HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կյանքը թանկ բան է, ոնց որ խոշոր շահում շահես»

Արևի ոսկեգույն փնջերից մեկն ընկել է հոսպիտալի հիվանդասենյակի պատուհանից ներս: Սենյակը տաք է, պահարաններին թարմ յասամաններ են, զամբյուղով ծաղիկներ:

Տղաները մեզ բարևելուց հետո լռում են: Նրանց խնամող ծնողներն ուշադիր նայում են մեզ: Մի տեսակ լռություն է, որը խեղդող է դառնում: «Լրագրողներ ենք». հետո ավելացնում եմ՝ էս օրերին երևի հոգնել եք լրագրողներից, չէ՞: Ժպտում են: Տղաներն ասում են՝ խոսելուց վերհիշում են կատարվածը, նրանցից երկուսը ներողություն են խնդրում, ասում են, որ հոգնել են պատմել կատարվածը: Նրանցից մեկն ավելի ուշ ավելացնում է, որ լրագրողների հարցերն արդեն անգիր գիտի:

Արմանը նայում է մեզ, թե՝ հասել ենք էստեղ, կխոսի: Ես շարունակում եմ՝ եթե հավես չունես, մի խոսիր: Այդ պահին մտածում ես՝ իսկ պատրա՞ստ ենք լսել նրանց պատմությունները, կհասկանա՞նք նրանց ապրումները... Նրանց պատմություններում մեծ տարածություններ կան, որոնք երբեք չեն լցվի մեր գրած բառերով:

Արման Ավետիսյանը 19 տարեկան է: Արարատ գյուղից է, ընտանիքի միակ զավակն է: Մայրը՝ Քնարիկ Ավետիսյանը, պատուհանի մոտ դրված մահճակալին նստած, լսում է մեր զրույցը: Արմանի մոտ թաբլետ կա, մեր զրույցի ժամանակ մի կողմ է դնում: Հարցնում եմ՝ լուրե՞րն է կարդում: Ժպտում է, ասում է՝ ձգտում եմ քիչ կարդալ լուրեր:

Հարավային սահմանում է ծառայել: Ապրիլի 1-ին հերթափոխ էր, ասում է՝ գնացել էինք մեր ընկերներին փոխեինք, որ իրենք իջնեին: Առավոտյան 04:30 էլ էդ դեպքերը եղան, գիտեք: Դասակի հրամանատարն է սկզբից առաջ գնացել, ապա նրա հետևից ինքն է գնացել՝ իմանալու, թե ինչ է կատարվում, որ մենակ չթողնի հրամանատարին: Վերջինս թեթև վնասվածք է ստացել, նրան օգնելիս Արմանի ոտքի տակ նռնակ է ընկել: Տղերքը հետո, ասում է, եկան փրկելու: Դրանից օրեր անց լսել է, որ դասակի հրամանատարը զոհվել է:

Պատմում է, որ իրենց դիրքի ուղղությամբ հարձակվել են ավելի քան 40-45 հոգով: «Պատերազմ էր, էլի: Պրոստը կինոներում մի քիչ հեքիաթ են նկարում, խալաստոյ են կրակում, պատերազմի ժամանակ իսկական ա: Ամեն տեսակի զենքով կրակում էին: Մենք կռիվ էինք տալիս, որ չգային մեզ մորթեին: Եթե մահանայի, թող կռվելով մահանայի, արյամբ լիներ»,- ասում է նա:

Հարցնում եմ՝ ի՞նչ ես մտածում հիմա այդ օրերի մասին: Արմենն ասում է, որ գիտի՝ տղերքը կպահեն սահմանը: Խոսում ենք սահմանին ընկերության մասին: Ժպտում է. «Գիտե՞ս ի՜նչ ընկերություն է էնտեղ, մի ընտանիքի պես ենք»: Մտքերի մեջ է ընկնում մի պահ, նորից շարունակում, թե երևի հենց այդ ոգին էլ օգնել է իրենց:

Խաղաղություն մասին ենք խոսում: Արմանը հույս չունի, որ շուտով խաղաղություն կլինի: Նրա կարծիքով՝ դեռ 40-45 տարի էլ շարունակվելու է այս իրավիճակը, իսկ հիմա անորոշ է ամեն բան: Ասում է՝ լուծում պետք է գտնեն, բայց այդ մասին ինքը չի ուզում խոսել, դիվանագետները պետք է գտնեն, իր պարտքը սահման պահելն է:

Ագրարային համալսարանում էր սովորում մինչ զորակոչվելը, հիմա մտածում է՝ առողջանա, հետո կփոխի մասնագիտությունը, բայց դեռ չի որոշել՝ ինչ կընտրի:

Հարցնում եմ՝ ապրիլի 2-ն ի՞նչ փոխեց իր պատմության մեջ: «Շատ բան փոխեց: Էդ հարցին միշտ սպասում էի, բայց տվող չկար: Ես կվերնագրեմ՝ կյանքի ու մահվան կռիվ, որ մենք հաղթեցինք, ես հաղթեցի, որ մինչև էստեղ հասել եմ, ճանապարհին ինձ դուրս բերելուց նորից վիրավորվեցի: Կյանքը թանկ բան է, ոնց որ, խոշոր շահում շահես: Էսօր շատ մարդիկ չկան, իրենց ծնողների կողքին չեն, բայց ես գոնե էս ձևով իմ մոր հետ կլինեմ»,- պատասխանում է Արմանը, հետո ժպտում:

Անջատում եմ ձայնագրիչը ու դուրս գալիս միջանցք: Արմանի մայրը՝ Քնարիկ Ավետիսյանը, գնացել էր ջուր բերի որդու համար: Միջանցքում վիրավոր զինվորներից մեկի մայրն է, ես ու տիկին Քնարիկը: Ասում է՝ Արմանն այնքան հպարտ տղա է, ոտքի մի մասը չկա նռնակի պայթյունի հետևանքով: Երբ վիրավորվել է, գոտին հանել փաթաթել է ոտքին, արնաքամ էր լինում: «Որ տեղից հանեցին, ճանապարհին էլի էին կրակել ոտքին»,-նշում է տիկին Քնարիկը:

Ապրիլի 2-ի առավոտյան գյուղում խոսակցություններ է լսել, որ սահմանին լարված է եղել. «Որ լսեցի, սահմանին ա, միանգամից Արմանի մասին մտածեցի, առաջնագծում էր, ապրիլի 1-ին էի խոսել, գիտեի, որ պոստեր է բարձրացել»: Տիկին Քնարիկի աչքերը խոնավանում են, ջրով լի շիշը մի ձեռքում պահելով, մյուսով արագ սրբում է աչքերը: «Իր արածների մասին գիտեն, ինքը չի սիրում խոսի էդ մասին, դաժե չի թողնում, վերմակով ծածկել է ոտքերը, որ պալատ մտնողը չտեսնի, որ ոտքի մի մասը չկա: Շատ հպարտ ա, շա՜տ: Ասում ա՝ մամա, ինչի՞ պիտի իմանան, որ իմ ոտքի մի մասը չկա»:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (2)

Արամ
Ապրես մեր խրզախ Զինվոր
VAHE DILOYAN
ուզում եմ շնորհակալություն ասել մեր զինվորներին, որ խիզախությամբ պաշտպանել են Հայրենիքը ու ետ են շպրտել թշնամուն: Այս տղաների բոլոր կորուստներն ու զոհողությունները մեր սիրով պիտի փոխհատուցենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter