Շաբաթ, 22 սեպտեմբերի

Հանրային շահն ու հետխորհրդային նոր հարստացած «էլիտայի» ճարտարապետական պատկերացումները



Հարցազրույց Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախագահ, արվեստագետ, համադրող Ռուբեն Արևշատյանի հետ

սկիզբը

-«Հանրային շահ» ձևակերպման տակ իրականում այլ գործընթաց է տեղի ունենում։ Ի՞նչ է անում այդ ձևակերպումը՝ մեղմո՞ւմ է իրավիճակը, երբ հանրությունը մտածում է, որ ամեն դեպքում իր շահն էլ կա այդտեղ: Դա ինչ-որ տեղ զսպաշապիկի ֆունկցիա չի՞ կատարում:

-Դա զսպաշապիկ չէ, ավելի շատ փափուկ բարձ է: «Հանրայինի» մասին խոսակցության ետևում իրականում կանգնած են մասնավոր սուբյեկտներ, որոնք ունեն «հանրայինի» վերաբերյալ տարատեսակ պատկերացումներ, որոնք այսօր որպես կանոն հակասում են հանրային բարիքի արդար և համաչափ բաշխման գաղափարներին: Դա կարևոր խնդիր է, հիմնված հետխորհրդային հասարկության կոլեկտիվ գիտակցության մեջ տիրող քաոտիկ, իրարամերժ պատկերացումների վրա, որը գտնում է նաև իր արտահայտությունները այսօրվա քաղաքային տարածության կազմակերպման ինչպես նաև ճարտարապետական լեզվական մոտեցումների ընտրության մեջ։

Հյուսիսային պողոտան երևի թե ամենալավ օրինակն է, որ կարող է բացատրել այդ գիտակցության մեջ տեղի ունեցող քաոսը և նրա վրա հիմնված մանիպուլյացիաները։ Պողոտայի ճարտարապետությունը՝ ունենալով հավակնություն լինելու նոր, իրականում ներառում է 20-րդ դարի Հայաստանի ճարտարապետության մեջ արդիությունների կողմից առաջարկված տարբեր մտածողությունների լեզվական միջոցների և հնարքների ողջ ներկապնակը։ Այդտեղ կարող եք տեսնել և՛ թամանյանական լեզվամտածողությունը, և՛ մոդեռնիստականը, և՛ Ռաֆայել Իսրայելյանի ճարտարապետությանը հատուկ լեզվական էլեմենտներ: Սակայն դրանցից ոչ մեկը հանդես չի գալիս իր մաքուր ձևով, քանի որ կտրված է այդ էսթետիկաները ձևավորղ սոցիալական, մշակութային, քաղաքական և տնտեսական համատեքստերից։ Այդտեղից էլ բխում է պողոտայի ընդհանուր սինթետիկ, ֆորմալ, թատերային, ներկայացուցչական էությունը։ Բայց հասկանալու համար այդ էսթետիկան և ճարտարապետությունը, պետք է անդրադառնալ այդ ճարտարապետության սոցիալական նպատակայնությանը, հասկանալ թե ում համար են այդ շենքերը նախատեսված, ինչպիսի սոցիալական և տնտեսական համատեքստում է ձևավորվել այդ թաղամասը և ինչ զոհողությունների հաշվին (քաղաքի պատմական շերտերը, մարդիկ որոնք բնակվում էին քաղաքի այդ հատվածում, և այլն)։

Վահագնի թաղամասից հետո (որը աչքից հեռու էր) դա առաջին խոշոր թաղամասն էր քաղաքի սրտում, որը ստացավ «էլիտար» բնորոշումը։ Պողոտան միևնույն ժամանակ նոր հանրային տարածք է իրենից ներկայացնում։ Սակայն ինչպես բազմաթիվ Երևանի կամ աշխարհի ուրիշ քաղաքների այլ հանրային տարածքներ նեո-լիբերալ/նեո-կապիտալիստական համատեքստում ձևավորված, տարածքի հանրային գործառույթը ենթարկեցված է կոմերցիոն նպատակին (վերջերս նույնիսկ Հյուսիսայինի ստորգետնյա ավտոկայանտեղիներն են վերածվել առևտրային տարածքի)։ Զուգահեռ այն պատրանքին, որ դա հանրային տարածք է, այդտեղ տեղի է ունենում մեկ այլ կարևոր պատրանքի ձևավորում։ Անցնելով թանկ խանութների ցուցափեղկերի կողքով՝ սոցիալապես ծայրահեղ բևեռացված, սակայն քաոտիկ հետխորհրդային, հետգաղափարական գիտակցության տեր հասարակությունը պրոյեկտում է իր նոր երազանքները այդ շենքերի վրա։Մարդիկ երազում են, որ մի գեղեցիկ օր իրենք էլ կկարողանան օգտվել այդ խանութներից, կամ մի գեղեցիկ օր կարող է իրենց էլ բախտ վիճակվել, որ այդ հիերարխիկ աստիճաններում ինչ-որ տեղ գրավեն և դառնան այդ շենքերի բնակիչ՝ նոր «էլիտա»։ Երևի նկատել եք «էլիտա» արտահայտությունը որքան տարածված է այսօր: Դա մի մտածողություն է, որի ակունքները մեր համատեքստում թաքնված են ստալինիզմի և 1960-ականների սոցիալիստական հասարակության հանրային բարիքի, տարածութան բաշխման հանդեպ ձևավորված նոր մոտեցման միջև ձևավորված կոնֆլիկտի խորքում:

1955 թ․ Խրուշչովի հայտնի քաղաքաշինական և ճարատարապետական ռեֆորմներից սկիզբ առած սոցիալական, տնտեսական, քաղաքական և մշակութային բարեփոխումների շղթան՝ հայտնի որպես «ձնհալի» ժամանակաշրջան, կտրուկ փոփոխություն մտցրեց հանրային, անհատական տարածության բաշխման և կազմակերպման մեջ, ինչն ուղղակիորեն փոխկապակցված էր հասարակական կառուցվածքի այլ փիլիսոփայության հետ։

Ստալինյան ուղղահայաց, հիերարխիկ քաղաքի կազմակերպման մոտեցմանը փոխարինելու եկավ հորիզոնական մոտեցումն իր բաց տարածություններով մատչելի սոցիալական բոլոր շերտերի համար։ Ստալինյան դեմոկրատիայի ներկայացուցչականությանը եկավ փոխարինելու տարածության իրական համաչափ բաշխման սկզբունքը։ Կամ մեկ այլ օրինակ։ Եթե ստալինյան բնակելի շենքերը բաշխվում էին էլիտար սկզբունքով, ապա խրուշչովյան բնակարաշինությունը ամբողջությամբ ուղղված էր լուծելու մասշտաբային խնդիր սոցիալական ոլորտում։ Դա այն ժամանակն էր, երբ սովետական քաղաքացիները վերջապես դուրս գալով բառակներից և կոմունալկաներից տեղափողվեցին անհատական բնակարաններ։ Չնայած բնակելի մակերեսների սուղ լինելուն, ապրելու որակի պայմանները անհամեմատելի էին կոմունալկաների և բառակների պայմանների հետ՝ առանձին սանհանգույց, խոհանոց, պատշգամբ, ընդհանուր բարեկարգված բակ։ Բնակելի նոր թաղամասերը ապահովված էին նաև սպառման, առողջապահական, կրթական, մշակութային հասանելիությունը սպասարկող բոլոր առաջնային ենթակառույցներով։ Բնակելի մակերեսների բաշխման և քաղաքային տարածության կազմակերպման այդ սկզբունքները, ի դեպ, շարունակում էին գործել 60-ականներին հաջորոդող ժամանակաշրջաններում՝ բնակելի մակերեսների վերանայված և բարելավված ստանդարտներով։

Սակայն պարադոքսալ կերպով շատ շուտ նոր բնակարանների բնակիչները սկսեցին բողոքել իրենց պայմաններից, փոփոխել՝ սկզբում ինտերիերները մտցնելով ռացիոնալիստական սկզբունքով կազմակերպված բնակելի տարածության մեջ բարոկկոյի, ռոկոկոյի դիզայնի էլեմենտներ։ Միևնույն ժամանակ փոփոխության էր ենթարկվում նաև ճարտարապետությունը, ինչպես նաև հանրային օգտագործման շենքերին կից բակային տարածությունները։ Պատշգամբները արագ վերածվեցին ապակեպատ սենյակների, իսկ բակերում տեղի էր ունենում «հանրօգուտ» նախաձեռնությունների անվան տակ (ծառատունկ, ցայտաղբյուրի տեղադրում, աննկատ, սակայն, հետևողական պարսպապատում և այլն) հանրային ընդհանուր օգտագործման տարածքների մասնատում և փաստացի մասանվորեցում։

Նման պարադոքսալ իրավիճակի և հանրային գիտակցության պատճառները շատ խորն են և բազմապիսի, բայց պատճառներից մեկը ակնհայտորեն կապված է ստալինյան հիերարխիկ հասարակության կազմակերպման մասին հիշողության և թաքնված կամ անթաքույց, չգիատկցված կամ ընդհակառակը՝ գիտակցված համակրանքի հետ այդ հասարակական մոդելի հանդեպ, պրոեկտված ստալինյան բնակելի տների վրա, որտեղ ըստ պատկերացումների բնակվում էր «էլիտան»։

Այդ պատկերացումը՝ վերածվելով բարդույթի, հետխորհրդային նոր հարստացած «էլիտային» ավելի ուշ գրավելու քաղաքների կենտրոնները, ձևավորելու ճարտարապետություն, որն, ըստ իրենց պատկերացումների, պետք է լեգիտմացներ իրենց նոր կապիտալը և իրենց նոր զբաղեցրած տեղը դասակարգային հիերախիկ բուրգում։ Եվ բնականաբար, էսթետիկ նախապատվությունը ուղղվում է առ այն ճարատարպետական լեզվամտածողությունը, որը առիթ էր հանդիսացել այդ նույն դասակարգի հոգեբանական բարդույթների համար։ Այդպես նախկին խորհրդային հանրապետությունների քաղաքներում վերածնվեց ստալինյան ոճը՝ իր բազմապիսի լեզվական դրսևորումներով, որի շաքը սկսվում էր մոսկովյան պաշտոնական ստալինյան ոճի փոքր և մեծ մասշտաբի կրկնօրինակումներից (արդիականացված, գաղափարական նոր պատկերայնությամբ հագեցված), շարունակվելով Դուբայի երկնաքերերի տեղային փոքրամասշտաբ մեկնաբանություններով և ավարտվելով նախաարդիական ժամանակաշրջանի ֆեոդալական ամրոցների, դղյակների գրոտեսկային կիտչի մակարդակի հասցված՝ ճարտարապետների, քանդակագործների, դիզայներների թեթև ձեռքով իրագործված պատվիրատուի ֆանտազիաներով։ Հատկանշական է, որ ոճային, լեզվական և գաղափարաբանական խառանաշփոթը առկա է յուրաքանչյուր կառույցի մեջ առանձին վերցված, քանզի այն ուղղակիորեն արտացոլում է ներկայիս բարդույթներով տառապող էլիտար դասակարգի գիտակցության մեջ տեղի ունեցող մշակութային քաոսը, հասարակության կառուցվածքի մասին պատկերը՝ ուղղորդված իշխանության մոլուցքի անհատում տենդով։

Այդ ամենի մեջ ամենացավալին այն է, որ այդ նոր շենքերը կառուցվում են Երևանի պատմական այլ ժամանակաշրջանի շենքերի տեղում կամ նրանց այլանդակ ձևափոխման հաշվին։ Դա անուղղելի է։ Եվ երբ խոսքը գնում է պատմության վերացման մասին, պետք է փորձել հասկանալ այդ պատմության սոցիալ-քաղաքական աստառը։ Յուրաքանչյուր շենք և քաղաքային տարածք (լինի դա փողոց, հրապարակ, այգի, և այլն) սկսած իր ծավալատարածական հորինվածքից մինչև վերջին դետալը (լուսամուտի փեղկը և դռան բռնակը) մարմնավորում է այն պատմական հարացույցը, երբ այն կառուցվել է։ Հարացույցը իր ողջ պարունակությամբ՝ հասարակական, քաղաքական, տնտեսական հարաբերություններից սկսած, վերջացրած՝ ճարտարապետի երևակայության պրիզմայով պրոյեկտված, ժամանակը բնորոշող, ճարտարապետության միջոցով նոր սոցիալականության, «ԱՅԼ» հնարավորությունների՝ հանրային տեսլականների արտահայտությամբ։ Եվ այդտեղ էլ է հատկանշական թե ինչու հարվածի տակ է հայտնվում առաջինը հենց մոդեռնիստական ճարատարպետությունը, քանզի ի տարբերություն ստալինյան ճարտարպետության՝ այն չունի պաշտպանիչ շերտեր հավաքված այստեղից այնտեղից ցուցադրելու համար իր ունիվերսալ, հավաքական «հզորությունը»։ Այն պարզ է իր ձևի և նպատակայնության մեջ, իր հասանելիության և հանրային էության մեջ։ Այսինքն այն ամենը՝ ինչը հակասում է հասարկության կազմակերպման վերաբերյալ նոր էլիտար դասակարգի պատկերացումներին, որտեղ բացառվում է երևակայության, «ԱՅԼ» հնարավորությունների և ոչ հիերարխիկ հարաբերությունների հեռանկարը։

-Դուք իսկապես տեսնու՞մ եք այդ զարգացումների և քաղաքաշինական գործընթացների մեջ միտում։ Արդյո՞ք այդքան խորն են ուղղված ներկայիս էլիտայի հայացքը և նպատակները։

-Ես ակնկալում էի Ձեր այդ հարցը։ Շատ բաներ տեղի են ունենում անգիտակցական մակարդակի վրա։ Ընդ որում այդ անգիտակցականը տարածվում է թե՛ ճարտարապետի ստեղծագործական գործունեության վրա, թե՛ հանրային գործընթացների և զարգացումների վրա, թե՛ մասնավոր ձեռներեցի, թե՛ քաղաքական վճիռներ կայացնողների վրա։ Հետխորհրդային հանրային գիտակցությունը վերից վար է տոգորված սկեպտիցիզմով այլընտրանքի նկատմամբ, սոցիալական հավասարության առհասարակ հնարավորության նկատմամբ։ Այսինքն էլիտիզմի և հիերարխիկ հարաբերությունների վերաբերյալ պատկերացումները զուտ տնտեսական կամ քաղաքական վերնախավին հատուկ չեն, այլ հետխորհրդային հասարակությանը՝ առհասարկ։ Սակայն կա մեկ ուրիշ գիտակցություն, որի պատճառով այդ նույն հասարակությունը հայտնվում է ինչ-որ առումով շիզոիդալ վիճակում։ Դրանք արդի ժամանակշրջանից մնացած, իներցիոն մշակութային մակարդակի վրա գործող կառույցներն են գիտակցության մեջ՝ սոցիալական հասարակության առաջնահերթ սկզբունքների՝ հանրային բարիքի, կրթության, մշակույթի, և այլն համաչափ բաշխման մասին, որտեղ բացառված է հիերարխիկ էլիտար սկզբունքը։ Սկզբունքի և իրականության միջև խզումը, շատ հատուկ՝ դեռևս խորհրդային հասարակությանը, ներկայումս շատ ու շատ ավելի է խորացել։ Անցյալը չի վերլուծվել, որի պատճառով այդ շիզոֆրենիկ, քաոտիկ մոտեցումը տեղափոխվել է նաև Խորհրդային պատմության մասին պատկերացումների դաշտ՝ մեկ առաջացնելով սուր նոստալգիա լրիվ անգիտակցական մակարդակի վրա արտահայտված, մեկ էլ՝ կտրական մերժում այդ անցյալի։

Եվ այդ խզման, ոչ ռեֆլեկսիվ մոտեցման արդյունքում, ամենասարսափելին, որ տեղի է ունենում, դա երևույթների արժևորման ընթացքում դրական և բացասական նշանների տեղերի փոփոխությունն է։ Այսինքն շատ հաճախ տեղի ունեցող մի իրավիճակ, երբ դժգոհ լինելով ներկա իրավիճակից, սակայն չխորանալով պատճառահետևանքային կապի մեջ՝ հետխորհրդային մարդը, պահանջելով արդարություն, հանրային բարիքներից օգտվելու հավասար իրավունք, որպես կանոն նոստալգիկ հայացք է ուղղում դեպի խորհրդային անցյալը և նրա բազմաշերտ պատմության էջերից ընտրում ամենամութ, ռեպրեսիվ, հիերարխիկ շրջանը՝ Ստալինի անվան հետ կապված կամ բրեժնևյան շրջանից՝ կոռումպացման հետ նույնացվող նոմենկլատուրային թաքնված կապիտալիզմի դրվագները։ Սակայն այն հանգամանքը, որ համակարգի հիմքում դրված սկզբունքները նոր հասարակության ձևավորման մասին, որոնք Խորհրդային Միության պատմության ողջ ընթացքում աղավաղվում և ոտնահարվում էին հենց նույն քաղաքական համակարգի կողմից, սակայն որոնք, այնուհանդերձ, ձևավորում էին հասարակության կազմակերպման կառուցվածքային մոդելը՝ իր ինստիտուցիոնալ համակարգով և բաշխման վերաբերյալ նոր մոտեցմամբ, դուրս է մնում հետաքրքրության ոլորտից։

Ես վստահ եմ, որ հիմա էլ այս միտքը ընթերցողների մոտ այդ սկզբունքների նկատմամբ կարող է ավելի մեծ արգահատանք առաջացնել, քան նույն ստալինյան տոտալիտարիրզմի, ռեպրեսիաների կամ էլ սովետական իմպերիալիզմի հանդեպ։ Կամ էլ՝ կասեն, որ այդ երևույթները ածանցյալներն էին հենց այդ նույն սկզբունքների։ Սակայն չպետք է մոռանալ, որ հենց այդ նույն սկզբունքները զգալի ազդեցություն ունեցան լիբերալ-բուրժուական հասարակությունների վրա՝ սկսած սոցիալական ոլորտից, ընդհուպ մինջև քաղաքական, տնտեսական և մշակութայինը։ Եվ այդ սկզբունքներից առաջին ոգեշնչվողը 20-րդ դարի արդի համաշխարհային ճարտարպետությունն էր, որի առանցքը սոցիալական նպատակայնության շուրջ էր ձևավորվում։ Այդ սկզբունքային առանցքը ապրեց նույն ճգնաժամն ինչ որ նոր հասարակության կառուցման նախագծերն ապրեցին։ Թե՛ հետարդիական հասարակությունները և, թե՛ հետարդիական ճարտարապետությունը ընկղմվեցին խորը սկեպտիցիզմի և ֆորմալիզմի մեջ՝ մեջտեղ բերելով հիերարխիզմի ճակատագրապաշտական մի տեսլաական։ Սակայն այդ տեսլականն էլ այսօր ապրում է իր ճգնաժամի ամենախորը փուլերը, որոնք արտահայտվում են գլոբալ և լոկալ սոցիալական, տնտեսական, հումանիտար աղետների միոցով։ Այսինքն՝ խնդիրները, որոնք արծարծվում էին արդի ժամանակաշրջանի կողմից, այդ թվում նաև արդի ճարտարապետության գաղափարները առ այսօր մնում են առկախված և չափազանց արդիական։

Այդ է պատճառը արդիությունների և մասնավորապես արդի ճարտարապետության նկատմամբ (և այդտեղ խորհրդային արդի ճարտարապետությունը առանցքային տեղ է զբաղեցնում) աշխարհի տարբեր համալսարանների, թանգարանների, հետազոտողների կողմից առաջացած լուրջ հետաքրքրության։

-Իսկ կա՞ն արդյոք նման հետաքրքրության նշաններ Հայաստանում։

-Ցավոք, չափազանց փոքր մասնագիտական հանրույթների շրջանակներում։ Իհարկե մարդկանց ականջը և աչքը ազգային արժանապատվության տեսանկյունից, (ի դեպ խորհրդային կոլոնիալ մշակույթից մնացած մեկ այլ բարդույթ) կարող է շոյել դրսից անընդհատ հնչեցվող կարծիքները, որ Հայաստանը ունեցել է շատ հարուստ և հետաքրքիր արդի ճարտարապետության շերտ, կամ տեսնել Քոչարի Սևանի գրողների հանգստյան տան շենքը սովետական մոդեռնիզմի մասին ծավալուն գրքի կազմին տպված, սակայն զուգահեռ մենք տեսնում ենք նաև, թե ինչպիսի ինտենսիվությամբ է տեղի ունենում այդ նույն շերտի ոչնչացումը։ Եվ զուգահեռ չկա որևէ միտում այդ շերտի պահապանման, ուսումնասիրման հետ կապված։ Այդ ճարտարապետության ո՛չ պատմությունը, ո՛չ փիլիսոփայությունը, ո՛չ էլ նրա մշակութային նշանակությունը չեն մտել մասնագիտական կրթական ծրագրերի մեջ։ Եւ եթե դա չի բացատրվում ապագա ճարտարապետներին և նրանց աչքի առաջ այդ շենքերը մատնված անտարբերության պարզապես քայքայվում են, ապա նրանք կլինեն հաջորդ մասնագետների սերունդը, որոնք «սարայի» ձևակերպման տակ կշարունակեն այդ ճարտարապետական պատմամշակութային շերտի, սոցիալական հասարակության հեռանկարի և ԱՅԼԸՆՏՐԱՆՔԻ հնարավորության ոչնչացումը։


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Amely14:41 - 11 ապրիլի, 2016
02.04.2016, Նորից սկսվեց Արցախյան պատերազմ, դաժան արհավիրք, մարդկանց ու հողերի կորուստ, Աստված իմ, պահպանիր իմ ազգին.այսօր առավել քան երբեւէ մենք ազգովի պետք է միավորվենք, դավաճան թուրքի, ազերիի, ռուսի այլոց թիրախը չդառնալու: Փառք քեզ, հայ հասարակ ու աղքատ զինվոր ու կամավոր, քո ուսերին տարար՝ աղքատ սահմաններով, բայց պաշտոնյա միլիոնատերերի քո երկիրը... ավաղ, եթե երկրից ու բանակից թալանված ու աշխարհի բանկերում պահված քո միլիոնների ու գնված անշարժ գույքի գումարները ուղղվեին երկրի զարգացմանն ու բանակին, մենք չէինք ծնկի ու կորուստներ չէին լինի: Զարթնիր հայ ու միավորվիր...
2. ընթերցող14:51 - 11 ապրիլի, 2016
Ոնց հասկանում եմ իմ սովորական խելքով, այս մեծապատիվ մարդու հետ իզուր եք հարցազրույց վարել, հարգելի Մարինե: Իր ասածների մեջ հասարակությանը մատչելի այնքան միտք կա ձեւակերպված, ինչքան ասենք, մեր փառապանց սահմանադրական դատարանի որոշումների: Ներող կլինեք եթե համեմատությունը սխալ կհամարեք:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ