Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

«Հնագիտական իրը պիտի որոշակի ճանապարհ անցնի մշակութային արժեք դառնալու համար»



«Հետքի» հարցերին պատասխանում է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը 

Պրն Ավետիսյան, ներկայացրեք խնդրեմ, թե 2015 թ.-ին հնագետներն ի՞նչ աշխատանքներ են իրականացրել եւ ի՞նչ արդյունքներ ունեք:

2015 թ.-ին 24 դաշտային հետազոտական ծրագիր ենք իրականացրել` պեղումներ, հետախուզական եւ քարտեզագրման աշխատանքներ: Հիմնականում 3 տիպի դաշտային աշխատանքներ ենք իրականացրել` հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտական պլաններով նախատեսված դաշտային հետազոտական ուսումասիրություն, հուշարձանների վերականգնման ծրագրերի շրջանակում կատարվող պեղումներ, որին ինստիտուտը մասնակցել է եւ պեղումներ՝ վտանգված հուշարձանների տարածքում: Այդ բոլոր պեղումներն, անկախ կոնկրետ նպատակից, հայոց պատմության, մշակույթի վերակազմության համար շատ լավ աղբյուրագիտական հիմք են տվել:

Կատարված աշխատանքների արդյունքներից  ի ՞նչը կառանձնացնեիք:

Անցած տարվա աշխատանքներից կուզեի առանձնացնել վիշապ քարակոթողների ուսումնասիրությունը: 2011-12 թթ·-ից սկսել ենք հաշվառել, թե որքան ունենք այդ կոթողներից: Նախանցած տարվանից գտել ենք այնպիսի վիշապ քարակոթողներ, որոնք տեղաշարժված չեն, եւ հիմա սկսել ենք ուսումնասիրել: Նախկինում մեզ թվում էր, թե վիշապ քարակոթողները նախնական սկզբնական դիրքերից տեղահանվել են եւ իրենց նախնական միջավայրում ուսումնասիրելը գործնականում անհնար է դարձել: Սակայն, պարզվեց, որ տեղերում պահպանված կան եւ նորահայտ վիշապ քարակոթողների տարածքում հիմա պեղումներ ենք կատարում: Արագածի կատարներից մեկի փեշերին ենք պեղումներ կատարում, որի նշանակությունը հետեւյալն է. առաջին անգամ հնարավորություն ունենք պարզելու, թե ինչ միջավայրում են դրված այդ քարակոթողները, հասկանալ, թե քարակոթողից բացի է՞լ ինչ կա այդ միջավայրում: Երկրորդը`ժամանակագրել դրանք, որովհետեւ մինչ այսօր մենք վիշապ քարակոթողների հստակ թվագրված ժամանակագրություն չունեինք: Կարող էինք ասել, որ մ.թ.ա. 5-րդ դարից վաղ են, իսկ թե քանի հարյուրամյակ են գոյատեւել, ստույգ չէինք կարող ասել: Հիմա կարողացել ենք պարզել, որ մ.թ.ա. 3 հազարամյակի վերջերից այդ քարակոթողները կան մինչեւ մ.թ.ա. 15-16-րդ դարերը: 2200-2100-ական թվականներին մինչեւ 1500-1600-ական թվականներով ժամանակագրվող մի մեծ ժամանակահատվածի մեջ կարող ենք տեսնել վիշապ քարակոթողների գոյությունը: Դրանց գտնվելու վայրերը եղել են սրբազան տարածքներ: Այսինքն` մենք բնակավայրից դուրս պաշտամունքային կառույցների մի նոր տիպ ենք ֆիքսում, որոնք հագեցած են տարաբնույթ կոթողներով, սակայն նրանց առանցքը հենց այդ վիշապ քարակոթողներն են եղել: Դեռեւս շատ ուսումնասիրություն պետք է անենք, որպեսզի կարողանանք ամբողջական պատկերն ունենալ: Այդ քարակոթողներն այս տարածաշրջանի բրոնզեդարյան ժամանակաշրջանի մոնումենտալ քանդակների եզակի նմուշներ են: Ամենահետաքրքիրն այն է, որ միայն բնորոշ են հայկական լեռնաշխարհին եւ հիմա պետք է մշակութային ֆենոմենի ողջ էությունը տանք, մեզ տրված ինֆորմացիայով հնարավորինս վերականգնենք նրանց դերն ու նշանակությունը:

Մյուս շատ կարեւոր աշխատանքը` Արարատյան դաշտավայրում, Ակնաշենում, պեղում ենք մոխրաբլուրներ: Դրանք Հայկական լեռնաշխարհի ամենահին բնակավայրերի շերտերն են: Ավելի հին բնակատեղիի գտածոներ չունենք, որոնք պատմեն այդ ժամանակաշջանի մարդկանց կենցաղի մասին, նաեւ` ի՞նչ են արտադրել, ինչպե՞ս են արտադրել, տնտեսական պոտենցիալի ի՞նչ հումքի աղբյուրներից են օգտվել` քարը, մետաղը որտեղից են բերել եւ այլն: Արաքսից հյուսիս ընկած հատվածների համար մենք դեռեւս այդքան մեծ քանակությամբ պեղված հուշարձաններ չունենք, որ կարողանանք պատկերացում կազմել քաղաքակրթության ելակետները ցույց տվող բնակավայրերի պատկերների մասին կամ այդ հասարակության մասին ընդհանրապես: Ակնաշենի պեղումները շատ կարեւոր են այդ առումով, այնտեղ սկսել ենք մի շերտ պեղել, որն, ամենայն հավանականությամբ, հնարավորություն կտա ասելու, որ բնակավայրը ոչ թե 6-րդ հազարամյակի առաջին կեսի է, այլ ավելի վաղ` 7-րդ հազարամյակում է բնակեցվել, բայց դեռ այդ շերտերին չենք հասել:

Մի լավ հուշարձան պեղել ենք Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վարչական տարածքում` «Սոլակ 1»: Այստեղ Վանի թագավորության շրջանի մի ամրոց ենք հայտնաբերել, եւ նրա ներսում դղյակի հետքեր ենք տեսել: Դա նորահայտ հուշարձան է, որը հայ-իտալական արշավախմբի շրջայցերի, հետախուզական աշխատանքների շնորհիվ բացահայտվել է եւ հիմա շարունակում ենք պեղել: Հայաստանի տարածքում ամեն տեղ չէ, որ կան Վանի թագավորների կառուցած ամրոցներ: Վանի թագավորների կառուցած ամրոցներ ունենք Արարատյան դաշտավայրում, Սեւանի ավազանում, Արամուսում եւ Շիրակում: Ամեն նոր հուշարձան ցույց է տալիս, թե Վանի թագավորների կառուցած ամրոցներն ինչ դեր են կատարել, ինչ նպատակի համար է արքան կամ կառավարիչն այն կառուցել:

Դղյակը պեղելիս նրա ճարտարապետական հատակագծային լուծումները երեւում են եւ տեսնում ենք, որ դա Ուրարտուին խիստ բնորոշ կառույց է, իսկ ուրարտական արքաների կառույցներն ակնհայտորեն տարբերվում են այն կառույցներից, որոնք տեղի բնակչությունն է կառուցել: Հիմա տեսնում ենք քաղաք, որի նյութը, գույքը, ամեն ինչը բնորոշ է տեղին:

Նախորդ տարիներին հնագետները սենսիացիոն բացահայտումներ կատարեցին Հայաստանի համար: Աշխարհի համար մեծ հայտնություններ էին Արենիում պեղված աշխարհի ամենահին` 6000 տարվա պատմություն ունեցող կոշիկը: Ավելի ուշ, դարձյալ Արենի քարանձավում հայտնաբերված 6000 տարվա գինու արտադրության համալիրը: 2015 թ.-ի հնագիտական աշխատանքներն ի՞նչով նշանավորվեցին: 

Հնագիտական մշակութային արժեքը, մինչեւ հնագետի ձեռքով չանցնի, մինչեւ չմշակվի` չեք կարող իմանալ, որ այն մշակութային արժեք է: Մշակութային արժեք դառնալու համար պիտի աշխատեմ դրա վրա, որից հետո աշխարհին ցույց տամ, որ սա արժեք է եւ այն պիտի հանրայնացվի ու հանրահռչակվի: Եթե պեղված իրերի մեջ կան թանգարայնացման ենթակա նյութեր` օրենքը թույլ է տալիս հնագետին այն 2 տարի պահել իր մոտ` մինչեւ անալիզները կանի, որից հետո հանձնում է թանգարան: Միշտ չէ, որ կարողանում ենք պահպանել այդ ժամկետը, որովհետեւ կարող է 7 տարի հետո տեսնեմ, որ թանգարանին հանձնելու նյութ ունեմ: 5 բեկոր այսօր եմ գտել, 5 բեկոր` 2 տարի հետո, մյուս տարիներին նույնպես, կպցրեցի իրար եւ տեսա մի արտառոց բան ստացվեց: Սա` օբյեկտիվորեն, կա եւ սյուբեկտիվ իրավիճակ: Օրինակ, չեմ հասցրել մշակել նյութը, իսկ եթե չմշակեցի ու տվեցի թանգարանին` դա արժեք չէ:

Հենց հիմա մասնագետների ձեռքին կան այնպիսի բացառիկ նյութեր, որոնց նմանը Հայաստանում 150 տարի կատարվող պեղումների ընթացքում, դուրս չի եկել: Քարաշամբի դամբարանադաշտում հենց հիմա ունենք այդպիսի նյութեր, որոնք ներկայումս ռեստավրացիայի են ենթարկվում: Դրանք անցած տարի բացվեցին, եւ դրանց մի զգալի մասն իրենց ինչ-ինչ հատկանիշներով բացարձակապես եզակի են: Սրանցից փորձանմուշներ ենք ուղարկում արտասահման` փորձաքննության, դրանց հումքի աղբյուրը պարզելու համար` պղինձը որտեղինն է, ինչպես է ձեռք բերվել եւ այլն: Հնարավոր է, որ հուշարձանների տարածքից թղթի կտոր գտնեմ, որը պարզվի ավելի արժեքավոր է, քան մի քանի կգ ոսկին: Սակայն դա պատմամշակութային արժեք է դառնում եւ արժեւորվում է միայն այն ժամանակ, երբ նույնականացման, ճանաչման եւ այլ աշխատանքների արդյունքում ի լուր աշխարհի հայտարարում ես, որ այն արժեք է:

Դամբարանդաշտը պեղելուց, գտածոները հանելուց հետո ի՞նչ ճակատագիր են ունենում պեղված տարածքներն ու հայտնաբերված հնությունները:

Պեղումներից հետո տարածքը ծածկում ենք, որովհետեւ պեղված հուշարձանն անմիջապես վերականգնելու, կոնսերվացնելու եւ զբոսաշրջության հուշարձան դարձնելու համար գումար չունեք: Պեղումներին հատկացված գումարի մի մասը նորից ծախսում ենք հողը վրան լցնելու համար, որպեսզի հուշարձանն անխաթար մնա: Դաշտային հետազոտական աշխատանքերի արդյունքում բացված միավորները տեղում  ֆիքսվում են, նյութերը բերվում են Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ: Հայտնաբերված բոլոր իրերը պիտի լվացվեն, մշակվեն, հաշվառվեն, ռեստավրացիոն փուլերն անցնեն, յուրաքանչյուր պեղված առարկայի մեջ մեծ ինֆորմացիա կա: Այսինքն` ցանկացած հնագիտական իր պիտի որոշակի ճանապարհ անցնի, որպեսզի դառնա մշակութային, թանգարանային արժեք: Դա կապված է հնագետի հետ: Դաշտային հետազոտությունների համար ծախսվող գումարները մի քանի անգամ ավելի քիչ են, քան նրա հետագա մշակման համար ծախսվող գումարները:

Պեղված իրերը տասնյակ հազարների են հասնում, որոնք բոլորը թանգարանային արժեք չեն, դրանց մեծ մասը նորից տանելու են թաղեն, բայց դրանք պետք է նկարեն, տեխնոլոգիական առանձնահատկությունների նկարագրությունը տան եւ այլ գործողություններ իրականացնեն:

Ի՞նչ մասնագետներ եք ներգրավում արշավախմբերում:

Եթե արշավախումբը հագեցած է, տարբեր ժամանակաշրջանների մասնագետ-հնագետներից բացի, պետք է անպայման լինեն ճարտարապետներ, երկրաբաններ, գրչանկարողներ, հնակենսաբաններ` հնակենդանաբան, հնաբուսաբան եւ այլն: Նրանցից յուրաքանչյուրն ինքն է պեղում իր գիտության ոլորտին անհրաժեշտ նյութերը: Բոլորը ֆիքսվում են, թե որտեղից են հանվել, հետո հավաքվում են:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ