HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Քաշաթաղում զարգացման պայմաններ չկան

Շալուան Քաշաթաղի շրջանի այն քիչ գյուղերից է, որտեղ ադրբեջանցիները մինչեւ վերջ չէին հասցրել ավերել հայկական եկեղեցին:

Շալուան նույնանուն գետի անունից է, որի ափին էլ տեղակայված է գյուղը: Գյուղի կենտրոնում եկեղեցին է, որի մուտքի մոտ գյուղացիները մերձակայքից հավաքել են կիսաջարդված խաչքարերը, եկեղեցու պատերից պոկված քարերը: Եկեղեցու քարերով ադրբեջանցիներն իրենց տների եւ գոմերի հիմքերն են սարքել, շարել պատերը: Եկեղեցու հարեւանությամբ` տան պատերից մեկի հիմքում, երեւում են եկեղեցու քարերը: Ահա դրանցից մեկը:

«Էս խաչքարերը, քարերը հավաքեցին եկեղեցու բակում մի քանի տարի առաջ, բայց ամենուր այս վայրերում ման գալիս խաչքարեր են տեսնում»,- ասում է գյուղի բնակիչ Սամվել Մկրտչյանը:

Սամվել Կարապետյանը, ով ուսումնասիրել է Ազատագրված տարածքների հայկական հուշարձանները, իր հրատարակած «Հայ մշակույթի հուշարձանները խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքում գրում է, որ ինչպես Շալուան, այնպես էլ գետի երկայնքով եղած մյուս գյուղերը «վաղնջական ժամանակներից ի վեր հայաբնակ են եղել, բայց 18-րդ դարի երկրորդ կեսից հետո հայաթափվել են ու ժամանակին բնակեցվել քրդերով»:

Կարապետյանը գտնում է, որ եկեղեցին կառուցվել է տասնյոթերորդ դարում: Գյուղացիները մաքրել են եկեղեցու շրջակայքը, եւ այն այժմ նրանց աղոթատեղին է:

Սամվել Մկրտչյանը Երեւանից ընտանիքով այստեղ է տեղափոխվել վեց տարի առաջ: Նրա կինը Շալուայի դպրոցի տնօրենն է: «Երեւանում աշխատանք չկար, կինս դասատու էր, լսեցինք, որ այստեղ դասատուի պահանջ կա, եկանք: Աղջիկս հիմա Երեւանում է սովորում, տղաս հունիսի երեքին բանակ է գնալու, փոքր տղաս էլ վեցերորդ դասարանում է»,- պատմում է Սամվելը:

Շալուան հայտնի է նրանով, որ այստեղ տարիներ առաջ Շալուա գետի վրա կառուցվել է փոքր հիդրաէլեկտրակայան (հէկ), որը, երբեմն աշխատելով, գյուղի բնակչությանն ապահովում է էլեկտրաէներգիայով: Անցած տարվանից հիդրոկայանը չի աշխատում: Գյուղացիներից մեկն ասաց, որ մաս էր փչացել, տարել են Սիսիանում սարքելու:

«1 կմ կանալ է, անընդհատ պիտի մաքրես: Ձմեռը սառում է, խողովակները պայթում են, կանալն էլ է սառում, ջուր չի գալիս»,- ասաց մի երիտասարդ:

Շալուայում այսօր մնացել է 11 ընտանիք, յոթ տարի առաջ ընտանիքների թիվը 24 էր:

«Դպրոցում էլ երեխեքը քչանում են, շատերը էս վերեւի գյուղերից իրենց երեխեքը տանում են քաղաք` հարազատների մոտ, այնտեղ են դպրոց գնում: Մեզ մոտ Վերիշենից երկու երեխա են գալիս: Պետք է մտածել ու մի բան անել: Մի քանի հարցեր որ լուծվեն, ամեն ինչ կարող է փոխվի: Նայեք` տրանսպորտ չկա, սննդի համար պիտի հասնենք Բերձոր, կապ չկա: Կնոջս հայրն ու մայրը մահացել են, մենք չենք իմացել: Կինս ոչ հոր թաղմանն է գնացել, ոչ էլ` մոր: Չեն կարողացել մեզ իմաց տալ: Ամեն ինչ Բերձորից ենք բերում: Երեխայիս Զինկոմից կանչել են, ասել են` թող գա, բայց ինչպե՞ս գնա, դա իրենց չի հետաքրքրում, պիտի տանենք, հասցնենք»,- ասում է Սամվելը:

Քաշաթաղի գյուղերի բնակիչները չեն բողոքում, որ իրենք աղքատ են, որ ուտելիք չունեն: Նրանք ասում են` պայմաններ չունենք զարգանալու: Սամվելը 16 անասուն ունի, որից ութը` կթու կով: «Պանիր ենք անում, տանում եմ Բերձոր, փոխանակում եմ երեխայի շորերի հետ: Մեզ վրա փոխանակումը նստում է 600 դրամ, իսկ էդ պանիրը ծախում են 1200-1500: Նույնն էլ միսը` չենք կարողանում նորմալ գներով հանձնենք: Եթե կարողանանք նորմալ գներով իրացնել, մեր վիճակը շատ լավ կլինի»,- համոզված է Սամվելը:

Այս տարի այս փոքրիկ գյուղը չորս զինակոչիկ է ունեցել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter