HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրոջ 18 տարվա պայքարը բերել է եղբոր արդարացմանը

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշենի» բանտից

Այս անգամ Մհեր Ենոքյանը հարցազրույց է վարել ԱՄՆ-ում 1990-ականների սկզբին հիմնված, դատական սխալների ուղղմամբ զբաղվող «Անմեղության ծրագիր» կազմակերպության իրավաբաններից Բեթթի Էն Ուոթերսի հետ: Նա եղել է 29 տարեկան, երբ եղբայրը` Քեննեթ Ուոթերսը մեղավոր է ճանաչվել Կատերինա Բրոյի դաժան սպանության մեջ և 1983-ին դատապարտվել է ցմահ ազատազրկման: Քրեական գործի վերաբացման,եղբոր արդարացման նպատակով քույրը` Բեթթի Էն Ուոթերսը սովորել է իրավագիտություն, ապա դարձել եղբոր փաստաբանը և իրեղեն ապացույցների ԴՆԹ թեստի շնորհիվ 2001 թ-ին հասել է Քեննեթ Ուոթերսի արդարացման դատավճռին:

Ողջույն, տիկին Ուոթերս

Ձեզ գրում եմ Հայաստանից: Իմ ճակատագիրը նման է Ձեր եղբոր՝ Քեննեթ Ուոթերսի ճակատագրին: 1996 թ.-ին՝ 20 տարեկանում, Հայաստանի Գերագույն դատարանը ինձ դատապարտեց մահապատժի՝ մեղադրելով համակուրսեցուս սպանության մեջ: Մինչ օրս՝ արդեն 20 տարի, փորձում եմ հասնել գործի վերանայման՝ պնդելով, որ ես չեմ կատարել սպանություն, բայց հայաստանյան արդարադատությունը չի լսում ձայնս:

Խցում մի թղթապանակ ունեմ, որի անունը դրել եմ «Հույսի թղթապանակ»: Այն ինձ առաջ շարժվելու, չնահանջելու հույս է տալիս: Հավաքում եմ նյութեր, լուսանկարներ ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում արդարացման դատավճիռներով ազատություն ստացածների մասին: Այնտեղ կա նաև Ձեր եղբոր անունը, ով նույնպես դատական սխալի զոհ էր դարձել, բայց Ձեր համառության շնորհիվ արդարացվել է 18 տարի անց: Եթե արդարացվածների նկարները փակցնեմ խցի պատերին, գուցե մռայլ պատերն ամբողջությամբ ծածկվեն նրանց երջանիկ դեմքերով:

«Դատավճիռ» ֆիլմի ազդագիրը

Այստեղ՝ բանտում, նայել եմ Ձեր 18-ամյա պայքարի մասին պատմող «Դատավճիռ» ֆիլմը: Իմացել եմ, որ Ձեր եղբորը բանտից ազատելու, արդարության վերականգնման նպատակով սովորել եք իրավագիտություն, դարձել փաստաբան, պաշտպանել Ձեր եղբոր շահերը, գտել իրեղեն ապացույցները և հասել արդարացման դատավճռի:

Սովորելով իրավագիտության ֆակուլտետում՝ խորացնում ու խորացնելու եմ հմտություններս մի ոլորտում, որը դեռ չկա մեր երկրում: Խոսքը քրեագիտական գենետիկայի մասին է: Ցավոք, դեռ Հայաստանում իրեղեն ապացույցները դատավճիռներից հետո ոչնչացվում են օրենքով, և մենք չենք կարողանում գենետիկական փորձաքննություններ անել: Լինելով դատական սխալի զոհ՝ աշխատելու եմ այն գործիքների զարգացման ուղղությամբ, որոնք գրեթե անհնար կդարձնեն անմեղ մարդու դատապարտումը: 

Քանի որ ինձ աշխատանք է առաջարկել hetq.am ինտերնետային թերթը, ցանկանում եմ հարցազրույց ունենալ Ձեզ հետ: Կարծում եմ` կընդունեք հրավերս:

Շնորհակալ եմ հարցազրույցի համար

Ամենաջերմ մաղթանքներով` Մհեր

Ահա հարցերս.

- Ինչպե՞ս Դուք կարողացաք ձեր եղբոր ճակատագրում վերականգնել արդարությունը: Ֆիլմը և իրականությունն որքանո՞վ են համընկնում:

- Իմ եղբոր դատապարտումից հետո ջանում էի ապացուցել նրա անմեղությունը: Ընդունվեցի քոլեջ ու իրավաբանական դպրոց: Նպատակը եղբորս արդարացումն էր: 1999 թ-ին ես գտա դեպքի վայրից վերցված արյան նմուշները և հասա դատական որոշման, որպեսզի պահպանվի իրեղեն ապացույցը ԴՆԹ թեստի հնարավոր անցկացման համար: Այս գործով 2000 թ-ից ես սկսեցի աշխատել Անմեղության ծրագրի հետ: Միասին մենք հասանք նրան, որ Միդլսեքսի շրջանային դատախազը համաձայնություն տվեց անկախ փորձագիտական լաբորատորիայում անցկացնել իրեղեն ապացույցի ԴՆԹ փորձաքննություն: Արդյունքը բացառեց Քեննիի մեղքը՝ ապացուցելով, որ նա հանցագործ չէ: Դրանից հետո նրա դատավճիռը բեկանվեց: Իմ եղբայրը, ով մոտավորապես 18 տարի էր անցկացրել բանտում չգործած հանցանքի, սպանության համար, ազատ արձակվեց: 2001 թ-ի մարտի 15-ին իմ եղբոր վրայից ամբողջությամբ հանվեցին բոլոր մեղադրանքները և նրա արդարացումը հաստատվեց պաշտոնապես:

Քեննի Ուոթերսը մինչև դատապարտումը 

- Ձեր եղբոր արդարացման դատավճռից հետո քանի՞ մարդու եք օգնել վերականգնել արդարությունը:

- Դժվարանում եմ կոնկրետ ասել, թե քանի մարդու եմ օգնել հասնելու դատական սխալի ճանաչման: 2001 թ-ից մասնակցել եմ տարբեր միջազգային ֆորումների, այցելել եմ դատական սխալների զոհերի: Ես ելույթներ եմ ունեցել ԱՄՆ-ի տարբեր վայրերում, Կանադայում, Ավստրալիայում և Իռլանդիայում: Շատ մարդիկ այդ ելույթներից հետո ասում էին, որ մինչ այդ պատկերացում անգամ չունեին, որ իրենց երկրում նման բաներ են կատարվում: Ելույթներ եմ ունեցել նաև տարբեր օրենսդրական մարմիններում՝ օգնելով պահպանել իրեղեն ապացույցները, ասելով, որ դա շատ կարևոր է ամեն կոնկրետ գործի պարագայում: Իմ եղբոր գործով ապացույցները կարող էին ոչնչացված լինել օրենքով, և միայն բախտի բերմամբ էին դրանք պահպանված: Հենց շնորհիվ այդ ապացույցների՝ մենք կարողացանք ապացուցել Քեննիի անմեղությունը: Կարծում եմ՝ Դուք պատկերացնում եք, թե ինչպես էի անհանգստանում, որ այդ ապացույցները վերացված չլինեին:

Բեթթի Էն Ուոթերսն ու Քեննի Ութերսը արդարացման դատավճռի օրը

Բացի այդ, ես ներգրավված էի մի գործում արդեն 13 տարի: Այդ քաղաքացու դատավճիռը բեկանվեց անցյալ տարի Գերագույն դատարանի կողմից: Մոտ շաբաթների ընթացքում կիմանանք արդյունքների մասին: Այս գործը սկսվեց որպես ԴՆԹ-ով գործ, բայց ավարտվեց որպես առանց ԴՆԹ-ով գործ: Այս գործը ցույց տվեց ոստիկանների ոչ իրավաչափ գործողությունները, անմեղության մասին վկայող ապացույցների քողարկումը և այլ խախտումներ:

Բեթթի Էն Ուոթերսը եղբոր հետ արդարացման դատավճռից հետո

- Ավարտեցի իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսը: Մեր երկրում քրեական դատավարությունում ապացույցների ցանկի 6 կետը վերաբերում է ցուցմունքներին, իսկ փորձագետի եզրակացությունը և իրեղեն ապացույցները որպես ապացույց մի տեսակ երկրորդական դեր են խաղում: Ապացույցների «թագուհի» է շարունակում դիտվել ինքնախոստովանական ցուցմունքը: Ի՞նչ կարծիքի եք այս հարցի կապակցությամբ:

Ապշեցուցիչ է, բայց սխալ դատապարտված, ապա տարիներ անց արդարացված ամեն չորս անձանցից մեկը դատապարտված է եղել ինքնախոստովանական կամ սուտ ցուցմունքի հիմքով: Ինքնախոստովանական ցուցմունքներ տալու պատճառները տարբեր են, բայց, որպես կանոն, ոստիկանությունը մարդկանց առաջարկում է ընդունել մեղքը, քան պնդել անմեղությունը:

- Հայաստանում նոր երևան եկած հանգամանքների հետևանքով գործերի վերաբացում գրեթե տեղի չի ունենում: Դատական սխալների հավանականությունը մնում է միայն տեսական մակարդակի վրա, իսկ իրական կյանքում տեսնում ենք, որ մեր դատաիրավական համակարգը չի ընդունում այն, որ հնարավոր է դատական սխալի հետևանքով անմեղ մարդը հայտնված լինի բանտում: Եթե նայենք այս ցուցանիշին, ապա ստացվում է, որ Հայսատանի դատաիրավական համակարգն ամենակատարյալներից մեկն է, քանի որ մեզ մոտ դատավորները երբեք չեն սխալվում և անմեղ մարդիկ բանտերում չեն հայտնվում: Կարծում եմ, որ մի օր այս «անսխալականության» բարդույթը կհաղթահարվի և կգիտակցեն, որ ամենևին էլ չի սասանվի արդարադատությունը, եթե ընդունեն իրենց սխալները: Ի՞նչ եք կարծում, սա մտածելակերպի կամ միգուցե մենթալիտետի հարց է:

- Գենետիկական փորձաքննությունների շնորհիվ ձեռքբերված արդարացման դատավճիռները օգնում են ցույց տալ հասարակությանը, որ դատական սխալներն առկա են:

Ես մշտապես պատրաստ եմ անել հնարավորը` աջակցելու դատական սխալների զոհերին: Հույս ունեմ, որ Դուք կլինեք այն փոփոխությունը, որի կարիքը Հայաստանի համակարգը զգում է դատական սխալների հարցում: Դատական սխալների հարցը համաշխարհային, համամարդկային պրոբլեմ է, որի առկայությունը որևէ պետություն չի կարող բացառել: 

Լուսանկարները innocenceproject.org

Մեկնաբանություններ (4)

Գագիկ
Մհեր ջան, հարազատս, արդեն տարիներ շարունակ հետևում եմ քո գրած ու քո մասին գրված բոլոր, կամ գրեթե բոլոր հոդվածներին ու սիրտս մղկտումա։ Ամեն անգամ որոշում եմ մի բան գրեմ, մի ձևով քեզ հույս տամ որ մի օր քո եթ սև ժանգոտ դուռը կբացվի ու դու դուրս կգաս, բայց հետո փոշմանում եմ, բառ չեմ գտնում ու ... Հենց նոր նորից տեսա քո լուսանկարն ու հոդվածի վերնագիրը կարդալուց ցնցվեցի, պարկածս տեղից վեր կացա ու հեռախոսը դողղաց ձեռքիս մեջ ու ասի ըհը վերջապեսսսսսս... Դու մի ասի Ամերիկացու մասին էր այլ ոչ թե քո։ Ութ ամիս ել ես եմ եղել եթ կլոր շենքի չորրորդ հարկում, գիտեմ, զգում եմ ու ամբողջովին հասկանում եմ քեզ։ Երկու տարի ել ես եմ անիմաստ անցկացրել իմ կյանքից եթ մութ ու խավար գարշելի վայրում ու հետո նոր արդարացվել։ Եթ երկու տարիները իմ համար եղելեն ու կմնան իմ կյանքի ամենադաժան օրերը ։ Մտածում էի որ մի տարի ել եթե մնամ հաստատ չեմ դիմանա, հիմա որ համեմատում եմ քո անցկացրած տարիների հետ ամաչում եմ որ եդքան թույլ էի ու անհույս։ Ինչքա՜ն բան ունեմ քեզանից սովորելու՜...
Գագիկ
Որ ազատվես անպայման պիտի քեզ հրավիրեմ մեր տուն, բերդում հացից, թաշկինակներից ու նասկու թելերից պատրաստած ու թաքուն կնոջս ու ընկերներիս հասցրած իրերը ցույց տամ քեզ ու պատմեմ թե ամեն մեկի հետ ինչ խորիմաստ պատմություններ են կապված ու պատկերացնում եմ ինձ ո՜նց կհասկանաս եղբայր։ Կինս շատ լավ խոհարարա, համեղ ուտելիքներ կհյուրասիրենք քեզ ու մինչև լույս կլսեմ քեզ ու ինչքա՜ն բան կսովորեմ քեզանից։ Դու մի ամբողջ գիտելիքի շտեմարան էս հարազատս, ես խոնարհվում եմ քո առաջ ու չես պատկերացնի թե ինչքան եմ ուզում քեզ ազատության մեջ տեսնեմ, շփվեմ քո հետ որպես մեծատառով Մարդու։ Ես հույս ունեմ որ դու շատ շուտով հետևից կշրխկացնես եթ անդուր ծանր ու սև դուռը ու ել հետ չես նայի եղբայր։ Պայքարի մինչև վերջ ու եթե ես ել մի թեկուզ չնչին բանով կարող եմ օգտակար լինել քեզ անպայման խաբար արա։ Հարգանքներով և ամենա ամենալավագույն ցանկություններով, բարեմաղթանքներով և մեծ շատ մեծ սպասումներով... Ջեկ Լոնդոնի, «Զսպաշապիկը» հիշեցի...
Լինա
Գագիկ ջան, կարող եք փորձել կինոն նայել այստեղ , այս լինկով, ես նայել եմ, շատ հետաքրքիր է, մի շնչով նայում ես ու մտածում, թե ոնց կարող է քույրը կյանքը նվիրել եղբոր ազատության համար ու հիմա էլ ուրիշներին օգնել http://kinogo.co/4332-prigovor-2010.html
Գագիկ
Շնորհակալություն, Մհեր ջա՛ն: Կարդացի մի շնչով, հուսադրող հարցազրույց էր, բայց խոստովանենք որ «բախները բերել էր»՝ քանզի տիկին Ուոթերսի եղբոր գործով ապացույցները կարող էին ոչնչացված լինել օրենքով, և միայն բախտի բերմամբ էին դրանք պահպանված: Ի դեպ իմ մոտ ֆիլմի հղումը ոչ մի բրաուզերով չբերեց... HTTP 404

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter