HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Մենք չենք հաղթի, եթե…

Նախորդ կիրակի հանրապետությունում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները յուրօրինակ թեստ էին՝ հասկանալու համար, թե ղարաբաղյան չորսօրյա արյունալի պատերազմից հետո որքանով են իշխանությունը, հասարակությունը վերանայել իրենց կենսաձևը, արժեհամակարգը, որքանով են դարձել ադեկվատ Հայաստանի անվտանգության խորացող սպառնալիքների հանդեպ, որքանով է այդ պատերազմը ստիպել սթափվել։

Այս թեստը, սակայն, չբռնեցինք։ Իշխանությունը՝ պարտադիր հաղթելու իր մարմաջով և հանուն դրա ընտարկեղծարարության համար հասարակության ողբալի վիճակը շահագործելու, խաբելու, կաշառելու իր ողջ զինանոցով, լյումպենացած ընտրազանգվածն ինքնավաճառվելու եղկելի և անդավաճան մղումներով ուղղակի փոշիացրին, գրեթե իմաստազրկեցին այն ուղերձները, որոնք կյանքի գնով ու աննկարագրելի սխրանքի ուժով առաջնագծից թիկունք փոխանցեցին մեր զինվորներն ու սպաները։ Այդ ընտրություններն ապացուցեցին, որ մենք ապրում ենք արժեքների ու անտիարժեքների, իդեալների ու հակաիդեալների հակասականության ողբերգական հորձանուտում, որից դուրս գալ չենք ցանկանում։

Այս ընտրությունները հասկանալի դարձրեցին, որ մեր հավաքական ենթագիտակցության մեջ ունենք հայրենիքի, դրա անփոխարինելիության և սրբության ընկալումը։ Մինչդեռ չնայած 25 տարի անկախ պետականություն ունենալու իրողությանը, իրականում պետություն ունենալու և պետականատեր լինելու ընկալումը մեզանում չկարողացանք ձևավորել։ Հայրենիքի ընկալումն է մեզ մղում է անձնազոհության, համազգային մոբիլիզացիայի, հաղրոդում սեփական ուժերին ապավինելու կամքը։ Բայց իշխանության կոմղից խայտառակ ընտրությունների անցկացումը և ընտրակեղծարարության մեջ հասարակության մի զգալի մասի ներգրավվածությունը վերահաստատում են, որ եթե անգամ ունենք պետական մտածողություն, այն չափազանց թույլ է ու խոցելի։

Մենք նորից ապացուցեցինք, որ կարող ենք լավ հայ լինել, բայց լավ քաղաքացի լինել չենք ուզում, չենք կարողանում։ Հայրենիքի ընկալումը ստիպում է ամեն գնով պահել արտաքին սահմանը, իսկ մեր ներսում նստած հակաքաղաքացին ստիպում է ներսից քայքայել այդ հայրենիքը, այն վերածել արևելյան շուկայի, որտեղ կարելի է վաճառել ամեն ինչ։ Այս հակասականությունը Հայաստանը վերածել է առողջ տեսքով կոկետուհու, որը շպարի տակ թաքցնում է քաղցկեղից հյուծված, կեղեքված, ներսից ուղղակի փտող օրգանիզմը։ Ներքին ինքնահոշոտմամբ տարված այդ օրգանիզմն ունեցող երկիրն ունակ չէ իրապես գնահատելու իր զավակների ինքնազոհողությունը։ Որովհետև կամա թե ակամա ստացվում է, որ տղերքն իրենց կյանքի գնով ընդամենը… ներքին ավերակման պրոցեսն են ապահովագրել։

Հասարակության մի ստվար մասը, իշխանությունը դեռ մտածում են, որ քանի դեռ առաջնայինը հայրենիքի փրկությունն է՝ պետության ներքին ապականումը ներելի է և օրինաչափ։ Դրա համար էլ այս հասարակությունը մի կողմից կյանքը հայրենիքին նվիրաբերելուն հոգեպես ու բարոյապես պատրաստ սերունդ է տալիս,  բայց պատրաստ է 10 հազար դրամով վաճառել այդ նույն սերնդի, երկրի, պետության ապագան։ Դրա համար էլ մինչ մեր երիտասարդության խոնարհ հերոսները խրամատներում դիրքավորված, մահն աչքերում, ականանետների ու նռնականետերի թիրախում անմռունչ իրենց պարտքն են կատարում, նրանց տարեկիցները թիկունքում լծված են ընտողների հավաքագրմամբ ու հոտի նման նրանց ընտրատեղամես քշելու՝ դրանով իրենց համար մանր-մունր դիվիդենտներ շահելու գործին։ Դրա համար էլ մեզնից շատերը մի ձեռքով ունեցած վերջին լուման են տալիս ազգային բանակին, առաջնագծին, իսկ մյուս ձեռքով ընտրակաշառ վերցնում մուրացկանների ու մարմնավաճառների նման։

Դրա համար էլ պնակալեզներ արտադրող ու հասարակությունից մուրացկանների խառնամբոխ կերտող իշխանությունը չի ցանկանում հաշիվ տալ, թե ինչի վրա ենք ծախսել հրադադարից հետո անցած 22 տարիները, եթե ստիպված ենք հիմա ամոթահար խոստովանելու, որ մեր բանակը ստիպված է պատերազմել 80-ականների զենքով, բայց  պետական չինովնիկները, օլիգարխները չեն ալարել ինչ-որ հրաշքով կուտակած կարողությունը վերածել 21-րդ դարի պահանջներին լիարժեք համապատասխանող ապարանքների, հսկայական կապիտալի։ Դրա համար էլ իշխանությունը չի ուզում պարզաբանել, թե ինչու են նորագույն սպառազինություն ձեռք բերելու պայմանագիրը վավարեցվելուց գրեթե մեկ տարի հետո միայն, երբ արդեն գործ ունենք փաստացի պատերազմական իրադրության հետ, քայլեր արվում այդ զինտեխնիկան Հայաստան բերելու ուղղությամբ։ Արդյոք անգամ այս պատերազմը բավարար չէր հասկանալու համար, որ չի կարելի շարունակել արտաքին կեղծ դաշնակիցների հովանոցի տակ թաքնված մսխել հանրային ու ազգային ռեսուրսները, դրանք ծառայեցնել սեփական որկրամոլությունը բավարարելուն, պետական ողջ համակարգը դարձնել մամլիչ ու ահաբեկելով ստիպել երկրից փախչել կարող ու ստեղծագործ մարդկային ներուժը, իշխանությունը միջոց լինելուց վերածել գերագույն նպատակի ու սեփական ագարակի։

Քառօրյա պատերազմի օրերին համազգային համախմբումը, որի ոգին պահպանվում է նաև հիմա, համընդհանուր հրճվանքի տեղիք տվեց․ կարծես գտնվեց այն, ինչ անդարձ կորսված էինք համարում։ Իրականում այդ հրճվանքը թաքցրեց մի ողբերգական իրականություն․ ազգի համախմբման առանցքը չպետք է լինեին զինվորն ու բանակը. առանցքը պետք է լիներ պետական իշխանությունը․ այդ նրա  պարտականությունն էր թե իր զինվորի անվտանգության, թե սահմանների անառիկության առավելագույնս ապահովումը։ Իշխանություն, որը սնվում է իր ժողովրդի էներգիայով ու տալիս է այդ ժողովրդին վստահության և ինքնավստահության անհրաժեշտ հավատը։ Իսկ շրջանցել պետական իշխանությանը, նշանակում է չհավատալ նրան, չհավատալ այն նավապետին, որը կարող է փոթորկի բերանն ընկած նավակը ափ հասցնել․ մինչդեռ մենք գոհանում ենք  միայն անձնազոհ նավաստու շուրջ համախմբումով։ Ավելի մեծ ամոթ, քան այն բացատրությունը, թե ավելի լավ է բանակին փոխանցել արդեն գնված տեխնիկական միջոցներ, քան դրան համարժեք գումարը փոխանցել պետությանը, քանի որ չենք վստահում վերջինիս ազնվությանը, ուղղակի չի կարող լինել։   

Հայաստանում ու Արցախում չկա առաջնագիծ ու թիկունք։ Հայաստանն ու Արցախն ամբողջությամբ առաջնագիծ են։ Եվ այդ առաջնագծում դավադրությունը՝ դրսևորվի այն ուղղակի թե անուղղակի, խրամատում թե ընտրատեղամասում, դատարանում անարդար վճիռ կայացնելիս, տաքուկ կաբինետում ատկատներ հաշվելիս, բանակից, զինվոր տվող ընտանիքից գողացված միջոցները կիպրոսյան, պանամյան օֆշորներում ապահովագրելիս, աններելի է։ Դրանք կրակոցներ են ընկած տղերքի շիրիմներին, դիրքերում հակառակորդին առջևից սպասող զինվորների թիկունիքին։ Դա նույնն է, ինչ հակառակորդին հարձակողական զենք վաճառելը, ավելի ճիշտ՝ նվիրաբերելը։ Եվ քանի դեռ ներսում շարունակելու ենք այս անպատասխանատվությունը, անտարբերությունը, քաղքենիությունը, ամենաթողությունը, լկտիությունը, ուրիշներից նեղսրտելու իրավունք չունենքն, ուրիշից պաշտպանության ակնկալիք չունենք։

Այն, որ մեր զինվորն է մեր դաշնակիցը, քառօրյա պատերազմը մեզ համոզեց վերջնականապես։ Բայց դա չպետք է մեզ խաբի՝ չտեսնելու համար, որ մեր հիմնական թշնամին մեր ներսում է։ Այն շատ ավելի զորեղ է։ Որովհետև մերն է, որովհետև ամուր նստած է մեր մտածողության ծալքերում։ Մենք չենք հաղթելու, քանի դեռ ինքներս մեզ չենք կարողացել հաղթել…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter