HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապրիլյան պատերազմը մեզ բացառիկ մեծ հնարավորություն է տվել շտկվելու, այլ հարց է, թե մենք դա ճիշտ կօգտագործե՞նք, թե ոչ…

Նաիրա Հայրապետյան

Պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Արտակ Մովսիսյանը հեղինակ է երեք տասնյակի հասնող պատմագիտական ուսումնասիրությունների, մենագրությունների և վեց փաստագրական ֆիլմի՝ «Տիգրան Մեծ», «Նեմրութ. Արև արքայի մեծ սրբավայրը», «Ժայռապատկերներից մինչև այբուբեն», «Արտավազդ 2-րդ. պատիվը կյանքից վեր», «Հռոմից ավելի հին մայրաքաղաքը», «Պատմության կեղծարարները. Ադրբեջան»: Շուտով կներկայացվի նաև նոր՝ «Արարատ- Ուրարտու թագավորություն» պատմագիտական ֆիլմը:

Արցախյան պատերազմի ապրիլին համացանցում բավականին ակտիվ պտտվում էր Արտակ Մովսիսյանի «Պատմության կեղծարարները. Ադրբեջան» ֆիլմը: Թեման համահունչ էր հատկապես այս օրերին, երբ հանրությունը, լրատվամիջոցները փորձում էին հանրայնացնել իրականությունն ու աշխարհին ևս մեկ անգամ փաստել, որ պատերազմն ու հակառակորդի ագրեսիան որևէ սահման չի ճանաչում: Ինտերնետն այսօր խոսքի և գործի ամենաարագ, հզորագույն հարթակներից մեկն է, որը, սակայն, նույնպես դիվանագիտական ճկունություն է պահանջում, քարոզչության և հակաքարոզչության նրբությունների տիրապետմամբ: Ֆիլմի ներկայությունն ու տարածումը անհրաժեշտություն էր՝ պատմական, քաղաքական, հասարակական և գրեթե բոլոր ասպարեզներում կեղծարար այս պետության նոր ոտնձգություններին ի պատասխան:

«Ադրբեջանական պատմակեղծարարությունը բավական երկար ժամանակ է, որ էսպես մեծ թափով առաջ է ընթանում,- ասում է Ա. Մովսիսյանը,- նույնիսկ փուլեր կարելի է առանձնացնել՝ խորհրդային շրջան, Զիա Բունիաթով, Ֆարիդա Մահմեդովնա և այլք: Սրանք գոնե կրթություն ստացել էին և փորձում էին իրենց գիտելիքները հայագիտության դեմ օգտագործել: Ընդ որում, Ֆարիդա Մահմեդովան հայի մոտ էր ուսանել, հայերեն գիտեր և նույնիսկ գրաբարին էր տիրապետում: Բայց եկավ ադրբեջանցի կեղծարարների նոր սերունդը, որը հայր և որդի Ալիևների (հիմնականում որդու) մեծ ֆինանսավորմամբ և հովանավորությամբ էր կեղծում: Սրանք սկսեցին գրել աբսուրդի հասնող ամեն ինչ և այն աստիճան աբսուրդ, որ 90-ականներին նույն այս Ֆ. Մահմեդովան սկսեց քննադատել իրենց նոր կեղծարարներին: Պատկերացնու՞մ եք, մի կեղծարարը քննադատում է մյուսին՝ ասելով, որ նրանք աբսուրդի բոլոր սահմաններն անցնում են: Եվ այնուհանդերձ, այս ամենը բավական երկար ժամանակ նախագահի աջակցությամբ շարունակվել է»:

Ադրբեջանական կեղծարարության  վառ օրինակներից մեկն էլ Բաքվում տեղի ունեցած Երևանի բերդի հիմնադրման 500-ամյակին նվիրված արարողությունն էր: Այն կազմակերպվել էր 2011թ. Իլհամ Ալիևի աջակցությամբ և մասնակցությամբ: Ադրբեջանական հիվանդագին երևակայությունն այս անգամ բացահայտել էր, որ Երևանը 1511թ. Ռևան Գուլիխանն է հիմնադրել, որի անունից էլ ծագում է Երևան անունը: Ա. Մովսիսյանի բնորոշմամբ՝ այս միջոցառումը մեծ հնչողություն է ստացել ժամանակին:

 «Մենք մեր ֆիլմում դրան անդրադառնում ենք՝ միաժամանակ մեջբերելով 1511թ-ից առաջ եղած մահմեդական աղբյուր-վկայություններ ևս, որտեղ Երևան անվան հսկայական թվով հիշատակություններ կան: Սա խոսում է նրանց խայտառակ անգրագիտության մասին, պարզապես իրենց նավթային բազաներից ստացվող փողը կա, ժողովրդական լեզվով ասած՝ իրենց «լեզվի տակ էլ ոսկոր չկա», դրա համար էլ՝ ինչ խելքներին փչում է, անում են:- ասում է պատմաբան Ա. Մովսիսյանը,- Մեր կողմից միշտ չէ, որ պատասխան է տրվել: Շատ հաճախ մեր գիտնականների մոտ էսպիսի մոտեցում կար՝ մենք չենք իջնում իրենց մակարդակին: Բայց այս խնդրի մյուս կողմն էլ կա՝ երբ որ հասարակական քարոզչության առումով սուտը շատ է ասվում, այնուամենայնիվ, սկսում է քիչ-քիչ ճշմարտանման դառնալ»:

Եվ մինչ մեր մասնագետները շարունակում են չիջնել ադրբեջանական կողմի մակարդակին, կամ, լավագույն դեպքում, արձագանքել տեղական մակարդակով, երկիր սարքելու ու ամրացնելու գիտակցություն կրողները արդյունավետ գործում են: Մենք շարունակում ենք նրանց քոչվորներ, անհայրենիք ու հորինովի պետություններ անվանել, քամահրանքով նայել նրանց բոլոր հավակնություններին՝ շարունակելով ամեն հարմար առիթի հիշեցնել, որ երբ մենք կայինք, մշակույթ էինք ստեղծում, նրանք չկային երկրագնդի երեսին: Ծլեցին պատահաբար, աստված գիտի որտեղից, շատացան ու սկսեցին մեզնից խլել: Հենց այնպես խլել:

Կինոն վաղուց արդեն փոխել է միայն արվեստին ծառայելու առաքելությունը, այն ողջ աշխարհում քաղաքական, պետական, հասարակական, սոցիալական, տարբեր շերտերի համար ծառայող միջազգային լեզու է, դիվանագիտություն, որի կարևորությունը շատ լավ գիտակցում են որոշ երկրներ: Պատմագիտական կամ քաղաքական  կեղծարարությունը թուրքական, ադրբեջանական քարոզչության գենետիկ փեշակն է, որը, սակայն, տալիս է տեսանելի արդյունքներ: Մինչ մենք ազգովի փող ենք միմյանցից մուրում պետության ղեկը ստանձնած իշխանավորների պարտավորությունները իրենց փոխարեն կատարելու, մեր գրպաններից թռցրած փողերն անարգել հատում են սահմաններն ու գիրանում, ծլարձակում օֆշորային հողերում: Հարցին, թե հարևան երկրում նախագահի հովանավորությամբ է պատմությունը կեղծվում, իսկ մեզ մոտ դա հերքող արդարությունը ու՞մ աջակցությամբ է ներկայացվում, պատմաբան Արտակ Մովսիսյանը տալիս է ամենասպասելի պատասխանը:

«Ցավոք սրտի չկա, նման նյութերի հանդեպ պետական մոտեցումը չկա: Եթե լիներ այդ վերաբերմունքը, ապա և՛ հեռուստատեսությունը, և՛ տարբեր լրատվամիջոցները այդ ուղղությամբ քայլեր կանեին: Ես հիմա մի տխուր օրինակ բերեմ. մի քանի տարի առաջ էր, մի օրվա ընթացքում ինձ զանգահարեցին մի քանի հեռուստաընկերություններից: Ես շատ զարմացած էի, որովհետև բոլորը ուզում էին հայագիտական թեմայով ֆիլմաշար անել: Ասում էին՝ տեսել են իմ ֆիլմերը, ծանոթ են, բայց երբ հարցնում էի՝ կոնկրետ ի՞նչ են ուզում, հասկանում էի, որ մարդը պատրաստ չի, չգիտի ինչ առաջարկել: Պարզապես իրեն ասել են անել, ինքն էլ փորձում է: Հայագիտական կարող է լինել հայոց լեզվի մասին ֆիլմն էլ, հայ ճարատարապետության, գրականության, հայոց պատմության… կոնկրետ ի՞նչ էին պատկերացնում, չգիտեին: Ես իսկապես չէի հասկանում ի՞նչ է կատարվում, օրվա ընթացքում երևի չորս-հինգ հեռուստաընկերությունից նույն առաջարկով զանգեր ստացա և բոլորն էլ նույն՝ անորոշ վերջաբանով: Երեկոյան, երբ լուրերին էի հետևում, ամեն ինչ հասկանալի դարձավ. Իլհամ Ալիևը հավաքել էր պատմաբաններին և հրահանգել նոր ընթացք տալ՝ խորացնելու ադրբեջանական պատմակեղծարարությունը: Մեկ շաբաթ անց ամեն ինչ խաղաղվեց: Այդ նույն հեռուստաընկերություններից ոչ մեկը չհետաքրքրվեց հայագիտական թեմաներով: Անցավ այդ փուլն էլ: Ես ենթադրում եմ, որ Ալիևը հրահանգել էր, մեր նախագահականից էլ երևի մեկը զանգահարել է որոշ  լրատվամիջոցների, սրանք էլ՝ միանգամից բոլորը խառնված, սկսել են փնտրել, մի բան անել:  Էդ փնտրտուքների մեջ համացանցում հավանաբար հանդիպել էին իմ ֆիլմերին ու էդպես ուղղորդվել: Բայց մեկ շաբաթ անց ոչ ոք այլևս չհիշեց, չխոսեց հայագիտական նյութի անհրաժեշտության մասին:  

Հասկանու՞մ եք, մոտեցման, ընկալումների մակարդակը այլ է: Նույնիսկ պայքարի այս օրերին, առաջին օրերին, երբ որ նախագահը պաշտոնապես հայտնեց մեր 18 զոհերի մասին, որոշ հեռուստաընկերություններ դեռ շարունակում էին ռաբիս, թուրքական  կլկլոցներով երգեր հնչեցնել, լավ է, որ հասարակության ճնշման տակ որոշ չափով հեռացվեց եթերից: Մակարդակները դա է և դա գալիս է վերևից: Երբ որ հեռուստատեսությունը, ռադիոն չի ընկալվում որպես դաստիարակության միջոց, էդպես բարձիթողի վիճակ է լինում: Երբ որ դու ամենասկզբից նպատակաուղղված չես որոշում քո սկզբունքները, այն է, թե քո ժաղավրդի համար ինչ է պետք, քո դպրոցը ինչպիսին պետք է լինի, աշակերտդ ի՞նչ արժեքներով պետք է մեծանա, հեռուստատեսությունը դառնում է հեռուստասերիալային քարոզչության հարթակ և բնականաբար հետևանքն էլ այս ամենին համապատասխան է լինում»:

2012թ. պատմակեղծարարության ալիևյան երևակայությունը նոր թռիչքներ գործեց: Համացանցում հայտնվեց «Հայերը չեն եղել Կովկասում» ադրբեջանական հայտնի ֆիլմը, որը հերթական անգամ պետական մակարդակով սկսեց աշխարհով մեկ քարոզչական իր ուղին՝ մեծ դիտողականություն ապահովելով: Այս կեղծարարությանն ի պատասխան հայտնվեցին երկու ֆիլմ, որոնց ստեղծման համար գործի լծվեցին ոչ թե համապատասխան կառույցներ, այլ, ինչպես միշտ, մի քանի անհատներ:

«Ֆիլմերի ստեղծման պատմությունը հետևյալն է,- պատմում է Ա. Մովսիսյանը,- արտերկրում ապրող մի շատ կարգին հայ գործարար ունենք, որը չի ցանկացել ոչ մի դեպքում իր անունը որևէ տեղ նշվի, տեսել էր իմ ֆիլմերը և կապ հաստատեց ինձ հետ: Մենք Երևանում հանդիպեցինք: Նա ասաց, որ իրեն ուղղակի արդեն զզվեցնում են ադրբեջանցիներն իրենց կեղծ քարոզչությամբ, որի հետևանքով արտասահմանցի իր գործընկերները ևս տարբեր հանդիպումների ժամանակ առնչվում են այդ մթնոլորտի հետ ու հաճախ հարցնում՝ ճի՞շտ է այս ամենը: Նա առաջարկեց ֆիլմ ստեղծել Երևանի պատմության մասին: Արդյունքում մենք ունեցանք երկու ֆիլմ՝ Երևանի պատմության՝ ադրբեջանական կեղծ և հայկական ստույգ վկայություններով («Հռոմից ավելի հին մայրաքաղաքը») և «Պատմության կեղծարարները. Ադրբեջան»: Ունենք այս ֆիլմերի անգլերեն, ռուսերեն, պարսկերեն, թուրքերեն տարբերակները, նախատեսվում են նաև ֆրանսերեն և իսպաներեն լեզուներով թարգմանությունները: Այս ֆիլմերի պատմության պատճառը ադրբեջանական այս ամբողջ քարոզչությունն էր, որի դրվագներից մեկն էլ «Հայերը չեն եղել Կովկասում» ֆիլմն էր և նրանց հորինած Էրիվանի բերդի 500-ամյակի միջոցառումը»:

Ստացվում է այնպես, որ այս պարագայում մենք հավանաբար շնորհակալ պիտի լինենք Իլհամ Ալիև-կեղծարարին, որի շնորհիվ ստիպված եղանք արթնանալ հանգիստ նիրհից ու գործի անցնել: Բայց ցավալին այն է, որ դեռևս անհատական ձգտումների և գիտակցության հաշվին: Նշված ֆիլմերում, Ա. Մովսիսյանը կարևոր է համարում ոչ միայն հայ, այլև օտարերկրյա աղբյուրների հիման վրա փաստերի մեջբերումը, ինչպես նաև օտարերկրացի հայտնի գիտնականների մեկնաբանությունները, որոնք նկարահանվել և օգտագործվել են ֆիլմերում: Նրանք են՝ Ֆրանսիայի մշակույթի նախարարության ներկայացուցիչ Ֆրանսուա Ֆիշեն, Հռոմի հին արևելագիտության ինստիտուտի տնօրեն Միրո Սարվինին, բրիտանական թանգարանի սեպագրության բաժնի վարիչ Իրվինգ Ֆինկելը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի Հյուսիսային Կովկասի և Միջին Ասիայի բաժնի վարիչ Ալիկբեր Ալիկբերովը և ուրիշներ:

«Հայոց պատմությունն այնպիսի էջեր ունի, որոնցից ամեն մեկի էկրանավորումը պատիվ կբերի  կինոաշխարհին,- ասում է Ա. Մովսիսյանը,- բայց փոխարենը մերոնք լատինոամերիկյան սերիալներից անցում կատարեցին տեղականին և բոլորովին ձգտում չկա փոխելու, առաջ գնալու: Ճիշտ չեն այն պատճառաբանությունները, թե փող չունենք: Նայեք կորեական սերիալները, որոնք իրենց պատմության մասին են: Կորեացի երեխան իր պատմությունը այդ ֆիլմերով սովորում է փոքր հասակից, ընդ որում՝ դրանք գեղարվեստական մակարդակով են ստեղծված, որով էլ ավելի տպավորիչ են: Ի՞նչ ենք անում մենք մեր սերիալներով: Կարծում եք նույն այդ դերասանը հսկայական գումարի դիմա՞ց է նկարահանվելու պատմական սցենարով ֆիլմում: Ո՛չ: Դերասան շատ ընկերներ ունեմ, ովքեր պարզապես երազում են նման սերիալներում աշխատել: Նրանք հաճախ են ասում, որ իրենց վճարված կեսի կեսի դիմաց էլ պատրաստ են մեր պատմական սերիալի ստեղծմանը մասնակցել: Կամքի հարցն է խանգարում այստեղ, կամքը եթե լինում է, փողն էլ է գտնվում և մնացած ամեն ինչն էլ»:   

Իսկ 90-ականների արցախյան ազատամարտը, որի հաղթանակով մենք հպարտանում ենք և ոգեշնչվում երկու տասնյակից ավել տարիներ, արդյո՞ք կարողացել ենք մինչ օրս ճիշտ ներկայացնել: Փաստաթուղթ-վկայություններ, վավերագրություններ, ֆիլմեր, հրատարակություններ, որոնք ոչ թե հավաքվել ու հանգչել են դարակներում, այլ վերցրել են ժամանակակից խոսքի լեզուն, պատրաստվել ամեն առումներով, բոլոր պարագաներում վստահ բարձրաձայնելու իրենց գոյության մասին և դառնալու հենարան հանրային լայն արձագանքներ պահանջող մեր քաղաքական հարցերի լուծման համար: Որ ապավինենք ոչ միայն մեր զինվորի բազկին, այլև նրա թիկունքում ամուր կանգնած հասարակությանը:

«Այլ բան է` ինչ ունենք և այլ բան է, թե ինչ չենք արել:- ասում է Ա. Մովսիսյանը,- Ահռելի թվով ժողովածուներ կան հրատարակված՝ փաստաթղթային, ուսումնասիրություններ՝ արցախյան հարցի պատմության սկզբնակունքից սկսած: Այս առումով մենք մասնագիտական-պատմագիտական դաշտում հարյուր տոկոսանոց առավելություն ունենք, դա միանշանակ է: Բայց մի բան է նյութն ունենալը և մեկ այլ բան է այն մատուցելը:  Ահա մատուցման մակարդակում մենք չենք արել այն, ինչ պետք է անեինք և, ցավոք, այսօր էլ չենք անում: Մենք օրացույցային նշումների մտածողությամբ ենք տառապում: Օրինակ՝ մայիսի 28-ին բոլորս նշում ենք պետականության օր, հիշում, որ կար Արամ Մանուկյան, հաջորդ օրն իսկ ամեն ինչ մոռացվում է: Արամ Մանուկյանի  գերեզմանն ամենաանմխիթար վիճակում կարող ենք գտնել, իսկ դա աբսուրդ է: Պատկերացրեք՝ Միացյալ Նահանգներում Ջորջ Վաշինգտոնի գերեզմանը անտերության, անմխիթար վիճակի մեջ տեսնեիք: Այսինքն՝ մեզանում էդ «գալոչկա դնելու» հոգեբանությամբ այդ օրը  օրացույցում կհիշենք, բայց դրանից հետո «ամեն մարդ իր դարդին» սկզբունքով է շարունակում ապրել: Պետք չէ այդպես լինի: Մենք պետք է ունենանք գաղափարախոսություն՝ ազգային պետական մակարդակի, սկսած նրանից, թե ինչ ենք տալիս մենք  դպրոցներին, ինչ քաղաքացի ենք մենք ուզում տեսնել և այդ քաղաքացին ինչ արժեհամակարգով պետք է մեծանա: Երբ որ երեխան դասագրքում կարդում է մի բան, դուրս է գալիս իրականություն և տեսնում, որ այստեղ բոլորովին ուրիշ պատկեր է, մենք չենք կարող լուրջ փոփոխություն ակնկալել: Հասկանու՞մ եք, երբ ազգային միասնություն, համերաշխություն, ազգային ոգի է քարոզվում, բայց երեխան դրսում տեսնում է իր հարևանի երեխան՝ ազատամարտիկի երեխան, ցնցոտիներով է շրջում, իսկ պետական պաշտոնյայի կամ օլիգարխի կիսագրագետը ապրում է ուրշ կենցաղով, դասագրքում գրվածը իր իմաստը կորցնում է: Ապրիլյան այս օրերին սա ավելի ցայտուն ընդգծվեց: Սոցիալական ծանր պայմաններում ապրողներն էին առաջին գծում, բայց մյուս կողմից հայրենիքի ամենածանր օրերին առաջինը իրենք տեղում կանգնեցին: Կրթությունն այնպիսի բան է, որ համակարգված պետք է լինի: Կրթությունը և՛ լրատվամիջոցներն են, և՛ էդ փողոցն է, մտածողությունը, հասարակական մթնոլորտն է և, իհարկե, դպրոցի դասագիրքն ու համալսարանը: Այդ ամբողջը մի համակարգ է, որից էլ ստեղծվում է հայկական քաղաքակրթությունը»:

Մեր ամենասիրելի թևավոր արտահայտություններից մեկն էլ սա է՝ պատմությունից պետք է դասեր քաղել: Բայց նույն այդ պատմությունը և կյանքն բազմիցս ապացուցել են, որ այն, այնուամենայնիվ, մեզ համար չի գործում: Երբ վտանգն անցնում է, մենք կրկին վերադառնում ենք նախկին իրականությանը՝ սևն ու սպիտակն իրար խառնած, անտարբեր, հոգնած, անհույս պայքարով ու անպտուղ վերջաբաններով: Մենք մեր սխալները տեսնելով՝ չենք ուղղվում, չենք վերանայում և վերագնահատում մեր արժեքները: Պատմաբան Արտակ Մովսիսյանի կարծիքով՝ ամեն ինչ սկսվում է ես-ի գիտակցումից: «Մեզ պետք է  ուղղակի ճիշտ սերունդ դաստիարակել՝ ճիշտ արժեհամակարգով:- ասում է նա,- Ցանկացած երկրում պատերազմից հետո խնդիրներ լինում են: Միշտ լինում է այն մտածողությունը, թե ես գնացել կռվել եմ, ուրեմն ավելի շատ պիտի ստանամ: Սրան զուգահեռ՝ նաև ցանկացած երկրում լինում է այն խավը, որը պատերազմի ժամանակ փախնում է, թալանելով հարստանում  և պատերազմից հետո սկսում է այդ հարստությունն օգտագործելով՝ իշխանության գալ ու իր հնարավորությունն ի չարս օգտագործել: Երբ որ դու ունենում ես ճիշտ արժեհամակարգով սերունդ, ինքը ամեն մեկին իր տեղն է դնում: Միայն այդ դեպքում պատերազմից փախածներն էլ չեն կարողանում իրենց չգիտեմ ինչի տեղ դնել, պատերազմում կռվածներն էլ՝ գիտակցելով, որ իրենք պարտք են կատարել, սովորական ժողովրդից հատուցում չեն պահանջելու: Որովհետև երբ որ իրենք կռվել են, իրենց թիկունքը նույն այդ ժողովուրդն է պահել»:

Արտակ Մովսիսյանը նաև ԵՊՀ-ի դասախոս է, նա անմիջական շփում և պատկերացումներ ունի երիտասարդ սերնդի մասին: Այն սերնդի, որը բազմիցս քննադատվել է ավագների կողմից՝ որպես քիչ կարդացող և ժամանցի սիրահար, բայց առավելապես այն սերնդի, որն իր լուսավոր հայացքով ու ըմբոստ կեցվածքով արդեն քանիերորդ անգամ հաստատում է, որ ինքն ուրիշ է: Ցուրտ, անլույս, կիսասոված ու սթրեսներով լի օրերում ծնված, մեծացած այս երիտասարդությունն ավելի ամուր է, հավանաբար դժվարությունների մեջ կոփված լինելու փորձով: Նա իրեն երկրի մասնիկն է համարում և պայքարում է նրա ազատության համար: Նա ներսի մարտիկն է՝ հաստափոր, տգետ, գավառական արտիստիզմ բանեցնող ոստիկանի, անհույս ջրցանի ու զենք գողացող պաշտոնյայի դեմ: Նա սահմանին մինչև մահ կռվող զինվորն է ու երկրի տկար դիվանագիտությունը փրկող միակ ուժը: Նա Հայաստանն է: 

«Որովհետև մենք շատ լավ գենի կրողներ ենք,- համոզված է Ա. Մովսիսյանը,- շատ առողջ գենի, և դա աստծո շնորհն է, որ տրված է մեզ: Ինչքան էլ փորձեցին դա փչացնել ներսից ու դրսից, չստացվեց: Ի վերջո այս ապրիլյան պատերազմը ամեն ինչ ցույց տվեց և ոչինչ չկա այստեղ հավելելու կամ մեկնաբանելու: Պարզապես մենք պետք է սովորենք ճիշտ պետություն կառուցել: Երբ որ գիտակցությունը մեզ մոտ հասունանա, որ ազգը մի ընտանիք է և ամեն ինչ այդ ընտանիքի շուրջ է կառուցվում, ապա այդ ընտանիքից դուրս մտածող մարդիկ ուղղակի այդ տանը տեղ չեն ունենա: Ազգ-պետությունը ընտանիքի գաղափարով կառուցելը դժվար չէ, պետք է ունենալ ճիշտ կրթություն և իսկական հերոսներին արժևորելու, ճիշտ ներկայացնելու սկզբունք: Ապրիլյան պատերազմը մեզ բացառիկ մեծ հնարավորություն է տվել շտկվելու, այլ հարց է, թե մենք դա ճիշտ կօգտագործենք, թե ոչ:  Այս օրերին մեզ մոտ անընդհատ հնչում, բարձրաձայնվում է մի միտք, որի հետ ուղղակի չես կարող չհամաձայնել. այն է, թե այս ամենից հետո իշխանությունները ինչքան տականք պիտի լինեն, որ երկրում չփոխեն սոցիալական քաղաքականությունը: Միանշանակ համաձայն եմ: Եվ այստեղ այլ հարց է, թե որքանով մենք հետևողական կլինենք, թե՞ թողնելու ենք նույն ինքնահոսի մեջ, գնալ այն հունով, ինչպիսին որ կար: Մեղավորը արդեն մենք կլինենք, եթե տեր չկանգնենք այս հոսքի ուղղությանը»:

Մեկնաբանություններ (5)

Գայանե Դավթյան
Մեր հրաշք դասախոսը․․․մեծատառով Մարդ ու քաղաքացի, որքան բան կա այս տողերի մեջ, որի տակ ստորագրում եմ մեկ առ մեկ։
Հայկ
Ապրես, զտարյուն հայ և ճշմարիտ հայրենասեր:Ստորագրում եմ բոլոր մտքերի տակ: Այո պետություն պետք է կերտել, ազգային պետություն` իր գաղափարախոսությամբ: Մեզ այլընտրանք չկա: Առաջարկիր ազգային գաղափարախոսության սկզբունքների քննարկում. հրատապ հարց է, անհետաձգելի խնդիր. Ժողովուրդն ասում է. Ակոսի ծռությունը մեծ եզից է: Առաջին նախագահ կոչվածը իր թեթև խոսքով/թե խելքով/ հեչ համարեց ազգային գաղափարախոսությունը. հետևանքը` ոչ միայն ազգային պետություն, այլև պետություն չստեղծվեց, թեև կան պետական խորհրդանիշեր և իշխանություն: Մի խոսքով անցնենք գործի. լավ է ուշ քան երբեք:Հաջողություն մեզ...
Karen
Գետի ափին հեղինակի նկարը Արաքսի որ մասում է կատարվել?
Սվետա
ժամանակին երբ Ռւսաստանը մեծ միություն էր ապրում էին բոլոր երկրները համերաշխ և մարդիք իրենց երջաիկ էին զգում։ Շատ երկրներ վախենում էին և հարգում էին Ռուսաստանին մեծ միություն լինելու համար ։ իհարկ է կաին սխալեր և սև ուժեր բայց կա որևէ երկիր որ թերություն չունենա Գեռմանիան այս տեսնելով և վախենալով ուզում էր քանդել և թուլացներ այդ միություը և դրա համար կանչեց Գառբաչովին կաշառեց և համոզեց որ ցրի այդ միությունը։ Ցավոք սրտի դա կատարվեց ու Գերմանիան Գառբաչովին շնորհեց որպես Գերմանիայի պատավոր քաղաքացի։ Իսկ Ռուսաստանը քայքայվեց ու հասավ այս օրվան և ունի անհայտ անորոշ ճակատագիր։ Նույն ժամանակաընթացքում Գերմնիան կառուցեց մեծ միություն եվրոպական երկրների հետ, առաջվա Ռուսաստանի նման, դա շատ դժվար բան էր բայց մասամբ հաջողվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մեռկելին։ Հետեքրքիրը այն է որ հիմա Թուրքիան է անում նույն բանը, ուզում է ստեղծել մեծ միությում մուսուլմանական երկրներով։ Հետևություն մարդը ուժեղ չէ երբ նա մենակ է, նա ուժեղ է զգում երբ նա ընկերներ և հարազատներ ունի ։ Երկիրը նմանապես, նա ուժեղ չէ մենակ , նրան հեշտ է կոտրելը։ Դա նման է ասենք ոնց որ կոտրես մեկ ցախավելի ճյուղ։ Բա Հայաստանը ում հետ է միությու ստեղծելու որ մենակ չմնա էս մուսուլմանական երկրների մեջ շրջափակված։
հայ
Շատ վատ բան է, երբ հարգարժան պատմաբանի , ծանրակշիռ վաստակի ֆոնին ի հայտ են գալիս բացահայտ անգրագետ և գռեհիկ մեկնաբանություններ։ Հարգելի տիկին Սվետա ավելի լավ է ոչինչ չանել, քան թե անկապ մտքեր արտահայտել։ Ինչպես ասում են «լռությունը ոսկի է»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter