավարտել դպրոցը, մեկ ամիս առաջ՝ 16 տարեկանում, ամուսնացել է:

Շաբաթվա վերջին՝ ուրբաթ երեկոյան, գիշերօթիկ դպրոց հաճախող երեխաները վերադառնում են տուն: Երբ ընտանիքի բոլոր անդամները տանն են լինում, փոքրիկ տնակում ուղղակի ասեղ գցելու տեղ չի մնում:

Տնակի սենյակներից մեկը, որը միաժամանակ և՛ խոհանոց է, և՛ հյուրասենյակ, գիշերը վեր է ածվում ննջարանի: Քնելու տեղ, սակայն, ոչ բոլորին է բաժին հասնում:

«Երկու սենյակ ա, էդքան երեխեն որտե՞ղ քնի: Հլա մեզ էլ չեմ հաշվում: Մեր տեղը պոլին եմ գցում, բայց մեկ ա, էլի տեղ չկա»,- նշում է  Լիլիթը:

Մեր այցի օրը երեխաները նոր էին վերադարձել գիշերօթիկից: Իմանալով, որ փոքրիկ քույրիկ են ունեցել, երեխաներն ուրախացել էին: Հատկապես մեծերի մոտ ուրախությանը, սակայն, անմիջապես հաջորդել է զգացումը, որ ևս մեկ երեխայի ավելացումը նվազեցնում է գիշերօթիկից դուրս գալու ու մշտապես ծնողների կողքին բնակվելու իրենց շանսերը:

12-ամյա Սիրունը տան ու հատկապես մոր մասին խոսելիս փլվում է, չի կարողանում խոսքն ավարտել:

«Շատ եմ նեղվում, որ մայրիկիս չեմ տեսնում: Ուզում եմ նոր տուն ունենանք, որ լավ քնենք, կառավատներ ունենանք:Կարոտում եմ իմ քույրիկներին, եղբայրներին: Օրերը հաշվում եմ, թե երբ պիտի գամ տուն, որ մայրիկիս տեսնեմ»,- արցունքների մեջից ասում է Սիրունը:

Գիշերօթիկ դպրոց գնալու համար երեխաները մեծական բացատրություն ունեն, որը ներկայացնում են միմյանց հերթ չտալով.  «Ընդեղ ամեն ինչ տալիս են՝ տետր, գրիչ, հիգիենայի պարագաներ, ընդեղ հացը փողով չեն տալիս, ձրի ա, դրա համար բոլորս ընդեղ ենք էթըմ»:

Վերը նշվածը փաստելով հանդերձ, երեխաներն ուզում են տանն ապրել՝ ծնողների հետ:

Բազմազավակ մայրը 18 տարի է՝ մի երազանք ունի՝  շուրջը հավաքել 10 երեխաներին ու ապրել միասին:

«Մի տան հարց լուծվեր, կարենայի իմ երեխեքին բոլորին իմ մոտ հավաքեմ: Մի բնակարանով ինձ օգնեին, ուրիշ ոչ մի բան պետք չէ, ես ինքնուրույն կգոյատևեմ: Մենակ մի տուն տան, որ երեխեքս իմ մոտ էղնեն: Մարդ կա՝ ասում ա՝  մի հատ ունենամ՝ լավ պահեմ: Ես էլ մտածում եմ շատ ունենամ, բայց էլի եմ ուզում լավ պահեմ: Թեկուզ նեղության մեջ՝ ես նվիրված մայր եմ իմ երեխեքին,- նշում է Լիլիթն ու վստահորեն նշում, -երեխեն երբեք շատ չի ըլնում: Որ առողջություն ունենամ, էլի կբերեմ, շատ չեմ համարի»:

Նա վստահեցնում է՝ որպես բազմազավակ մայր  որևէ ակնառու աջակցություն երբևէ չի ստացել:

«Զույգերիս ժամանակ (հեղ.՝ -8-րդ և 9-րդ երեխաները երկվորյակներ են) մի քիչ օգնել են շորով, ուտելիքով: Էդ ա եղել, ուրիշ ոչ մի բան: Բայց ես ոչ մեկից շոր չեմ ուզել, ուտելիք էլ չեմ ուզել: Էդ շորն էլ կըլնի, ուտելիքն էլ կըլնի, իրանց նպաստն իրանց հերիք ա: Շորերն էլ մեկը մեկինը հագնըմ են: Թող մաքուր ըլնի՝ հին ըլնի»:  

Երեխաներից 4-ը տղաներ են: «Տղամարդ են, պիտի ծառայեն, իրանց պարտքն ա,- հպարտորեն նշում է Լիլիթը բայց և սրտնեղում,-ես մենակ 4 սալդատ եմ բերել պետության համար: Էդ երեխեքին ես պտի լավ պահեմ, չէ՞, որ կարենան  գնան ծառայեն մեր ժողովրդի համար: Որ լավ չսնվեն, լավ չապրեն, նրանք ո՞նց կմեծանան, ո՞նց կծառայեն»:

13-ամյա Սլավիկն այսօր էլ պատրաստ է պաշտպանել երկրի սահմանները: Ասում է, որ սահմանում ընթացող պատերազմական գործողություններին ամեն օր հետևում է ու եթե տանեին, այսօր էլ կմեկներ Ղարաբաղ:

« Տելեվիզրով  մի օր տեսա, որ թուրքերը մեր հայերից սպանել էին, ասի՝ որ գնացի, ես էդ զոհվածների վրեժը լուծելու եմ: Որ տանեին, հիմի էլ կէթայի Ղարաբաղ, կկռվեի»,- ասում է Սլավիկը:

Մեկնաբանություններ (1)

Անի
եթե հնարավոր է, հաշիվ թող բացեն բանկում, գրեք, օգնենք տուն գնել, կամ շինանյութ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter