HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում 40%-ով նվազել են. ԵԱՏՄ-ն չարդարացրեց հույսերը

Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը 2015 թվականին կազմել է մոտ 123,7 մլրդ դրամ։ Դրանից ավելի քան 70,4 մլրդ դրամն ուղղակի ներդրումներն են (ՕՈՒՆ):   2014 թվականի համեմատ  ընդհանուր ներդրումները նվազել են մոտ 43,8 մլդ դրամով կամ ավելի քան 26%-ով, իսկ միայն ՕՈՒՆ-ները՝  46,8 մլրդ դրամով կամ 40%-ով։   ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը (ՀՀ ԱՎԾ) օրեր առաջ հրապարակել է 2015 թվականին Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումների մասին զեկույցը։ 

Ըստ դրա՝ փորձենք հասկանալ, թե որ երկրներն են Հայաստանում ամենաշատը ներդրում անում, որոնք են «պասիվացել», տնտեսության որ ոլորտներ են ուղղվում այդ գումարները, ինչու է տարեցտարի ներդրումների ծավալը Հայաստանում նվազում և ինչ է փոխվել Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցելուց հետո։ 

Ընդհանուր ներդրումներով առաջինն Արգենտինան է, ուղղակի ներդրումներով՝ Շվեյցարիան 

Հայաստանում օտարերկրյա ներդրումների հաշվարկման մեթոդաբանությունը փոխվել է 2014 թվականից։ Այդ մասին և հաշվարկման վերաբերյալ որոշ «նրբությունների» անդրադարձել ենք ավելի վաղ։   

 Հիմա հասկանանք, թե որ երկրներն են ամենախոշոր ներդրողները։  2015 թվականի տվայլներով՝ Հայաստանում ընդհանուր (վիճակագրության մեջ այն ներկայացվում է որպես ընդամենը ներդրումներ և ներառում է ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումները) ներդրումների ծավալով առաջատարը Արգենտինան է։ Հաջորդում են Շվեյցարիան ու Ռուսաստանը։

Տվյալները՝ ՀՀ ԱՎԾ 

Ինչպես տեսնում ենք, հնգյակում են նաև Լյուքսեմբուրգն ու Գերմանիան։ Հենց Գերմանիայով էլ ավարտվում է խոշոր ներդրողների ցանկը։ Նկատենք՝ առաջին հնգյակի բոլոր երկրների պարագայում էլ ներդրումների ծավալի աճն ակնհայտ է։ Այդ դեպքում  հարց է առաջանում՝ ո՞ր երկրների «պասիվանալու» արդյունքում է նախորդ տարի ներդրումների ընդհանուր ծավալն այդչափ նվազել Հայաստանում։ Իսկ թե ինչու են ներդրումները Հայաստանում նվազում, կխոսենք հոդվածի վերջում։ 

Պարզվում է հիմնական «մեղավորներն են» Կիպրոսը, Բրիտանական Վիրջինյան Կղզիները, Ֆինլանդիան ու Միացյալ Թագավորությունը։ Որոշ չափով էլ՝ Ֆրանսիան։ 2014 թվականին ներդրումների զուտ հոսքերի ծավալով առաջին տեղում Կիպրոսն էր՝ մոտ 66 մլրդ դրամով։ Բայց այս երկիրը մեկ տարում Հայաստանում կատարվող ներդրումները պակասեցրել է ավելի քան 66  մլրդ դրամով։ Երրորդում Վիրջինյան կղզներն էր, հաջորդում էին Ֆինլանդիան ու ՄԹ-ն։ Նրանք ևս զգալի նվազեցրել են ներդրումները։ Փաստորեն, մի կողմից օֆշորային մի քանի գոտիներից Հայաստանի տնտեսություն մտնող գումարները նախորդ տարի պակասել են, մյուս կողմից էլ ավելացելեն  օֆշորային այլգոտներից եկող գումարները, ի դեմս՝ Շվեյցարիայիև Լյուքսեմբուրգի։ 

Ֆրանսիան ևս նվազեցրել է, սակայն պետք է հաշվի առնել, որ 2014-ին այս երկիրը ընդհանուր ներդրումների մասով խոշոր հնգյակում չի եղել։ Ըստ հաշվարկների՝ միայն Կիպրոսից, Բրիտանական Վիրջինյան Կղզիներից, ՄԹ-ից ու Ֆինլանդիայից Հայաստանում կատարված ներդրումների ծավալը մեկ տարում նվազել է 177 մլրդ դրամով։ Այդ բացը մասնակիորեն լրացրել են 2015-ի խոշոր ներդրողները, բայց ամբողջությամբ պահպանել, գոնե,  2014-ի ցուցանիշը, չի հաջողվել։ 

Ինչու ենք ասում՝ գոնե։ Բանն այն է, որ Հայաստանում կատարվող ներդրումների վերջին տարիների ցուցանիշները, մեղմ ասած, հուսադրող չեն։  Դրանք ոչ միայն չեն աճում կամ մնում նույն դիրքում, այլև՝ նվազում  են։ Ինչպես նշեցինք, 2014-ից հաշվարկման մեթոդաբանությունը փոխվել է։ Հետևաբար, ներդրումների ծավալը հնարավոր չէ համեմատել, օրինակ,  2013-ի հետ, քանի որ դրանք ոչ համադրելի ցուցանիշներ են։ Փոխարենը, կարելի է հասկանալ, թե տարիների ընթացքում ինչ դինամիկա է ապահովվել՝ նվազմա՞ն, թե՞ աճի։

Պաշտոնական ցուցանիշները վկայում են, որ 2011  թվականին Հայաստանում ներդրումներն աճել են 16,2%-ով, 2012-ին՝ 7,9%-ով նվազել, 2013-ին նվազումը շարունակվել է և կազմել  20,5%։ Նվազել է նաև 2015-ին։ Ճիշտ է, 2014-ի դինամիկան պարզ չէ, բայց վերջին հինգ տարիների ընդհանուր պատկերում գերիշխում է նվազումը։ Տնտեսական ոլորտի պատասխանատուները կարող են հակադրվել, թե երբ 2014-ի ցուցանիշը հաշվարկվեր հին մեթոդաբանությամբ, հնարավոր է աճ գրանցված լիներ, և դա փոխեր ընդհանուր պատկերը, սակայն  հաշվի առնելով, որ մեր երկրում գրանցված տնտեսական  ցանկացած առաջընթացի մասին պատասխանատուները բազմաթիվ առիթներով բարձրաձայնում են, ենթադրում ենք, որ աճ, այնուամենայնիվ, չի գրանցվել։ Հակառակ դեպքում՝ այդ մասին չէին լռի։ Բացի այդ, նվազման մասին վկայում է նաև վերջերս հրապարակված «ՀՀ տնտեսության վրա ԵԱՏՄ անդամակցության առանձին ազդեցությունների գնահատումը 2015 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով» զեկույցը, որին տվյալները տրամադրել է ՀՀ ԱՎԾ-ն։ Այդ զեկույցին կանդրադառնանք քիչ ուշ։ 

Սա ընդհանուր ներդրումների մասին։  Կարևորվում և առանձնացվում են օտարերկրյա ուղղակի ներդրումները։ 2015-ին Հայաստանում ամենամեծ ծավալի ՕՈՒՆ կատարել է Շվեյցարիան, հաջորդում են Ռուսաստանն ու Լյուքսեմբուրգը։ 

Տվյալները՝ ՀՀ ԱՎԾ 

Մեկ տարում Շվեյցարիան  ու Լյուքսեմբուրգը ավելացրել են ՕՈՒն-երի ծավալը, Ռուսաստանը՝ որոշ չափով կրճատել։ Ավելացրել են նաև Արգենտինան ու Միացյալ նահանգները։ Փոխարենը զգալի կրճատել են ՄԹ-ն (-48,2 մլրդ դրամ),  Գերմանիան (-20,4 մլրդ դրամ) և Ֆրանսիան (-39,7 մլրդ դրամ)։ 

 Ի դեպ, 2014-ի տվյալներով՝ Հայաստանում ամենամեծ ծավալի օտարերկրյա ուղղակի ներդրում կատարած երկրների ցանկում առաջատարներն էին Ռուսաստանը, Գերմանիան և  ՄԹ-ն։ 

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում կատարված ընդհանուր ներդրումների հոսքին, ապա՝ 2006-2011թթ. առաջին տեղում Ռուսաստանն է  եղել, 2012-ին՝ Ֆրանսիան, 2013-ին՝ Արգենտինան, իսկ  2014-ին՝ Կիպրոսը։Երկրների թիվը, որոնց հետ Հայաստանը ներդրումային գործարքներ է իրականացնում, գերազանցում է երեսունը։ Բայց նրանից շատերի ներդրումների ծավալները բավականին փոքր են կամ զրոյական, ուստի՝ կարելի է ասել, որ վերը նշված երկրներովսահմամանափակվում է խոշոր ներդրողների ցանկը։ 

Ներդրումների մեծ մասն ուղղվել  է  երեք ոլորտ 

Հայաստանում 2015 թվականին կատարված ներդրումները գլխավորապես ուղղվել են տնտեսության երեք ոլորտ՝ հանքարդյունաբերություն, էլեկտրականության, գազի, գոլորշու,լավորակ օդի մատակարարում և օդային տրանսպորտի գործունեություն։ 

Հանքարդյունաբերությանն է բաժին հասել ընդհանուր ներդրումների ավելի քան 52%-ը` 64,4 մլրդ ՀՀ դրամ։ Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարմանը՝ ավելի քան 41%-ը (51 մլրդ դրամ)։ Իսկ օդային տրանսպորտի գործունեության ոլորտին՝ մոտ 28%-ը (34,5 մլրդ դրամ)։  Ինչպես երևում է, միայն այս երեք ոլորտներում ընդամենը ներդրումների տեսակարար կշիռների գումարը գերազանցում է 100%-ը։ Բայց այստեղ ևս ԱՎԾ-ն հաշվարկի իր «նրբություններն» ունի. որոշ ոլորտների դեպքում տեսակարար կշիռը բացասական է։ Առհասարակ, այնպիսի տպավորություն  է ստեղծվում, որ ներդրումների վիճակագրությունը ներկայացնելիս ամեն ինչ արվել է, որ դրանք անհասկանալի լինեն։ 

ՕՈՒՆ-ները առաջին ոլորտում կազմել են մոտ 33 մլրդ դրամ (մոտ 47%-ը), երկրորդ ոլորտում՝մոտ 57 մլրդ դրամ (մոտ 81%-ը), իսկ երրորդում՝ չեն կատարվել։ 

Հայաստանի հանքարդյունաբերության  ոլորտում ամենախոշոր ներդրումը կատարել է Շվեյցարիան։ Մեծ է նաև Գերմանիայի դերը։ Այս ոլորտը վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը կախյալ վիճակում է պահում գունավոր մետաղների շուկայից։   

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում ներդրողները Լյուքսեմբուրգն ու Ռուսաստանն են, որոշ չափով նաև՝ Միացյալ Նահանգները։ 

Իսկ օդային տրանսպորտի գործունեության ոլորտում բացառապես Արգենտինան է։ 

Ընդհանրացված նշենք, որ նախորդ տարի ներդրումները հիմնականում նվազել են խմիչքների, հիմնային մետաղների արտադրության, շինարարության, հեղահաղորդակցության, անշարժ գույքի շուկայի ոլորտներում։ Եվ հիմնականում ավելացել՝ օդային տրանսպորտի գործունեության, մանրածախ առևտրի, էլեկտրականության-գազի-գոլորշու-լավորակ օդի մատակարարման, դեղագործական արտադրանքի և հանքարդյունաբերության ոլորտներում։ 

Հայաստանյան տնտեսության մյուս ոլորտներում ներդրումների ծավալները փոքր են կամ զրոյական։  Որոշ ոլորտների դեպքում էլ զուտ հոսքը բացասական մեծություն ունի՝ ավելի շատ գումար է դուրս գալիս, քան ստացվում։ 

Տարիների ընթացքում ներդրումների մասովմի բան նույն է մնացել՝ կենտրոնացվածությունը 3-4 ոլորտների շուրջ։ Ստորև գտնվող ինֆոգրաֆիկայում տարիների օրինակներով ցույց է տրված այդ կենտրոնացվածությունը։ 2014-2015թթ. չենք ներառել՝ հաշվի առնելով դրանց հաշվարկի մեթոդաբանական փոփոխությունները։ 

Տվյալները՝ ՀՀ ԱՎԾ 

Որպեսզի իրավիճակն ավելի պարզ լինի, նշենք, որ «մնացած ոլորտներ»-ում ներառված է շուրջ երեսուն ոլորտ։

ԵԱՏՄ մասնակցությունը դրականորեն չի ազդել ներդրումների վրա 

«ՀՀ տնտեսության վրա ԵԱՏՄ անդամակցության առանձին ազդեցությունների գնահատումը 2015 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով» զեկույցում նշվում է, որ օտարերկրյա ներդրումների դինամիկան վերջին տարիներին բարենպաստ չի Հայաստանի համար: ԵԱՏՄ մասնակցությունը դրականորեն չի ազդել այդ միտման վրա: «2014թ. որոշակի չափով ավելացել են ՌԴ-ից կատարվող ներդրումները, սակայն 2015թ. առաջին կիսամյակի արդյունքներով շեշտակիորեն նվազեն են ինչպես ՕՈՒՆ-ները ընդհանրապես, այնպես էլ ՌԴ-ի կշիռը դրանցում: Այսպես ՕՈՒՆ-ները 2015թ. հունվար- հունիս ամիսների արդյունքներով 2014թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ նվազել են գրեթե 60 տոկոսով, իսկ ՌԴ-ից եկող ներդրումները՝ 90%-ով: Արդյունքում ՌԴ տեսակարար կշիռը 2015թ. առաջին կիսամյակի ընդհանուր ՕՈՒՆ-ներում կազմել է ընդամենը 11 տոկոս»,- նշվում է զեկույցում:  Դրա հեղինակն է «Ավագ Սոլյուշնս» ՍՊԸ-ն, որի հիմնադիրն https://www.e-register.am/am/companies/988161 ու ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանն է։   

Զեկույցի հեղինակները նաև նկատում են, որ սովորաբար ինտեգրացիոն սպասումներն առաջ են բերում լրացուցիչ հետաքրքրություն երկրի նկատմամբ՝ դրական ազդելով նաև ներդրումների վրա: «Հայաստանի պարագայում նման ազդեցություն ԵԱՏՄ անդամակցության հայտարարությունից հետո չի նկատվել: Սակայն կարևոր է ընդգծել, որ ներդրումների կրճատումը չի կարող վկայել ԵԱՏՄ բացասական ազդեցության մասին, քանի որ, ինչպես բազմիցս շեշտվել է սույն փաստաթղթում, Հայաստանի անդամակցության շեմն ու սկիզբը համընկավ ՌԴ տնտեսությունում արձանագրված խիստ բացասական երևույթների հետ»,- ասված է զեկույցում:   

Դրանով ուղղակի, թե անուղղակի կերպով հայտարարվում է, որ ԵԱՏՄ-ի հետ կապված հույսերը, այս դեպքում՝ ներդրումների մասով, չեն արդարացել։Բայց որպեսզի չստացվի, թե իրենք թերագնահատում  են այս կառույցի դերը, վերջում հարկ են համարել ընդգծել, որ ներդրումների կրճատումը չի կարող վկայել ԵԱՏՄ բացասական ազդեցության մասին 

Այդուհանդերձ, չի խոսվում, թե ինչի հետևանքով են նվազել Հայաստանում կատարվող ներդրումները ևինչու է տարեցտարի մեր երկիրը պակաս գրավիչ դառնում ներդրողների համար։  Բայց այդ հարցերի պատասխանները գտնելու համար պարտադիր չէ տնտեսագետ կամ ոլորտի փորձագետ լինել։ Գոնե, գլխավոր պատճառներն ակնհայտ են՝ երկրում տնտեսական մրցակցության թույլ մակարդակ, ներդրումների համար սահմանված օրենքերի և կարգերի լուրջ թերություններ, կապիտալի պաշտպանվածության հետ կապված մեծ ռիսկեր։ Օտարերկրյա գործարարին հարկավոր են երաշխիքներ, որ փող ներդնելով՝ ռիսկի չի ենթարկում իր կապիտալը և որ այդ երկրում այն  պաշտպանված է և այլն։ Իշխանություններից երբեմն կարելի է լսել, թե Հայաստանում վերջին տարիներին տնտեսական մրցակցային միջավայրը բարելավվել է։  Եթե դա իսկապես այդպես լիներ, ապա այն ինչ-որ կերպ պետք է արտացոլվեր նաև ներդրումների ցուցանիշների մեջ, քանի որ երկրում տնտեսական մրցակցության վիճակի բարելավումը ներդրումների աճի գլխավոր նախապայմաններից մեկն է։ Բայց աճ, ինչպես տեսնում ենք, չկա։ 

Նաև տեսակետ կա, որ Հայաստանում ներդրումային միջավայրի վրա բացասական ազդեցություն ունի աշխարհաքաղաքական դիրքը՝ պատերազմի ռիսկը։ 

Մի խոսքով՝ ներդրումների կրճատման պատճառները բազմաթիվ են։ Ամեն ինչ սկսվում է մանրուք թվացող երևույթներից։ Մնում է՝ երկրի տնտեսական բլոկի պատասխանատուները աչք փակելուց և հայտարարություններ անելու բացի, ավելի արդյունավետ քայլերի գնան։  Եթե վերը նշված խանգարող հանգամանքները, թեկուզ, կիսով չափ վերանան՝  ներդրումային միջավայրի բարելավումը շարունակելու միտումով, ապա արդյունքներ կլինեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter