HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Պարոնա՛յք, ձեր կոշիկները չեն մաշվում

Ես անկախության հետ եմ ծնվել։ Անկախությունը հետս ծնվել ա, թե չէ, չգիտեմ, բայց դե յուրե երկուսս էլ կանք։

Ես մանկությունս վաֆլի կիսելով եմ անցկացրել, կռիվ-կռիվ խաղալով, մայրս էլ ասեղնագործելով ու երեք տեղ աշխատելով․․․ Պապս, ինժեներ-կոնստրուկտոր էր, ուժեղ կամքի տեր, մի ոտքով ապրող, բայց էս երկրից նեղացած գնաց։ Քույրս ամուսնացավ, տղա ունեցավ։ Տղուն էլ զինվորի ոգով ա դաստիարակում, բայց էլի էս երկրից նեղացած ա, որովհետեւ ապրումն ու ապրելակերպը հեչ իրար հետ չեն բռնում․․․

Ես էս երկրի հետ խզվածություն ունեմ, բայց էս նույն երկրում՝ ընկերներ, սիրելի նկարիչներ, ցուցարար ծանոթներ, ծանոթ ծաղկավաճառներ, սիրելի տղամարդ, զինվորի մատուցող մայր, մոտ մարդիկ․․․ Իրենք էլ ինձ ունեն, ու էլի ինձ նման սիրելի նկարիչներ, ցուցարար ծանոթներ, ծանոթ ծաղկավաճառներ, զինվորի մատուցող մայր, մոտ մարդիկ, բայց էլի էս երկիրը չունեն։

Ու էդպես 26 տարի «խոհանոցային» զրույցի շուրջ կրքերը պոռթկում են, հանդարտվում են, գազը թանկանում ա, լույսն անջատում են․․․ Իսկ երբ դուրս ենք գալիս մեր տան ծածկոցով, մեր ունեցած հացով ու մեր ոտքերը վարժեցնում ենք փողոցին, որ տուն տանենք մեր ոգեւորությունն ու «հաղթանակը», մեզ ջրում են, մեր իդեաներն էլ հետը, մյուսներն էլ, իրենց յուրայինների տեղ դրած, եղած-չեղածը հավաքելով գնում են աղոթելու Ծիծեռնակաբերդում, բազալտի վրա․․․ Ու՞մ եք աղոթում կամ ինչի՞ համար․ ձեր կերածները հետ չտալու՞, թե՞ ոսկե ունիտազների վրա նստելու համար։ Կերածը, կերած է, մարսածը՝ մարսած, բայց կեղտը մի տեղ կուտակվում ա, ու բոլորս մեջն ենք։

Էսօր զինվորի հետ ապրող, զինվորի համար «պագռիշկա» ու կոնֆետ հավաքող էս մի թիքա ազգը ձեր աչքը չի՞ ծակում, չի՞ հանվեցնում ձեզ մինչեւ ոսկորները, մի րոպե ձեզ չի կտրում ձեր չորսակնանի մերսեդեսներից ու խամերներից․․․ Չէ․ դուք չգիտեք՝ առանց դրա ոնց կլինի, որովհետեւ մի օր, եթե համարձակվեք, ձեր ոտքն ուղղակի դնել մայթի սալահատակին, մի երկու-երեք մետր քայլեք, վախից տակներդ կանեք․․․

Բա որ էդ զինվորի մասին ըտենց փառապանծ բաներ եք ասում, չե՞ք ջոկում, որ էդ իրավունքը ոչ մի գերբնական ուժով ձեզ տրված չի, չե՞ք ջոկում, որ ձեր կոշիկները չեն մաշվում, որովհետեւ դուք անգամ ձեր «ղեկավարած» երկրում քայլել չեք կարող․․․Չե՞ք ջոկում, որ մետրոյի կայանի մոտ գիշերածը էլի զինվորի մայր է եղել, որ տնից զրկածները էս երկրի համար կանգնել ու հետ չեն գնացել, որ, երբ դուք բժշկում եք ձեր սեփական ինֆանտիլ մարմինը, որը քաշելուց ու ուռելուց ատկազ ա արել, մյուս կողմում անդամահատված ազատամարտիկը նորից կանգնել ա սահմանին ու պաշտպանում ա․․․ Ու լավ ա անում, որովհետեւ սա իր հողն ա, սա իր տունն ա, սա իր մայթն ա, իր երկիրն ա, բայց ձերը չի, ինչքան էլ առնեք-ծախեք, մասնատեք, բաժանեք, վերավաճառեք․․․ Ուրեմն դուք թիկունքից նրան հետեւելու իրավունք չունեք, ոչ էլ ձեր ստեղծած կլանային համակարգի մի երկու հաստափորերն իրավունք ունենք էսօր գտվնելու Արցախում ու տեղները պինդ նստած մի երկու կոպեկ էս ու էն կողմ շաղ տալու․․․ Քեֆ անողի համար տեղը միշտ էլ կա, ու դա մարտի դաշտի բեքսթեյջը չի։

Խաղաղությունը (որը չկար էլ) ձեր բանը չի, որովհետեւ հասցրել եք ավելի խաղաղ տեղերում ձեր տները, ձեր յախտաներն ու բիզնեսները հիմնել․ հիմա վախտն ա, որ գնաք, բայց գիտակցելով, որ էդ էլ ձեզ համար ապահովություն չի, որովհետեւ ձեզնից հետո ոչ մեկին թույլ չեն տալու, որ նույն բազալտի վրա ձեզ համար աղոթեն․․․

Դուք, էդ թվացյալ անկախությունն ու խաղաղությունը ջեբներդ դրած, սրան-նրան կաշառեցիք, առաք, բայց դիմացը բացի ձեր անձնական շահերից ոչ մի բան չստացաք․․․ Ստացածն էլ տարաք, դրիք ուրիշ երկրներում, հարմար առիթի սպասելու ակնկալիքներով։ Էն, ինչը ցույց տվիք, թե, հա, ստացել ենք, էրեւաց, երբ 80-ականների զենքով ու զինամթերքով 18 տարեկան տղերքին ասեցիք՝ մի բան արեք․․․

էսօր մի քանի անհատի հաշվին կռվի դաշտ եք ապահովում, մեդիա դաշտ եք ներկայացնում, բայց էդ նույն անհատներին մի քանի տարի առաջ ձեր կեղծիքները մերկացնելու համար գլխին էիք խփում, օրվա հացից էիք զրկում, վախեցնում էիք, ստորացնում։

Մեկ ա, դուք վախեցողը չեք, դուք սոված մնացողը չեք, դուք անքուն գիշեր անցկացնողը չեք, վաղն էլ լույսը կբացվի, Արարատը կերեւա, երկու հատ ճառ կասեք ամբիոնից, կնստեք ձեր մեքենաներն ու կգնաք սիրտներդ օրվա յուղոտ մասից թեթեւացնելու։

Միլիոններով ոստիկանական ուժերն եք ամրապնդում, որ հասարակական կարգերը չխախտվեն, բայց տեսնու՞մ եք գոնե հիմա, թե էս հասարակությունն ինչքան ա ինքնակազմակերպվող, ինչի ա պատրաստ ու ինչքան կարա տա չունեցած տեղից․․․

Մի քիչ մաշվածություն զգացեք, որ ջոկեք՝ ինչ ա փոխելը, ինչ ա զարգացումը, ինչ ա ժամանակակից տեխնոլոգիան, ինչ հնարավորություններ ունի էս երկրի ամեն մի երիտասարդը, ամեն մի զինվորը, ամեն մի մայրը, որ իր արցունքով էլի հերոսացնում ա իր որդուն ու բոլոր մայրերի որդիներին․․․

Մեկնաբանություններ (2)

Արմինե
Լավ, միթե չէր կարելի այսքանը արտահայտել գրական հայերենով: Մինչև վերջ կարդալն անհնար է:
arammoses
հոդվածագիրը սթափության կոչ է անում, իսկ դուք , սիրելիներս ( Արմինե, Արամ ) ինչ եք կորցրել , ինչ եք ման գալիս :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter