HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղատնտեսական առաջարկ կառավարությանը. գործարարը փնտրում է ծրագրի մերժման պատճառը

«Կրեպսոն» ընկերության նախագահ Արման Երեմյանը կառավարությանը գործնական առաջարկ է ներկայացրել: Նա թղթապանակից հանում է ՀՀ նախագահին, վարչապետին, գյուղնախարարին ու նրա տեղակալին, ԱԱԾ-ին ուղղված նամակների պատճենները: «Հայաստանում ազդեցիկ մարդ չի մնացել, որ նամակ չգրեմ»,- ասում է Արմանը:

Գործարարությունն սկսել է շենքի բակում միրգ-բանջարեղեն վաճառելով: Այդ ժամանակ էլ, նշում է, հետաքրքրվել է գյուղատնտեսության ոլորտի վիճակով: Ասում է՝ Հայաստանում հողը սնուցումից զրկվել է: Դրա հետևանքով էլ առողջ պտուղ չեն ստանում, բերքատվության ծավալներն էլ տարեցտարի նվազում են:

2012 թ.-ին իսրայելական «ICL» ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել` կալիում-ֆոսֆորական պարարտանյութի մատակարարման համար: Ա. Երեմյանը նշում է, որ ընտրել է աշխարհում պարարտանյութ արտադրող առաջատար ընկերությունը:

Իսրայելից երկու անգամ մասնագետներ են եկել Հայաստան, հողի, ջրի փորձաքննություն իրականացրել, այնուհետ պարարտանյութի փոքր խմբաքանակ են ներմուծել արդյունքների ուսումնասիրության նպատակով: Տրամադրվել են Արմավիրի մարզի Արևիկ, Փշատավան գյուղերին:

Արմանը նշում է, որ ֆինանսական միջոցներ չկարողացան գտնել, որպեսզի պարարտանյութը ներմուծեն Հայաստան: Ծրագրի համահեղինակներից մեկը Արմեն Խաչատրյանն էր, ով այս տարվա հունվարի 29-ին հանկարծամահ եղավ: Նրա գրավադրված բնակարանը ԴԱՀԿԾ-ն վաճառել է (Արմանի փոխանցմամբ՝ բնակարանը գրավադրել էին ծրագրի համար): Գործարարն ասում է, որ գործընկերոջ վրա շատ էր ազդել կառավարության անուշադրությունն իրենց ծրագրի նկատմամբ:

2015 թ.-ին ծրագրի աշխատանքները վերսկսել են (դրանից առաջ մեկ տարի չեն զբաղվել ծրագրով): Ներկայացրել են ՀՀ ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովին, որտեղ, ըստ Արմանի, աշխատակիցներից Յուրա Խալափյանը դրական կարծիք է հայտնել: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը ևս դրական է արձագանքել նախաձեռնությանը՝ ըստ գործարարի: Իսկ դրանից կարճ ժամանակ անց, Արմանն ասում է, որ նախարար Սերգո Կարապետյանը մերժել է իրենց ծրագիրը:

Ա. Երանյանը նշում է, որ այսօր կառավարությունը 1 հա-ի համար կալիում-ֆոսֆորական պարարտանյութը գնում է 154.000 դրամով (պարարտանյութի կես գումարը գյուղացին է վճարում, կառավարությունը սուբսիդավորում է), իսկ իրենց առաջարկած գինը 55.000 դրամ էր: Դարձյալ շարունակում է խոսքը. 3 տարի Հայաստան կալիում-ֆոսֆորական պարարտանյութ ներկրում է «Հրաշք այգի» ընկերությունը: Պարարտանյութի մի մասը, նրա կարծիքով, ննջում է պահեստներում, արդյունավետ չի ռեալիզացվում:

1 հա հողի համար կառավարությունը գնում է 550 կգ ֆոսֆոր-կալիումական պարարտանյութ, ինքն առաջարկում է 1 հա-ի համար 250 կգ, քանի որ իսրայելական պարարտանյութի որակը շատ բարձր է, նրա կարծիքով, ոչ միայն բերքատվությունն է ավելացնում, այլև պտղի որակը:

Առաջարկը ներկայացրել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Նա հավանություն է տվել ծրագրին, ապա ասել, որ խոսեն գյուղնախարար Սերգո Կարապետյանի հետ: Վերջինիս էլ ասել է, որ գրավոր ներկայացնի ծրագիրը:

Երեմյանը նշում է, որ նամակ է ուղարկել գյուղնախարարությանը՝ առաջարկելով Իսրայելից մասնագետներ հրավիրել, գնային ու որակական խնդիրները քննարկել: Պարարտանյութի ներկրման համար մրցույթին հայտ է ներկայացրել, մասնակցությունը հաստատել են, սակայն, ըստ նրա, մրցույթից 3 ժամ առաջ են միայն տեղյակ պահել մրցույթի անցկացման մասին, տեղեկացրել, որ ներկայացնի վերջնական գինը, ծախսն ու շահույթը: Սակայն, Երեմյանի խոսքով, այդ կարճ ժամանակամիջոցում անհնար էր անել դա: Դրանից հետո իրենց առաջարկի մասին՝ գնային 3 սխեմաներով, նամակ են գրել Սերժ Սարգսյանին: Այդտեղ նշել են, որ իրենց առաջարկն ընդունելու դեպքում նախնական հաշվարկով բյուջեից նվազագույնը 540 մլն դրամ է տնտեսվելու:

Այս տարվա հունվարի 26-ին գյուղնախարարի տեղակալ Սամվել Գալստյանից նախագահին ուղղված նամակի պատասխանն է ստացել: Համաձայն դրա՝ հանրապետություն են ներկրվում նմանատիպ (կալիում-ֆոսֆորական) համակցված այլ պարարտանյութեր, որոնց պահանջարկն առայժմ չի գերազանցում 500 տոննան, որը հիմնականում օգտագործվում է ջերմատնային տնտեսություններում: Արմանը նշում է, որ իր առաջարկած պարարտանյութը բաց գրունտի համար է:

«Առաջարկը չեն ուզում լսել, ասում են՝ բիզնես է, արեք»,- շարունակում է նա: Առաջարկի մերժման պատճառներն է փորձում գտնել, հարցնում է՝ իրե՞ն չեն վստահում, Իսրայելի՞ գործոնն է, թե՞ երկրում մենաշնորհի պատճառով է:

Ձայնագրությունից հետո ասում է՝ կամ թող ասեն, գիժ է, կամ ասեն՝ ինչո՞ւ են հրաժարվում նման համապետական ծրագրից, որի դեպքում երկիրը կարող է տնտեսել: Եվրոպայի մի շարք երկրներ այդ ընկերությունից են օգտվում, հիմա, ըստ նրա, ընկերությունը համաձայնել է կապ հաստատել Հայաստանի հետ, բայց այստեղ չեն ուզում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter