HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սահմանը պահող զինվորին Գյումրիից կաթսայով փլավ են ուղարկել

Արցախի սահմանը պահող հայ զինվորին աջակցելու նպատակով Գյումրու Հայորդաց տան տնօրեն Աստղիկ Եդիգարյանի սոցիալական ցանցում արած գրառումը շատ արագ արձագանք գտավ մարզի բնակչության շրջանում: Ապրիլի 4-ից 13-ը կազմակերպությունների, անհատների, դպրոցականների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, ձեռնարկությունների ջանքերով հավաքվեց եւ սահման ուղարկվեց 13 բեռնատար մեքենա օգնություն սննդի, հագուստի, դեղորայքի, հիգիենայի եւ այլ պարագաների տեսքով:

«Ես հաշվետվությունը թվերով հրապարակել եմ արդեն, միայն 10.221 տուփ ծխախոտ ենք ուղարկել, 503 կգ սուրճ, 3.500 տուփ խտացրած կաթ, 2.250 կգ կարտոֆիլ, 412 կգ բրինձ, հնդկաձավար, ոլոռ, 553 կգ մակարոն, 1058 տուփ թեյ, դեղեր, թանզիֆ, 81 ծածկոց, 6056 հատ գուլպա, 2000 հատ ներքնաշոր, մսի եւ ձկան պահածոներ եւ այլն,-թվարկում է Գյումրու Հայորդաց տան տնօրեն Աստղիկ Եդիգարյանը,-անգամ բրնձով ուզբեկական փլավ է եղել կաթսայով՝ դա էլ ենք ուղարկել դիրքեր՝ չհաշված տնական մուրաբաները, կոմպոտները, լավաշ եւ մատնաքաշ տեսակի հացը: Էն, ինչ ծնողն իր երեխային կկամենար, մարդիկ բերել են, մենք արկղերով տեսակավորել և ուղարկել ենք»:

Թեպետ հայտարարվել է, որ այլեւս չեն հավաքագրում սնունդ եւ այլ պարագաներ սահման ուղարկելու նպատակով, դպրոցներից շարունակում են ստանալ արկղեր, որոնց պարունակությունը Հայորդաց տան տնօրինությունը որոշում է կայացրել հատկացնել զինծառայողների սոցիալապես անապահով ընտանիքներին:

«Այս ընթացքում կրկին ծանրոցներ են բերել թիվ 25 դպրոցից, ապրիլի 18-ին թիվ 41 դպրոցից զանգեցին, թե սահման ուղարկելու համար մի քանի արկղ կա մեր մոտ: Ասեցի`լավ, բերեք: Իմիջիայլոց, այդ նույն դպրոցից մենք էլի էինք արկղեր ուղարկել առաջնագիծ, եւ դրանցից մեկի մեջ եղել էր նամակ, որը զուգադիպությամբ բացել էր նույն դպրոցի շրջանավարտ, ժամկետային զինծառայող: Մեզ զանգեցին ասեցին, շնորհակալություն հայտնեցին, դե ես էլ, բնականաբար, տեղյակ պահեցի դպրոցի հանրույթին, որ տվյալ աշակերտն էլ իմանա՝ իր ուղարկածն հասել է զինվորին»,-ասում է Աստղիկ Եդիգարյանը:

Ուղարկված աջակցությունը հիմնականում տարվել է Հադրութի, Մարտակերտի, Ջաբրայիլի զորամասեր, Ստեփանակերտում գտնվող շտաբին փոխանցվել է ընդամենը 9 արկղ սնունդ, Քաշաթաղում Թալիշից տեղահանված ընտանիքներին եւս Հայորդաց տնից ուղարկված աջակցությունից բաժին է հասել: Առաջին երկու մեքենա բեռը՝ շուրջ 105 արկղ սնունդ, բաժանվել է տեղահանված ընտանքիներին:

Ուղարկվող արկղերը սկզբում չեն տեսակավորել, սակայն երբ համացանցում սկսվել են լուրեր պտտվել, թե ուղարկված օգնությունը հայտնվում է խանութներում, ստացված սնունդը, հագուստը, հիգիենայի պարագաները բաշխել են հավասարապես: «Դե աղացած սուրճ են բերել մեծ պարկերով, տուփ ենք բացել, որի մեջ, ասենք, միայն խտացրած կաթ է եղել կամ պահածո՝ դրանք վերաբաշխել ենք, «Լենտեքս» ֆիրման մի քանի հազար զույգ նասկի է ուղարկել, չէինք կարող ասենք վերցնել ու այդպես ուղարկել՝ բաշխել ենք հավասարաչափ, որ բոլոր զորամասերի ծառայողներն էլ ստանան»,-նշում է զրուցակիցս:

Պայմանագրային զինծառայողի 4 ընտանիքի Հայորդաց տունն արդեն իսկ աջակցություն տրամարդել է: Մեկ մեծ տուփ սնունդ, բացառության կարգով, տարվում է Կողպեցյանների տուն: Համլետ Կողպեցյանը կնոջ՝ Ռուզաննայի եւ մանկահասակ երկու զավակների հետ Մարտակերտի շրջանի Հովտաշեն գյուղից, անվտանգության նկատառումներից ելնելով, ապրիլի 3-ից տեղափոխվել է հայրական տուն: Ռուզաննա Խիդիրյանը, որ ծնունդով Շահումյանից է, ասում է, թե դեռ որոշ ժամանակ էլ կմնան Գյումրիում, կփորձեն աշխատանք գտնել տեղում, եթե ոչ՝ կվերադառնան Հովտաշեն: Համլետ Կողպեցյանը Արցախ էր տեղափոխվել վերաբնակեցան ծրագրով տարիներ առաջ, սակայն հիմա կասկածանքով է վերաբերվում հետ վերադարձին:

«Ինձ ասել էին, որ 10 հոգանոց ընտանիքը դժվարություններ ունի, քանի որ Արցախից երկու տղաներն ընտանիքներով տեղափոխվել են, որոշեցինք մի փոքր աջակցել: Իհարկե լավագույն լուծումն այս ընտանիքի համար խաղաղության վերահաստատումն ու հետ վերադարձն է, որովհետեւ գործազրկության մեծ ցուցանիշ ունեցող Գյումրիում դժվար է լինելու աշխատանք գտնելը»,-նկատում է Աստղիկ Եդիգարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter