Կիրակի, 23 սեպտեմբերի

Պարոն դեսպան, ի վերջո, մոտեցեք ծանրաձողին կամ լքեք բեմը



Ֆեյսբուքյան տիրույթում հատուկ էջ է բացվել, որի հետևորդները պահանջում են հետ կանչել Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանին: «Այս էջի նպատակն է հասնել Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի հետկանչին, քառօրյա պատերազմի ընթացքում դրսեւորած հանցավոր անգործության համար»,-նշված է էջում:

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գեորգի Գաբաշվիլին, որը ներկայացնում է Միխեիլ Սահակաշվիլու հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, ապրիլի 8-ին հակահայ հայտարարությամբ էր հանդես եկել: «Մենք աջակցում ենք լարվածության թուլացմանն ու հակամարտության վերջնական խաղաղ կարգավորմանը: Հիմնական հարցն այն է, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքի (այս դեպքում' Ադրբեջանի) ապահովմամբ… »,-ասել էր պատգամավորը: Այս հայտարարությանն արձագանքել են հայաստանյան կողմից, սակայն դրան հակակշիռ պաշտոնական դիրքորոշում այդպես էլ չի հայտնվել: Նմանատիպ այլ հայտարարություններ էլ են հնչել Վրաստանում, սակայն դիվանագիտական կորպուսն այնտեղ քար լռություն է պահպանում:

Եվ, ընդհանրապես, սփյուռքն այս օրերին փորձում է կազմակերպվել, ամենամոտ սփյուռքը՝ հարևան Վրաստանում, անտեր է մնացել:

Յուրի Վարդանյանի՝ 2014թ. հունիսի 24-ին դեսպան նշանակվելուց հետո գործունեությունը սահմանափակվում է ուղերձներ հղելով: Վրաստանում ՀՀ դեսպանության կայքից պարզ է դառնում, որ դեսպանն այս տարի մեկ օր է աշխատել, և նրա առաջին և վերջին աշխատանքային օրը եղել է հունվարի 27-ը, երբ Թբիլիսիում նշվել է ՀՀ ԶՈւ կազմավորման 24-րդ տարեդարձը: Ընդհանրապես, դեսպան Վարդանյանի ներկայությունը Վրաստանում սահմանափակվում է տոնական միջոցառումների մասնակցությամբ: Բայց, պարզվում է, համայնքի համար կարևոր միջոցառումներին նրան նույնիսկ դռնից ներս չեն թողնում:

Անցնող տարվա հոկտեմբերի 31-ին Թբիլիսիի սուրբ Գևորգ եկեղեցու օծմանը՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ  կաթողիկոսի, որին մասնակցել էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին և այլ բազում բարձրաստիճան պաշտոնյաներ, արարողության ժամանակ անվտանգության աշխատակիցները դեսպանին ներս չեն թողել եկեղեցի: Ներկաները պատմեցին, որ դեսպանը դռան մոտ սպասում էր՝ մինչև օծման արարողությունն ավարտվեց:

Դեսպանին ճանապարհի կեսից հետ են ուղարկել նաև Մառնեուլի շրջանի հայաբնակ Կարմիր գյուղում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությունից: Գյուղում պատրաստվել են, որպեսզի մեծ շուքով դիմավորեն բարձրաստիճան հյուրերին, այդ թվում՝ դեսպանին, սակայն դեսպանն այդպես էլ գյուղ չի հասել: Պարզվում է՝ դեսպան Վարդանյանը չի ցանկացել իրավիճակը սրել և, անսալով նահանգապետի՝ հայ-ադրբեջանական համայնքների միջև լարվածություն չմտցնելու կոչին, հետ է վերադարձել Թբիլիսի:

Հայ-ադրբեջանական հակամարտության վերջին սրման օրերին լարվածություն է նկատվել նաև Ջավախքում: Տեղացիները «Հետքին» պատմեցին, որ թուրք-վրացական սահմանին տեղացի հայերի և Կարծախի սահմանակետն անցած թուրքերի միջև բախումներ են եղել: Սակայն դեսպան Յուրի Վարդանյանը դրանից էլ տեղյակ չէ:

Վերջապես, մի հարց է հուզում հանրությանը, պարոն դեսպան, տեղյակ եք, որ ապրիլի երկուսից սկսած Արցախում իրավիճակը խիստ լարված էր, և Հայաստանը մինչ օրս 75 զոհ է ունեցել: Պարոն դեսպան, տեղյակ եք, որ ՀՀ դեսպանն եք Վրաստանում, և այս օրերին ոչ միայն ձեր պաշտոնական կայքը, այլև սոցիալական ցանցերը պետք է օգտագործեիք Արցախի հարցի և հակամարտության վերաբերյալ առնվազն պատշաճ ինֆորմացիա փոխանցելով, էլ չասենք՝ տարբեր հանդիպումներում ՀՀ շահերը պաշտպանող դիրքորոշումներով, Դուք Թբիլիսի երկարատև արձակուրդի չեք ուղարկվել:

Պարոն դեսպան, ի վերջո, մոտեցեք ծանրաձողին կամ քաջություն ունեցեք ինքնակամ թողնել բեմը, որտեղ Ձեզ նույնիսկ չեն ծափահարում: Սա կրկես չէ, այլ պատերազմ է: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (7)
1. Gayane14:31 - 13 ապրիլի, 2016
Անմեղսունակ ապուշին, ի՞նչ ասես...Սա մեր հետին մեղքն էր:
2. Գեւորգ09:28 - 14 ապրիլի, 2016
Այս խեղճ մարդուն համոզեցին բերին ԱՄՆ - ից պարզապես ,,մր թիմումը աստղեր թող շատ լի,, ասելով: Նման արհեստաշարժական չափանիշների պարագայում Յուրի Վարդանյանից պետք չէ նեղանալ: Վիսոցկին հրաշալի երգ ունի՝ ,,կարճ տարածության չմուշկասահորդի մասին, որին ստիպեցին վազել երկար,, Ողորմածիկը եթե ողջ լիներ ավելի վառ հակադրություն կգտներ - ,,ծանրորդի մասին, որին ստիպեցին դիպլոմատ աշխատել! ,,
3. Arthur Trevelyan18:09 - 14 ապրիլի, 2016
Saakashvili IS and WAS known to be a CIA agent. This was a "well know proven fact." This man has done NOTHING good to Georgia. His hatred of the Armenians is well known. So, when his barking doppelgänger spews out anti Armenian comments, we are not surprised. maybe Georgy Gabashvili is Right. According to him, Georgia must return occupied Armenian territories for the sake of Armenia's territorial integrity. Just wait until Turks start sneaking into Georgia and turn Georgia another Turkish province.
4. Vlad19:24 - 17 ապրիլի, 2016
Президент Армении назначает послов по ленинскому принципу: Каждая кухарка может управлять государством. Разве дипломат может быть штангистом? Нет. Так почему г-н президент считает, что штангист может быть дипломатом? Это же профессия, которой нужно учиться много лет. Из-за такой провальной дипломатии президент завел страну в тупик. Во время апрельской агрессии азеров ни одна международная организация, ни одна страна, включая соседей, даже союзники по СНГ, ОДКБ и пр. не выразили поддержку Армении. А российский вице-премьер цинично заявил: "Оружие Азербайджану продавали и будем продавать, а вы не размазывайте сопли". А что сделали послы Армении для поддержки страны? Гнать их нужно со своих постов. И в первую очередь Ю. Варданяна. Позор.
5. Խորեն Արամունի01:39 - 18 ապրիլի, 2016
Յուրին այնքան դիվանագետ կամ դեսպան է, որքան ես ծանրամարտի աշխարհի ախոյան, բայց ես երբեք ինձ թույլ չեմ տվել մոտենալ ծանրաձողին:
6. Հրաչ14:16 - 18 ապրիլի, 2016
Պարզապես ժամանակն է, որ ամեն մարդ իր գործով զբաղվի, սպորտում բարձրունքների հասած դեսպանը պետք է մարզիչ աշխատի, զինվորականը բիզնեսի փոխարեն՝ ռազմի դաշտում առաջնորդի 19 տարեկան զինվորին, իսկ կամավորը պատերազմից հետո ոչ թե պատգամավոր դառնա, այլ իր նույն զիլ մեքենան քշի, կամ վերանորոգի: Ի դեպ, ԱԳՆ-ն դեսպան է նշանակել մարդկանց ովքեր անհայտ անձինք են, անգամ բարձրագույն կրթություն չունեն ու Սկանդինավիայում դեսպան են: ԱԳՆ նախարար, ինչո՞ւ, չկան դիվանագետներ՝ դիլոմով ու փորձով:
7. vrej00:10 - 19 ապրիլի, 2016
մեր երկիրը թալանելուց ու խայտառակ անելուց բացի ուրիշ բան չի կարելի սպասել ԷՍ կառաւարությունից՝ ԲՏ-րից:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ