HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախթալայի ԼՀԿ-ի հանքափորները պահանջում են իրենց աշխատավարձը

Ախթալայի ԼՀԿ-ի հանքափոր. «Չորս ամսվա իմ եկամտահարկը մուծում է, պետությանը ցույց է տալիս, որ աշխատավարձ է տվել, բայց ես աշխատավարձ չեմ ստանում»   

<pՀանքարդյունաբերող Մաքսիմ Հակոբյանը արդեն երեք ամիս է՝ չի վճարում իր «Մասկո Մայն» ընկերությանը պատկանող Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի մոտ 480 աշխատողների աշխատավարձը: Երեկ և այսօր մեզ չհաջողվեց այդ մասին տեղեկություն ստանալ ԼՀԿ-ի տնօրեն նրա եղբորից՝ Մարտուն Հակոբյանից: Վերջինս նման իրավիճակներում թաքնվում է լրագրողներից:

Արդեն երկու տարի է՝ Կապանից եկած 30 հանքափորներ են աշխատում Ախթալայի պղնձի հանքերում:«Հակոբյանները իրենք են մեզ հրավիրել այստեղ աշխատելու»,- ասում են հանքափորները: Քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը չի ողջունում Ախթալայի վարչական տարածքը իր արտադրությամբ աղտոտող ԼՀԿ-ի սեփականատիրոջ այդ նախաձեռնությունը. «Իրենք Ախթալա խոպան են եկել: Ես տեղյակ եմ, որ Ղափանից եկած հորատող հանքափորները Մաքսիմ Հակոբյանից ստանում են 800 հազար դրամ աշխատավարձ: Մեկ միլիոնից ավելի աշխատավարձ ստացողներ էլ կան»,- ասաց քաղաքապետը՝ նշելով լեռնահարստացման կոմբինատի՝ կյանքի համար այլ վտանգավոր միջավայրում աշխատող ախթալացիների անհամեմատ ցածր աշխատավարձը: ԼՀԿ-ում աշխատում են մոտ 200 ախթալացիներ:

Երեկ  կապանցի հանքափորները դադարեցրել էին  իրենց աշխատանքը՝  աշխատավարձի պահանջով: Նրանք  ցույցի էին  դուրս եկել ԼՀԿ-ի  դարպասների մոտ.«Ախթալացիներն ու շամլուղցիները մեզ հետ են» ,- ասացին նրանք, թեև  հավաքվածների մեջ  ԼՀԿ-ում աշխատող ախթալացիների և շամլուղցիների չհանդիպեցինք. «Տեսան՝ դադարեցրել ենք աշխատելը,  ցույց ենք անում , էսօր՝ 15 րոպե առաջ, սկսեցին տալ հունվար ամսվա  աշխատավարձը: Տարին ֆռացել, 4 ամիս անցել է՝ աշխատավարձ չենք ստացել: Դեկտեմբերի աշխատավարձը ստացել ենք մեկ ամիս առաջ»,- ասաց ԼՀԿ-ի փակ հանքի 5-րդ տեղամասի հանքափոր Սիրեկան Ոսկանյանը: 

Հանքափոր Կարեն Սիմոնյանը Կապանից է. «Երկու տարի է ՝ աշխատում եմ ԼՀԿ-ում: Չորս ամիս է՝ հունվար, փետրվար, մարտ, արդեն ապրիլն ենք մտնում, աշխատավարձ չեմ ստացել: Հիմա բռնել են, բերաններս փակելու համար մեկ ամսվա աշխատավարձ են տալիս»,- դժգոհեց Կարենը: Վերջինիս  ասելով՝ իր միջին աշխատավարձը 600-700 հազար դրամ է, իսկ ընկերությունն իրեն պարտք է 2մլն. դրամ. «Հիմա մեկ ամսվանը տվել են, մնացածը չեն տալիս: Երեխա եմ պահում, գնում եմ տուն, չգիտեմ ինչ անեմ, գնամ գողությո՞ւն անեմ»,- ասաց Կարենը:  Հանքափորները պատմում են, որ դեռ դեկտեմբերին խոսել են Մաքսիմ Հակոբյանի հետ և պահանջել իրենց չվճարված աշխատավարձը: Նա խնդրել է միմյանց դրության մեջ մտնել: Հանքափորները համաձայնել են ԼՀԿ-ի տնօրենի առաջարկած պայմաններին:

 Հանքում  մեկ մետր հորատման համար Մ. Հակոբյանի կողմից սահմանված  է  եղել 19 հազար դրամ: Նոյեմբերին տնօրենը միանգամից  8500 դրամով նվազեցրել  է հորատման  մեկ մետրի գինը և սահմանել 10 500 դրամ: Հանքափորները պահանջել են բարձրացնել  հորատման արժեքը: Մ. Հակոբյանը դեկտեմբերին մեկ մետրի հորատման արժեքը դարձրել է 14 հազար դրամ. «Դրանից հետո մինչև երեկ դեռ աշխատավարձ չենք ստացել: Բայց իրեն սատարել ենք, մեջքին կանգնել ենք ամբողջ աշխատողներով»,- ասացին հանքափորները: 

Նրանք մի պահ որոշեցին տուն չգնալ, մինչև չստանան իրենց  ամբողջ աշխատավարձը. «Պետք է իմանար՝ հավաքվել ենք,  որ  մեկ ամսվա աշխատավարձը փոխանցեր: Չորս ամսվա իմ եկամտահարկը մուծում ա, պետությանը ցույց է տալիս, որ աշխատավարձ է տվել, բայց ես աշխատավարձ չեմ  ստանում»,- դժգոհեց Կարեն Սիմոնյանը:

Վերջինիս ասելով՝  հանք մտնելիս աշխատանքային արտահագուստ, լրացուցիչ սնունդ չեն տալիս, բայց հանուն իրենց ընտանիքը պահելու՝ հանքափորները դրա վրա աչք են փակում: Մինչ հանքափորները ներկայացնում  էին իրենց դժգոհությունները, նրանց մոտեցան ԼՀԿ-ի փակ հանքի տեղամասերի մի քանի պետեր, ովքեր սկսեցին հավաքվածներին համոզել վերադառնալ  հանք՝ աշխատելու : «Ախպեր, Անդոն եկել, ասում է 12 հոգի էլ աշխատանքից դուրս են անում: Ասում է՝ ես կմտնեմ էդ հարցը կդասավորեմ, դուք գնացեք աշխատանքի»,-  Կարեն Սիմոնյանին համոզում էր  տեղամասի պետ Արա Բարսեղյանը: (Անդոն ԼՀԿ-ի  անվտանգության ծառայության պետ Անդրանիկ Կիրակոսյանն է) «Մենք 1-ին գիծ ենք աշխատում, թող իրենք գնան աշխատեն, նոր  գիտենան ինչ ենք ասում»,-  պատասխանեց հանքափորը: 

«Կռվի դաշտում գիտես, որ դիմացից  պատրոն է գալիս, իսկ հանքում չգիտես, թե որ կողմից է քար թափվելու: Էսօր ոչ մի  անվտանգություն չունենք, հանքափորները չգիտեն, թե ոնց են աշխատում»,- ասաց Կարենը: «Աշխատավարձ չստանալու պատճառով Կապանի բոլոր խանութներին պարտք ենք: Էսօր իմ ավտոմեքենան պարտքով գազ եմ լցրել, եկել , հասել եմ ստեղ, որ աշխատեմ, երեխիս պահեմ, բայց իմ աշխատավարձը չեն տալիս: Տնօրինությունը մեզ ասում է՝ լավ կլինի, հաջորդ ամիս աշխատավարձ կտանք, մյուս ամիս կտանք: Ու էդպես խաբում են»,- պատմեց   Արմեն  Բաբայանը: 

«Աշխատանքից դուրս կգնանք, մեր զինվորների հետ սահմանը կպահենք: Էսքան տղամարդ պատրաստ են գնալ ֆրոնտում կանգնեն, կռվեն: Էսօր երկրում պատերազմական վիճակ է,  ամբողջ ժողովուրդը մտածում են մի երկու կոպեկ էլ իրենց կողմից ուղարկեն զինվորներին: Մեկը  ես հերթագրված եմ,  ամեն րոպե կարող են կանչել, տանել դիրքեր: Ավելի լավ է դիրքերում լինեմ, քան էստեղ»,- ասաց 5-րդ տեղամասի հանքափոր Մ. Սարգսյանը:  

Հրազդանցի հանքափոր Արմեն Պողոսյանը 3 երեխա ունի: Նրանցից 2-ը այս պահին զինվոր են՝ մեկը Ասկերանում է ծառայում, մյուսը՝ Քարվաճառում: «Ես էսօր իմ երեխեքին ոչ մի բանով չեմ կարող օգնել»,- նեղսրտեց Արմենը: 

Հրանտ Հուսիկյանի տղան  ծառայում է Նոյեմբերյանի առաջնագծում. «Էսօր իմ զինվոր տղայի ծնունդն է:  Ես չեմ կարող թեկուզ մի փոքր բանով ուշադիր լինել իմ զինվորի նկատմամբ: Որ փողն էսպես ուշանում է, ձեռք չի տալիս մեզ»,- դժգոհեց Հուսիկը:  

ԼՀԿ-ի տնօրենի տեղակալ Սևակ Բաղդասարյանը հանքափորների երեք ամիսվա աշխատավարձը չվճարելու պատճառների մասին ասաց. «Աշխատողներն ունեն ղեկավարներ և ընդհանուր ղեկավարության համար գոյություն ունի գլխավոր տնօրեն: Խնդրում եմ  էդ հարցերով դիմեք գլխավոր տնօրենին»,- ասաց Ս. Բաղդասարյանը: Ս. Բաղդասարյանի խոսքով հանքափորների աշխատավարձի պարտքը 3 ամիս չէ, այլ մեկ ամիս է: 

«Իմ իմանալով մեկ ամիս է, որովհետև մարդիկ ստացել են իրենց մարտ ամսվա  աշխատավարձը»,- պնդեց տեղակալը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter