Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

«Տղերքին կարոտում եմ». վերքերը բուժվելուց հետո Նարեկը կվերադառնա առաջնագիծ



Նարեկ Վարդումյանը կցկտուր է պատմում ապրիլի 2-ի առավոտվա մասին, մայրը, սենյակում ելումուտ անելով, խնդրում է որդուն պատմել կատարվածը: Նարեկին ասում եմ՝ եթե չես ուզում, չխոսենք: Առարկում է, ասում է՝ չէ, կարճ, բայց կխոսեմ:

Նարեկը հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի հարձակումից ժամեր անց վիրավորվել է կոնքից, երբ շտապում էր զենքը վերցնելու: Ասում է՝ վերքերն արագ են լավանում, հենց առողջանա, նորից դիրքեր է բարձրանալու: «Ինչո՞ւ ես ուզում գնաս»,- հարցնում եմ: Նարեկը նայում է դեմքիս, հայացքի մեջ պատասխանն է, իբր ինչ հարց է: Ես ժպտում եմ, Նարեկն ասում է. «Տղերքն էնտեղ են, պիտի գնամ»:

Պատմում է, որ ապրիլի 1-ին՝ հերթափոխի օրը, իջել էին դիրքերից, գիշերը տագնապ էին տվել, դարձյալ պետք է բարձրանային դիրքեր: Մտածում էին, որ ինչպես նախկինում, այս անգամ էլ հակառակորդի ներթափանցման փորձ կլիներ, առհասարակ նման տագնապների սովոր էին: Ապա ասում է, թե նման լայնամասշտաբ գործողություններ չէին սպասում: Հիշում է, որ արկակոծում ու գնդակոծում էին ինչ զենքից ասես:

Դեռ չէր հասցրել զենքը վերցնել, ասում է՝ դիրքեր վերադառնալու համար պիտի մտներ զենքը վերցներ գումարտակից, երբ սկսվել էր արկակոծումը: Ճանապարհին վիրավորվել է: «Երբ վիրավորվեցի, առաջինը մտածեցի, ինչի՞ էսպես եղավ, ես պիտի իրանց վիրավորեի, ոչ թե իրենք»,- նշում է նա:

Նարեկն ասում է՝ ապրիլի 2-ից հետո այնքան շատ բան փոխվեց իր կյանքում: Մինչ այդ շատ երևույթների մատների արանքով էր նայում, հիմա սկսել է գնահատել կյանքը: «Ապրելու ցանկություն ես ունենում»,- շարունակում է:

Մենք լռում ենք: Նարեկը խոսում է առանց շուրջը նայելու, կարծես, ինչ-որ կետի կենտրոնացած: «Պատմելիս ամեն ինչ հիշում եմ: Հիմա կարող էի չլինել, որ էսպես էլ պրծա, լավ ա»,- ասում է շարքային Վարդումյանը:

Խոսակցությունն սկսում է ծանրանալ: Ասում է՝ երբ ինտերնետով առաջին անգամ տեսավ իր զոհված ընկերներից արմավիրցի Գոռի նկարը, չգիտի ինչ կատարվեց. «Լուրերին մեկումեջ հետևում եմ, շատ բան չեմ ուզում իմանալ»:

Օրվա ընթացքում Նարեկի խոսքով՝ շատ ժամանակ ունի մտածելու կատարվածի մասին: Հիմա ամենաշատը կարոտում է առաջնագծում կանգնած ընկերներին: «Տղերքին կարոտում եմ, հենց վերքերս լավանան, գնալու եմ»,- սա ասելուց հետո ժպտում է:

Նարեկը 20 տարեկան է: Զորացրվելուն մնացել է 3 ամիս: Արմավիր քաղաքից է: Երկու քույր ունի: Իր հետագա ծրագրերի մասին չի խոսում, կմտածի, երբ կզորացրվի: Ասում է՝ հիմա մի բան է ուզում, որ աշխարհում պատերազմ չլինի: «Բայց եթե կարիք լինի, միշտ էլ վերցնելու ենք զենքը: Վա՞խ… Վախ բոլորի մոտ էլ լինում է, չվախեցողից պիտի վախենաս»,- ավելացնում է Նարեկը:

Հիվանդասենյակում անընդհատ ելումուտ է: Երկար-բարակ զրույցները զինծառայողների հետ պարզապես անհնար է: Զրույցի մեջ դադարներ կան, որոնք ավելի խոսուն են, կիսատ նախադասություններ, որոնք հասկանում ես:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ