
Հրանտ Բագրատյան․ «Միայն երկրի ղեկավարը պետք է ի վիճակի լինի բռունցքելու մեզ, այլ ոչ թե կլաններ ստեղծի»
ՀՀ նախկին վարչապետ. ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերջին օրերի իրադարձութոյւններին։ Ստորեւ` Հ. Բագրատյանի գրառումը.
«Մինչ Արցախ գնալը 1 օր Բիշքեկում էի։ Այստեղ ներկայացրի մի զեկույց, ուր գիտականորեն ապացուցվում է, որ ԵՏՄ 5 երկրները անհասկանալի տնտեսական գործընկերներ են։ Ասվում է, որ չնայած միասնական մաքսային կանոններին, միասնական շուկա չկա։ Օրինակ, Հայաստանում բնական գազը 3.5 անգամ թանկ է քան ՌԴ-ում, 4 անգամ՝ քան Ղազախստանում, 1.5 անգամ՝ քան Ղրղզստանում։ Մեր էլեկտրաէներգիայի գինը 2 անգամ թանկ է ՌԴ-ից, 10 անգամ՝ Ղրղսզտանից։ Հարց էի առաջ քաշում. եթե կա միասնական շուկա, ի՞նչու թույլ չեք տալիս, որ մենք այդ հումքերը ձեռք բերենք ազատորեն՝ նշված երկրներում դրանց ներքին գներով։ Ասացի նաև, որ իրականում, եթե ուզում եք տնտեսական միություն լինի, ապա պետք է ստեղծել ներդրումային-ինտեգրացիոն գործընթաց (ոնց որ, օրինակ, Լենինի ГОЭЛРО-ն)։ Արդյունքում պարզ դարձավ, որ այս պահին ԵՏՄ-ն քաղաքական նախագիծ է։ Նպատակն է, եվրասիական մայրցամաքի կենտրոնում ստեղծել այնպիսի քաղաքատնտեսական միավոր, առանց որի մայրցամաքի Արևմուտքը (ԵՄ - 15 տրլն. եվրո ՀՆԱ-ով) չկարողանա առևտուր անել Արևելքի (Չինաստան, Ճապոնիա, Հվ.Կորեա, Հնդկաստան - 18 տրլն եվրո ՀՆԱ) հետ, պարտադրված լինի օգտագործել ԵՏՄ տրանսպորտային կոմունիկացիաները։ Իսկ այդ առևտուրը մեծ է. շուրջ 8 տրլն եվրո։ Խնդիրը գրեթե լուծված է։ Եթե ԵՏՄ-ին միանում է Ադրբեջանը, իսկ ապա Իրանը (գոնե ազատ առևտրի պայմանագրով), ապա ԵՏՄ երկրները դառնում են անխուսափելի մայրցամաքի մյուս արևմտյան ու արևելյան հատվածների համար։ Մի պահ Իրանի փոխարեն նախատեսված էր Թուրքիան։ Բայց դե Սիրիան խառնեց ՌԴ-Թուրքիա խաղաքարտերը։ Հիմա, բացի ԼՂՀ-ից ուրիշ լծակ կա՞ Ադրբեջանը ԵՏՄ բերելու։ Չկա։ Չեմ ասում, որ ՌԴ-ն մեզ դավաճանում է (նա մեզ հետ քաղաքական ամուսնության մեջ չի եղել, որ դավաճանի կամ չդավաճանի)։ ՌԴ-ն պարզապես իր գործն է անում։ Ու մեր շահերը չեն համընկնում։ ՌԴ նման պահվածքը նորություն չէ։ 19-րդ դարի կեսերին ցարական Ռուսաստանը, արևելյան հարցը ձևակերպելուց ու մեզ թուրքերի հետ լարելուց հետո, սկսեց իրականացնել 3-րդ Հռոմի քաղաքականությունը (Ֆ.Դոստոևսկի)։ Այդ կոնցեպտի արդյունքում Ռուսաստանի մայրաքաղաքը պետք է լինել Կոնստանտինոպոլիսը։ Ռուսաստանը 15-20 տարին մեկ պատերազմում էր Թուրքիայի հետ միանգամից 2 ճակատով՝ Բալկաններում և Կովկասում։ Կովկասում որպես կանոն, շնորհիվ հայերի անմնացորդ օգնության, հաջողության էր հասնում։ Շուտով, սակայն, կովկասյան հաջողությունները սվոպ էին արվում բալկաններում զիջումների հետ։ Ղարս քաղաքն, օրինակ, մեր ակադեմիկոսներից մեկի վկայությամբ, 4 թե 5 անգամ ռուսները գրավել են ու հետո հանձնել թուրքերին։ Պարզ է, ամեն անգամ հայեր են կոտորվել։ Անշուշտ, լավ կլիներ ցարական մինիստրները կենդանանային ու տեսնեին, թե ու՞ր են հիմա բալկանյան երկրները։ Հետո մի նման բան էլ եղավ Լենին ու Աթաթուրքի միջև։ Զարթներ Լենինն ու տեսներ, թե ու՞ր է հասել իր նշած համաշխարհային հեղափոխությունը։ Հիմա էլ այս ԵՏՄ պլանն է։ Մենք, իհարկե, պետք է բռունցվենք և թույլ չտանք զիջումներ մեր հաշվին։ Դա հնարավոր է։ Պետություն ունենք։ Միայն երկրի ղեկավարը պետք է ի վիճակի լինի բռունցքելու մեզ, այլ ոչ թե կլաններ (այդ թվում իր) ստեղծի։ Ու պետք չի այստեղ այնտեղ բողոքել ռուսներից։ Նրանք իրենց պլաններն ունեն։ Իսկ մենք պետք է մեր գործն անենք։ Ու հենց տեսան, որ Հայաստանը բռունցքված է, նահանջելու են»։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել