HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ են գերբնակեցված Հայաստանի բանտերը

Եթե թերթենք Հայաստանի բանտային համակարգի վերաբերյալ տեղական ու միջազգային պետական ու ոչ պետական կազմակեպությունների ամենամյա զեկույցները, տարիների կտրվածքով էական տարբերություն չենք տեսնի: Գրեթե ամեն տարի մատնացույց է արվում բանտերի գերբնակեցման խնդիրը:

Քրեակատարողական հիմնարկների գերբնակեցան խնդիրն առկա է, չնայած նրան, որ Հայաստանում դատաիրավական ոլորտը բարեփոխումների քառափուլ շրջան է անցել և անցնում անկախությունից ի վեր:  

Այսօր ԵԽ և ԵՄ գրասենյակների կողմիցկածմակերպվել էր «Քրեական արդարադատության մոտեցումները Հայաստանում բանտերի գերբնակեցման խնդրին» թեմայով կլոր սեղան, որի ժամանակ եվրոպացի փորձագետները ներկայացրեցին բանտերի գերբնակեցման հարցի լուծմանն ուղղված ԵԽ հանձնարարականները: Նրանք հույս հայտնեցին, որ վեց ամիս անց Հայաստանի արդարադատության նախարարությունից կստանան այդ հանձնարարականների իրականացման մասին քայլերի հաջորդականության սխեմա:

Հանձնարարականները վերաբերում են պայմանական ազատման ինստիտուտին, այլընտրանքային պատիժների ընդլյանմանը, ազատազրկման հետ կապ չունեցող պատիժներին և այլն:

Բանտերի գերբնակեցմանդեմ կարելի է պայքարել նաև հանցագործությունների կանխարգելմամբ: Եվրոպացի փորձագետ Մարտին Սեդդենը նշեց, որ Եվրոպայում շատ հանցագործություններ, ինչպիսիք մեքենաների, խանութների, տների գողությունն է, անվտանգության համակարգերի շնորհիվ կանխարգելվել են:

«Արևմտյան Եվրոպայի շատ երկրներում հասկացել են, որ ավելի լավ է շատ գումար ներդնել հանցագործությունը կանխարգելելու, քան հետո դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ»,- ասաց փորձագետը:

Նա բերեց Վրաստանի օրինակը, որտեղ շուտով հանցագործությունների կանխարգելման ազգային մեխանիզմ է մշակվելու: Այժմ հետազոտական, տվյալների հավաքման փուլն է: «Հանցագործությունների կանխարգելման համար նախ հետազոտական տվյալներ են պետք, այնպես, ինչպես բժշկին ախտորոշումն է պետք հիվանդին բուժելու համար»,- շարունակեց փորձագետը:    

Ըստ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի, բանտերի գերբնակեցումը մի քանի խնդիրների հետևանք է.

«Նախ Հայաստանում կալանավորումը կիրառվում է որպես հիմնական խափանման միջոց: Կալանավորված մարդը խոցելի է, և հաճախ խոստվանում է այն, ինչ ուզում է նախաքննկան մարմինները»,- նշեց իրավապաշտպանը:

Երկրորդ խնդիրն, ըստ Իշխանյանի, չափազանցված պատիժներն են. «Վերջին նյութն այդ մասին hetq.am-ում կարդացի, թե ինչպես աղավննիների ու հավերի գողության փորձի համար մարդուն 4 տարվա ազատազրկման էին դատապարտել: Շատ եմ լինում կալանավայրերում և տեսնում եմ, որ գողության փորձի համար մինչև 4 տարի պատիժ են տվել»,- նկատեց Ավետիք Իշխանյանը:

Իրավապաշտպանը մատնանշեց պայմանական վաղաժամկետ ազատման մեխանիզմի անգործունակությունը, նաև այն, որ ՔԿՀ-ն չպետք է ընդունի կալանավոր, եթե արդեն տեղերը լրացել են 

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կարծիքով, բանտերի գերբնակեցումը իրավակիրառ պրակտիկայի հետևանքն է: Պայմանական ազատման մեխանիզմը, ըստ նրա, գոյություն ունի թղթի վրա միայն:

«Չկա քաղաքական որոշում, որ դա պիտի կիրառվի: Տեսլական չկա, ոչ մի նպատակ չկա, թե ինչպես պիտի լուծվեն այդ խնդիրները: Այն սերունդը, որը կա, չունի այդ տեսլականը: Այն, որը նոր է գալիս, դեռորոշում կայացնող չէ: Մենք չունենք բարեփոխիչ իշխանություն: Մենք ունենք պահպանողական առաջնորդներ: Մինչև չլինի ընդհանուր փոփոխություն, այդ խնդիրները չեն լուծվի»,- նկատեց ԱԺ պատգամավորը:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ից իրավաբան Աննա Մելիքյանն ընդգծեց, որ ազատազրկման դատապարտվածների 87 տոկոսը մինչև 5 տարվա ազատազրկման է դատապարտված: Այն անձինքն են, որոնք, իրավաբանի դիտարկմամբ, կարող էին դատապարտվել այլընտրանքային պատժի: Սակայն առաջին անգամ ընկնելով բանտ՝ քրեական ենթամշակույթը ազդում է, և անձը ձեռք է բերում հանցավոր հակումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter