HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Լուսինե Կիրակոսյան. «Իմ կյանքը տրագիկոմեդիա է՝ լացն ու ծիծաղն իրար կողքի»

Հարցազրույցի առաջարկս ընդունում է սիրով, հանդիպումը նշանակում Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի մուտքի մոտ: Նշանակված ժամին զանգահարում եմ, ասում է՝ «Ես թատրոնում եմ, հիմա կգամ»: Շատ չեմ սպասում՝ վայրկյաններ անց նկատում եմ, թե ինչպես է դուրս գալիս մուտքից ու որոնող հայացքով նայում շուրջը՝ հասկանալու, թե անցորդներից որ մեկն է իրեն զանգահարած լրագրողը: Իսկ նրան անհնար է չճանաչել, եթե գոնե մեկ անգամ առիթ ունեցել ես տեսնելու որեւէ ներկայացման մեջ կամ ֆիլմում խաղալիս:

Լուսինե Կիրակոսյան՝ թատրոնի, կինոյի, հեռուստատեսության դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի, «Արտավազդ»  մրցանակակիր: Նկարահանվել է «Ձիավորը, ում սպասում էին» (1984), «Ավտոբուս» (1988), «Լաբիրինթ» (1994), «Մեր բակը» (1996), «Մեծ քաղաքի փոքր պատմությունը» (2007), «Փեսացուն կրկեսից» (2011) ֆիլմերում։ Խաղացել է Նվարդ «Սեր և ծիծաղ», Կին՝ «Ավտոբուս», Սիրարփի՝ «Քո վերջին հանգրվանը», Լուկա՝ «Շոկոլադ ուտող զինվորը», Սաթիկ՝ «Թաղի զավակը», Մայր՝ «Հալածված առաքյալը» ներկայացումներում, իսկ «Ցիանակալիում … Կաթով կամ առանց կաթի» ներկայացման մեջ Վեներանդայի դերակատարման համար 2011թ-ին արժանացել է «Արտավազդ» մրցանակի՝ «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում:

Ծննդյան օրվա մասին հարցը «ականջի հետեւ է գցում»: «Ըդիկ կարեւոր չէ,-ու էկրանից շատ ծանոթ ծիծաղը տարածվում է այգում,-կարեւորը ծննդավայրն է, իսկ ըդիկ սաղ գիտեն՝ Գյումրի»: Հարեւանությամբ նստած զույգը շրջվում է՝ հավանաբար ծիծաղի, գուցե եւ ծանոթ ձայնից, սակայն չեն կողմնորոշվում՝ Լուսինեն նրանց թիկունքով է նստած, իսկ իմ դեմքը ոչինչ չի ասում: Անցորդներից մեկը բարեւում է դերասանուհուն, մենք շարունակում ենք զրույցը: Ներողություն է խնդրում, որ տուն չի հրավիրել, ասում է՝ մի հատ շուն ունեմ, անծանոթ մարդ որ տեսնում է, էնքան է հաչում, մինչեւ գնան, հաստատ չէր թողնելու հանգիստ խոսեինք:

«Ինձ մեղադրում են, որ կենդանիներ եմ պահում, էն օրն էլ մի կատվի ձագ էին բերել դրել դռանս առաջ: Մարդիկ չարացել են՝ սպանում են շներին, բայց պիտի հասկանանք, որ դրանք էլ են Աստծո ստեղծածը: Ես հատուկ չեմ բերում-պահում: Տեսնում եմ փողոցում խեղճ, հիվանդ, լքված կենդանուն, բերում եմ, բուժում եմ, հետո տալիս եմ ցանկացողներին, եթե չեն տանում՝ մնում են իմ մոտ: Իսկ քաղաքապետարանն ասում է պիտի ամեն մի կենդանու համար 5000 դրամ տաս,-նեղսրտում է դերասանուհին,-հլը մի բան էլ իրանք պիտի ինձ փող տան, որ տեր եմ կանգնում: Ցավոք կյանքը շատ է փոխվել, արժեքներն են փոխվել, մարդիկ չեն գնահատվում՝ ուր մնաց թե կենդանիները»:

45 տարի թատրոնն ու բեմն իր առաջին տունը համարող դերասանուհին արդեն 3 տարի է բեմ չի բարձրանում,  որեւէ ներկայացման մեջ չի խաղում, դրամատիկականի ներկայացումներում ընդգրկված չէ, չի հայտնվում նաեւ էկրաններին: Ասում է՝ աշխատանքային գրքույկս, որ տեսնեք՝ էնտեղ մի տող կա գրված ընդամենը՝ Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն: «Ես միասեր եմ իմ բնույթով, նվիրվող եմ՝ մարդկանց, աշխատանքիս: Ես սիրելի հագուստից էլ եմ դժվար բաժանվում: Չեմ սիրում տուն փոխել, կոլեկտիվ փոխել: Հիմա սկսել եմ ափսոսալ դրա համար, մտածում եմ գուցե սխա՞լ եմ վարվել, պետք չէ՞ր այդպես հավատարմորեն նվիրվել մեկ թատրոնի, գուցե ճիշտը փնտրե՞լն էր, տեղից տեղ գնալը»,-մտահգությունից զրուցակցիս դեմքն ավելի է լարվում:

Թատրոնի նկատմամբ սերն ի հայտ է եկել վաղ մանկական տարիքից: Պատմում է, որ բակում հասակակիցներին հավաքում, ներկայացում էր բեմադրում, հետո հարեւաններին հրավիրում դիտելու՝ իհարկե փողով:

«Մոտս ռագատկա (պարսատիկ-հեղ.) կպահեի, ով չգար, ուրեմն լուսամուտները պիտի ջարդեի: Վախից բոլորը գալիս էին,-զրուցակիցս ծիծաղում է,-7-րդ դասարանում էի, Սեւյանի կուլտուրայի պալատում Շվարկինի «Ուրիշի երեխան» ներկայացման մեջ հղի կին կխաղայի, դասատուներից մեկը տեսել էր, հարցս դրել էին, թե կհեռացնենք, դպրոցակա՞նն էլ հղի կնոջ դեր խաղա: Կանչեցին, թքեցին, մրեցին: Տնեցիք էլ էին դեմ՝ ասում էին մանկավարժական ընդունվի, բայց ես տնից փախնում, գնում խաղում էի: Տնից փախա՝ եկա ինստիտուտ, հետո, որ ընդունվել էի, հերս եկավ հետ տանի՝ չթողեցին, թե գերազանց ընդունվել է, ուր եք տանում: Ու հիմա կասկածում եմ արդյո՞ք ճիշտ արեցի, որ այն ժամանակ հորս հետ չգնացի, որովհետեւ ինչին, որ արժանի էի՝ չստացա»:

Ընդունվում է Վարդան Աճեմյանի կուրսը, ասում է՝ Աճեմյանն ինձ պատրաստում էր Սունդուկյանի անվան թատրոնի համար: Երրորդ կուրսում հրավեր է ստանում աշխատելու Հրաչյա Ղափլանյանի նորաբաց երիտասարդական թատրոնում: Վարդան Աճեմյանը տեղեկանալով Լուսինեի «ինքնագլուխ» քայլի մասին՝ ջղայնանում է՝ պահանջում դուրս գալ նորաստեղծ թատրոնից:

«Ես էդ ժամանակ հանրակացարանում կապրեի, Ղափլանյանն էլ 80 ռուբլի աշխատավարձ կուդար: Աճեմյանն օր ջղայնացավ, թե դուրս արի, ես էլ ըսի՝ «ընդեղից ռոճիկ կստանամ, դու ընձի ի՞նչ կուդաս, օր ես դուրս գամ»: Մեր զրույցը գրական հայերենի եւ գյումրվա բարբառի խառնուրդ է՝ Լուսինեն սահուն անցում է կատարում մեկից մյուսին՝ հատկապես հումորային պատմությունները ներկայացնելիս:

«Ցիանակալիում … Կաթով կամ առանց կաթի»՝ 
Վեներանդայի դերում

«Ղափլանյանի ժամանակ էդպիսի օր չկար, որ ես զբաղված չլինեի: Առավոտ փորձ՝ իրիկունը ներկայացում, էնքան որ հոգնում էի, առավոտները չէի կարողանում արթնանալ, որ գայի փորձի, դրա համար էլ միշտ ուշանում էի: Մի անգամ էլ, որպեսզի չուշանամ, աղբի մեքենան էր անցնում՝ ձեռս տնկեցի, կանգնեցրի, ասի ի՞նչ կեղնի ընձի տանիք մինչեւ կինո Նաիրի: Վարորդը եզդի էր, ասեց նստի ցավդ տանեմ: Նստա, եկա փորձի, հիմի ով կկանգնի կողքս քիթը վեր կքաշե, թե էս ի՞նչ հոտ է, դու մի ասա զիբիլի ավտոյի հոտը սաղ կպել էր վրես, քա ըսի ի՞նչ եղավ ձեզի, առավոտ եմ լողցե, հարցրին, թե ինչով ես եկել, ասի զիբիլի ավտոյով՝ փորձից ազատեցին, ասին գնա շորերդ տուր խիմչիստկի»:

Փորձերից ուշանում էր նաեւ «Տիր»-ում կրակելու սերը հաղթահարել չկարողանալու պատճառով: Պարծենում է, թե իրենից լավ «սնայպեր» ՝ դիպուկահար դուրս կգար: «Կինո Նաիրի»-ի կողքը «Տիր» կար, մինչեւ գործի գալս կմտնեի, մի կես ժամ կկրակեի, նոր կերթայի գործի: Հենց կուշանայի՝ գիտեին, օր կրակելու եմ մտել: Երեւանի սաղ տիրերի մրցանակները ես կտանեի»,-հիշելով երիտասարդական տարիների խենթությունները՝ Լուսինեն ժպտում է՝ նշելով, թե սիրտը վիրահատված չլիներ, կգնար Ղարաբաղ կռվելու:

«Ես ավելի դրամատիկ դերասանուհի եմ, դիպլոմիս մեջ էլ է դա գրած, բայց մարդիկ մի քիչ սխալ են ընկալում, երբ մարդն ի ծնե հումոր է ունենում, իսկ մեր ընտանիքի յուրաքանչյուր անդամը մեծ հումորի տեր է, ինչպես գյումրեցիների մեծամասնությունը, չնայած գյումրեցի էլ եմ տեսել, օր մի գրամ հումոր չունի, ըմբես կամնչնամ ես ըդոնց տեղը,-Լուսինեն կրկին ծիծաղում է իր վարակիչ ծիծաղով,-հա, ինչ էի ասում, մարդկանց մոտ սխալ կարծիք է ձեւավորվում, որ ես կատագերկակ դերասանուհի եմ: Իրականում ես բազմաժանր եմ, անունս թատրոնում դրել էին շտապօգնություն, ով հիվանդանում էր, ինձ էին կանչում՝ առանց փորձի դերեր եմ խաղացել»:

Լուսինեն կյանքում էլ է անմիջական ու զերծ «գլամուրային պաթոսներից»: Պատմում է, թե ինչպես է մի անգամ Գյումրի գնալիս շոկի ենթարկել իր հետ տաքսիում գտնվող ուղեւորներին: «Մի անգամ Լեննական էի գնում, էդ տարիներին մեքենա էր գալիս, որ աղբը թափեինք, չհասցրեցի աղբը թափեի, լավ ուպակովկա արեցի, լենտերով կապեցի, գնացի նստա տաքսի, ճամփի կեսին, չոլի մեջտեղը տաքսին կանգնեցրի , վարորդին բագաժնիկը բացել տվեցի, աղբը հանեցի, տարա հեռու քարի վրա դրեցի, եկա, ու հա մեքենայի միջից հետ եմ նայում, ընբես մեղքս տվեց խեղճ զիբիլիս օր մենակ մնաց ընդեղ: Կողքիս նստածները կասկածանքով, վախեցած սկսեցին ինձ նայել՝ ասի սու՛ս, մարդ եմ մորթել, դրել եմ էդտեղ,մարդու բան չասեք, իրանց էլ թվաց, թե գժանոցից քիչմ շուտ եմ դուրս գրվել»:

Անձնական կյանքից խոսել չի ցանկանում՝ ասում է. «Իմ կյանքը տրագիկոմեդիա է՝ լացն ու ծիծաղն իրար կողքի: Ծնվել եմ դեկտեմբերի 4-ին, ուժեղ աղեղնավոր եմ հորոսկոպով, ընձի կըսեին, քանի՞ տղամարդ բդի իրար զարգեն, օր քեզի արժանի ինչ որ մեկը ստացվի»: Երտասարդ տարիքում ամուսնացել է, հետո ամուսնալուծվել: Երկու երեխա է լույս աշխարհ բերել, որոնք մահացել են ծնվելուց անմիջապես հետո:

«Ամազոններ» ներկայացման մեջ խաղում էի հղի վիճակով, որ չէր կարելի, փորս կապում էին պինդ, որ թռնեի, ասում էին բան չի լինի: Ջահել էի, շատ բան չէի հասկանում,-զրուցակիցս կրկին տխրում է,- էս խելքս, որ էն ժամանակ ունենայի, երեւի շատ բաներ չանեի: Էնքան ցավալի, էնքան սխալ բաներ կան, ոնց որ Սարոյանն է ասում՝ ինչ որ մի բան , ինչ որ մի տեղ ճիշտ չէ, բայց եթե կյանքս նորից ապրելու լինեի՝ հաստատ նույն ձեւով էլ ապրելու էի»:

Դերակատարումների հետ կապված կրկին քանդում ենք հիշողությունների կծիկը: Լուսինեի դեմքը պայծառանում է, կանացի կոկետությամբ մազերը դեմքից հեռացնելով՝ կարծես իմիջայլոց, ասում է, որ 90-60-90 կազմվածք է ունեցել ու շատ գեղեցիկ ոտքեր: «Մեր մոտ բեմադրվում էր Բեռնարդ Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը», բեմադրիչը Մոսկվայի փոքր թատրոնից էր: 70-ականներն էին ու էն ժամանակ կարճ էինք հագնում: Էդ ռուս ռեժիսորն էլ բռնեց սաղին երկար հագցրեց, ընձի՝ ծկներից հետ ու անընդհատ կկրկներ «օխ կակիե նոժկի», շորս էլ կլյոշ էր, կըսեր պիտի ֆռաս, որ ոտքերդ երեւա, ես էլ որպես իսկական լեննականցի՝ կֆռռայի ու ձեռքերով փեշերս կբռնեի»:

1988թ. Արմեն Խանդիկյանը բեմադրում է «Ավտոբուս» ներկայացումը, որտեղ Լուսինեն խաղում է կին ուղեւորուհու դերը: Մոսկվայում կայացած սովետաբուլղարական փառատոնին Արմեն Խանդիկյանն արժանանում է «Լավագույն ռեժիսուրա» մրցանակին, իսկ Լուսինե Կիրակոսյանը կնոջ դերակատարման համար պատվոգրի ու մրցանակի: Ասում է ներկայացումն այնքան լավ էր ընդունվել, որ հետագայում նրանց հրավիրում են Բուլղարիա հյուրախաղերի:

«Իմ սիրած ներկայացումներից էր նաեւ «Սեր ու ծիծաղ»-ը, որտեղ օղորմածիկ Նաիրի Զարյանի տղան քահանա կխաղար, ես էլ գնում էի նրա մոտ նամակ ստորագրել տալու,-հիշում է զրուցակիցս,-մի հատ մեծ տեսարան էր, որի մեջ ես երգում ու պարում էի: Էդ երգը լսելու համար ամբողջ թատրոնը գալիս կուլիսներում հավաքվում էր, որ էդ կտորը նայեին: Բայց եկավ թատրոնի 30-ամյակը, ներկայացումը դրվեց, մտածում էի, թե ես եմ խաղալու, բայց ցավոք չխաղացի»:

Հարցնում եմ, թե եղել է դեպք, որ իր համար հատուկ դեր գրվի կամ ընտրվի պիես հատուկ իր համար: Պատմում է, որ նմանատիպ մեկ դեպք եղել է, երբ դրամատուրգ Ժորա Հարությունյանը «Քո վերջին հանգրվանը» պիեսում փոփոխություն է կատարել: «Որ նոր պիես էր գրվում, կանչում էին դերասաններին, պիեսները կարդում էին: Ժորան էլ բերեց կարդաց, հետո եկավ ըսեց՝ հը՞, Լուս ջան, ո՞նց էր, հավանեցի՞ր: Ասի՝ ինձ մի հատ հարմար դեր չկար, դրա ինչը հավանեի, կանգնեց, կանգնեց, ըսավ՝ առավոտ դերդ կլինի: Ուրեմն ինքը գրել էր Ամերիկայից եկած Անդրանիկ, գնացել գիշերը նստել էր, Անդրանիկը դարձրել էր Սիրարփի, որ ես խաղամ, էդ սաղ աշխարհը գիտե: Շատ հետաքրքիր դեր էր, որ նախ ժողովրդին ստիպում էի իմ խաղով կոտորվել ծիծաղից, իսկ վերջում իմ հետ արտասվում էին»:

Ասում է, որ միշտ երազել է խաղալ Կիտի Դյուվալի դերը Վիլյամ Սարոյանի «Ձեր կյանքի ժամանակը» պիեսում, սակայն տարիներն անցան ու ցանկությունն այդպես էլ մնաց ցանկություն:

«Տարիքի անցնելն իհարկե դերասանի համար շատ ճակատագրական է, եթե նախկինում տարիքային առումով դու կարող էիր դերեր խաղալ, որովհետեւ երիտասարդ էիր, ապա տարիների հետ այդ ընտրության հնարավորությունը պակասում է,-Լուսինեն ձեռքը թափ է տալիս ու շարունակում,-Խանդիկյանն ինձ խոստացել է, որ դուրս կբերի պարապուրդից, բայց ե՞րբ, չէր որ տարիներն անցնում են, իսկ ես մի քանի տարի է չեմ խաղում ու տանից դուրս եմ գալիս միայն աշխատավարձից աշխատավարձ: Երեւի իմ բնավորության պատճառով եմ տուժում՝ սովորություն չունեմ գնալ խնդրելու, անհանգստացնելու, դռներ թակելու: Դրա համար էլ տեղը որ գալիս է՝ հեշտորեն անտեսում են»:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արսեն Միզախանյանի

Ներկայացման լուսանկարները՝ Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկ թատրոնի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (1)

Վարսենիկ
Շատ հետաքրքիր է։ Բայց հարցազրույցի ամսաթիվը չեմ կարողանում գտնել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter