HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Եթե Սերժ Սարգսյանը լսի Լևոն Տեր-Պետրոսյանին…

Ապրիլի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Դրան հաջորդած հարցազրույցում Տեր-Պետրոսյանը ներկայացրեց ոչ միայն հանդիպման նպատակները, ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմի պատճառների վերաբերյալ իր մեկնաբանությունները, այլ նաև ԼՂ հիմնահարցի քաղաքական կարգավորման ուղղությամբ ակտիվացող դիվանագիտական գործընթացներից իր ակնկալիքները։ 

Միասնության խորհուրդը

Առաջին և, թերևս, վերջին նախագահների այս հանդիպումը խորհրդանշական էր ղարաբաղյան վերսկսված պատերազմի պատճառով տեղի ունեցող համազգային ինքնաբուխ մոբիլիզացիայի համապատկերում։ Այն տեղավորվում էր դեռ ապրիլի 2-ին Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ կուսակցության տարածած հայտարարության տրամաբանության մեջ, ըստ որի՝ «Անկախ գործող իշխանության հետ ներքաղաքական հարցերում մեր ունեցած հակասություններից եւ տարաձայնություններից, Հայ Ազգային Կոնգրեսը, հավատարիմ իր՝ ի սկզբանե եւ ոչ մեկ անգամ հռչակած սկզբունքի, արտաքին վտանգի դեպքում կանգնած է լինելու երկրի ներքաղաքական կայունության պահպանման եւ անվտանգության պաշտպանության դիրքերում»։ Տեր-Պետրոսյանի այս նախաձեռնությունը և Սերժ Սարգսյանի կողմից այն ընդունելը նաև նախադեպային է առողջ քաղաքական հարաբերությունների մշակույթ ձևավորելու առումով։ Չնայած այս ամենին՝ գլխավորը ոչ թե ինքին հանդիպման արտաքին սիմվոլիզմն է, այլ նախաձեռնության վերաբերյալ մեկնաբանություններով հանրությանը որոշակի ուղերձներ հասցնելը։ 

ԼՂ բանացկությունները՝ մարտահրավե՞ր

Հանդիպման մասին ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, թե այն վերաբերել է բացառապես «Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին և այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը»: Ուշադրություն դարձնենք՝ ապրիլի 2-ից 5-ը ղարաբաա-ադրբեջանական սահմանագծին ծավալված ռազմական գործողություններով թելադրված ԼՂ կարգավորման ուղղությամբ առաջիկա զարգացումները նախագահի աշխատակազմը ներկայացնում է իբրև մարտահրավեր։ Դրանով անուղղակիորեն բացահայտվում է երկու իրողություն։ Նախ՝ որ չնայած ռազմաճակատում Ադրբեջանը չկարողացավ լուծել իր հիմնական մարտավարական խնդիրը, սակայն հիմքեր ապահովեց հաստատված ստատուս քվոյի փոփոխությունն արագացնելու համար։ Երկրորդ՝ հայկական կողմը հայտնվել է մի իրավիճակում, երբ ստատուս քվոյի փոփոխությունը միջազգային հանրությունը կարող է կապել հայկական կողմից նոր զիջումների հետ։

Հանդիպմանը հաջորդած իր հարցազրույցում Տեր-Պետրոսյանը փաստացի հաստատում է այս իրողությունը «Ալիեւը, թեեւ մեծ զոհերի գնով, անակնկալ գործողության շնորհիվ հայկական կողմին զգալի մարդկային կորուստներ պատճառելու եւ մի քանի դիրքեր գրավելու փաստի սիմվոլիկ «հաղթաթղթով» փորձելու է շահել սեփական ժողովրդի համակրանքը եւ ուժեղացնել իր դիրքերը Ղարաբաղյան կարգավորման առաջիկա բանակցություններում»: Ավելի պարզ ասած՝ Լևոն-Տեր Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը համակարծիք են, որ հայկական կողմը կանգնած է զիջումների գնալու պարտադրանքի առջև։ Գործող նախագահին հանդիպելու Տեր-Պետրոսյանի հիմնական նպատակը մի կողմից Սերժ Սարգսյանին զիջումների գնալուն դրդելն է, մյուս կողմից՝ քաջալերելը, որ պատրաստ է նման ծանր պատասխանատվություն ստանձնելու դեպքում նրան ցուցաբերել քաղաքական աջակցություն։ Այս մասին են վկայում հարցազրույցում Տեր-Պետրոսյանի արած մի քանի շատ նուրբ ակնարկները։ 

Ռոբերտ Քոչարյանը՝ քավության նոխազ

Նախ՝ նա իբրև բանակցությունների հիմք՝ մադրիդյան սկզբունքներն ընդունելու գրեթե ամբողջ քաղաքական պատասխանատվությունը բարդում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա «Մադրիդյան սկզբունքները որդեգրել է Ռոբերտ Քոչարյանը, եւ նրան այդ հարցում անվերապահորեն սատարել են նրա վարչախմբի մաս կազմող կուսակցությունները։ Քոչարյանն է Ղարաբաղին զրկել հակամարտության իրավահավասար կողմի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակից։…Սերժ Սարգսյանն, ըստ այդմ, այս ամենը ժառանգել է Քոչարյանից, եւ նրա պատասխանատվության չափը թվարկված հարցերում ավելին չէ, քան վերջինիս վարչախմբի մասը հանդիսացած մյուս դերակատարներինը»։ Արդյոք պատասխանատվության բեռը Քոչարյանի վրա բարդելով՝ նա չի՞ փորձում զիջումների հարցում «ազատել» Սերժ Սարգսյանի ձեռքերը և նրան հուշել, որ կարելի է հասարակությանը «բացատրել», որ զիջումների գնալու հիմքերը դրել է նախորդ նախագահը և որից ինքը ձերբազատվել ուղղակի չէր կարող։ Այս իմաստով հարկ է ուշադրություն դարձնել երկու հանգամանքի։ Առաջին՝ ինքը՝ Տեր-Պետրոսյանը, որևէ գնահատական չի տալիս մադրիդյան սկզբունքներին՝ իր համար դրանց ընդունելի կամ անընդունելի լինելու հանգամանքը բացահայտելու համար։ Երկրորդ՝ նա ոչինչ չի ասում հայկական կողմի՝ իր տեսանկյունից մաքսիմալ կամ մինիմալ զիջումների սահմանաչափերի մասին։ «Հայկական կողմը, բնականաբար, կոշտ, բայց կառուցողական մոտեցումով բանակցությունների արդյունքում պետք է ձգտի ձեռքբերել հնարավոր առավելագույնը»,-ասում է առաջին նախագահը՝ չորոշակիացնելով, թե այդ ո՞րն է իր համար «հնարավոր առավելագույնը» կամ գոնե պարտադիր նվազագույնը։

Նման մոտեցմամբ Տեր-Պետրոսյանը վերահաստատում է, որ ոչ միայն մնացել է 1998թ. «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» իր հեղինակած հոդվածի՝ ժամանակին պարտվողական գնահատված գաղափարաբանության ծիրում, այլև փորձում է դրանում ներքաշել Սերժ Սարգսյանին։ 

ԼՂՀ-ի ճանաչումը՝ «պրոպագանդիստական հնա՞րք»

Երկրորդ՝ նա միտումնավոր հրապարակում է հանդիպման առաջարկի մասին Սերժ Սարգսյանին ուղղված նամակի բովանդակությունը, որտեղ բացի հրավերից, նաև, ըստ էության, ներկայացվում է Սարգսյանին փոխանցած իր հիմնական ուղերձը։ Այդ ուղերձը ոչ ավել, ոչ պակաս՝ Հայաստանի և ԼՂՀ-ի միջև ռազմական փոխօգնության պայմանագրի կնքման և Հայաստանի կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչման սպառնալիքների իրագործումից Սերժ Սարգսյանին ձեռնպահ պահելն է։ «Խոսակցությունը, բնականաբար, վերաբերելու է իրավիճակից պատվով ու առանց քաղաքական կորուստների դուրս գալու խնդրին, ինչպես նաեւ ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչման եւ Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքման շրջանառվող գաղափարների նպատակահարմարությանը։ Որպես պրոպագանդիստական հնարքներ այդ գաղափարները, թերեւս, իմաստ ունեն, բայց դրանց իրականացումը, կարծում եմ, պետք է լինի ոչ թե պահի թելադրանքով պայմանավորված իմպուլսիվ արձագանք, այլ լրջագույն խորհրդապահական քննարկման ու ճշգրիտ հաշվարկի հետեւանք»։

Ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը շտապում կանխել դրանց կենսագործումն այն դեպքում, երբ ռազմական գործողությունների վեսկսման վտանգը դեռևս իրական է, և երբ ակնհայտ է, որ միայն այդ երկու քայլի արդյունքում է հնարավոր ոչ միայն երաշխավորել ԼՂՀ-ի ու արցախցիների անվտանգությունը, այլև ազդել միջազգային հանրության և հատկապես Ռուսաստանի վրա։ Արդյո՞ք առաջին նախագահն այդ քայլերը իմպուլիվ ու չհաշվարկված էր համարելու նաև այն դեպքում, եթե հակառակորդին հաջողվեր ճեղքել հայկական բանակի պաշտպանության գիծը, լուծել իր օպերատիվ մարտավարական հիմնական խնդիրը և դներ ԼՂ-ն ամբողջությամբ իրեն հանձնելու կապիտուլյացիոն պայմանը։

Տեր-Պետրոսյանն այդ երկու քայլերի մասին միջազգային հանրությանն ուղղված Սերժ Սարգսյանի նախազգուշացումը որակում է «պրոպագանդիստական հնարքներ»։ Մինչդեռ ակնհայտ է, որ միայն դրանից հետո միջազգային կառույցները սկսեցին արձագանքել ղարաբաղա-ադրբեջանական ռազմաճակատում ծավալվող դրամատիկ իրադարձություններին։ Ավելին, փաստացի Երևանից հնչած այս նախազգուշացմանը հաջորդեց կրակի դադարեցմանն ուղղված Մոսկվայի միջնորդական շտապողականությունը, որը վերջապես  թույլ տվեց հասկանալ, թե իրականում որքան է Մոսկվան «հավատարիմ» Հայաստանի հանդեպ իր «դաշնակցային» հանձնառություններին և որքանով է շահագրգռված ռազմական գործողությունները Ադրբեջանի տարածք տեղափոխելուն ուղղված հայկական զինուժի հակահարձակումը կանխելու, նրան քաղաքական և բանակցային դիվիդենտներից զրկելու հարցում։

 Կանաչ լույս՝ Ղարաբաղում խաղաղարարների տեղակայմանը

Ըստ այդմ՝ ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանն ուզում լվանալ Մոսկվայի «կեղտոտ երեսը»։ Որ նա նաև այդպիսի նպատակ է հետապնդում, վկայում է հարցազրույցում արատահայտած հետևյալ միտքը «Քանի որ հրադադարը կնքվեց Ռուսաստանի միջամտությամբ, դա նշանակում է, որ, մանր-մունր փոխհրաձգությունները  չբացառած, Ռուսաստանն ի վիճակի է թույլ չտալ զինադադարի լայնածավալ խախտումները։ Որպես հետեւանք՝ այս հանգամանքը, բնականաբար, մեծացնում է Ռուսաստանի դերը ղարաբաղյան կարգավորման առաջիկա բանակցություններում»։ Սա այլ կերպ, քան կարգավորումն ուզուրպացնելու Ռուսաստանի ձգտումները լեգիտիմացնելու և Սերժ Սարգսյանին դրան ենթարկեցնելու փորձ դժվար է գնահատել։ Մի կողմ թողնենք այն հարցը, թե եթե Ռուսաստանն ի վիճակի էր կանխել պատերազմը, ապա ի՞նչն էր նրան խանգարում ի սկզբանե զսպել Բաքվին, թույլ չտալ այս արյունահեղությունը։ Իրականում Տեր-Պետրոսյանը շատ լավ է հասկանում, որ Ռուսաստանը, նաև Թուրքիայի հետ առճակատման պատճառով, հիմա Ադրբեջանի վրա ազդելու շատ լուրջ լծակներ չունի, և որ Մոսկվան պատերազմը կանխել կարող է միայն այն դեպքում, երբ հակամարտության գոտում ռազմական ներկայություն ունենալով՝ այսպես կոչված խաղաղարարի դեր ստանձնի հայկական և ադրբեջանական կողմերի միջև։ Չի բացառվում, որ Տեր-Պետրոսյանը փորձել է Սերժ Սարգսյանին համոզել, որ իբրև նոր պատերազմի կանխարգելման միջանկյալ լուծում կարելի է զիջել հակամարտության գոտում ռուսական կամ վերջինիս մասնակցությամբ բազմազգ խաղաղապահ ուժերի տեղակայման հարցում։ Պատահական չէր, որ կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումից գրեթե անմիջապես հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց «Միանշանակ, մենք կողմ ենք եղել, որ եթե լինում է կարգավորում, պետք է լինեն խաղաղապահ զորքեր: Դրան ոչ մեկ դեմ չի եղել երբևիցե: Դա երաշխիք է գործողությունների չվերսկսման համար: Կարգավորման համաձայն՝ հայկական ուժերը, ԼՂՀ բանակը կամ ՀՀ ուժերը պետք է հետ քաշվեն ինչ-որ դիրքերից. եթե ընդունվում է մեզ համար ըմբռնելի կարգավորման պլան, դրա անհրաժեշտ բաղադրիչը պետք է լինի խաղաղապահ զորքերի տեղակայումը, առանց դրա ոչ մի պլան չի կարող իրականացվել»։

Եթե «ըմբռնելի կարգավորումն» այն է, ինչ պատկերացնում է Տեր-Պետրոսյանը և ինչը նա փորձում է «ըմբռնելի դարձնել նաև հասարակությանն ու իշխանությանը, ապա դրա համար խաղաղապահների կարիք չի լինի, որովհետև ԼՂ-ն իբրև ինքնիշխան, իրավունքի սուբյեկտ այլևս գոյություն չի ունենա։ Հարցն այն է՝ բանակցային իսկապես ծանր շրջափուլ մտնող Սերժ Սարգսյանը որքանո՞վ է ըմբռնել տերպետրոսյանական այս «դասերի» իմաստը։ Գուցե այս հանդիպումը նաև առաջին և վերջին նախագահների համախոհության յուրօրինակ դրսևորո՞ւմ է, ո՞վ գիտե…    

Եթե Սերժ Սարգսյանը լսի Լևոն Տեր-Պետրոսյանին

Մեկնաբանություններ (4)

Հայկ
Գոտծնականում անհնար է, որ Ս․Սարգսյանը լսի Տեր֊Պետրոսյանին։ Նախ Ս․Սարգյանը պետք է հրաժարվի իր քրեա֊օլիգարխիկ կլանից՝ այդ թվում և իր հարազատներից և բոլորին բերի օրենքի դաշտ։ Մի պահ պատկերացնենք, որ նա որոշում է գնալ նման քայլի՝հանուն հայրենիքի փրկության գաղափարի /չնայած դա անհնար է պատկերացնել/։ Այդ նույն կլանը անմիջապես կչեզոքացնի նրան։ Նա պետք առաջին հերթին օրենքի դաշտ բերի իր հովանավորին ՝ Ռ Քոչարյանին, ով տկլոր գալով Հայաստան մի քանի տարում դարձավ միլլիարդատեր՝ իրագործելով նաև «Հոկտեմբերի 27 » և «Մարտի 1 »; Նրա թալանածը միանգամայն բավարար է բանակը նորագույն տեխնիկայով զինելու համար, ։Փոխարենը ընկած ժողովրդից գրոշներ են հավաքում։
անահիտ
Չեմ հիշում հաստատ թվականը բայց դա եղել է Գերմանիաիում, երբ գերմանացիները ուզում էին արմատախիլ անել կաշառակերությունը իրենց երկրից որը թուլացրել աղքատացրել ու դառել էր անարդար ու անկառավարելի, պետական ղեկավարները որոշում էն Հրապարակայնորեն գնդակահարել այն առաջին կաշառակերին որն առաջինը կկալանավորվի։ և այդպես էլ արեցին, այդ օրվանից նրանք դառձան աշխարհի ամենաարդար և ամենազարգացած ազգը|երկիրը։ Այդպես է կուժը պտի վախենա որ կուլան չանի։ Թե չե դա այդպես էլ կշարունակվի։
Արամ
Ս․Սարգսյանին հիմա պետք է ճնշել (այլ ոչ թե նրա շուրջ համախմբվելու կոչ անել), որպեսզի Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում ամուր լինեն, իսկ Ս․ Սարգսյանը վախենա սխալվելուց կամ միակողմանի զիջումների գնալուց: Նա պետք է վախենա, որ աթոռը կկորցնի, եթե որևէ միջանկյալ փաստաթուղթ ստորագրի Ադրբեջանի հետ առանց Ղարաբաղի մասնակցության կամ հանկարծ համաձայնի տարածքային զիջումների (7 օր)
SAMSON
Ինչու մենք ամեն ինչի համար գումար ունենք, պաշտոնյաների, զինվորականների ու նրանք ընտանիքների շքեղ գույքի, մեքենաների եւ ճոխ կյանքի՝ արտասահմանում, գործուղումների, բայց գումար չունենք բանակի ու զենքի համար, ինչու չեն ստուգվում ՊՆ ու նրա մատակարար ընկերությունները, որ թղթերով բանակն ունի ամեն ինչ, ինչու չստիպել նրանց վերադարձնել բանակին այդ գումարները, փոխանակ՝ գումար մուրալ բանակի համար աղքատ ու սոված քաղաքացիներից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter