HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գևորգը պարզ երազանքներ ուներ

Երեք օր առաջ Լոռու մարզի Աքորի գյուղում ստացան Ղարաբաղի հարավային սահմանի դիրքերում զոհված աքորեցի զինվորի՝ Գևորգ Գևորգյանի մահվան լուրը: Գևորգը ծառայության է մեկնել 2015թ.-ի հունվարի 20-ին: Երեկ կեսօրից հետո նրա դին զորամասից հանձնեցին ընտանիքին: Արցախի ազատամարտում Գևորգը Աքորիի առաջին զոհը չէր, գյուղն էլի 7 զոհ է տվել: Գևորգը 8-րդն է: Զոհվածներից Վահագն Վարդևանյանը Արցախի ազատամարտի հերոս է:

Աքորեցիները մեծ ցավով էին խոսում ծանր մանկություն ապրած Գևորգի մասին: «Խեղճ ու աղքատ ընտանիքից է: Ծնողները 6 երեխա ունեն, հազիվ են պահել նրանց: Գևորգի զոհվելուց 1,5 ժամ անց են ինձ հաղորդել լուրը: Ալավերդու զինկոմը տեղեկացրեց»,- պատմեց  գյուղապետ Հրահատ Սիմոնյանը:

«Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 19-ին, ժամը 10:50-ի սահմաններում: Ճիշտն ասած, ես Գևորգի սպանվելուց 4 օր առաջ եղել եմ նրանց դիրքում: Անձամբ Գևորգի հետ զրուցել եմ: Առաջին տպավորությունս այն էր, որ ես խոսում եմ պարտաճանաչ և բանիմաց զինծառայողի հետ: Գևորգը գնդացրորդ էր, հենց առաջնագծում, հենց հակառակորդի անմիջական շփման պայմաններում: Նա սպանվել է դիպուկահարի կրակոցից: Անմիջապես մահացել է: Բուժակը, երբ հասել է դիրք, արդեն գիտակցություն չի ունեղել: Շատ լավ զինվոր էր: Լավ ծառայության համար նրան տվել են լրացուցիչ արձակուրդ», -պատմեց Գևորգի հրամանատարի տեղակալ՝ փոխգնդապետ Սևակ Հայրապետյանը:

Գևորգը վերջին անգամ արձակուրդ էր եկել մարտի 20-ին. «Մի հատ մոզի ունեին, ձմեռը պահել էին, որ կով դառնա: Հնարավորություն չունեին, ստիպված մոզին մորթեցին, որ համ Գևորգի զորամաս վերադառնալու ճանապարհածախս լինի, համ էլ՝ մի 5 օր էստեղ սննվի»,- պատմեց հարևաններից Ս. Թաթոյանը:

«Վեց երեխա ունեմ: Գևորգը միջնեկն էր, 36 հազար դրամ նպաստով ենք ապրում: Ես առավոտյան հեռուստացույցը միացրի, պատահաբար «Շանթով» իմացա լուրը: Միամիտ միացրի, համ գործ էի անում, համ՝ լուրերը լսում: Մեկ էլ ասեցին, որ Գևորգ Գարեգնի Գևորգյանը մահացու վիրավորվել է: Նա բանակում իրեն լավ էր զգում, գոհ էր ծառայությունից: Մենք էլ էինք գոհ: Գևորգս աշխատող տղա էր: Սովորող էր: Շատ էր ձգտում, որ գնա ծառայի: Երկուշաբթի իրիկունն ենք հետ խոսել: Ասավ, լավ եմ մամ ջան, լավ եմ»,- պատմեց մայրը՝ Իրինա Գևորգյանը:

«Շատ բան կա, որ որպես հայր՝ որդուս համար չեմ կարողացել անել, հիմա խառնված եմ, չեմ կարող ասել: Խիղճս տանջում է, որ Գևորգիս լավ չեմ կարողացել պահել»,- ասաց հայրը՝ Գարեգինը:

Գևորգի եղբայրը՝ Ժորան

Գևորգի զոհվելուց  ցնցված է նրա 15-ամյա եղբայրը՝ Ժորան. «Ես անպայման զինվորական ծառայության եմ մեկնելու հենց այն դիրքերը, որտեղ զոհվել է եղբայրս, ես շարունակելու եմ նրա գործը»,- հեկեկալով  ասում էր Ժորան: Գևորգը զոհվելուց երկու օր առաջ էր հեռախոսել կրտսեր եղբոր հետ. «Ասաց, որ բանակից գամ, մեր սարերն ենք գնալու: Մեր Բգավոր սարն էր երազում, որտեղ անցել է մեր մանկությունը», -պատմեց եղբայրը:

«Շատ ծանր մանկություն է ունեցել: Գևորգը ուրիշի համար փողով գործեր էր անում, խոտ էր բարձում, փայտ էր կրում, տունը տաքացնելու համար անտառից շալակով փայտ էր բերում: Էդ ընտանիքի երեխաները ոչ մի անգամ փորներով մեկ հաց չեն կերել: Բարեսիրտ ու հարգանքով տղա էր»,- հիշեց հարևան Ռադիկ Թաթոյանը:

«Ամեն ինչով լսող էր: Մի քիչ կռվում էր, տաքարյուն էր: Ես ու Գևորգը շատ նեղություններ ենք իրար հետ կիսել: Երկու տարի եղբորս չեմ տեսել», -ասաց ավագ եղբայր Գրիգորը:

Գևորգը սովորում էր Ալավերդու ուսումնարանում, քանդակելու նկատմամբ սեր ուներ: «Հայրը իրեն օգնելու համար հանեց ուսումնարանից: Ասացի՝ մի հանի, շնորհք ունի: Հանեց, չլսեց»,- պատմեց Ալավերդու ուսումնարանի տնօրեն, աքորեցի Վարուժան Սիմոնյանը:

Գևորգի ծնողները

«Նա դպրոցում փոքրամարմին ու վճիտ աչքերով երեխա էր: Հոգին խորն էր: Ընկերներին օգնելու հարցում միշտ պատրաստակամ էր: Զարմացած եմ, թե այդ փոքրամարմին երեխան ինչպես է մարտնչել թշնամու դեմ: Բանակում հասակ առավ: Գևորգը դասարանում աննկատ էր ապրում: Մենք պետք է նրան նկատեինք: Եվ ընկերները միշտ  նկատում էին նրան»,- հիշեց 5-10-րդ դասարաններում Գևորգի դասղեկը՝ Աքորու դպրոցի պատմության ուսուցչուհի Սիլվա Սիմոնյանը:

Ուսուցչուհու ասելով՝ այս պահին Ղարաբաղի առաջնագծում Աքորիից 33 զինվորներ են մարտնչում հակառակորդի դեմ: «Նրանցից 3-ը Ջաբրայելի դիրքերում Գևորգի հետ էին, Թալիշում և Մատաղիսում Աքորին նույնպես ունի  զինվորներ: Ուզում եմ ասել, որ ապրիլի 1-ից Աքորին շատ լարված, հոգեկան խռովքի մեջ է»,- ասաց  ուսուցչուհին:

Այսօր Աքորիում հողին կհանձնեն զինվոր Գևորգ Գևորգյանին, ով իր հետ տանելու է իր չապրած մանկությունն ու հայրենի Բգավոր սարի կարոտը:

Մեկնաբանություններ (2)

Virginia Zerdelian
I am so sad that such a fine young man fell to barbarians' sniper. May God bless your soul dear Gevorg.
Alek
RIP my brother

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter