HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Ավիակոմպանիա Արմենիա». թու՞ղթ, թե՞ իրականություն

Այսօր չեն կայանա «Արմենիա» ավիաընկերության այդքան սպասված Երեւան-Թել Ավիվ եւ Երեւան-Մոսկվա չվերթները, որոնք 2014-ի աշնանը «Էյր Արմենիայի» անկումից հետո առաջին մարդատար թռիչքները պիտի լինեին հայկական քաղավիացիայում: Հիշեցնենք, որ այս չվերթների մասին մարտի 9-ին հայտարարել էր ընկերության 25 տոկոսի սեփականատեր, վրացական «Georgian Airways»-ի նախկին հիմնադիր ու տնօրենների խորհրդի նախագահ Թամազ Գաիաշվիլին: «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքում «Արմենիայի» այս չվերթների մասին ինֆորմացիա ընդհանրապես չկա, ավելին՝ դեպի Թել Ավիվ չվերթների մասին տեղեկություն (թեկուզ այլ ընկերությունների կողմից) գոյություն չունի:

«Զվարթնոց» օդանավակայանի մեկնումների օնլայն չվացուցակը 15:26-ի դրությամբ

Նախ՝ զարմանալի էր, թե ինչու է առաջին չվերթը ընտրվել հենց դեպի Թել Ավիվ, որը երբեք Երեւանից մեկնող ուղեւորների համար առաջնային ուղղություն չի եղել: Երկրորդ՝ «Հետքի» տեղեկություններով՝ այս չվերթի համար բավականին քիչ տոմս է վաճառվել:

Չվերթների վերաբերյալ տեղեկություններ հաղորդող flightradar24.com կայքում «Զվարթնոցից» մեկնողների մեջ Թել Ավիվի ուղղությունը (21:00) չեղարկված է (canceled), իսկ թռիչքը համարակալված է A9 795, որտեղ A9-ը «Georgian Airways»-ի IATA-ի կոդն է, իբրեւ կատարող էլ նշված է հենց վրացական օպերատորը:    

Արդեն 16:57-ի դրությամբ «Զվարթնոցի» չվացուցակում ավելացավ «Արմենիայի» չվերթը դեպի Թբիլիսի: Մինչ օրս ավիացիոն տեղեկատվական բազաներում որեւէ ինֆորմացիա չկար «Ավիակոմպանիա Արմենիայի» միջազգային՝ IATA-ի եւ ICAO-ի կոդերի մասին, որոնցով, մասնավորապես, համարակալվում են թռիչքները: Եվ ահա «Զվարթնոցի» կայքից պարզ դարձավ, որ այն ունի ICAO-ի կոդ՝ NTG:

«Զվարթնոց» օդանավակայանի մեկնումների օնլայն չվացուցակը 16:57-ի դրությամբ

Ինչպես երեւում է նկարում, «Արմենիայի» NTG 726 եւ «Georgian Airways»-ի TGZ 726 չվերթները դեպի Թբիլիսի կայանալու են նույն ժամին՝ 21:10-ին: Ըստ չվացուցակի, Վրաստանի մայրաքաղաքից օդանավը ժամանելու է 20:35-ին (չվերթ NTG 725 եւ TGZ 725) ու կես ժամից կրկին օդ բարձրանալու: Ընթերցողին պարզաբանենք, որ հայկական ու վրացական ընկերությունները համատեղ (codeshare) չվերթ են իրականացնելու: Նման պարագայում գործընկեր ավիաընկերություններից մեկը եւ թռիչք է իրականացնում, եւ տոմս վաճառում իր անունից, իսկ մյուս(ներ)ը միայն տոմս է վաճառում, սակայն դա անում է իր անունից, թռիչքն էլ գրանցվում է առանձին-առանձին բոլորի անուններով: Կոնկրետ այս՝ Թբիլիսի-Երեւան-Թբիլիսի չվերթը իրականացնում է վրացական օպերատորը, իսկ «Արմենիան» նրա գործընկերն է: Թռիչքն էլ ICAO-ի եռանիշ կոդով է, որովհետեւ ոչ կանոնավոր է՝ չարտերային (սեզոնային), այնինչ Թ. Գաիաշվիլին մարտյան ասուլիսի ժամանակ խոսում էր «Արմենիայի» կողմից կատարվելիք կանոնավոր թռիչքների մասին դեպի ՌԴ քաղաքներ, Թեհրան, Դուբայ, Պրահա, Թել Ավիվ, Լառնակա, Կիեւ, Մինսկ, Բարսելոնա, Լոնդոն:

Շեշտենք, որ նվազագույնը ICAO-ի կոդ է անհրաժեշտ ոչ կանոնավոր (չարտեր) թռիչքներ իրականացնելու համար, իսկ կանոնավոր չվերթների դեպքում պարտադիր է ունենալ IATA-ի երկնիշ կոդ:

IATA-ի կոդ ունեցող ավիաընկերություններն այդ կազմակերպության «Clearing House»-ի միջոցով կատարում են վճարումներ, ինչը բավականին հեշտացնում է համագործակցությունը: Այսինքն՝ գործընկեր ավիաընկերություններն ու կազմակերպությունները միմյանց հանդեպ ֆինանսական պարտավորությունները կատարում են միեւնույն արժույթով (ԱՄՆ դոլար, եվրո կամ բրիտանական ֆունտ). բոլորին առանձին-առանձին վճարում չկատարելու համար գումարներն ուղղվում են «Clearing House»-ին, որն էլ ուղղում է հասցեատերերին: Ամեն ընկերություն այս համակարգում ունի իր առանձին կոդը. օրինակ՝ «Georgian Airways»-ինն է A9-606: Հայ ավիատորների մի ստվար հատվածի շրջանում մտավախություն կա, որ վրացական ընկերության թեւի տակ գործող եւ սեփական կոդ չունեցող «Արմենիայի» աշխատած գումարներն այսպես ուղղվելու են փաստացի մայր ընկերությանը: Հայ ավիատորներին զայրացնում է նաեւ այն, որ վրացական կապիտալով նորաթուխ ընկերությունը կրում է «Արմենիա» անունը, ինչը երկրի հեղինակության հարց է: Օրինակ՝ ի՞նչ է լինելու, եթե հանկարծ այս ընկերությունն էլ «ՀԱՈւ»-ի, «Արմավիայի» ու «Էյր Արմենիայի» պես բռնի սնանկության ճանապարհը, ինչը Հայաստանում կարծես նորմ է դարձել. պիտի հայտարարվի, որ «Արմենիան» սնանկացավ:  

Ընդ որում՝ «Արմենիան» օդանավ էլ չունի: Համենայն դեպս, ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ օդանավերի ռեգիստրում այս ընկերության անունով ինքնաթիռ չի եղել: Ամենահավանական տարբերակն այն է, որ «Արմենիայի» օդանավերը «թաց լիզինգի» (wet leasing) պայմաններով վարձակալվելու են «Georgian Airways»-ից, այսինքն՝ ինքնաթիռները, օդաչուական եւ տեխնիկական անձնակազմերը, ապահովագրությունները լինելու են վարձատուի՝ վրացական ընկերության պատասխանատվության ներքո եւ հայկական ազգային նիշ EK-ի փոխարեն թռչելու են վրացական 4L-ով: Թ. Գաիաշվիլին ասել էր, որ ապրիլի սկզբին ունենալու են վարձակալած 3 ինքնաթիռ, հունիս-հուլիսին՝ եւս 2, տարվա վերջում՝ մոտ 8:

«Արմենիայի» տերերից հայազգի Ռոբերտ Օգանեսյանը հայտարարել էր, որ ընկերությունում աշխատելու է 350 հոգի, որոնցից միայն մի քանիսը կլինեն «Georgian Airways»-ի աշխատակիցներ: Նա լրագրողներին հայտնել էր, թե հնարավորություն կտան արտասահմանում աշխատող հայ օդաչուներին ու տեխնիկներին վերադառնալ հայրենիք ու աշխատել իրենց մոտ:

«Հետքի» ստացած տեղեկություններով՝ «Արմենիան» իր մոտ աշխատել ցանկացող բորտ-ուղեկցորդներին ուղարկում է վերապատրաստման, որի համար պիտի վճարեն այդ մարդիկ: Շեշտենք նաեւ, որ մինչ օրս չի գործում ընկերության պաշտոնական կայքը՝ armenia-sky.com-ը: «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ն գրանցված է Երեւանի Ճառագայթային (Լուչեւայա) փողոցի Վ շենքում՝ «Georgian Airways»-ի հայաստանյան ներկայացուցիչ Ռուբեն Բաղդասարովի տանը: Ներկայացուցչությունն էլ է գրանցված այստեղ:

«Ավիակոմպանիա Արմենիան», որը աղմկոտ ձեւով հայտարարեց իր մուտքը հայկական շուկա ու տվեց զանազան խոստումներ՝ էժան տոմսերից մինչեւ հայ մասնագետների հրավեր, իրականում, կոպիտ ասած, թղթային ընկերություն է, փաստացի «Georgian Airways»-ի հայկական մասնաճյուղ, չնայած այդպիսին արդեն գործում է 2003-ից:         

«Հետքի» տեղեկություններով՝ «Արմենիայի» հետ սերտ կապեր ունի «Արմավիայի» տեր Միխայիլ Բաղդասարովը, ով չնայած վաղուց ընկերական հարաբերություններ ունի Թ. Գաիաշվիլու հետ, մասնավոր զրույցներում հերքել է իր ներգրավվածությունը «Արմենիայում»՝ նշելով, որ միայն օգնում է ընկերոջը: Ինչպես ասում են, չի լինում ծուխ առանց կրակի. կապրենք՝ կտեսնենք:    

Չեչենները մտադիր են վերադառնալ

Չեչենական «Գրոզնի Ավիա» ընկերության գլխավոր տնօրեն Հասան Սալգիրիեւը «ՏԱՍՍ» գործակալությանը հայտնել է, որ առաջիկայում ընկերությունը վերականգնելու է միջազգային չվերթները: Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին ընկերությունը սեփական նախաձեռնությամբ դիմել էր «Ռոսավիացիային», որն էլ ամսի 19-ին սահմանափակել էր «Գրոզնի Ավիայի» կողմից միջազգային չվերթների իրականացումը: Այս ընկերությունը, 2014-ին մտնելով հայկական շուկա, սկսեց իրականացնել Անապա-Երեւան եւ Կազան-Երեւան թռիչքներ, իսկ այս տարվա մարտից հայտարարվել էր Վորոնեժ-Երեւան եւ Կուրսկ-Երեւան ուղղությունների մասին:

Գլխավոր տնօրենն ասել է, թե իրենց քայլը կապված չէր սպասարկման որակի կամ ավիապարկի տեխնիկական վիճակի հետ. «Ներքին հարցերի հետ կապված որոշ նյուանսներ են եղել: Մենք խնդրել ենք «Ռոսավիացիային» մինչեւ մեկ ամիս ժամանակ տալ, որպեսզի մի շարք կարգավորիչ միջոցառումներ իրականացնենք միջազգային չվերթների հետագա վերագործարկման նպատակով»: 

Չնայած ընկերության պաշտոնական կայքում միջազգային չվերթներից նշվում են միայն դեպի Երեւան թռիչքները, «ՏԱՍՍ»-ին պարզաբանել են, որ մինչեւ այս փոփոխությունը «Գրոզնի Ավիան» թռչում էր Լեհաստան, Սլովակիա եւ Հայաստան: Մայիս-հուլիս ամիսներին ընկերությունը նախատեսում է ընդլայնել ներռուսաստանյան թռիչքների ցանցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter