HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանում սպառվող թռչնամսի միայն 30%-ն է տեղական. ում կողմից և որքան թռչնամիս է ներմուծվում

Գնողունակության ոչ բարձր մակարդակի պատճառով Հայաստանի քաղաքացիների մեծ մասը հավի միս գնելիս առաջին հերթին ուշադրություն է դարձնում գնին, հետո՝ որակին։ Հայկական շուկայում ներմուծվող թռչնամիսը, որպես կանոն, ավելի էժան է, քան տեղականը։ Դա է գլխավոր պատճառը, որ սպառվող թռչնամսի մեծ մասը ներմուծվողն է, և միայն մինչև 30%-ն է տեղական արտադրության։ Ներմուծվողի որակը, սակայն, հաճախ կասկածի տակ է առնվում։

Թռչնամսի տեղական արտադրողները  դժվարությամբ են դիմակայում ներմուծողների հետ մրցակցությանը։

Տարեկան  ավելի քան  30 հազ. տոննա թռչնամիս է ներմուծվում Հայաստան

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՀՀ ԳՆ ՍԱՊԾ)՝ «Հետք»-ին տրամադրած տվյալների համաձայն` 2015 թվականին Հայաստան է ներմուծվել մոտ 31 հազ. տոննա թռչնամիս։  

Իսկ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) տվյալներով՝ նախորդ տարի Հայաստանում արտադրվել է 13,3  հազ. տոննա հավի միս։ Արդյունքում, նախորդ տարի Հայաստանում թչնամսի ռեսուրսները կազմել են ավելի քան 44 հազ. տոննա։ Տարբեր աղբյուրներից տեղեկանում ենք, որ  5-8 հազար տոննան ամեն տարեվերջում մնացորդ է կազմում։ Հետևաբար, հայկական շուկայում տարեկան սպառվում է շուրջ 40 հազ. տոննա թռչնամիս։ Պարզ հաշվարկներով ստացվում է, որ թռչնամսի պահանջարկի միայն 30%-ն է ապահովում տեղական արտադրությունը։ Իսկ մնացածը՝ ներմուծվողն է։

Վերջին հինգ տարիների տվյալները ցույց են տալիս, որ տարեկան շուրջ 30 հազ. տոննա թռչնամիս է ներկրվում Հայաստան։

Ներմուծման տվյալները՝ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ, արտադրության տվյալները՝ ՀՀ ԱՎԾ

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ նախորդ տարի Հայաստանում հավի մսի (և՛ տեղականը, և՛ ներմուծվածը) մեկ կգ-ի միջին գինը կազմել է 1370 դրամ։ 2014-ին ևս այդ գինն է եղել։

Նշված հինգ տարիներին Հայաստանից թռչնամսի արտահանման փորձեր արվել են, բայց՝ չնչին քանակությամբ, ընդամենը 5-10  տոննա։ Հայկական արտադրության թռչնամիսը գնի  տեսանկյունից արտերկրում մրցակցությունից դուրս է։

Մրցակցության խնդիրը մեծ է նաև տեղական շուկայում։ Տեղական արտադրողների համար դժվար է մրցակցել ներմուծողների հետ, քանի որ ներմուծված թռչնամիսն ավելի էժան է։ Երբեմն զգալի գնային տարբերություն է նկատվում։

Ինչպես են տուժում հայ թռչնաբույծները

Հայաստանում վաճառվող ներմուծված և տեղական թռչնամսի մեջ երկու հիմնական տարբերություն կա՝ գին ու որակ։ Նախ՝ գնի մասին։ Հավանաբար, ցանկացած հայ տնային տնտեսուհի կամ հաճախ առևտուր անող քաղաքացի կփաստի, որ  խանութներում և սուպերմարկետներում վաճառվող տեղական հավի միսը հիմնականում ներմուծվածից թանկ է։ Գնային կոնկրետ շեմեր չկան։

Հայաստանում գործում է թռչնամիս արտադրող 8-10 խոշոր և միջին ընկերություն։ Ինչու՞ է նրանց ապրանքն ավելի թանկ, քան ներմուծվողը։

Բանն այն է, որ Հայաստան թռչնամիս է ներմուծվում մեծամասամբ ԱՄՆ-ից, Բրազիլիայից և Ուկրաինայից։ Ոչ մեծ քանակությամբ էլ՝ այլ երկրներից։ Այդ երկրներում թռչնակերն ավելի էժան է, քան Հայաստանում, և թռչնաբուծությունը զարգացած է՝ հիմնականում պայմանավորված կերարտադրության սեփական բազայի առկայությամբ։

«Հետք»-ի հետ զրույցում Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը բացատրեց. «Կերը կազմում է թռչնամսի ինքնարժեքի 50-55%-ը։ Իրենց մոտ պետությունը սուբսիդավորում է թռչնամսի և ֆուռաժային հատիկի արտադրությունը։ Բացի այդ, ԵՏՄ երկրների կողմից սուբսիդավորվում է իրենց մոտ արտադրվող թռչնամիսը և դրա վերարտադրության համար ծառայող մեկ օրական թռչունը։ Ինչպես նաև արտադրողը օգտվում է հարկային որոշակի արտոնություններից։ Այդ ամենը բերում է ինքնարժեքի նշմարելի նվազման։ Իսկ Հայաստանը թռչնակերն ու մեկօրական թռչունները ներմուծում է այլ երկրներից, ուստի՝ մինչև տեղ հասնելը դրանց գինը բարձրանում է։ Պետությունը չի սուբսիդավորում։ Արդյունքում ունենք այդ պատկերը՝ ներմուծվողն ավելի էժան է, քան տեղում արտադրվողը»։

Նա ընդգծում է, որ հարկավոր է շուկան այնպես կարգավորել, որ ներմուծողը չհարվածի տեղական արտադրողին։ Որպես ելք՝ առաջարկվում է պետական աջակցություն արտադրողներին, օրինակ՝ սուբսիդավորում։ «Քանի որ ստացվում է՝ մենք չենք կարողանում մրցակցել ներկրողի հետ, որովհետև արտերկրում տեղական արտադրողին պետական աջակցություն են ցուցաբերում և իրենց մոտ թռչնամսի ինքնարժեքը շատ ավելի էժան է, ապա այդ մրցակցությանը դիմակայելու համար Հայաստանի կառավարությունն էլ պետք է մեր արտադրողների աջակցի։  Այդ աջակցությունն անդրադառնում է գնի վրա»,- ասում է Թռչնաբույծների միության նախագահը։

Թռչնաբույծները նախկինում ևս դիմել են կառավարությանը իրենց օգնելու և ներմուծման ծավալները կրճատելու ուղղությամբ աշխատանքներ տանելու համար, բայց փաստերը ցույց են տալիս, որ իրավիճակը չի փոխվել, ներմուծման ծավալներն էլ չեն կրճատվել։ Կառավարության կողմից հակադարձվում է, թե շուկան ազատ է և չի կարելի սահմանափակել ներմուծողների ու սպառողների իրավունքները։ Նշվում է, որ եթե ներմուծումը սահմանափակվի, վտանգ կա, որ  արտադրողները գուցե շատ թանկացնեն թռնամիսը։

Իսկ արտադրողները համոզված են, որ հարցը սահմանափակումների մեջ չէ։ Ասվածը հիմնավորում են նրանով, որ տարիներ շարունակ նույն մեկնաբանությունը կատարվում էր ձվի շուկայում։ Սակայն նույն արտադրողներին հաջողվեց ամբողջությամբ բավարարել հանրապետությունում ձվի պահանջարկը՝ առանց ապրանքի գինը բարձրացնելու։ Ձվի շուկային ավելի վաղ անդրադարձել ենք։

Տեղական արտադրողներին այսօր մտահագում նաև այն է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ոչ միայն նոր դռներ չի բացի իրենց համար, այլև՝ միության անդամ երկրների թռչնամիս արտադրողները կարող են հաստատվել հայկական շուկայում։

Նախորդ տարի առաջացած խոչընդոտների պատճառով ժամանակավորապես փակվել են «Արմավիրի թռչնաբուծական ֆաբրիկա»  ու «Բաղրամյանի թռչնաֆաբրիկա» ընկերությունները։

Փաստորեն, անհավասար մրցակցությունն այսօր հայաստանյան թռչնամսի արտադրության շուկայի գլխավոր խոչընդոտն է։ Դա թույլ չի տալիս, որ շուկան զարգանա, ու ավելի թանկ լինելու պատճառով սպառողների քիչ մասն է ընտրում տեղականը։ Մինչդեռ, ըստ Ս. Ստեփանյանի, Հայաստանի թռչնաբուծարաններն ի զորու են ապահովել թռչնամսի պահանջարկի 50%-ից ավելին։ Շուկայի զարգացման դեպքում՝ շատ ավելին։

Արտադրողները բողոքում են նաև գանձվող հարկերի չափից։ Նրանց մի մասն այսօր նաև հարկային բեռի խնդիր ունի։

Տեղական արտադրողը պնդում է, որ ներմուծվող թռչնամսի մի մասի որակը կասկածելի է

Հիմա՝ որակի մասին։ Սպառողների շահերը պաշտպանող հայաստանյան կազմակերպությունները պարբերաբար բարձրաձայնում են այն մասին, որ Հայաստան ներմուծված թռչնամսի մի մասի որակը կասկածելի է և երբեմն՝ վտանգավոր։ Սա, իհարկե, չի նշանակում, որ ներմուծվող ամբողջ խմբաքանակը վտանգավոր է, կամ որ տեղական արտադրվածը միանշանակ անվտանգ է։

Համենայնդեպս, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հավաստիացնում է, որ ներմուծված թռչնամիսն իրենց կողմից զննվում և փորձաքննության է ենթարկվում։

Բայց ոչ պաշտոնական աղբյուրներն էլ պնդում են, որ ներմուծվող թռչնամսի մեջ երբեմն հորմոնների չափաքանակը գերազանցում է թույլատրելի սահմանները և առկա է միկրոբային վարակվածություն։ Խնդիրն այն է, որ ներկրվում է խորը սառեցված թռչնամիս, որի դեպքում հնարավոր միկրոբային վարակվածությունը հաճախ չի հայտնաբերվում, քանի որ այն հայտնաբերելու համար պետք է միսը հալեցված լինի։ Այսինքն՝ խորը սառեցման ժամանակ մնում են  առանձին միկրոբային մնացորդներ, որոնք սահմանում փորձաքննության ենթարկելիս չեն երևում։ Իսկ տեղականը թարմ-պաղեցված է և արտադրման պահից մինչև սպառումը պահպանման ժամկետը չպետք է անցնի 72 ժամը։

Ըստ մասնագետների՝ ներմուծվողի մեջ կարող է վտանգ պարունակել հատկապես մասնատված թռչնամիսը, քանի որ դրա միկրոբային վարակվածության հավանականությունն ավելի մեծ է։ Մեծ ուշադրության և վերահսկողության կարիք ունի նաև աղացած թռչնամիսը։

Հայաստան հասնող թչռնամսի որակի վերաբերյալ որոշ հայ արտադրողները հստակ տեղեկություններ ունեն, որոնք սակայն չեն ցանկանում մամուլի միջոցով բարձրաձայնել՝ մտավախություն ունենալով, թե հետագայում ներմուծողների հետ խնդիրներ կունենան։ Ըստ աղբյուրներից մեկի՝ Հայաստան ներկրվող թռչնամսի որոշակի  խմբաքանակ կա, որի ներմուծման ժամանակ մատակարարող կողմը մինչև Վրաստանի Փոթիի նավահանգիստ իր միջոցներով է հասցնում։ Խոսքը փոխադրման ծախսերի մասին է։ Մինչդեռ, որպես կանոն, ներմուծողն ինքն է վճարում փոխադրման ամբողջ գումարը։  Եվ այն, որ մատկարարն է վճարում փոխադրման գումարի մի մասը, այլ ոչ թե՝ ներմուծողը, կասկածի տեղիք է տալիս, որ մատակարարվող թռչնամիսը սառեցված վիճակում է գտնվել երկար ժամանակ, որը բացասական է անդրադառնում է ապրանքի որակի վրա։ Նշվում է, որ այն ինչ-ինչ պատճառներով չի ծառայել իր նպատակին և առաքվում է Հայաստան։

Գնորդն անզեն աչքով չի կարող նկատել թռչնամսի նշված թերությունները, քանի որ դրա համար հատուկ փորձաքննություն է հարկավոր։ Ուստի՝ սննդի անվտանգության մասնագետները  վտանգներից հնարավորինս խուսափելու համար խորհուրդ են տալիս օգտվել տեղական թռչնամսից։

 Ովքեր են թռչնամիս ներմուծում Հայաստան 

Հայաստան նախորդ տարի թռչնամիս է ներմուծել 45 ընկերություն։ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից ստացված ցանկում նշված են այդ ընկերությունների անունները։

Դրանցից երեքը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված  խոշոր ընկերություններն են՝ «Ա և Գ» ՍՊԸ-ն, «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն և, որքան էլ զարմանալի է, դեղատների ցանց ունեցող «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն։  Պարզվում է, որ «Մոյա Սեմյա» ապրանքանիշի մսամթերքի արտադրողն այժմ այս ընկերությունն է և թռչնամիսը ներմուծվում է այդ արտադրության մեջ օգտագործելու համար, ինչպես նաև՝ վաճառվում «Երևան Սիթի» սուպերմարկետներում։ Նախկինում, «Մոյա Սեմյա»  մսամթերքի պիտակների վրա որպես արտադրող նշվում էր «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի անունը։

Մեր տեղեկություններով՝ ներկրվող թռչնամսի 50%-ից ավելին ներկրում են հենց այս ընկերությունները։

Մյուս ընկերություններից համեմատաբար մեծ ծավալի ներկրումներ են իրականացնում «Պարգև» ՍՊԸ-ն, «Արմեն Համիկ եղբայրներ ՀՁ» ՍՊԸ-ն, «Գոռհակ Թրեյդ» ՍՊԸ-ն, «Կոմսալ» ՍՊԸ-ն, «Միթ Իմփորթ» ՍՊԸ-ն, «Էլիտ Պրոդ» ՍՊԸ-ը, «Բի և Ջի Ֆուդ» ՍՊԸ-ն, «Նատֆուդ» ՓԲԸ-ն և «Դիուս» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունների մի մասն հիմնականում աղացած թռչնամիս է ներկրում, մյուս մասը՝ մասնատված թռչնամիս։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter