HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ասում էի՝ էս 18 տարեկանները պետք ա մեզ պահե՞ն. պուճուր-մուճուր, խեղճ, բայց զարմանալիորեն իրանք պահեցին»

Գայանե Սարգսյան

2016թ.-ի ապրիլի 1-ից թալիշցի Հովհաննիսյանների ընտանիքը երկատվել է. կանանց մի մասն ու երեխաները  տարհանվել ու ժամանակավորապես բնակություն են հաստատել Լոռիում: Զինվորականի մասնագիտությունն ընտրած Հովհաննիսյան երկու եղբայրները զորամասում աշխատող երկու քույրերի, նրանց ամուսինների ու հոր հետ մնացել են Արցախում:

60-ամյա Մելսիդա Դավիթյանը իր շուրջն է հավաքել հարսներին ու 13 թոռներին: Բազմանդամ ընտանիքի մի մասը ժամանավորապես բնակվում է Վանաձորում, մյուս մասը՝ քաղաքին կից Շահումյան համայնքում:

«Գիշերը որ մի հատ ուժեղ խփեցին, հելա տեղիցս: Գիշերվա ժամը երեքն էր: Ասի՝ էս ո՞նց ա սրանք գիշերը սկսեցին: Ոնց որ ամեն օր իրիկունը բարի գիշերին խփեին, բարի լույսին խփեին: Նորից մտա տեղաշորը: Որ մի հատ էլ ուժեղ չխփեց, ես մի սենյակից դուրս թռա, տղես՝ մի սենյակից: Թե՝ շուտ, մամ, երեխեքին քնից հանեք, իջեք պադվալ: Թոռներս մեկը 5 տարեկան ա , մեկը՝ 1.5: Մեկին ես եմ գրկել, մեկին հարսս: Իջել ենք պադվալ, անկյուններում կուչ եկել, տեղավորվել: Որ եկավ ժամը 6-ը, տղես թե՝ էլ սպասելու հնար չկա, մտեք ավտոն: Մեր շարժվելուց մի քանի րոպե անց մեքենայի կանգնած տեղում պայթեց սնարյադը…Եկանք Մատաղիս, Մատաղիս էդքան չէին խփում: Ըտեղից հետո դառանք փրկված: Տղես մնաց Մատաղիս, հերը նստեց ռույլին, միանգամից եկանք Հայաստան»,- պատմում է տիկին Մելսիդան:

Առաջին անգամ Ղարաբաղյան հերոսամարտի տարիներին Թալիշից Երևան եկած կինը լացով է հիշում հետպատերզմական շրջանի դժվարություններն ու ընտանիքի վերադարձը հարազատ գյուղ:

«92թ.-ին  առաջին անգամ փախանք, եկանք Հայաստան, դատարկ, ոչ մի բան չէինք վերցրել, մենակ երեխեքիս ձեռքը բռնել ենք ու փախել: Մի քանի տարի ապրեցինք Երևանում: Մեծ տղաս 17 տարեկանում՝ 1994թ.-ին  կամավորական ջոկատների հետ մեկնեց Արցախ, ավելի ուշ անցավ ծառայության: Թալիշ էր մեկել նաև սկեսրայրս: Մեկ-երկու տարի էնտեղ մնալուց ու տղայիս հետ մեր ավիրված տունը սարքելուց հետո սկեսրայրս եկավ սկեսրոջս հետևից:

Չէինք ուզում, որ գնան: Երեխեքն ուրախությամբ ուզում էին գնան, ասում էին՝ մեր գյուղն ենք ուզում: Ես որպես ծնող չէի ուզում, ասում էի՝ էդ ճակատագիրը նորից կրկնվելու ա… Էսքան տարի անց թուրքն էլի գլուխ բարձրացրեց…» :

Մ. Դավթյանը վստահ է՝ հակառակորդն այս անգամ էլ է գլուխ բարձրացնելու:

«Էդքան շրջանները, որ մերոնք վերցրել են, թուրքերը հեռուստացույցով անընդհատ ասում են՝ մեր հողերը, մեր հողերը: Թե ասա բոյիդ հարամ էղնի, ապրում էինք, էլի, ինչի՞ խանգարեցիք, չթողիք, որ ապրենք: Ագահություն են անում, ուզում են: Հմիկ էլ եմ ասում՝ մեկ ա, ինչ ուզում ա լինի, կրկնվելու ա»:

Մեկ անգամ պատերազմ տեսած ու տեղահանված կինն ասում է՝ ի տարբերություն 90-ականների, այս անգամ բնավ  չի վախեցել:  

«Էն ժամանակ ավելի ծանր եմ տարել: Որ հանկած կրակոցներ էր ըլնում, լեզուս պապանձվում էր, ոտքերս թուլանում: Չէի կարում ստեղից ընդեղ գնամ, խոսամ, կապվում էի: Բայց հիմա տենց չէր: Հիմա կակ բուդտը սովորես, ամեն ինչի հետ ընտելանաս»,- ասում է զրուցակիցս:   

«1998թ.-ին մեծ տղայիս առաջնեկը որ պիտի ծնվեր, տղաս ասեց՝ մամ, ես դիրքերում եմ ըլնում, հարսն էլ մենակ: Արի, որ մոտն էղնես: Պապն ու տատը մեծ են, չեն կարա օգնություն ցույց տան: Այդ ժամանակ ես Երևանում պոլիկլինիկայում էի աշխատում, ամուսինս՝ ավտոբուսի պարկում: Մտածեցի, ես ինձ չեմ ների, որ երեխուն մի բան պատահի, ես կողքը չլինեմ: Ամբողջ ընտանիքով վերադարձանք Թալիշ»:

Ամեն ինչ 0-ից սկսած թալիշցին  հետպատերազմյան 18 տարիների ընթացքում արարել ու նորովի է կառուցել իր տունը:

«Մեր ժողովուրդը շատ աշխատասեր, արարող, ստեղծող ժողովուրդ է: Լավ ապրուստի ծերը բռնած ապրում էինք: Ճիշտ ա, ստեղի գների համեմատ մենք ամեն ինչ շատ թանկ ենք առնելուց եղել, բայց առել ենք, ոչ մի բանի պակասություն չենք  ունեցել: Ամեն ինչի հետ էլ հաշտվել ենք: Միշտ ասել ենք, դե ջանդամը, էտի ստից կրակոցներ ա, հա պալիգոնումն ա, հա էսինչ տեղն ա»,- պատմում է  Մ. Դավթյանը:

Երկրորդ անգամ ամեն ինչ կորցրած կնոջը հիմա սփոփում է այն, որ գյուղը շատ զոհեր չի տվել:

«Էն բեսպիլոտնիկը որ բաց են թողում, ուրեմն ինչ երկար, մեծ շենք տեսել են, խփել են: Դպրոցին խփել ա, պոլկին խփել ա…Մեր դպրոցն էլ նոր վերանորոգած, 100-110 երեխա ունենք, որ ցերեկն էր եղել, երեխեքը դպրոցում էին եղել, ոչ մեկը չէր փրկվի»:

Ծնված օրից կրակոցների տակ ապրած երեխաներն ուզում են գյուղ վերադառնալ: 12-ամյա Մոնթեն ուզում է գնալ Թալիշ: Ասում է՝ Թալիշն իմ ծննդավայրն է, շատ եմ կարոտել:

Մոնթեի անունը պապն է ընտրել: «Մոնթեի անունին արժանի լինես, բախտին՝ չէ»,- բարեմաղթո՞ւմ, թե՞ օրհնում է տատը:

7-ամյա Թեհմինեն էլ ծնողներին է կարոտում. զինվորական հոր ու մոր հետ շփվել դեռևս հաջողվում է միայն հեռակա կարգով: Զորամասում որպես բուժքույր աշխատող մայրը ստիպված է եղել երեխաներին թողնել տատի խնամքին ու մեկնել Արցախ:

Մեծ գերդաստանից 7-ին Ղարաբաղում թողած մայրը միայն մի բան է ուզում՝ խաղաղություն:

«Ոչ մի բան չեմ ուզում, մենակ խաղաղություն էղնի, իմ երեխեքս էլ սաղ սալամաթ գան ինձ հասնեն, թե աղջիկ, թե տղա,- ասում է ու անմիջապես ավելացնում,- մենակ իմ երեխեքին չեմ ցանկանում, սաղ իմս են…»:

Արցախում ծառայող տղաները դիրքեր բարձրանալիս Հովհաննիսյանների տան մոտով էին անցնում: Տիկին Մելսիդան ասում է՝  ամեն անցնելիս աղոթում էի նրանց համար:  

«Հերթափոխը որ ըլնում էր, ասում էի՝ սրանք պետք ա մեզ պահե՞ն. պուճուր-մուճուր, խեղճ, բայց զարմանալիորեն իրանք պահեցին… Անհավատալի ա… Հալալ ա մեր երեխեքին, ազնիվ խոսք: Մի դիրքի վրա 200 –ով, 300-ով եկել են, 18 տարեկան երեխեքը էն ձևի աժդահա մարդկանց դեմ կանգնեն… ես նրանց ցավը տանեմ, նրանց ոտը փուշ չըլնի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter