Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

«Արդար եւ անկողմնակալ» մրցույթներ` կանխորոշված հաղթողներով



«Պետությունը կարեւորում է հնարավոր բոլոր անձանց մասնակցությունը հայտարարված մրցույթներին եւ երաշխավորում արդար եւ անկողմնակալ մրցակցության ապահովումը» Գնումների գործակալության այս հայտարարությունը հեռուստատեսությամբ հնչում է ամեն օր:

Սակայն իրականությունն այն է, որ գնումներին մասնակից կազմակերպությունները, մրցութային հանձնաժողովի հետ համաձայնեցրած, շուկան բաժանել են իրար միջեւ: Իրականություն է նաեւ այն, մրցույթի պատվիրատու կազմակերպություններն ունեն իրենց նախընտրած ՍՊԸ-ն, որը պետք է «հաղթի» իրենց պատվիրած մրցույթում: Արդար եւ անկողմնակալ մրցակցություն, իհարկե, կարելի է ակնկալել, «եթե մասնակիցներից ոչ մեկը չկաշառի, կամ վերեւից հրահանգ չլինի ինչ-որ մեկի համար, բայց ... »:

«Եթե որոշել եք, որ ինքը պըտի հաղթի, պըտի ճիշտ անեիք»

Պետական գնումների գործակալությունը ապրիլի 25-ին հրավիրել էր Գեղարքունիքի մարզի Գետիկ գյուղի խմելու ջրագծի, Մարտունի գյուղի միջնակարգ դպրոցի հարդարման եւ Գավառի ծննդատան տանիքի հիմնանորոգման աշխատանքների համար հայտարարված մրցութային հանձնաժողովի երկրորդ նիստը: Գեղարքունիքի մարզպետարանի մրցութային հանձնաժողովն առաջին նիստում արդեն բավարար էր գնահատել մրցույթին մասնակից միակ կազմակերպության՝ Մարտունու «Բերրիություն» ա/մ ԲԲԸ-ի ներկայացրած փաստաթղթերը, եւ այդ օրը հավաքվել էին հայտատու կազմակերպության աշխատանքային հնարավորությունների որակական գնահատականը տալու, որի ակամա մասնակիցը դարձա ես:

Հանձնաժողովի քարտուղարը՝ Պետական գնումների գործակալությունը ներկայացնող Գեւորգ Մարկոսյանը, այնքան էլ գոհ չէր կանխորոշված հաղթողի ներկայացրած հայտից` փաթեթն ամբողջական չէր, փաստաթղթեր էին պակասում:

«Նախահաշիվ չկա, առաջարկի գինը պետք է համապատասխանեցնել, լավ, ոչինչ, էդի կփոխենք, կգրենք»,- ասաց քարտուղարը` ոտքի վրա թերթելով հայտի փաթեթը: Այնուամենայնիվ, իմ ներկայությունը մտահոգում էր «մրցույթի» պատասխանատու քարտուղարին, բայց հավաստիանալով, որ ես «դատախազությունից» չեմ, շարունակեց իր դիտողությունները:

«Տեղեկանքի ամսաթիվը ճիշտ չի, ճշտե՛լ»,- արդեն ավելի խիստ տոնով իր դիտողությունները շարունակեց հանձնաժողովին ներկայացնել քարտուղարը:

«Քանի՞ անգամ պետք է գնանք ու գանք, ախպե ' ր, էդքան գալիս էիր, ցույց տայիր, էլի~»,- իր հերթին հայտատուին կշտամբեց հանձնաժողովականներից մեկը:

Սակայն քիչ անց, երբ քարտուղարը նոր բացթողումներ նկատեց, այլեւս չթաքցրեց իր դժգոհությունը. «Ախպե՛, սենց չի ըլնի, էլի, եթե որոշել եք, որ ինքը պըտի հաղթի, պըտի ճիշտ անեիք»: Այդուհանդերձ, քարտուղարն իր գործն ավարտած համարելով` հավաքեց թղթածրարը ու հանձնաժողովի հետ հեռացավ դահլիճից` մրցույթում հաղթողի մասին հերթական արձանագրությունը կազմելու:

Գնումների գործակալության Գնումների վարչության պետ Արթուր Առաքելյանը, որն արդեն տեղեկացված էր իմ՝ լրագրողիս ներկայությամբ նման «թափանցիկ մրցույթ» անցկացնելու մասին, հայտնեց, որ այդ մրցույթը չկայացած է հայտարարվել:

Մեզ տրամադրված արձանագրության օրինակից տեղեկանում ենք, որ մայիսի 2-ին Գեղարքունիքի մարզպետարանի մրցութային հանձնաժողովը նիստ է գումարել եւ «հաղթողին» հաստատելու փոխարեն որոշում է կայացրել անբավարար գնահատել «Բերրիություն» ա/մ ԲԲԸ-ի ներկայացրած հայտը: «Հիմք ունենալով սույն արձանագրության 1-ին կետում նշված՝ Մարտունու «Բերրիություն» ա/մ ԲԲԸ-ի գնահատման անբավարար գնահատականը` վերոհիշյալ մասնակցի հայտը մերժել հետեւյալ հիմնավորումներով. հայտում ներկայացված նախորդ ժամանակահատվածում նմանատիպ աշխատանքների պայմանագրերի պատճեններն ամբողջական չեն, բանկի կողմից կնքված քաղվածքը՝ մասնակցի բանկային հաշվում առկա դրամական միջոցների մասին, տրված է 11.04.2007թ. դրությամբ, սակայն պետք է լիներ առնվազն հայտը ներկայացնելու նախորդ աշխատանքային օրվա դրությամբ»:

Հանձնաժողովն այս գնահատումը, «Գնումների մասին» օրենքի համաձայն, անում է առաջին նիստի ժամանակ, երբ բացում է հայտի առաջարկներ պարունակող ծրարները եւ ստուգում փաստաթղթերի համապատասխանությունը օրենքի պահանջներին: Անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում հանձնաժողովը մերժում է հայտը: Նույնը հաստատեց նաեւ Գնումների վարչության պետը. «Առաջին նիստի ժամանակ ներկայացվում են մրցույթի մասնակիցների անվանումները, հրապարակվում են նրանց ներկայացրած փաստաթղթերը, եւ հրապարակվում է տեղեկատվություն այդ փաստաթղթերի` մրցույթի պայմաններին համապատասխանության վերաբերյալ: Եթե իր վավերապայմաններով ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են մրցույթի պահանջներին, ապա տեղափոխվում է երկրորդ փուլ, եթե չի համապատասխանում, նա կմերժվի հենց բացման նիստի ժամանակ»:

Նշենք միայն, որ «Բերրիություն» ա/մ ԲԲԸ-ի ներկայացրած հայտը, ապրիլի 25-ին տեղի ունեցած նիստի արձանագրության համաձայն, հանձնաժողովը «նախնական տվյալներով մրցույթի պահանջներին համապատասխան է համարել», այդ պատճառով էլ տեղափոխվել է հաջորդ փուլ: Ապրիլի 25-ի նիստում հանձնաժողովն արդեն գնահատել էր հիշյալ կազմակերպության որակական կարողությունները, միաժամանակ որոշել մայիսի 2-ին նիստ հրավիրել «մրցույթի հայտի գնահատման արդյունքները հաստատելու նպատակով», սակայն հարկադրված է եղել մերժել փաստաթղթերի անհամապատասխանության հիմքով:

Վարչության պետն ինձ հավաստիացնում է, որ իմ տեսածը գործակալության աշխատաոճը չէ, այդպես էլ է լինում, բայց «ընդհանրապես Գնումների գործակալությունում նորմալ մրցույթներ են անցկացվում»:

Մրցույթներ` առանց իրական մրցակցության

Պետական գնումների գործակալությունում ընտրողաբար ուսումնասիրում էի 2005-06 թթ. ընթացքում իրականացված մրցութային հայտերը: Ընդ որում` հայտերի փաթեթների ընտրությունը գործակալությունն էր կատարել: Ուսումնասիրության արդյունքում կատարած իմ եզրակցությունն այն էր, որ գնումներին մասնակից կազմակերպությունները, մրցութային հանձնաժողովի հետ համաձայնեցրած, շուկան բաժանել են իրար մեջ, քանի որ ընկերությունները նույն օրը մասնակցում են մի քանի մրցույթի, եւ նրանցից ամեն մեկը շահում է մեկ մրցույթում, ընդ որում` նրանց ներկայացրած փաստաթղթերն ամբողջական են միայն այն հայտի փաթեթում, որը նրանք շահել են, մյուսներում փաստաթղթերը թերի են, եւ հայտերը մերժվում են այդ հիմքով հենց առաջին փուլում: Երկրորդ փուլում, երբ կազմակերպության որակական գնահատականը պետք է տրվի, այսինքն` մրցակցությունը պետք է ընթանա կազմակերպությունների աշխատանքային կարողությունների եւ բուն նախագծերի միջեւ, նրանք արդեն մրցակից չունեն: Այսպես`

2005 թ. դեկտեմբերի 30-ին տեղի է ունեցել 3 մրցույթ ՝ Սյունիքի մարզի գյուղ Ախլաթյանի, Քարահունջի եւ Շաքեի դպրոցների հիմնանորոգման աշխատանքներ: Երեք մրցույթներին մասնակցել են «Գուրոս» ՍՊԸ-ն եւ Սիսիանի «Նորոգշին» ԲԲԸ-ն: Ախլաթյանի դպրոցի հիմնանորոգման մրցույթը շահել է Սիսիանի «Նորոգշին» ԲԲԸ-ն, իսկ Քարահունջի դպրոցի հիմնանորոգման մրցույթը` «Գուրոս» ՍՊԸ-ն, որին Ախլաթյանի դեպքում մերժել են այն հիմքով, որ մրցութային փաթեթում բացակայել է գույքահարկի մասին տեղեկանքը, մրցույթի հայտի ապահովման բանկային երաշխիքի ժամկետը չի համապատասխանել մրցույթի հրավերով սահմանված ժամկետին:

Շաքեի դպրոցի դեպքում «Գուրոս» ՍՊԸ-ին մերժել են հետեւյալի համար՝ բացակայում է ՀՀ տնտեսական դատարանից տեղեկանքը, հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով ժամկետանց պարտքեր չունենալու մասին տեղեկանքները բնօրինակ չեն, մրցույթի հայտում բացակայում են նմանատիպ աշխատանքների պայմանագրի պատճենը, պետական գրանցման վկայականի պատճենը, պայմանագրի ամբողջ ծավալով պատշաճ կատարված աշխատանքների կատարողական ակտերի պատճենները, պայմանագրի ամբողջ ծավալով պատշաճ կատարված աշխատանքների հանձնման-ընդունման արձանագրությունների պատճենները, շինարարության շահագործման փաստագրման ակտը, տեխնիկական միջոցների եւ սարքավումների նկատմամբ սեփականությունը հավաստող փաստաթղթերը, 2005թ. տարեկան հաշվետվությունների պատճենները, ֆինանսական միջոցների առկայությունը հավաստող փաստաթղթերը, ներկայացված մասնագետների աշխատանքային գրքույկների պատճենները, պահանջվող լիցենզիաների պատճենները, գույքի համար 2005 թ. դրությամբ վճարների գծով ժամկետանց պարտքեր չունենալու մասին տեղեկանքը, մրցույթի հայտի ապահովումը:

Սիսիանի «Նորոգշին» ԲԲԸ-ն Շաքեի դպրոցի դեպքում մերժվել է` «մրցույթի հայտում բացակայում է մրցույթին մասնակցելու առաջարկը» պատճառաբանությամբ:

2005թ. դեկտեմբերի 30-ին մրցույթ էր հայտարարված Շիրակի մարզի Բայանդուր, Մեծ Սարիար, Բավրայի, Զորակերտ գյուղերի դպրոցների հիմնանորոգման աշխատանքների համար: 4 մրցույթներին մասնակցել են«Ուստիան» ԲԲԸ, «Մալաք» ՍՊԸ-ն: Բայանդուր գյուղի դպրոցի հիմնանորոգման աշխատանքների համար «Ուստիան» ԲԲԸ-ի հայտը մերժվել է. «Բացակայում են պետական գրանցման վկայականի եւ լիցենզիայի պատճենների նոտարական կարգով վավերացված օրինակները, 2005թ. ֆինանսական հաշվետվությունների պատճենները՝ մասնակցին հաշվառող հարկային տարածքային մարմնի կողմից կատարված գրառումով, ստորագրված եւ կնքված հարկային պետական ծառայության կլոր կնիքով, տեղեկանքը մասնակցի՝ ՀՀ հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով ժամկետանց պարտքեր չունենալու մասին տեղեկանքները բնօրինակ չեն, ՀՀ տնտեսական դատարանից տեղեկանքը, ներկայացված մասնագետների աշխատանքային գրքույկների պատճենները եւ տեխնիկական միջոցների սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթերի պատճենները»:

Մեծ Սարիարի դպրոցի դեպքում «Ուստիան» ԲԲԸ-ի հայտը մերժվել է՝ «ներկայացված դրամարկղային գրքի գրառում պարունակող ոչ բոլոր էջերն են առկա» պատճառաբանությամբ:

Բավրայի դպրոցի դեպքում «Ուստիան» ԲԲԸ-ի հայտը մերժվել է՝ ՀՀ տնտեսական դատարանից եւ ՀՀ հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով ժամկետանց պարտքեր չունենալու մասին տեղեկանքները բնօրինակ չեն, եւ հայտի ապահովման գործողության ժամկետը չի համապատասխանում հրավերով սահմանված ժամկետին:

Զորակերտ գյուղի դպրոցի հիմնանորոգման աշխատանքների համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «Ուստիան» ԲԲԸ-ն` որպես տեխնիկապես բավարար գնահատված մրցույթի հայտ եւ տնտեսապես շահավետ առաջարկ ներկայացրած մրցույթի մասնակից:

Հետեւությունը մեկն է` եթե կազմակերպությունը մրցույթներից մեկին հայտի ամբողջական փաթեթ է ներկայացրել, որում բոլոր փաստաթղթերը բավարարում են օրենքի պահանջներին, կնշանակի` նա տեղյակ է, թե ինչ է պահանջվում մրցունակ հայտի համար:

«Երբ նույն կազմակերպությունը նույն օրը մասնակցում է 4 մրցույթի, եւ նրանցից միայն մեկում են նրա փաստաթղթերն ամբողջական, իրական մրցույթ տեղի չի ունենում: Այս երեւույթը չի՞ մտահոգում Ձեզ» հարցին Գնումների վարչության պետ Արթուր Առաքելյանը պատասխանեց, որ գործակալությունը բացատրություն տալու իրավասություն չունի: «Վատ է, որ կազմակերպությունը մասնակցում է 3 մրցույթի եւ 2-ի դեպքում մերժվում է, որի արդյունքում մրցակցությունն է պակասում»,- ասում է Ա. Առաքելյանը: Սակայն, նրա կարծիքով, երբ մի ընթացակարգ անցնում է հրապարակային, շատ դժվար է պայմանավորվել եւ դաշտը կիսել: «Մինչեւ հայտերի բացման պահը ոչ ոք չգիտի, թե ով կմասնակցի մրցույթին, ինչպե՞ս են պայմանավորվելու»,- ասաց վարչության պետը:

«Գնումների մասին օրենքի 29 հոդվածի 2-րդ կետը եւ 3-րդ կետի «դ» ենթակետը պահանջում են, որ հայտատուն իր տվյալները գրի ծրարին եւ գործակալությունը մինչեւ բացման արարողությունը գիտի, թե ովքեր են մասնակցում մրցույթին, հետեւբար գաղտնի լինելու մասին խոսք չի կարող լինել»,- նշեց միջազգային գնումների փորձագետ Լեւոն Հովսեփյանը: Փորձագետը շեշտեց, որ եթե հայտերից մեկով կազմակերպության ներկայացրած որակավորման տվյալները բավարար են մրցույթներից մեկում հաղթող ճանաչվելու համար, ապա նրա հայտը չի կարող մերժվել մեկ այլ, առավել եւս նույն օրը անցկացված նմանատիպ մրցույթում որակավորում չունենալու համար: Գնումների մասին օրենքը չի պարտավորեցնում հայտը մերժել այս կամ այն երկրորդական նշանակություն ունեցող փաստաթղթի բնօրինակի բացակայության եւ նմանատիպ այլ պատճառներով: Մինչդեռ, փաստաթուղթը մոռանալու պատճառաբանությամբ հանձնաժողովը մերժում է հայտերը, ըստ էության չհասնելով նրանց որակավորման գնահատականին:

Մրցույթի պատվիրատուներն ունեն իրենց կազմակերպությունները

Հայտերի փաթեթների ուսումնասիրության արդյունքում մեր մյուս եզրակացությունն այն էր, որ մրցույթի պատվիրատու կազմակերպություններից ամեն մեկն ունի իր նախընտրած ՍՊԸ-ն, որը պետք է «հաղթի» իր պատվիրած մրցույթում: Ընդ որում` մարզպետարանների պատվիրած մրցույթներին հիմնականում նույն մարզի կազմակերպություններն են մասնակցում, այսինքն` բաժանումն արվում է հենց այնտեղ: Նույն մեթոդով են աշխատում նաեւ նախարարությունները` նրանք նույնպես աշխատում են որոշակի կազմակերպությունների հետ: Պայմանավորվելը բացառապես դժվարություն չի ներկայացնում, քանի որ մրցութային հանձնաժողովները ձեւավորում են մրցույթը պատվիրողները` իրենց աշխատակազմից:

2006 թ. փետրվարի 18-ին ոռոգման ոլորտում տեղի է ունեցել 4 մրցույթ, որից 3-ին մասնակցել է «Էջմիածնի æրշին» ՍՊԸ - ն, եւ երեք մրցույթներում էլ հաղթողը նա է եղել: Երեք դեպքում էլ նա մի մրցակից է ունեցել, երեքն էլ` տարբեր կազմակերպություններ, եւ երեք դեպքում էլ նրանք համարվել են որակապես բավարար գնահատված հայտեր, սակայն մշտապես ավելի փոքր գումար է ներկայացրել «Էջմիածնի æրշին» ՍՊԸ-ն, եւ նրա հայտը գնահատվել է տնտեսապես շահավետ առաջարկ: Նշենք, որ սա միակ չափանիշն է, որի դեպքում հանձնաժողովը դրական է գնահատում հայտը եւ պայմանագիր է կնքում ցածր գնային առաջարկ ներկայացրած կազմակերպության հետ: «Էջմիածնի æրշին» ՍՊԸ-ն պետք է երկու մրցույթով կատարեր Հրազդան գետի հունի մաքրման եւ հողաթմբերի ամրացման աշխատանքներ եւ «Արարատի մարզի Արազդայանի գլխավոր կոլեկտորի ջրահավաքներ 7, 8, 9 եւ10 իրենց չորացուցիչներով»:

2006 թ. մարտի 27-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պատվերով մրցույթ է հայտարարվել Երեւանի անօթեւանների կենտրոնի հիմնանորոգման աշխատանքներ կատարելու համար (ծածկագիր` 06/258), որին մասնակցել են 7 կազմակերպություններ, որոնցից 6-ի ներկայացրած հայտերը մերժվել են փաստաթղթային անճշտությունների պատճառով: Երկրորդ փուլ է անցել միայն «Ամարաս Յուս» ՍՊԸ-ն , քանի որ նախարարության ձեւավորած հանձնաժողովը նրա հնարավորությունները ճանաչել է մրցույթով պահանջվող որակավորման չափանիշներին համապատասխան:

Նույն օրը հիշյալ նախարարության պատվերով Գնումների գործակալությունը իրականացրել է մեկ այլ մրցույթ` Երեւանի թիվ 1 տուն - ինտերնատի հիմնանորոգման աշխատանքների իրականացում (ծածկագիր` 06/255): Այս մրցույթին դարձյալ մասնակցել են 7 կազմակերպություններ, որոց թվում` նաեւ «Ամարաս Յուս» ՍՊԸ-ն: Կազմակերպություններից 6-ի ներկայացրած հայտերը դարձյալ մերժվել են փաստաթղթային անճշտությունների պատճառով: Երկրորդ փուլ է անցել միայն «Ամարաս Յուս» ՍՊԸ-ն, քանի որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ձեւավորած հանձնաժողովը նրա հնարավորությունները ճանաչել է մրցույթով պահանջվող որակավորման չափանիշներին համապատասխան, եւ աշխատանքների իրականացման պայմանագիրը դարձյալ նրա հետ է կնքվել:

Նույնիսկ այն դեպքում, երբ վերջնական փուլ են անցել երկու կազմակերպություններ, որոնց ներկայացրած հայտերը տեխնիկապես բավարար են գնահատվել, հանձնաժողովը մրցույթում հաղթող է ճանաչել եւ պայմանագիր է կնքել նույն կազմակերպության հետ` «տնտեսապես շահավետ առաջարկ ներկայացրած» լինելու հիմնավորումով:

Նշենք, որ նախկինում կատարված նմանատիպ աշխատանքի պահանջի համար որոշ կազմակերպությունների ներկայացրած տեղեկանքներից պարզվում է, որ նրանք նախկինում էլ նույն պատվիրատուի հայտարարած մրցույթն են շահել:

«Այդ հանգամանքը կասկածի տեղիք չպետք է տա: Եթե կա մի կազմակերպություն, որն աշխատանքը պատշաճ է իրականացրել, ինչո՞ւ եք զարմանում, որ այդ կազմակերպությունը դարձյալ ընտրվել է: Հեռավոր մարզում մի շարք հանձնաժողովներ ինչ-ինչ պատճառներով նախընտրում են, որ իրենց մարզից լինեն մասնակիցները, եթե դա տնտեսական շահավետությունն է պահանջում: Հնարավոր է դեպք, որ նկատեք նույն մարզում նույն սուբյեկտներն են մասնակցում, եւ հնարավոր է, որ դրանց թիվն ավելանա մեկով կամ երկուսով կամ այլ մարզերից էլ մասնակցեն: Կա մի այլ հանգամանք եւս, որ երբեմն հանձնաժողովներն աչք են փակում որոշ թերությունների վրա` ասելով. «...այդքան հեռու տեղից անընդհատ չեմ գալու-գնամ», քանի որ մրցույթը չկայացած լինելու դեպքում այն պետք է կրկնել»,- մեր դիտարկմանը չի առարկում Գնումների վարչության պետը:

Գնումների վարչության պետին ուղղված մեր այն հարցին` ճի՞շտ եք համարում, որ պատվիրատու կազմակերպությունն է ձեւավորում մրցութային հանձնաժողովը եւ ընտրում հաղթողին, նա պատասխանեց. «Հանձնաժողովների գործունեության կարգը հաստատվել է ՀՀ կառավարության 1267 որոշումով: Նրանք առավել ծանոթ են իրենց կարիքներին: Գնումների գործակալությունը ընթացակարգերի իմաստով ներկայացված է քարտուղարի միջոցով, որը ձայնի իրավունք չունի, եւ գործառույթներից մեկն է` ստուգել ներկայացված հայտերի օրենսդրությանը համապատասխանությունը: Գործակալության ներկայացուցիչ-քարտուղարը պարտավոր է կասեցնել հանձնաժողովի գործունեությունը, եթե կողմնակալ վերաբերմունք է նկատում: Վեճի առարկայի վերաբերյալ իր որոշումը փոխանցում է գործակալության իրավաբանական վարչությանը՝ նրանց գրավոր եզրակացությունը ստանալու համար: Իրավական տեսանկյունից, եթե քարտուղարի որոշումը սխալ է, ուղղակի վերականգնում են հանձնաժողովի աշխատանքը: Երեք անգամ սխալվելու դեպքում օրենսդրությունը պատժամիջոցներ է նախատեսել քարտուղարի համար»: Վարչության պետի տեղեկացմամբ` կասեցման գործընթացը, ինչպես նաեւ քարտուղարներին պատժելը, հազվադեպ երեւույթ է գործակալության 6-ամյա կենսագրության մեջ: Եվ, ինչպես մեր ներկայացրած օրինակներից է երեւում, քարտուղարները հիմնականում չեն միջամտել հանձնաժողովների գործողություններին:

«Պատվիրատուն, եթե «առավել ծանոթ» է իր կարիքներին, պետք է դրանք ներկայացնի գործակալությանը մրցույթները կազմակերպելու համար եւ այդ պահից կարող է չմիջամտել մրցույթին: Պատվիրատուն, եթե մասնակցում է, ուրեմն մինչեւ վերջ չի կարողացել իր պահանջները ներկայացնել գործակալությանը, ինչն իր հերթին նշանակում է, որ ինքն էլ առավել ծանոթ չէ իր կարիքներին»,- վարչության պետին հակադրվում է փորձագետ Լեւոն Հովսեփյանը:

Ակնհայտ է նաեւ, որ ոչ միշտ են հայտատուները համամիտ լինում քարտուղարների հետ, երբ նրանք հայտերը մերժում են այս կամ այն փաստաթղթի անճշտության հիմքով: ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը ներկայացված բողոքարկումների արդյունքները ցույց են տալիս, որ նախարարությունը դրանք հիմնականում մերժման ձեւական հիմքեր է համարել ու բավարարել է բողոքները:

Հունիսի 13-ին հայտարարված էր մրցույթ Հարկային պետական ծառայության Կոմիտասի եւ Գյումրու վարչական շենքերի տրանսֆորմատորային ենթակայանի վերակառուցման եւ պահեստի հմնանորոգման աշխատանքների համար, որին հայտ էր ներկայացրել երկու կազմակերպություն` «Էլկոմպ» եւ «Էլ-æԻ-Էյ»: Երկուսի հայտերն էլ մերժվեցին փաստաթղթերի անճշտության պատճառով:

«Էլկոմպի» հարցում հանձնաժողովի քարտուղարը հայտնեց, որ առաջին նիստից հետո, որի ժամանակ մրցույթի հրավերի պահանջներին համապատասխան էր ճանաչվել նրանց ներկայացրած հայտը, վերանայել է «Էլկոմպի» հայտի փաթեթը ու նկատել, որ փաստաթղթային անճշտություններ կան: Մասնավորապես, բանկային տեղեկանքը պետք է տրված լիներ մրցույթին նախորդող օրը` 8-ի ամսաթվով, բայց տրվել է 7-ի ամսաթվով, «այդ պատճառով պետք է մերժվի հայտը»: «Էլկոմպի» տնօրեն Գագիկ Վարդանյանն առարկեց նրան` ասելով, որ քաղվածքը տրամադրվել է բանկերում ընդունված կարգի համաձայն, քաղվածքը տրամադրվել է ամսի 8-ին, որում անգամ նշվել է բանկային հաշվում առկա գումարի չափը ամսի 7-ի ժամը 16:18-ի դրությամբ: «Մենք ուզում ենք ամսի 8-ի դրությամբ, դա է կարգը: Ձեր ներկայացրած փաստաթղթերի մեջ անհամապատասխանություն կա»,- չնահանջեց քարտուղարը, եւ հանձնաժողովը քվեարկությամբ մերժեց հայտը: «Էլկոմպի» տնօրենը, դատելով նրա մտքերից, պատրաստվում էր բողոքարկել հանձնաժողովի որոշումը:

«Փաստաթղթերը ոնց սարքում ես, էլի մի բան լինում է: Մի անգամ սխալվում ես, հետո գնում ես հետները բանակցում: Եթե ծանոթ ունես, խնդրում ես, որ հայտը նախապես ստուգի, որպեսզի հետո չմերժվես: Բայց կարող են քեզ ասել՝ հրաժարվիր այս մրցույթից, դա ուրիշի ենք խոսք տվել: Եթե մասնակիցներից ոչ մեկը չկաշառի կամ վերեւից հրահանգ չլինի ինչ-որ մեկի համար, կարող ես հաղթել, բայց ... », - ասում է կազմակերպություններից մեկի տնօրենը, որը հաճախակի է մասնակցում Գնումների գործակալությունում իրականացվող մրցույթներին:

Գնումների մասին օրենսդրությամբ բողոքարկման երկաստիճան կարգ է նախատեսված. սկզբում լիազոր մարմնին՝ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն, այնուհետեւ` տնտեսական դատարան: Պրն Առաքելյանի տեղեկացմամբ` եզակի են բողոքարկումերն ու դատարան դիմելու դեպքերը: Ընդ որում` հիմնական բողոքները նախարարությունն է քննարկել, եւ ավելի հազվադեպ են դատարան դիմելու դեպքերը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ