HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Պերմյակով. «Մահճակալում երեխա էր կանգնած՝ նա ոչ գոռում էր, ոչ լալիս եւ ես հասկացա, որ պիտի կրակեմ»

Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի պայմանգրային զինծառայող Վալերի Պերմյակովի դատաքննությունը շարունակվեց նրա՝ նախաքննությանը տված ցուցմունքների հրապարակմամբ: Ամբաստանյալը հրաժարվեց դատարանում հարցաքննվելուց եւ կողմերի հարցերին պատասխանելուց:

Պաշտպանական կողմը փորձեց ճշտել, թե ինչով է պայմանավորված Վալերի Պերմյակովի հարցաքննությունից հրաժարվելը. արդյոք գիտակցում է, որ դատարանում ցուցմունք տալուց հրաժարվելու դեպքում՝ հրապարակվելու են նախաքննությանը տված ցուցմունքները, որոնք էլ հետագայում կդրվեն մեղադրանքի հիմքում: Պաշտպանական կողմը նաեւ զգուշացրեց, որ դատարանում ցուցմունք տալուց հրաժարվելով՝ Պերմյակովը չի կարողանալու նախկինում տված ցուցմունքներում ուղղումներ կատարել:

Վալերի Պերմյակովը պատասխանեց, որ առողջական խնդիրներ չունի, ամեն ինչ նորմալ է, որեւէ սպառնալիք չի ստացել, կաշկանդված չէ որեւէ բանով, չկա նաեւ վտանգի զգացողություն, պարզապես օգտվելով դատավարական իր իրավունքից՝ հրաժարվում է դատարանում ցուցմունք տալուց, նաեւ պարզ գիտակցում է, որ հրաժարվելու դեպքում հրապարակվելու են իր նախաքննական ցուցմունքները:

Վալերի Պերմյակովն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր էր ճանաչել եւ ընդունել մեղքը: Նա նշեց, որ ցանկություն չունի նախկինում ասածներին որեւէ բան ավելացնելու:

Դատարանում նախ հրապարակվեցին Պերմյակովի՝ որպես կասկածյալ, 2015թ-ի հունվարի 13-ին ռուսական կողմին տված նախաքննական ցուցմունքները: Հարցաքննությանը մասնակցել էր նաեւ Փաստաբանների պալատի փաստաբան Թամար Յայլոյանը, ով հաջորդ օրն ասուլիս էր կազմակերպել եւ հայտարարել, որ ինքն ամբողջությամբ ներկա չի գտնվել քննչական գործողություններին, հուզվել է եւ կիսատ թողնելով հարցաքննությունը՝ հեռացել: Պաշտպանական կողմը միջնորդեց դատարանին չհրապարակել եւ ապացույցների շարքից հանել Վալերի Պերմյակովի, որպես կասկածյալ տված ցուցմունքները, քանի որ հարցաքննությունն իրականացվել է քրեական օրենսգրքի էական խախտումներով, այն է՝ քննիչը ներգրավել է հայ փաստաբանին այն դեպքում, երբ հարցաքննությունն իրականացրել է ոչ թե հայկական, այլ ռուսական կողմը:

Դատարանը միջնորդությունը չբավարարեց՝ հայտարարելով, որ այն կքննի Պերմյակովի նախաքննական բոլոր ցուցմունքները հրապարակելուց եւ հետազոտելուց հետո:

Որպես կասկածյալ տված իր առաջին ցուցմունքում Պերմյակովը պատմել է, որ պահակակետը լքել եւ քաղաք է գնացել՝ զբոսնելու նպատակով: Որոշել է մի քիչ ման գալ քաղաքում եւ մի քանի ժամից վերադառնալ: Ցանկացել է ջուր խմել, այդ նպատակով բաց դարպաս է փնտրել: Արցախ թաղամասի, Մյասնիկյան 188 հասցեի դարպասի փոքր դուռը կիսաբաց է եղել, մտել է բակ, հետո դռան ապակին հանելու միջոցով մուտք է գործել տուն: Ցանկացել է ջուր խմել եւ դուրս գալ, սակայն այդ պահին առաջին սենյակում պառկած կինն արթնացել ու աղմուկ է բարձրացրել, սպառնացել, թե կզանգի ոստիկանություն, ձեռքին հեռախոս է եղել, դե ինքն էլ վախեցել ու կրակել է: Ինքնաձիգից կրակելով՝ սպանել է տան վեց անդամներին, իսկ փոքրիկին՝ սվինահարել:

Հունվարի 13-ի հարցաքննության ժամանակ Պերմյակովը նշել է, որ տանից վերցրել է 3 բջջային հեռախոս, կանացի պայուսակից 5000 դրամ, նաեւ հագուստն է փոխել: Հարցին, թե ինչպես ու ինչ նպատակով է հայտնվել հայ-թուրքական սահմանի հարեւանությամբ, Պերմյակովը տվել է այսպիսի պատասխան. «Չգիտեմ, ուղղակի քայլեցի, քայլեցի… ձերբակալվել եմ սահմանին, քայլում էի իմ համար, մեկ էլ լսեմ ասում են՝ կանգնի, ով է գալիս: Ասեցի ձերոնցից եմ, հետո ինձ ձերբակալեցին»:

Վալերի Պերմյակովի՝ արդեն որպես մեղադրյալ ներգրավվածի, նախաքննական ցուցմունքներն առավել մանրամասն են ներկայացնում 2015թ-ի հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը կատարված դեպքերը: Հարցաքննությանը մասնակցել է փաստաբան Ա. Դանիելյանը: Վալերի Պերմյակովը պատմել է, որ իրեն վստահված պահակակետը լքել է գիշերը ժամը 02:30-ին՝ հրամանտար Անդրեյ Նիկիշինի ստուգողական զանգին պատասխանելուց հետո: Ամբաստանյալը նշել է, որ հաջորդ ստուգումը զանգով լինելու էր 02:45-ին եւ 03:00-ին: Հարցին, թե ինչու էր ցանկանում հեռանալ ռազմաբազայից՝ Պերմյակովը պատասխանել է, որ տան կարոտն է իրեն ստիպել փախչել ծառայությունից, ցանկացել է զենքի օգնությամբ քաղաքացիական հագուստ եւ գումար ձեռք բերել ու մեկնել Չիտա:

Պահակակետում թողնելով զրահաբաճկոնն ու սաղավարտը՝ սվին-դանակով կտրել է լարերը մի քանի տեղից ու բացված անցքի միջոցով հեռացել: Քանի որ քաղաքը վատ է իմացել, շուրջ երկու ժամ թափառել է՝ այդ ընթացքում փնտրելով որեւէ բաց դարպաս: Պերմյակովը պնդում է՝ իրեն Ավետիսյանների տուն չեն ուղղորդել, ինքը երբեւէ չի եղել այդ տանը եւ չի ճանաչել ընտանիքի անդամներին:

Նախաքննությանը տված ցուցմունքում ամբաստանյալը պատմել է, որ ժամը 03:00-ի հատվածում անցել է մի փոքրիկ խանութի մոտով, որի ցուցափեղկում տեսել է բջջային հեռախոսներ: Խանութի դիմաց կայանած մեքենայում մի տղամարդ է եղել՝ մոտ 40 տարեկան: Վերջինս դուրս գալով մեքենայից եւ պատասխանելով Պերմյակովի հարցին՝ ասել է, թե խանութը փակ է: «Ես զարմացա, որ տղամարդը ոչ մի կերպ չարձագանքեց՝ ուսիս զենք տեսնելով: Նա նորից շրջվեց ու նստեց մեքենան»,-նկատել է ամբաստանյալը:

Տղամարդուն զենքով սպառնալու, հագուստ ու գումար շորթելու մտքից հրաժարվել է՝ վախենալով շատ արագ բռնվելուց եւ բարձրացվող աղմուկից: Քանի որ քաղաքն ու տեղանքը չի իմացել, քայլել է սեփական սեկտորի տների դռները հրելով եւ դրանց բաց կամ փակ լինելը ստուգելով. բաց եղել է Ավետիսյանների տան դարպասը:

Այնուհետեւ, ամբաստանյալը նկարագրում է, թե ինչպես է մուտք գործել տուն եւ սպանել տան անդամներին: Պերմյակովի պնդմամ՝ ինքը նախ թակել է դուռը. իր ասելով բավական ուժեղ: Երբ արձագանք չի եղել, նկատել է, որ դուռը հին է եւ վերեւի մասում ապակի կա: Սվին-դանակի օգնությամբ հեռացնելով մեխերը՝ հանել է ապակին, ձեռքը մտցնելով ներս՝ գտել է բանալին եւ բացել դուռը:

Պերմյակովը նշել է, որ նման ձեւով տներ մուտք գործելու փորձ ունեցել է Չիտայում: Նախքան Ավետիսյանների տուն մտնելը ամբաստանյալը լիցքավորել է ինքնաձիգը եւ բերել ավտոմատ ռեժիմի: Գործողությունները տարածքում կազմակերպելիս՝ օգտագործել է լապտեր: Երբ մտել է տուն, գլխարկի եզրերը ծալել է դեպի վեր ու լապտերն հարմարեցրել գլխին՝ ձեռքերն ազատ պահելու համար:

Պերմյակովի ասելով՝ ինքը համոզված է եղել, որ տանը մարդ չկա, քանի որ իր թակոցներին ոչ ոք չէր պատասխանել: Բաղնիքի ծորակից ջուր խմելով՝ ուղեւորվել է առաջին սենյակ, որտեղ տեսել է անկողնում պառկած մի կնոջ:

«Ինձ տեսնելով՝ նա հիստերիկ գոռաց ու ձեռքը տարավ հեռախոսին: Ես վախեցա, որ նա կզանգի ոստիկանություն ու կրակեցի: Հետո լսեցի ձայներ երկրորդ սենյակից, մտա այնտեղ ու տեսա երկու հոգու՝ տղամարդու եւ կնոջ, նրանք կիսանստած էին անկողնու մեջ՝ ես կրակեցի: Այդ պահին երկրորդ ու երրորդ սենյակների միջեւ եղած դուռը բացվեց ու ես տեսա մի տղամարդու, նա հետ դարձավ՝ ես կրակեցի, մտա այդ սենյակ, անկողնում մի կնոջ տեսա, որ ուզում էր հեռախոսով ինչ որ տեղ զանգել՝ սպանեցի նաեւ նրան: Պատուհանի մոտ գտնվող մահճակալում երեխա էր կանգնած՝ նա ոչ գոռում էր, ոչ լալիս եւ ես հասկացա, որ պիտի կրակեմ: Հետո մեծ մահճակալի կողմից երեխայի ձայն լսեցի, վախեցա, որ աղմուկից մարդիկ կգան, ուզեցի կրակել՝ ինքնաձիգը չկրակեց: Ես սվին-դանակը հագցրեցի ինքնաձիգին ու երեք անգամ հարվածեցի երեխային»:

Պերմյակովը նշել է, որ խմած կամ թմրանյութ օգտագործած չի եղել արարքը կատարելիս, թեպետ Չիտայում առիթ ունեցել է մարիխուանա օգտագործելու, իսկ խմել սկսել է 12 տարեկանից եւ հաճախակի է օգտագործել ոգելից խմիչքներ՝ ակումբներ հաճախելիս: Երբեւէ քրեական պատասխանատվության չի ենթարկվել, դրա փոխարեն 3 անգամ վարչական պատասխանատվության է ենթարկվել մանր խուլիգանական արարքների համար: Չիտայի ուսումնական զորամասում կարգապահությամբ եւս աչքի չի ընկել՝ 8 անգամ լքել է զորամասը՝ տուն գնալու նպատակով: Չիտայի զորամասում գտնվելու ընթացքում 21 օր եղել է բուժման մեջ: Թե ինչի դեմ է բուժվել, Պերմակովը դժվարացել է պատասխանել, միայն նշել է, որ զորամասի հոգեբանն է ուղարկել՝ հոգեբույժի մոտ բուժվելու: Ինչ վերաբերում է զենքի հետ վարվելու հմտություններին, Պերմյակովն ասել է, որ Չիտայում, տափաստաններում դատարկ տուփերի վրա Կալաշնիկով հրացանից կրակելու վարժություններ է արել տղաների հետ:

Ավետիսյանների տնից հեռանալուց առաջ ամբաստանյալը զգեստափոխվել է, վերցրել է երեք բջջային հեռախոս, պահարանի վրա դրված պայուսակից 5000 դրամ եւ եւս 1000 դրամ հայտնաբերել է վերցրած բաճկոնի գրպանում: Հարցին, թե ունեցել է արդյոք ատելություն հայ ազգի նկատմամբ՝ Պերմյակովը տվել է ժխտողական պատասխան: Պնդել է, որ չի ունեցել նաեւ ադրբեջանցի ընկերներ, ընդհակառակը, հենց այդ ազգի ներկայացուցիչներին է վատ վերաբերվում,քանի որ 2014թ-ի նոյեմբերին սպանել են ընկերոջը: Երբ հայ քննիչը նրան մեղադրել է հայատացության մեջ, Պերմյակովը պատասխանել է. «Ես թքած ունեմ ձեր կարծիքի վրա եւ ցանկություն չունեմ այլեւս պատասխանելու ձեր հարցերին»:

Վալերի Պերմյակովի նախաքննական ցուցմունքների հրապարկումը կշարունակվի հաջորդ դատական նիստին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter