HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեթըլ փրինսը» վաճառվում է

Լարիսա Փարեմուզյան
Էդիկ Բաղդասարյան

Ձախողված ներդրումային ծրագիր

«Մեթըլ փրինս Էլ Թի Դի» ընկերությանը պատկանող Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը (ԱԼՀԿ) հունիսի 1-ից դադարեցրել է գործունեությունը:

Գործարանի սեփականատերերը, ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս կվաճառեն այն ռուսական մի ընկերության, որը պատկանում է սանկտ-պետերբուրգցի մի օլիգարխի: Հանքարդյունաբերության ոլորտում աշխատող մեր աղբյուրը տեղեկացրեց, որ բանակցությունները հիմնականում ձգձգվում են գնի շուրջ համաձայնության չգալու պատճառով: Բանակցությունները վարում է ընկերության նախագահ, ամերիկահայ Սերոբ Տեր-Պողոսյանը: Նա առաջարկել է 20 մլն դոլար, սակայն ռուս գործարարը ցանկանում է այն գնել 7 մլն դոլարով:

«Մեթըլ փրինս» ընկերության պարտքերի պատճառով հունիսի 1-ից դադարեցվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը, որի պատճառով էլ դադարեցվել է նաեւ ընկերության գործունեությունը: Շուրջ 300 աշխատողների տուն են ուղարկել՝ հանգստացնելով, թե գործերը լավանալուց հետո կրկին կհրավիրեն աշխատանքի:

Հւնիսի 16-ին մեր այցելության ժամանակ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի դռները կնքված եւ կողպեքով փակված էին: Կեսօրին կոմբինատի մուտքի մոտ հանդիպեցինք երկու երիտասարդ տարիքի պահակների: Գրեթե մեռյալ վիճակ էր նաեւ ընկերության վարչական շենքում, որտեղ հայտնեցին, որ, ի տարբերություն լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի, ընկերությունը հանքերում աշխատանքները չի դադարեցրել: Պահակակետում տեղեկացրել էին, որ աշխատավայրում է գտնվում ընկերության ընդհանուր հարցերով տնօրեն Գագիկ Շահնազարյանը: Նրան, սակայն, այդպես էլ ո՛չ վարչական շենքում, եւ ո՛չ էլ ընկերության տարածքում չհաջողվեց գտնել, թեեւ ծառայողական ավտոմեքենան վարչական շենքի բակում կանգնած էր: Առավել զավեշտական վիճակում էր հայտնվել պրն Շահնազարյանի քարտուղարուհին, որը ցույց էր տալիս, թե փնտրում է շեֆին, սակայն իրականում ձախողում էր ինֆորմացիա ստանալու նպատակով վարչական շենքում գտնվող հատուկենտ աշխատողների հետ մեր զրույցը: Երբ զրուցում էինք կադրերի բաժնի վարիչի տեղակալի հետ, քարտուղարուհին ճաշարանի մի աշխատողի ուղարկեց, եւ մեր զրուցակցին կանչեցին «հեռախոսի մոտ»:

Աշխատավայրում չէին նաեւ ընկերության արտադրության գծով տնօրենն ու գլխավոր հաշվապահը: Մենք փորձեցինք վերջինիցս հեռախոսազանգով իմանալ, թե որքան է կազմում «Մեթլ փրինսի» էլեկտրաէներգիայի ընդհանուր պարտքը, սակայն Արամ Սոխակյանը ներողություն խնդրելով հայտնեց, որ այդպիսի թիվ մեզ չի կարող հայտնել, քանի որ դա «ֆիրմայի գաղտնիքն է»:

Ընկերության նախագահը՝ ամերիկահայ Սերոբ Տեր-Պողոսյանը, աշխատավայրում չէր: Քաղաքի հրապարակում հավաքված բոլոր ախթալացիները գիտեին, որ հունիսի 1-ից հետո Սերոբ Տեր-Պողոսյանը եւ նրա կինը մեկնել են Երեւան:

«Մեթըլ փրինսի» մուտքը Հայաստան

Ախթալայում պղնձի արդյունահանումը սկսվել է 19-րդ դարում: Ախթալայի եւ Շամլուխի հանքավայրերն այդ ժամանակ շահագործում էին ֆրանսիական ընկերությունները: Ռուսաստանի գավառներից մեկը հանդիսացող Հայաստանում այդ ժամանակ արտադրվում էր Ռուսական կայսրության պղնձի 30 տոկոսը:

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը եւ բազմամետաղային հանքավայրը փակվեցին 1988-ին: Միաժամանակ փակվեց նաեւ հարեւան Շամլուղի հանքը: Պարապուրդի մատնված ձեռնարկությունը կարճ ժամանակում թալանվեց: 1999-ին ուսումնասիրելով կոմբինատի վերագործարկման հնարավորությունները՝ ամերիկահայ Սերոբ Տեր-Պողոսյանը 2000 թ. հոկտեմբերին օվշորային գոտում` բրիտանական Ներս կղզում, գրանցեց «Մեթըլ փրինս» ընկերութունը եւ նույն թվականի մարտին ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության հետ կնքեց համատեղ գործունեության պայմանագիր ( մինչ այդ ընկերությունը գրանցված էր Ռումինիայում): 2001-ին «Մեթըլ փրինս»-ը սկսեց իրագործել ծրագիրը: Նոյեմբերի 26-ին ՀՀ նախագահի մասնակցությամբ տեղի ունեցավ ԱԼՀԿ-ի պաշտոնական բացումը, եւ սկսվեց պղնձի խտանյութի արտադրությունը: Կատարելով 940 000 հազար դոլարի ներդրում՝ ընկերությունը վերականգնեց Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը եւ Շամլուխի հանքավայրը:

Նույն տարվա դեկտեմբերին «Ֆինանսներ եւ էկոնոմիկա: Հայաստան» հանդեսին տված հարցազրույցում ընկերության նախագահ Սերոբ Տեր-Պողոսյանն ասել է է. « ... 2002-ի հունիսին պետք է ապահովենք ամսական 1200 տ խտանյութի արտադրություն, որի դեպքում մեր գործունեությունը շահութաբեր կլինի»:

Նույն ամսագրի 2003-ի հունվարի համարում Սերոբ Տեր-Պողոսյանն ասում է. «ԱԼՀԿ-ն բացումից մեկ տարի անց՝ 2002-ի հոկտեմբերին, դարձավ «Մեթըլ փրինս»-ի սեփականությունը: Կոմբինատի գործարկման առաջին փուլում վերականգնվել է հզորության ավելի քան 50 %-ը: Աշխատանքները շարունակվում են եւ երկրորդ փուլում, որը սկսվել է կոմբինատի ապապետականացումով եւ կտեւի մինչեւ 2005 թ., հզորությունը 100%-ով կվերականգնվի, եւ ամսական կարտադրենք 2-2,2 հազար տոննա խտանյութ: ... Հայաստանի կառավարությունը մեզ իրավունք է տվել, Ախթալայից զատ, շահագործել եւս հինգ հանք: Այս պահին այդ հանքերից Շամլուղում կատարվել են ամենամեծ աշխատանքները, ինչը հնարավորություն է տալիս արտադրել 200 տոննա խտանյութ ... »:

Տարբեր տարիներին հանրապետության լրատվամիջոցներում հրապարակումներ էր լինում այս ներդրումային ծրագրի մասին` շեշտվում էր բացված հարյուրավոր աշխատատեղերի փաստը: Ծրագիրն առանձնանում էր նաեւ նրանով, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ այցելել է այս ձեռնարկություն եւ մասնակցել կոմբինատի վերագործարկման երկու փուլերին: Նախագահը, որպես օտարերկրյա ներդրողի, իսկապես աջակցել է Սերոբ Տեր-Պողոսյանին: Սրանով նաեւ հասկանալի էր դառնում պետական զանազան մարմինների «հանդուրժողականությունը» ԱԼՀԿ ղեկավարության նկատմամբ, եւ պետական այրերից ոչ ոք այդպես էլ մինչեւ հիմա քաջություն չունեցավ ասելու, որ ներդրումային այս ծրագիրը տապալված է:

2005 թ. դեկտեմբերի 25-ին «Գոլոս Արմենիի» թերթի «Թեժ գծի»՝ ԱԼՀԿ-ին վերաբերող հարցին պատասխանելով՝ նախագահ Քոչարյանը նշել է. «Կոմբինատը ոչ ռիթմիկ է աշխատում մի պարզ պատճառով` չի բավարարում հանքանյութը: Կոմբինատը վերականգնված է, այն նորմալ վիճակում է: Այժմ անհրաժեշտ են ներդրումներ հանքավայրում»:

Նախագահն ասում է, որ պաշարները քիչ են, իսկ թե նախագահին ով է ասում, որ պաշարները քիչ են, իրապես դժվար է իմանալ: Մինչդեռ կոմբինատը փաստաթղթերով ունի 37 տարվա համար հաստատված պաշարներ: Ս. Տեր-Պողոսյանը տարբեր ատյաններում պաշարների մասին պատմություններ էր հորինում, այդ իսկ պատճառով Արմանիսի ոսկու հանքը նույնպես տրվել էր նրան: Սակայն չորս տարի այնտեղ ոչինչ չի արվել: Արմանիսը փաստացի չշահագործված հանքավայր է, ուսումնասիրությունն արված է, պաշարները՝ հաստատված:

«Մեթըլ փրինսը» տարեկան 100 հազար տոննա արդյունահանելու լիցենզիա ունի, սակայն ընկերության նախագահն անընդհատ ասում է, որ այդքան պաշարներ չունեն:

Ախթալայում աշխատող ոլորտի մասնագետներից մեկը, որը, բնականաբար, չցանկացավ, որ իր անունը նշվի, կոմբինատի չաշխատելու պատճառների մասին խոսելով՝ նշեց. «Չի իրականացվում արտադրության ինքնարժեքի ապահովումը: Այսինքն՝ բոլոր այն ծախսային նախապայմանները, որ կան, գումարները, որ պետք է ներդրվեն վերանորոգումների համար, ոչ մի բան չի իրականացվում: Հասկանալի դարձնելու համար բացատրեմ՝ լեռնային ոլորտի սարքավորումները 2 տարին մեկ պետք է ենթարկվեն հիմնական վերանորոգման: Եթե դա չարվեց, սարքավորումները ժամանակից շուտ շարքից դուրս են գալիս: Այսօր մեզ մոտ կան սարքավորումներ, որոնք պետք է շահագործվեն 10-13 տարի, մինչդեռ դրանք արդեն դուրս գրման ենթակա են: Այսինքն՝ չեն ապահովվել վերանորոգման աշխատանքները: Մասնագետներ կան այնտեղ, բայց վերանորոգման համար գումարներ չեն հատկացնում: Եթե այսօր կոմբինատը աշխատելու համար պետք է ապահովել 100-120 հազար դոլար գումար, ղեկավարությունը ապահովում է դրա 20%-ը: Այդ պատճառով էլ սարքավորումները շարքից դուրս են եկել»:

Անցած տարի մեզ տված հարցազրույցում Ս. Տեր-Պողոսյանը տեղեկացրել է, որ պայմանագրով նախատեսված 2.7մլն ներդրումային պարտավորությունները կատարել է: «Այդ չափի ներդրումով ոչ մի հանքավայր էլ չի կարող նորմալ արտադրանք տալ: Դրա համար էլ այստեղի գործերը երբեք չեն կարող լավանալ, քանի գործարանն այս մարդու ձեռքում է: Էս բանվորներն էլ են մեղավոր, մի կարգին կազմակերպիչ լիներ, էս քաղաքն էլ ոտքի կհաներ էս գործարանով»,- ասաց Ս. Տեր-Պողոսյանի աշխատողներից մեկը:

Գործարանի պարտքերը

Ս. Տեր-Պողոսյանը որեւէ էկոլոգիական ծրագիր չի իրականացրել, այսինքն՝ «ավելորդ» ծախսեր չի կատարել: Մինչդեռ ռեկուվտիվացիա պիտի արվեր, լցակույտերը համապատասխան տեղեր պիտի լցվեին ու ծածկվեին հողաշերտով:

Անհասկանալի շրջապտույտում է հայտնվում նաեւ պղնձի վաճառքի գումարը: ԱԼՀԿ-ն արտադրանքը միանգամից չի վաճառում, այն տրվում է «Մեթըլ փրինսին», վերջինս վաճառում է, որից հետո այդ գումարից մասնաբաժին է հանվում կոմբինատին: Միջազգային շուկայում պղնձի աճող գինն այնքան էլ չի ազդում կոմբինատի աշխատանքների վրա: Կոմբինատը մինչեւ 2005-ն աշխատել է վնասով:

2001-ից առ այսօր ընկերությունն իր աշխատողներին պարտք է շուրջ 30մլն դրամ աշխատավարձ: Ինչպես հայտնեցին ընկերության բանվորները, այս կապակցությամբ շատ աշխատողների աշխատավարձի պահանջի մասին հայցը Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի Ալավերդու նստավայրում չեն ընդունում՝ պահանջելով աշխատավարձի չափի մասին տեղեկանք, որը ընկերության տնօրինությունը հրաժարվում է տալ աշխատողներին: Իսկ առաջին ատյանի դատարանը, պահանջվող տեղեկանքի տրամադրումն ընկերությանը պարտադրելու փոխարեն, տարիներ շարունակ ձգձգում է այս գործընթացը:

Ախթալայի քաղաքապետ Սուրեն Թամազյանը դժգոհեց՝ նշելով, որ Ախթալայի կոմբինատը «վատ հարկատու է, անկախ այն բանից, թե ինչպես են ընթանում ընկերության գործերը, նա միշտ էլ զլացել է քաղաքապետարանին վճարել գույքահարկը: Որոշել եմ դիմել դատարան «Մեթըլ փրինս»-ից 12 տարիների 12մլն դրամ գույքահարկի պարտքը ստանալու համար»,- ասաց քաղաքապետը:

Ս. Թամազյանը նաեւ հայտնեց, որ ընկերությունը որեւէ մասնակցություն չի ունենում Ախթալա համայնքի հիմնախնդիրների լուծմանը, իսկ «ընկերության ծանր բեռնատարները շարքից հանում են քաղաքի ավտոճանապարհները, պրն Սերոբը դրանց վերանորոգման համար ոչ միայն որեւէ աջակցություն չի ցուցաբերում քաղաքապետարանին, այլեւ հարկերը չի տալիս, որպեսզի մենք վերանորոգենք»:

 «Մեթըլ փրինս» ընկերությունը լուրջ խնդիրներ ունի նաեւ բնապահպանության նախարարության հետ: Վերագործարկումից սկսած՝ ( հոկտեմբեր, 2001) ընկերության լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչամբարից թունավոր արտանետումներն անարգել թափվում են Դեբեդ գետ: Պոչամբարն այսօր բերնեբերան լցված է, բետոնե պատերը ճեղքված են: Կոմբինատի բանվորները փորձում են այդ ճեղքվածքները ձեռքով լցոնել թափոնների չոր մնացորդներով: 2007 թ. հունվարի 30-ին «Արմինֆո» լրատվական գործակալության տարածած հաղորդագրության համաձայն` «Մեթըլ փրինս»-ը երեք անգամ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ առաջին անգամ՝ 14մլն դրամ, երկրորդ անգամ՝ 40մլն դրամ տուգանքով, երրորդ անգամ հրավիրվել է բնապահպանական տեսչություն Դեբեդ գետի աղտոտման համար բացատրություններ տալու եւ շրջակա միջավայրին հասցված վնասի չափը ճշտելու համար:

Պոչամբարի ամրացումը Սերոբ Տեր-Պողոսյանը խոստացել էր կատարել դեռեւս 2002-ին:

«Մենք տեսանք պոչամբարից մուգ գույնի հեղուկ է հոսում եւ թափվում Դեբեդ: Ինչու՞ առ այսօր չեն մաքրվում գործարանի արտանետումները»,- մեկ տարի առաջ տված հարցին Ս. Տեր-Պողոսյանը պատասխանել է. «Մեր պոչամբարները ոչ մի էկոլոգիական վնաս չեն հասցնում, մենք չունենք քիմիական նյութեր, որոնք թունավոր են, եւ դրանով ջուրը դառնա վտանգավոր: Վստահ եղեք, էդտեղ թունավոր բան չկա, ասեք՝ որտեղ է թունավոր, ես այդ ջուրը կխմեմ»:

«Մեթըլ փրինսի» ֆինանսական փորձություններից առավել տուժում են բանվորները: Արդեն մի քանի ամիս է ընկերության հանքերում դադարեցվել է 8 ժամ հանքում աշխատող հանքափորների հատուկ սննդի մատակարարումը: Թե էլի ինչ է սպասվում «Մեթըլ փրինս» ընկերությանն առաջիկայում, արդեն այդքան էլ անկանխատեսելի չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter