HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրեցի փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանն Արցախն էր համարում իր երկիրը

Գյումրեցի փոխգնդապետ, 34-ամյա Ալեքսան Առաքելյանի եւ հարազատների միջեւ կապն ընդհատվել էր ապրիլի 2-ից: Հայրը չդիմանալով անորոշությանը՝ մի քանի օրից մեկնել էր Արցախ՝ հույս ունենալով որդու անհետացման մասին տեղեկություններ ստանալ հարավային սահմանում: Ցավալի լուրը ստացվել էր ապրիլ 10-ին, երբ հայկական կողմին էր հանձնվել ապրիլի 2-ից 5-ը ծավալված ռազմական գործողությունների արդյունքում անհետ կորած 18 զինծառայողների մարմինները: Նրանց մեջ էր նաեւ Ալեքսան Առաքելյանը:

Հարազատների ունեցած տեղեկություններով, ապրիլի 2-ի լուսաբացին՝ ժամը 6-ի սահմաններում, Ալեքսանը եւ եւս 4 սպա «Ուազ» մեքենայով մեկնել են դիրքեր՝ ընկերներին օգնելու: Բարեկամներից մեկի պատմելով՝ նրան տեղյակ չի պահվել, որ դիրքը գրավված է թշնամու կողմից: Ալեքսանը շտապել է այնտեղ՝ մտածելով, թե դիվերսիոն հարձակում է ընդամենը: Նույն երիտասարդի տեղեկություններով, հասնելով դիրք, մեքենան ընկել է շրջապատման մեջ: Զինակից ընկերների զոհվելուց հետո, ուսից վիրավոր Ալեքսանը շարունակել է կռվել՝ մինչեւ մահացու վիրավորում ստանալը:

Ալեքսան Առաքելյանը 2004թ. ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, 10 տարի ծառայել հարավային սահմանին՝ որպես դասակի հրամանատար: 2014թ. ուսումը շարունակել է ռազմական ակադեմիայում, որից հետո տեղափոխվել Վարդենիսում գտնվող զինվորական երկրորդ կորպուս՝ որպես ծառայության պետ: Հետագայում կրկին տեղափոխվել է հարավային սահման եւ նշանակվել հրամանատարի մարտական գծով առաջին տեղակալ:

Ալեքսանն ամուսնացած էր. դուստրը սովորում է երկրորդ դասարանում, որդին երկու տարեկան է: Երիտասարդ փոխգնդապետն իր երկիրը համարում էր Արցախը: Գյումրիում նա սեփական բնակարան չուներ, ամիսներ առաջ այդ խնդրով դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը եւ սպասում էր պատասխանի: Առաքելյանների մյուս որդին եւս զինվորական է՝ ծառայում է Գյումրիում տեղակայված ռուսական սահմնապահ զորքերում:

Այսօր փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի մարմինը տեղափոխվեց Գյումրու սուրբ Նշան եկեղեցի: Վաղը՝ ժամը 18-ին, կկատարվի հոգեհանգստի կարգ: Հուղարկավորությունը ապրիլի 13-ին է՝ ժամը 14-ին: 

Մեկնաբանություններ (1)

Karen
Замкомандир Джебраильского полка, погиб на Леле Тепе. Покойся с миром, воин страны Армянской.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter