HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ու՞մ օգտին է դատարկվում պետական բյուջեն

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարն այս տարվա մարտի 1-ին «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ կնքել է վառելիքի մատակարարման պետական գնման պայմանագիր: Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է ընդհանուրը 130 մլն 240 հազար դրամ արժեքով: Քանի որ նախատեսված են եղել ավելի քիչ միջոցներ, քան պայմանագրի գինն է, մարտի 31-ի համաձայնագրով որոշվել է գնում կատարել 112 մլն 843 հազար դրամի սահմաններում: Ըստ պայմանագրի՝ գնման մնացած մասը կկատարվի  ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում:

Ընկերությունը Ազգային ժողովին պետք է մատակարարի «Ռեգուլյար», «Սուպեր» բենզին և դիզելային վառելանյութ լիտրը, պայմանագրի կնքման օրվա դրությամբ համապատասխանաբար՝ 410, 460, 410 դրամով: Կնքված համաձայնագրով մատակարարման ամիսներին վառելանյութի գինը նվազելու է:

Նշենք, որ խորհրդարանի ծառայողական ավտոմեքենաները սպասարկում են ԱԺ նախագահին, ԱԺ նախագահի երկու տեղակալներին, հանձնաժողովների նախագահներին, տեղակալներին, խմբակցություններին և Ազգային ժողովի աշխատակազմին: Հավանաբար, այդ բենզինն օգտագործվելու է նրանց սպասարկելու համար:

Խորհրդարանի աշխատանքի արդյունավետությունը եւ որակը պարբերաբար քննարկման առարկա է դարձել մամուլի էջերում: Այս մարմնին հատկացվող յուրաքանչյուր միջոց ընկալվում է որպես գումարների վատնում: Պատճառը ոչ միայն մականունավոր, օլիգարխ պատգամավորներն են, որոնք այս տարիների ընթացքում այդպես էլ օրենսդրական աշխատանքով չզբաղվեցին, այլեւ ընդունվող օրենքները, նախաձեռնությունները, կառուցողական քննարկումների բացակայությունը, խորհրդարանի ցածր հեղինակությունը:

Վառելանյութից բացի պատգամավորների վրա պետությունը այլ ծախսեր է կատարում: Վճարում է բարձր աշխատավարձ, լույսի, ջրի վարձավճարներ, սպասարկման այլ ծախսեր: Պատգամավորներն այդ ծախսերը պետք է «հատուցեն» իրենց աշխատանքով: Օրինակ՝ բացի հայհոյելուց ու պատգամավորին անհարիր բառապաշար օգտագործելուց, ի՞նչ օգուտ են տալիս Առաքել Մովսիսյանը (Շմայս), Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) և այլք խորհրդարանին ու պետությանը, ինչո՞վ է արդարացվում նրանց ներկայությունը խորհրդարանում:

Առաքել Մովսիսյան

Կամ՝ պատգամավորներ Մարինե Մարաբյանը, Նահապետ Գևորգյանը (Նավո), Սպարտակ Մելիքյանը, Կարեն Սարիբեկյանը, Արթուր Ստեփանյանը, Մուրադ Գուլոյանը, Հարություն Ղարագյոզյանը, Մուշեղ Պետոյանը և այլք չեն հայհոյում, բայց նրանց ձայնը խորհրդարանում չի էլ լսվում: Լուռ գալիս են (իհարկե, եթե գալիս են), սեղմում են իրենց հանձնարարված «բաժին» կոճակը և հեռանում: Բայց նրանց կենսագրության մեջ նշվելու է, որ եղել են պատգամավորներ:

Թեև իշխանական թևի պատգամավորները բնական են համարում, որ օրենսդրական նախաձեռնությունների զգալի մասի նախաձեռնողը գործադիր մարմինն է, սակայն ընդդիմադիրները ճիշտ հակառակ կարծիքն ունեն: Ազգային ժողովի «դակող մարմին», իսկ պատգամավորներին՝ «կոճակ սեղմողներ» պիտակավորումը հենց այդ համատեքստում է:  Պատգամավորները համերաշխորեն քննարկում ու քվեարկում են կառավարության ներկայացրած օրենսդրական նախագծերը: Քանի որ շահերի բախում չկա, և ընդունվող նախագծերն էլ ինչ-որ չափով ձեռնտու են քվեարկող պատգամավորներին (հիմնականում՝ իշխանությունը ներկայացնող), դրանք ընդունվում են:

Պետական միջոցների ծախսումն ուղիղ համեմատական չէ կատարված աշխատանքին

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ընտանեկան բիզնեսին «Հետքն» արդեն անդրադարձել է: Նրա կինն ու որդիները փայլուն տիրապետում են բիզնեսի կանոններին և զգալի եկամուտներ ապահովում: Բայց միևնույն է, Գալուստ Սահակյանը երազում է, որ ինքն էլ բիզնես ունենա: ԱԺ նախագահի ընտանիքը ոչ միայն հետաքրքրված է առողջապահական ոլորտով, այլև քաղաքային երթուղիների բիզնեսով:

ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ևս տիրապետում է բիզնես-կանոններին: Օրինակ՝ «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն, որի 100% բաժնեմասը պատկանում է Հերմինե Նաղդալյանին, մասնակցում է կառավարության հրատապ ծրագրերին: Չնայած Հերմինե Նաղդալյանի ղեկավարած պատվիրակությունն անընդհատ ձախողումներ է գրանցում Եվրոպական խորհրդարանում, նրան վստահվում են այնպիսի կարեւոր նախագծեր, ինչպիսին է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական հանրապետություն միջպետական նշանակության ճանապարհահատվածի «վերանորոգումը»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դստեր «հեքիաթային հարսանիքի» մասին մամուլը մի քանի օր գրում էր: Նման հարսանիք կարող է անել միայն հարուստ մարդը:

Այս ցանկը կարելի է շարունակել: Նրանք են օգտվում պետական բարիքներից և ծախսում պետական միջոցները: Հարց կարող է առաջանալ, թե ի՞նչ կապ ունի վերը նշված պաշտոնյաների անձնական ունեցվածքը խորհրդարանի սպասարկման կամ բենզինի գումարների հետ: Գուցե արդարացի հարց է՝ իսկ ի՞նչ կապ ունեն այդ պաշտոնյաները երկրի իմիջի բարձրացման և միջազգային հարթակում երկիրը ներկայացնելու հետ: Ինչո՞ւ են հարստանում, բիզնեսը ծաղկեցնում միայն պաշտոնավարման տարիներին:

Իհարկե, բոլոր խորհրդարաններում էլ գումարներ ծախսում են: Գերմանիայի, Ֆրանսիայի, Վրաստանի, Ուկրաինայի և այլ խորհրդարաններում մոմի լույսի տակ չեն աշխատում, կամ՝ ծառայողական ավտոմեքենաները վառելանյութի փոխարեն կոյուղաջուր չեն այրում: Այստեղ հարցն այն է, թե ծախսած գումարները, որն ուղիղ համեմատական է կատարված աշխատանքին, ինչպես են նպաստում, կամ նպաստո՞ւմ են առհասարակ երկրի հեղինակության բարձրացմանը, ներքին խնդիրների կարգավորմանը: Այդ ծախսերն ինչպե՞ս են կրճատում արտագաղթը, սոցիալական անհավասարությունը, գործազրկությունը: Ինչպե՞ս են մատչելի դարձնում առողջապահությունը, բարձրացնում ծառայությունների որակը:

Հայաստանի դեպքում դժվար է գտնել այդ ուղիղ համեմատականը: Հաշվետվողականության ցածր մակարդակը կամ բացակայությունը հնարավորություն է տալիս պաշտոնյաներին նորանոր բարձունքներ «գրավել» և, օրինակ, լավ աշխատելու փոխարեն վիճել, թե ով պետք է ընդգրկվի միջազգային պատվիրակությունների կազմում և պետության հաշվին մի քանի օր արտասահման մեկնի:

Քանի դեռ պետական մարմինների ծախսած միջոցները չեն արդարացվում կատարված աշխատանքների արդյունավետությամբ, հանրությունը միշտ էլ այդ միջոցների օգտագործումը համարելու է վատնում: Գումար ծախսելու շատ տեղ կա, պարզապես պետք է հասկանալ առաջնահերթությունները: Ոչինչ, որ մի քանի պատգամավոր վատ կզգա, որ իր բաժին գումարները կրճատվել են, փոխարենը իրենց լավ կզգան սովորական քաղաքացիները, երբ այդ միջոցներն ուղղվեն աշխատավարձների, թոշակների բարձրացմանը, բանակի եւ զինծառայողների պայմանների բարելավմանը:

Մեկնաբանություններ (5)

Արամ
Մեր այդ 70 զինվորների արյունը հենց նրանց ձեռքեիրն է, մեկ առ մեկ… Ցանկանում եմ, որ նրանք վճարեն իրենց արած հանցանքների համար իրենց իսկ երեխաներով Ավել խոսքեր չկան
Նէլսոն
Կույր ու գուլ մարդի՛կ, առանց երազի, առանց լսելու հեքիաթն այս վսեմ, Իրար կոկորդից պատառ եք հանում և դարձնում աշխարհն՝ ահավոր ջեհնեմ: Ձեր օրենքները – լուծ ու խարազան, և անելք մի ցանց խոլական սարդի, Եվ որոնց ժահրով թունավորում եք երգը բլբուլի, անուրջը վարդի: Եղկելի՛ մարդիկ, փոշի կըդառնան ձեր վատ սրտերը, ձեր գործերը չար, Եվ ժամանակի ձեռքը անտարբեր կըսրբե-կավլե պիղծ հետքերը ձեր:
Xunsap'ha
Ո՞ւմ օգտին է դատարկւում պետական պիւտճէն: Վստահաբար ոչ երկրին և ոչ ալ ժողովուրդին օգտին:
Գրիգոր
Իսկ ինչու մենակ խորհրդարանը, բլոր պետական օղակներում նույն վիճակնա, սկսած գյուղապետարաններից մինչև կառավարություն, բոլոր տեղերում անխտիր: Բոլոր պաշտոնյաներն էլ լափում են, թող երախներին կանգնի:Լիովին համաձայն եմ վերը ասվածի հետ, մեր ընկած հերոսների արյունը էտ ստոր ու անհայրենիք կեղտերի ձեռքերինա....
Տիգրան
Ինչո՞ւ են բանակում, առաջնագծում միայն անապահով ընտանիքների երեխաները, ինչու մի նախարարի, պատգամավորի երեխա չկա բանակում: 1.Շտապ մոլիզացիա հայտարարել ու նրանց զորակոչել, անկախ քաղաքացիությունից ու ներկայացվող թղթերից: 2.Կուլակաթափ անել մեծահարուստնեին: 3.Նախարարի-պատգամավոր-պաշտոնյաների շքեղ մեքենաները՝ վառելիքներով, նրանց աննպատակ գործուղումները՝ վերացնել: 4.Բոլոր ֆինանսական միջոցնեն ուղղել միայն բանակին: 5.Հայտարարել ռազմական վիճակ ու փորձել ամեն գնով հաշտվել թշնամու հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter