HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանական հենակետերի նշանառության տակ. ոսկեվանցիները պահանջում են գյուղի համար ապաստարան կառուցել

Տավուշի մարզի սահմանային Ոսկեվան գյուղը ադրբեջանական հենակետերից գրեթե ամեն օր գնդակոծվում է: Գույղն ունի 1500 բնակիչ: Ոսկեվանցիներն ապրում են սոցիալական ծանր պայմաններում: 2014թ.-ից գյուղն ունի նորակառույց մանկապարտեզ, անցյալ տարի շահագործվել է նոր ամբուլատորիան:

Գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանի ասելով՝ Ոսկեվանը փողոցային լուսավորության, ոռոգման և խմելու ջրի խնդիրներ չունի, բայց այդ ամենը նրանց համար մեծ արժեք չունի, քանի որ գյուղացիներն աղքատ են ապրում՝ իրենց ընտանիքները չեն կարողանում նորմալ կերակրել: Ոսկեվանցիները անասնապահությամբ և հողագործությամբ չեն զբաղվում:

Գյուղն ունի ընդամենը 200 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 380 հա վարելահող: Գյուղացիների մի մասը մեկնում է արտագնա աշխատանքի: «Տարեկան 120-130 ոսկեվանցիներ են մեկնում արտագնա աշխատանքի»,- ասում է գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը: Վերջինս կարևորում է Ոսկեվանում նաև աշխատատեղեր բացելու խնդիրը: Ղարաբաղի 4-օրյա պատերազմի առաջին երկու օրերին Ոսկեվանի վրա ադրբեջանական «Ուղտի մեջք» և «Նոր տարի» հենակետերից գնդակոծություններ շատ չեն եղել: «Վերջին մեկ ամսում մեզ մոտ առավել հանգիստ էր, քան նախկինում: Լարված պահեր շատ ենք ունեցել, բայց Ղարաբաղում քանի որ լարվածությունը բարձր էր, թշնամու ընդհանուր ուշադրությունն այնտեղ էր: Բայց սահմանը, ընդհանրապես որպես սահման տարբերվում է կրակոցներով: Ինչ ասեմ, գյուղի ներքևի թաղամասը ադրբեջանական դիրքերի կողմից ուղիղ նշանառության տակ է»,- ասաց Ս. Ալեքսանյանը:

Ներքևի թաղամասում ապրում է Ոսկեվանի բնակչության 3-4 տոկոսը: «Եթե համեմատենք Կոթիի և Բաղանիսի հետ, նրանց տարածքի 80 տոկոսն է ադրբեջանցիների նշանառության տակ: Բաղանիսում ավելի վատ է վիճակը: Մեր ներքևի թաղամասը նոր է, այնտեղ մի 30 տուն ունենք, երիտասարդ ընտանիքներ են ապրում, բացակա տուն չունենք, անցյալ դարի 70-80-ական թվականներին է կառուցվել թաղամասը»,- բացատրեց Ս. Ալեքսանյանը: Վերջինս մեզ վստահեցրեց, որ գնդակոծությունների պատճառով Ոսկեվանի բնակչության մոտ խուճապ չկա: Այսուհանդերձ, մեզ հետ զրուցելիս ոսկեվանցիների մեծ մասը՝ հատկապես կանայք, անհանգիստ էին:

«Երեկ երեկոյան ժամը 10:30-ի մոտերքը գյուղի վրա կրակոցներ են եղել՝ մեկ ժամից ավել տևեց: Գնդակոծությունը տան բակին էր ուղղված: ДШК-ով էին կրակում: Ծառերն ու տան լուսամուտների ապակիներն են վնասվել: Կրակոցներից մեր այգու ծառերը լրիվ չորացել են: 2015թ. օգոստոսի 3-ին ժամը 6:20-ին մինամյոտը ընկավ մեր տան աստիճանների մոտ՝ ծառի տակ: Էդ ժամանակ ինձ տնից հանում էին: Մինամյոտի ալիքից ընկա, էլ ոչ մի բան չեմ հիշում: Կրակելու ժամանակ հնարավոր չէ տանից դուրս գալ, ամենաապահով սենյակում նստում ենք: Մենք մեր պատշգամբից թուրք զինվորներին շատ պարզ տեսնում ենք >,- պատմեց Անուշ Ալեքսանյանը և ձեռքով ցույց տվեց ադրբեջանական դիրքերը:
«Կարկուտի նման թափում են գյուլլեքը»,- ասաց Շուշան Խաչիկյանը:

Լյուբա Սահակյանի ասելով՝ ադրբեջանցիների գնդակոծության ժամանակ իր ընտանիքը տանն է մնում: «Թուրքի համար ի՞նչ
զինանդադար: Էնա հա կրակում են: Ով փոքր երեխա ունի, ներքևի թաղից փախչում է վերևի թաղը: Համեմատաբար ապահով սենյակ ունենք, երբ իմ ննջարանից գնում եմ այդ սենյակը, չեմ կարողանում քնել: Ճամփա եմ պահում կրակոցները դադարեն: Ուզում է սպանեն, նորից գնում եմ իմ ննջարանը: Գնդակոծությունները տներին վնասում են, բայց փառք Աստծո, մարդկային կորուստներ չենք ունեցել: Որ Ղարաբաղ էնպես զուլում արին, առաջին երկու օրը մեզ վրա չկրակեցին, բայց հիմա սկսել են: Արդեն երկու օր է՝ սկսել են: Մի երկու օր առաջ էն գեշ զենքով կրակեցին, մեր հարևան Խաչիկյան Տիգրանի տան լուսամուտների ապակիներն է ջարդել: Ներքևի թաղի բոլորի, այդ թվում՝ Ալեքսանյան Արթուրի, Խաչիկյան Լևանի, բոլորի տներին էլ գյուլլեն դիպել է»,- հայտնեց Լյուբան:

Նրա ասելով՝ ոսկեվանցիները փախչելու տեղ չունեն. «Ու՞ր փախչենք, ի՞նչ անենք: Տուն ենք սարքել, էստեղ ենք ծնվել, մեր հողն ա, ի՞նչ անենք: Ճիշտ է, էն մեծ զենքերով չեն կրակում, բայց ավտոմատով մի երեք ժամ կրակում են»,- բացատրեց Լյուբան:
Փողոցում պատահաբար հանդիպած Կարինե Գևորգյանն ինձ ուղեկցեց գյուղի ներքևի թաղամասի 2-րդ փողոցը:
«Ամենավտանգավորը այս փողոցն է: Երեխաները վախենում են: Կրակոցների ժամանակ ներքևի թաղամասի տների բնակիչները համարյա բոլորը տանից փախչում են: Իմ տղան՝ Մհեր Հախվերդյանը, հիմա Կոթիի պոստերում է: Գիշերը մեր գյուղի տղամարդիկ գյուղապետարանում հերթապահում և հետևում են թշնամու գործողություններին, որ բնակիչների քնած ժամանակ գյուղի վրա չհարձակվեն: Կրակոցների ժամանակ մեկ էլ տեսա՝ հարսս ու տղաս երեխի հետ եկել են վերևի թաղամաս՝ մյուս տղայիս տուն: Ինչքա՞ն կարանք տանից փախչենք»,- ասաց Կարինեն:

Սոս Խաչիկյանի ասելով՝ ադրբեջանցիները միշտ «Ուղտի մեջք» դիրքից են կրակում, այս անգամ երկու դիրքերից էլ կրակել են: «Էտենց բան չկա, որ մի գիշեր չկրակեն: Ոչ մի բան չենք անում, էդ ժամանակ տանը նստում ենք: Որ վտանգավոր է, ի՞նչ անենք: Մինչև ե՞րբ կարող ենք տանից փախչել: Չէ, գյուղը ապաստարան չունի: Առանձին մարդիկ իրենց տներում ապաստարան են սարքել: Բայց դե պետք է գյուղի համար ապաստարան սարքեն, էլի: Էստեղ ուղիղ նշանառություն է: Թուքերի հենակետերը գյուղից մեկ կմ հեռավորության է: Լրիվ վզրիվնոյ է գցում, պայթում է: Էստեղ պայթել է, դրա համար ասկոլկեքը լրիվ ցրել է: Էդ ասկոլկեքն են պատուհաններս ջարդել: Հա, տղաներս տանը չեն, փոքր տղաս՝ Վահեն, ծառայում է Քարվաճառում, մյուս տղաս Երևանում սովորում է: Երեկոյան են սկսում կրակելը, ժամը 10-ին, 11-ին, 12-ին սկսում են կրակել»,- պատմեց Սոսը:


Իմանալով, որ գյուղ լրագրող է այցելել, Ռայա Ավագյանը ինձ էր փնտրում. «Հա, էս գիշեր էլ ենք տանից փախել: Կարմիր-կարմիր գյուլեն թափվում է կրիշի վրա: Ես ի՞նչ գիտեմ՝ ոնց է լինելու: Հեսայ, յեշե հլա: Սրանից մի 5-6 օր առաջ է արել: Տենո՞ւմ ես, գյուլլեն տվել է ու եկել է դեն անց կացել: Երեկ երեկոյան ուժեղ կրակեցին, երեխեքը թթչահար եղան, էնա իմ տեգոր երեխեն եկավ մեզ վեր կալավ, ավտոյով տարավ իրենց տուն: Էլ ի՞նչ տի լինի դրանից դենը: Էնա սաղ օրն էսա: Սաղ օրը կրակոցների միջին ենք: Ո՛չ գործ ենք անում, ո՛չ մի բան: Փետը բերել եմ դասել, էդ վառոտին մտիկ արա, որ հանկարծ տեսնենք չենք կարողանում դուրս գանք, գոնե էն գարաժն էլա մտնունք: Հինգ անձ ենք տանը: Էն օրը բախչեն մտա, մի հեյվարա գյուլլա գտա: Էս թաղը չիմ թուրքի սահմանի բերանինն ա»,- ասաց Ռայան և ցույց տվեց
«դիտարկվող թաղամասի» սահմանակետը:

Ռայան թշնամու գնդակներից պաշտպանվելու համար իր տան 1-ին հարկի լուսամուտները փակել էր ավազով լի պարկերով:


Ռաֆիկ Ավագյանը բացատրեց, որ ադրբեջանցիները իրենց դիրքերին հարող ադրբեջանական գյուղերը դատարկել են: «Էնա 1991թ.-ից դեսը էսենց ա: Ամեն ձևի զենքով էլ թուրքերը մեզ վրա կրակում են, մինամյոտով էլ են կրակում: Արդեն գիտենք՝ որ կրակոցը որ զենքից է»,- ասաց Ռաֆիկը:

Ռաֆիկ Ավագյան

«Ոսկեվանի 407 ծխից 300 տուն է բնակեցված»,- հայտնեց գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը: Նա նաև բացատրեց, որ դեպի Իջևան և Վրաստան գնացող հանրապետական նշանակության ավտոմայրուղին է ինչ-որ առումով դժվարացնում ադրբեջանական հենակետերի դեմ մեր բանակի ակտիվ գործողությունները: «Եթե մեր բանակը հարվածի ադրբեջանական հենակետերին, նրանք կխփեն միջպետական ավտոմայրուղով անցնող մեր տրանսպորտային միջոցներին: Դա ինչ-որ տեղ մեզ զսպում է: Բայց բանակը իր ֆունկցիան կատարում է, ժողովուրդը շատ գոհ է, շատ վստահում է մեր բանակին»,- ասաց Ոսկեվանի գյուղապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter