HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Գառնեցիները հարկադրեցին դադարեցնել շինարարական աշխատանքներն Ազատի կիրճում եւ դուրս բերել շինտեխնիկան

Այսօր, ապրիլի 13-ին, ավելի քան 9 ժամ Երեւան-Գառնի-Գեղարդ պետական ավտոճանապարհը փակելուց հետո Գառնիի բնակչությանը հաջողվեց պարտադրել իրենց պահանջը՝ դադարեցնել շինարարական աշխատանքներն Ազատի կիրճում եւ շինտեխնիկան դուրս բերել կիրճից: Երեկոյան, ժամը 19:30 րոպեին, կիրճում աշխատող 3 միավոր տեխնիկան վերջապես դուրս բերվեց, եւ գառնեցիները բացեցին ավտոճանապարհը, որը փակել էին առավոտյան 10:00-ից:

Գառնեցիները վերջին 4 օրվա ընթացքում երկրորդ անգամն էին փակում ավտոճանապարհը՝ Կառավարությունից պահանջելով դադարեցնել «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգան համակարգ» ծրագիրը: Ցուցարարների մյուս պահանջները ներկայացված էին ցուցապաստառներին՝ «Ազատություն Ազատ գետին», «Շինարարական տեխնիկան դուրս բերեք Ազատի կիրճից», «Պահանջում ենք Հովիկ Աբրահամյանի հրաժարականը» եւ այլն: Այս անգամ նրանց միացել էին նաեւ «Համահայկական բնապահպանական ճակատ» (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության անդամները: Բողոքի ակցիան լուսաբանում էին բազմաթիվ լրատվամիջոցներ, նաեւ հեռարձակվում էր ուղիղ եթերով:

Ոստիկանությունը մի քանի անգամ փորձ արեց ուժի գործադրմամբ բացել ճանապարհը, սակայն այս անգամ բնակչությանը ճնշել չհաջողվեց՝ բողոքի էին դուրս եկել բոլոր տարիքի կանայք եւ տղամարդիկ: Շատ կտրուկ էին հատկապես տարեցները, որոնք ձեռնափայտին հենված մինչ երեկո մնացին դրսում եւ չերկնչելով ոստիկանների առջեւ մյուսների հետ միասին հաստատակամորեն պնդեցին իրենց պահանջը՝ ճանապարհը կբացվի միայն այն ժամանակ, երբ շինարարական տեխնիկան դուրս կբերվի կիրճից:

Կոտայքի մարզային ոստիկանության պաշտոնյաները մեկը մյուսին փոխարինելով փորձում էին հավաքվածներին համոզել՝ կամովին բացել ճանապարհը: Սկզբում խոստացան դադարեցնել տեխնիկայի աշխատանքը, իսկ երբ նրանց ասվեց, որ նման իրավասություն իրենք չունեն, խոստացան նրանց պահանջները փոխանցել իշխանություններին:

Ոստիկաններին հաջողվել էր ապրիլի 9-ին սուտ խոստումներով ցրել բնակչությանը, իսկ շինարարները շարունակել էին իրենց աշխատանքը: Սակայն այս անգամ ցուցարարները հայտարարեցին, որ ոստիկանությունն իրավասու չէ դադարեցնելու շինարարների աշխատանքը, իրենց նման խոստում կարող է տալ միայն Կառավարության համապատասխան պաշոտնյան: Օրվա կեսին ժամանեց Կոտայքի մարզպետի տեղակալը, որը նույնպես իրեն իրավասու չհամարեց բնակչության պահանջը կատարելու հարցում:

Օրվա վերջում բնակչության հետ հանդիպելու եկան ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ ժամը մոտ 17:00-ին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը: Վերջինս իր երկար-բարակ բացատրություններով փորձ արեց գյուղացիներին համոզել, որ Ազատ գետի ջուրը գառնեցիներին պետք չէ, եւ իրենք ոչ մի օրենք չեն խախտում գետի ջուրը խողովակի մեջ առնելով Արտաշատի վարչատարածքի գյուղեր տեղափոխելու համար: Կոմիտեի նախագահին չհաջողվեց Կառավարության ծրագրի արդյունավետության որեւէ համոզիչ փաստարկ ներկայացնել գյուղացիներին: Նրա չհիմնավորված եւ անհամոզիչ պատասխանները լսելուց հետո ցուցարարները սուլում էին:

Կոմիտեի նախագահին չհաջողվեց մինչեւ վերջ պահպանել նաեւ հավասարակշիռ եւ համբերատար պաշտոնյայի կեցվածքը պահանջատեր հանրության հարցերին պատասխանելիս: Նրան հունից հանեց «Պահանջում ենք Հովիկ Աբրահամյանի հրաժարականը» ցուցապաստառը եւ պատռեց այն:

Նա հեռանալուց առաջ հեռախոսազանգով ինչ-որ մեկին հանձարարել էր դուրս բերել տեխնիկան կիրճից, սակայն քիչ հետո ցուցարարները պարզեցին, որ վարորդները տեխնիկան կիրճում թողնելով հեռացել են: Ցուցարարները ճանապարհը չբացեցին այնքան ժամանակ, մինչեւ նրանց պահանջը կատարվեց: Ժամը 19:30-ին տեխնիկան ամբողջովին դուրս բերվեց կիրճից, եւ ցուցարարները բացեցին ճանապարհը:

Հարկ է նշել, որ Գառնի ժամանող զբոսաշրջիկները, որոնք ճանապարհի փակված հատվածից ոտքով էին շարունակում ճանապարհը, տեղեկանալով բնակչության ընդվզումի պատճառների մասին՝ իրենց զորակցություն էին հայտնում նրանց:  

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (1)

aram
գյուղ կանգնի գերան կկոտրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter