Կիրակի, 23 սեպտեմբերի

Արցախ. մինչ տղաները դիրքերում են, հայրերը խաղողի այգի են տնկում


Ապրիլյան թեժ մարտերի ժամանակ էր, երբ Ֆրանսիայի Բուրգունդիա քաղաքից «Պինո նուա» (Pinot Noir) տեսակի խաղողի տնկիները հասան Արցախ: Չնայած անընդհատ հնչող պայթյուններին` Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի բնակիչները միաձայն որոշել են ավարտին հասցնել սկսած գործն ու տնկել մի մեծ խաղողի այգի:

Արցախում խաղողի այգու ստեղծման նախաձեռնողը ռուսաստանաբնակ երիտասարդ արցախցի Պավել Քալաշյանն է։ Մեր այցելության օրը Պավելն իր համագյուղացիների հետ մարգերն էր փորում: Խաղողի այգում աշխատողների մեծ մասի տղաներն այս պահին դիրքերում են: Հայրերն անհանգստանում են որդիների համար, պատերազմի մասին խոսելիս` տխրություն է իջնում նրանց դեմքին, բայց վայրկյաններ անց` սկսում են կատակել:

Քանի որ Պավել Քալաշյանը Արցախում չի բնակվում, գյուղում այգու տնկման աշխատանքները վստահել է կնոջ հորը՝ Արտո Ղուկասյանին։ 10 հազար տնկիներից յուրաքանչյուրը գնել են 1 դոլարով։ Այս պահին 1,5 հա տարածություն արդեն փորել են և մարգերն են պատրաստում։ Մոտ 3 հա էլ դեռ պիտի փորեն։ Այս գործին լծվել են բացառապես Մեծ Թաղեր գյուղի բնակիչները։ Նրանք վճարվում են օրավարձով՝ ստանալով 7000 դրամ` մեկ օրվա համար։

Մեծ թաղերցի Խաչիկ Չաքմազյանը մասնագիտությամբ գինեգործ է, սակայն երկար տարիներ է, ինչ այդ գործով չի զբաղվում։ Նա պատմում է, որ դեռևս 1970-ականներին իրենց գյուղում խաղողի այգիներ են եղել, որոնք քանդվել են 1992-ի ղարաբաղյան պատերազմի ժամանակ։

«Այս տարածքի հողը երկար ժամանակ հանգստացել է, հանգստանալուց հետո հողը լավ բերքատու է լինում։ Հիմա կլիման մի քիչ փոխվել է, այստեղ խաղողը քաղցր չի լինում, բայց շատ որակով է լինում: Ընդհանրապես, մեզ մոտ բերքը համով է լինում, քանի որ սրսկումներ-բան չենք անում, ամեն ինչ բնական ճանապարհով է, ուղղակի շուտ ծաղկող ծառերն է ցուրտը տանում»,- ասում է Խաչիկը։

Նա կարծում է, որ գյուղացին պատերազմի հետ գործ չունի. եթե հարձակվում են, ստիպված է պաշտպանում իր տունն ու հողը: Խաչիկը հույս ունի, որ իրավիճակն Արցախում կկայունանա, քանի որ պատերազմն ու զենքը խանգարում են գյուղի զարգացմանը, հողի արդյունավետ օգտագործմանը:  

Մեծ Թաղերի բնակչությունը հիմնականում հողագործությամբ է զբաղվում. կարտոֆիլ, սոխ, խնձոր ու թութ են աճեցնում: Որոշներն անասնապահությամբ են զբաղվում, ոմանք էլ` այլ մարդկանց ոչխարներն են պահում ու դրա դիմաց վարձատրվում:

Ստաշո Սահյանը 5 երեխաների հայր է. մեծ տղան բանակում է, իսկ փոքրը՝ մանկապարտեզում։ Դիրքերում գտնվող տղայից լուր չունի. նա հեռախոսազանգերին չի պատասխանում։ Այդ մասին խոսելիս Ստաշոն հուզվեց, հետո ասաց. «Լավ ա ինիլու, ոչինչ»։

Ի տարբերություն մյուս գյուղացիների՝ Ստաշոն անասնապահությամբ չի զբաղվում։ Ասում է՝ կաթ ու մածուն չի սիրում, միայն սառը գարեջուր։ Մի էշ ունի, որով ցախ է բերում վառելու։ Ստաշոն կարծում է, որ խաղաղ պայմաններում մարդ պետք է հնարավորինս շատ երեխաներ ունենա։

«Ղեկավարներն են կռիվը սկսել, խեղճ գյուղացուն էլ բիզ-բիզ են անում: Բայց դե որ հարձակվեն, բոլորս էլ գնալու ենք, հո էդպես չենք թողնելու: Մարդ կա՞, որ չգնա. իր խոտի համար էլ է, իր թրիքի համար էլ է, գնալու է էլի»,- ասում է Ստաշոն:

20-ամյա Ալիկ Զոհրաբյանը նոր է ավարտել ծառայությունը բանակում: Հիմա վերադարձել է գյուղ` մորն ու եղբորը օգնելու: Աշխատում է խաղողի այգում, նաև հեռակայում է Արցախի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում: Իրավաբան դառնալուց հետո էլ չի ուզում գյուղից գնալ: Ասում է` եթե գյուղում նման ծառայության կարիք լինի, կաշխատի, եթե ոչ, գյուղատնտեսությամբ կզբաղվի:

Մեծ թաղերցիներն ասում են, որ այս տարվա տնկած խաղողը երկու տարի անց նոր բերք կտա, իսկ այդ ընթացքում մոտակայքում պատրաստվում են գինու գործարան սարքել: Նրանք որոշել են, որ իրենց գյուղի գինին ամենահայտնիներից է լինելու: Հաջորդ տարի պատրաստվում են Բորդո (Bordeaux) տեսակի խաղող տնկել:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։