HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Ես լավատես եմ, ես գիտեմ, որ Արգիշտիս կգա»

Վաշտի հրամանատար, կապիտան 25-ամյա Արգիշտի Գաբոյանը Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից է: Համագյուղացիներից Սմբատն ասում է. «Ուղնուծուծով զինվորական է՝ ծնված հենց էդ գործի համար, հերն էլ է ժամանակին պատերազմի միջով անցել՝ հիմի էլ տղեն»: Համայնքապետ Ստյոպա Չոբանյանի փախանցմամբ՝ վերջին տեղեկությունը Արգիշտիի մասին եղել է ապրիլի 3-ին: «Հայրը՝ Արծվին է վերջին անգամ տեսել Թալիշի իրա տանը: Գրկախառնվել հրաժեշտ են տվել մինչեւ Արգիշտիի դիրքեր բարձրանալը: Տղեն, որ դուրս է եկել տնից, հերը հետեւից ձեն է տվել, թե գոնե բուշլատդ ու հեռախոսդ վերցու՝ էդ էլ չի վերցրել, ըդպես թողել գնացել է»:

Արգիշտի Գաբոյանի հայրական տանն եմ: Մայրը՝ Հասմիկ Սարգսյանը, խամրած հայացքով նայում է դեմքիս. «Բայց հոգով ուժեղ եմ, ես սպասում եմ տղայիս վերադարձին, ինքը պարզապես չի կարող ողջ չլինել»: Արգիշտին Գաբոյանների ավագ որդին է: Հասմիկն ասում է, որ ռազմական գործին տղան ծանոթ էր դեռ մանուկ հասակից եւ այդ տարիքից էլ որոշել էր՝ մեծանա, զինվորական է դառնալու. «Հերը ազատամարտիկ է, կռվել է Արցախյան պատերազմի ժամանակ, մեր գյուղում ազատամարտիկների առաջին ջոկատն ինքն է կազմավորել ընկերների հետ: Մորը կստիպեր, թե մա, պարապ մի նստի, նասկի գործե, որ տանեմ ռազմաճակատ, տղերքին տաք նասկի է պետք: Ամուսինս հիմի էլ զինվորական գործի մեջ է, պայմանագրային ծառայող է Ղարաբաղում՝ հեր ու տղա իրար հետ կծառայեն»:

Հասմիկը Արգիշտիի հետ խոսել է ապրիլի 1-ի երեկոյան եւ ապրիլի 2-ի վաղ առավոտյան: «Գիտեի, որ դիրքերից պիտի իջնեին, ասի զանգեմ մի հատ իմանամ: Նախ իրիկունը խոսեցի, հետո սիրտս անհանգիստ էր շատ, հաջորդ օրը՝ ապրիլի 2-ին՝ ժամը 8-ին, նորից զանգեցի, զգացի, որ խառն է, ասի՝ դե լավ, չուզեցի երկար խոսալ, ասի Հայկս քնած է, դու գործերդ կարգավորի՝ հենց զարթնեց, էլի կզանգենք: Դե հետո արդեն խոսել չստացվեց: Ամուսնուս հետ եմ խոսել, ինքը ապրիլի 1-ին դիրքերից իջել էր, պիտի տուն գային, բայց հրաման էին ստացել Թալիշ գնալու: Տղայիս տեսել էր ապրիլի 3-ին ու էլ տեղեկություն չուներ: Հիմա Թալիշում է, մինչեւ Արգիշտիս չգտնի, տուն չի գա»:

Հասմիկի ձայնը վստահ է, ասում է՝ որոշել է ամռանն ամուսնացնել Արգիշտիին, հարսնացուն էլ Մեծ Մանթաշից է լինելու: Հրաժեշտ տալիս համբերություն եմ մաղթում, պատասխանում է. «Ես լավատես եմ, ես գիտեմ, որ Արգիշտիս կգա»:

Հ.Գ. «Արմենիա» հեռուստաընկերության երեկոյան ժամը 20:00-ի լուրերի թողարկման հյուրը ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ գեներալ-մայոր Արտակ Դավթյան էր: Հաղորդավարուհու հարցին, թե ինչ տեղեկություններ կան անհետ կորած Արգիշտի Արծվիի Գաբոյանի մասին, Դավթյանը հետեւյալ պատասխանը տվեց. «Սկզբնական շրջանում հույս ունեինք, որ գտնվում է ադրբեջանական զինվորական հոսպիտալում, որպես վիրավոր, սակայն ցավոք սրտի 2 օր առաջ տեղեկատվություն ստացվեց, որ գտնվում է իրենց մոտ մահացած»: Տեղեկատվությունը եւս մեկ աղբյուրից ճշտելու համար զանգահարում եմ Մեծ Մանթաշի համայնքապետ Ստյոպ Չոբանյանին. «Ես էլ լսեցի «Կենտրոնի» լուրերով, բայց չեմ հավատա, մինչեւ հայրը չհաստատե, ես չեմ հավատա, որ Արգիշտին չկա: Իսկ էս պահի դրությամբ հայրը նման տեղեկություն չունի: Ես խոսել եմ Արծիի հետ, ասում է՝ մեկ դիակ կա, բայց դեռ չեն ասում ումն է: Գիտեմ, որ լուրերով տվել են, բայց ես ամեն դեպքում կսպասեմ հոր խոսքին»: 

Ըստ ՊՆ կայքի՝ կապիտան Արգիշտի Գաբոյանը համարվում է անհետ կորած:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter