HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեբեդից՝ Ջավախք. ի՞նչ են որոնելու հայ-վրացական սահմանի հանքային դաշտում

Լոռու մարզի Ստեփանավանի հանքային շրջանի Պրիվոլնոյե հանքային դաշտի տարածքում 2016-2018թթ. նախատեսվում է իրականացնել օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ: Նախատեսված տարածքն ընդգրկում է Լոռու մարզի Կաճաճկուտ, Պրիվոլնոյե, Սվերդլով գյուղերի միջև ընկած տարածքը: Լեռնագրական տեսակետից՝ հանքերևակումների տարածքը հատում է Ջավախքի լեռնաշղթային` մինչև Դեբեդի կանյոնը 73 կմ երկարությամբ ձգվող Վիրահայոց լեռների հարավային լանջերին:

Վիրահայոց լեռները բաղկացած են խոր ձորերով և լայն գոգահովիտներով՝ մասնատված Լոք, Լեջան և Լալվար լեռնազանգվածներից: ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացված նախագծի համաձայն՝ հանքերևակման տարածքը ներառված է Լալվարի լեռնազանգվածում:

Պրիվոլնոյե հանքային դաշտի շրջանում բուսականությունը հիմնական երկու տիպ է ներկայացվում՝ ցածրալպյան և լայնատերև անտառային, որը ներառում է հաճարենու, կաղնու, բոխու տեսակներ:

Կենդանական աշխարհը ներկայացնում են լեռնային գորտը, ժայռային մողեսը, ալպիական ճայուկները և արտույտները, սովորական և ձյան դաշտամուկը, պսորոդոնտուսները, օտիորինոխուսները և մի շարք թիթեռների տեսակներ:

Համաձայն նախագծի՝ երկրաբանական ուսումնասիրության համար նախատեսված տեղամասը ներառված է հիմնականում Լոռու մարզի Ագարակ համայնքում: Գյուղը Ստեփանավանից 8 կմ է հեռու: Ագարակի համայնքապետ Ռուբեն Բարխուդարյանը, սակայն, այս նախագծի մասին ոչինչ չգիտեր: Ասաց՝ իրեն ոչ դիմել են, ոչ էլ տեղյակ է: Ռուբեն Բարխուդարյանի խոսքերով, իրենց գյուղի վարչական տարածքում 1980-ականներին ևս երկրաբանական հետախուզական աշխատանքներ իրականացվել են, սակայն արդյունքների մասին տեղյակ չէ:

Երեկ Լոռու մարզի Պրիվոլնոյե համայնքում նախատեսված էր «ԵՐՌԱՖ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Ստեփանավանի հանքային դաշտի հանքերևակումների, դրանց թևերի հանքային մարմինների տեղամասերում երկրաբանական ուսումնասիրությունների» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Պրիվոլնոյեն Տաշիրի տարածաշրջանի գյուղերից է՝ Վրաստանին սահմանակից: Ունի հազարից ավելի գրանցված բնակիչ: Բնակչությունը հիմնականում զբաղվում է ցորենի, գարու, հաճարի, կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ:

Պրիվոլնոյեի գյուղապետ Վազգեն Սարուխանյանը «Հետքին» պատմեց, որ երեկ եկել է ընկերության ներկայացուցիչը և մի բնապահպան, սակայն որևէ ծրագիր իրենց չի ներկայացվել: Չի ասվել, թե օգտակար ինչ հանածոներ են որոնվում: Գյուղապետը կարծում է, որ մեծ գործեր չեն անելու, մի քանի փոս են փորելու և հեռանալու, իսկ համայնքը դրանից եկամուտ կստանա և որոշ գործեր առաջ կտանի:

«Գալու են ինչ-որ հետազոտական աշխատանքներ կատարեն: Մեզ խանգարող բան-ման չկա: Պայմանավորվել ենք, որ համայնքին փող փոխանցեն: Ժամանակին հետազոտություններ արել են մի քանի անգամ, մի քանի սեփականատեր եկել-գնացել է, բայց համայնքին օգուտ տվել են»,- ասում է համայնքապետը:

Օգուտը, ըստ համայնքապետի, ամեն եռամսյակը մեկ 1,5 մլն դրամի համայնքային բյուջե մուտքերն են եղել, որով խմելու ջրագիծ են փոխել Պրիվոլնիե գյուղում: «Աշխատանքներ են տարել, ինչ-որ սուտի-մուտի փոսեր են արել, վերջը գործ են արել, չգիտեմ, բայց շահագործելու բան չեն արել: Հետազոտել են, ասել են՝ չկա, գնացել են: Էս մարդիկ էլ են ասել՝ եթե ձեռք կտա, կմնանք, եթե չէ՝ կգնանք: Նրանք ինչ-որ ոսկի են ման գալի, բայց մեր մոտ ոսկի կլինի, թե չէ՞, չգիտեն հլա»,- ավելացնում է գյուղապետը:

Մեր դիտարկմանը, թե այսօրվա քննարկումներին պետք է նախագիծը մանրակրկիտ ներկայացվեր և գյուղացիներին պարզաբանվեր, թե ինչ որոնողական աշխատանքներ են իրականացվելու, ինչ արդյունքներ են ակնկալվելու և ինչպես դա կանդրադառնա շրջակա միջավայրի վրա, գյուղապետը նշեց. «Եկել են, ժողով են անցկացրել, որ ուզում ենք գանք, էլի: Փաստաթուղթ մեզ չեն ներկայացրել, էսօր եկել են իմանան՝ մենք համաձա՞յն ենք, որ գան հետազոտություն անեն: Մենք ասել ենք, որ հանկարծ ուրիշ գործեր չանեն, մենակ հետազոտեն: Մեր պայմանն եղել է էն, որ իրենք ներկայացնեն փաստաթղթերը, և մենք էլ մեր կարծիքը կտանք»:

Շահագործողների մասին գյուղապետը տեղեկություններ չուներ: Միայն ասաց, որ Արարատից են:

«Երռաֆ» ՍՊԸ-ն «նորաթուխ» ընկերություն է: Համաձայն ՀՀ ԱՆ ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի, գրանցված է 2015թ.-ի հունվարին: Հիմնադիրը, բաժնետերը և տնօրենը մեկ անձ է՝ 22-ամյա Ռաֆիկ Սամվելի Վարդանյանը:

Ռաֆիկ Վարդանյանը Արարատ գյուղական համայնքի ավագանու անդամ Սամվել Ռաֆիկի Վարդանյանի որդին է: Սամվել Վարդանյանը «Արարատ Ճանշին» ՍՊԸ-ի սեփականատեր Ստեփան Վարդանյանի եղբայրն է: 

Զանգահարեցինք Սամվել Վարդանյանին, որպեսզի մանրամասներ ճշտեինք նախագծի վերաբերյալ: Վերջինս, սակայն, ասելով, որ հարմար չէ խոսել և զանգահարենք երեկոյան, անջատեց հեռախոսը: Ժամեր անց՝ աշխատանքային օրվա ավարտին, Սամվել Վարդանյանի հեռախոսահամարին պատասխանեց նրա բարեկամներից մեկը՝ Գևորգ Գևորգյանը, ով ներկայացավ որպես «Երռաֆ» ՍՊԸ-ի տնտեսագետ: 

Երեկ էլ Գևորգն է եղել գյուղում որպես ընկերության ներկայացուցիչ: «Մենք ուզում ենք ուսումնասիրություն անենք, որպեսզի տեսնենք, թե ինչ հանածոներ կան: Մինչև ուսումնասիրության արդյունքները չլինեն, չենք կարող ասել՝ ինչ կհայտնաբերվի այդտեղ,-ասաց Գևորգ Գևորգյանը, -ոսկին բացառվում է, որովհետև մենք մտածում ենք, որ ոսկու հետ կապված ոչ մի բան չի լինի»:

Չնայած Գևորգը ոսկին բացառում է, և նախագիծը ներկայացված է «օգտակար հանածոներ» եզրույթով, այդուհանդերձ, Պրիվոլնոյեն հայտնի է որպես բազմամետաղների տեղամաս: Գյուղապետի ասելով էլ՝ իրենց մոտ ոսկի են որոնում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter