HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Վրացական խորամանկությու՞ն. ինչպես է աշխատում «Արմենիան»

սկիզբը

«Ավիակոմպանիա Արմենիա» ընկերությունը փաստացի իր մայր ընկերության՝ «Georgian Airways»-ի միջոցով Երեւանից ուղեւորներ է տեղափոխում Վրաստան, այնտեղից էլ՝ տարբեր ուղղություններով: Մինչեւ ընկերության չվերթների իրականացումը որոշակի կասկածներ կային, որ սա լինելու է թղթային ընկերություն, որն ընդամենը տոմս է վաճառելու Հայաստանում վրացական օպերատորի համար, այսինքն՝ վրացական կողմի համար դառնալու է ուղեւորների մատակարար, չնայած շեշտենք, որ «Georgian Airways»-ը 2003-ից ՀՀ-ում ունի ներկայացուցչություն, որի գործը հենց այն պիտի լիներ, ինչ հիմա անում է «Արմենիան»:

Հիշեցնենք, որ «Արմենիայի» տերերից Թամազ Գաիաշվիլին մարտին հայտարարել էր, թե ապրիլի 21-ին առաջին թռիչքը լինելու է Մոսկվա եւ Թել Ավիվ: Փաստերով ցույց տանք, թե ինչպես է օդանավ չունեցող ընկերությունն «իրականացրել» իր խոստումը:   

Երեկ վրացական «Georgian Airways»-ի «Boeing 737» օդանավը (գրանցման համարը՝ 4L-TGM, լուսանկարում) Թբիլիսիից ժամանել է Երեւան 21:24-ին: Այն իրականացնում էր վրացական ընկերության TGZ 725 չվերթը: «Զվարթնոցի» չվացուցակում սրա հետ իբրեւ համատեղ չվերթ նշվել է «Արմենիայի» NTG 725 թռիչքը: Օդանավը պիտի վայրէջք կատարեր 20:35-ին, սակայն մեկ ժամ ուշացել է:

Այդուհանդերձ, 21:56-ին՝ գալուց կես ժամ անց, ինքնաթիռը Երեւանից վերադարձել է Թբիլիսի (չվերթներ TGZ 726 եւ NTG 726):

Շատ չանցած՝ 23:15-ին, նույն օդանավը Վրաստանի մայրաքաղաքից մեկնել է Թել Ավիվ (չվերթ A9 1789, սա «Արմենիայի» հետ համատեղ չվերթ չի եղել): Այսօր լույս գիշերը՝ 05:01-ին, վրացական ընկերության օդանավը A9/TGZ 1790 չվերթով Թել Ավիվից ժամանել է Երեւան (սա նույնպես համատեղ չվերթ չի եղել):

Ստացվում է, որ վրացական կողմը իրար է կապեր Իսրայելն ու Հայաստանը, իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ երկրների միջեւ գործում է օդային տարածքի 5-րդ ազատության իրավունքը, ինչը Հայաստանի իշխանությունների հռչակած «բաց երկնքի» քաղաքականության առանցքային կետերից է: Այնինչ, մինչ օրս պաշտոնապես որեւէ փաստաթուղթ չի հրապարակվել ՀՀ-ի ու Վրաստանի միջեւ 2008-ին կնքված համաձայնագրի փոփոխության վերաբերյալ: Իսկ դրանով 5-րդ ազատություն ամրագրված չէ: Երեւան ժամանելուց քիչ անց՝ 05:48-ին, արդեն համատեղ չվերթով (TGZ 1722 եւ NTG 1722) վրացական «Boeing 737»-ը վերադարձել է Թբիլիսի:    

Ասվածից հետեւում է, որ վրացական օդանավը եկել է Երեւան, այստեղից վերցրել Իսրայել մեկնողներին, գնացել Թբիլիսի ու այնտեղից թռել Թել Ավիվ, իսկ այնտեղից Թբիլիսի վերադառնալիս կանգառ է արել Երեւանում:

Այսքանից հետո հետաքրքիր է, թե ինչպես է «Արմենիան» կյանքի կոչելու իր տերերի մեծ խոստումները Ռուսաստանի, Ասիայի ու Եվրոպայի տարբեր քաղաքներ կատարվելիք թռիչքների մասին: Եթե «Արմենիայից» տոմս առնողները «Georgian Airways»-ի միջոցով պիտի Թբիլիսի թռչեն ու այնտեղից նոր միայն՝ իրենց ուղղությամբ, ապա արդեն այսօր պարզ է դառնում, թե ինչպես են վրացիները հայկական շուկան փորձում քաշել դեպի Թբիլիսի եւ վերջինս դարձնել տարածաշրջանային հաբ: Բայց եթե իսկապես այդպես է, կարո՞ղ են վրացիները դիմանալ հայկական ուղեւորահոսքը գրեթե ամբողջությամբ իրենց ձեռքն առած ռուսական ընկերությունների մրցակցությանը, որոնք համեմատաբար փոքրերին դուրս մղելու հիանալի փորձառություն ունեն հենց նույն Հայաստանում:

Հ.Գ. Չնայած համատեղ թռիչքները «Արմենիայի» մասով համարակալվում են ICAO-ի NTG կոդով, այս կոդը տրվել է 2000-ին հիմնադրված «Servicios Integrales de Aviacion SA de CV» մեքսիկական ընկերությանը, որը հայտնի է «FlyMex» անվամբ: Ընկերությունը բազավորվում է մեքսիկական Տոլուկայում եւ կատարում է չարտերային թռիչքներ:  

Մեկնաբանություններ (2)

Հեղինակ
ara-ին. երեւում է հոդվածը լավ չեք կարդացել կամ լավ չեք հասկացել. նախ «Էյր Արմենիա» չէ, այլ «Արմենիա», տարբերությունը, կարծում եմ, նկատելի է, հետո՝ անունը չէ, որ ուղեւորահոսք է բերում, այլ գործն ու ստեղծած վստահությունը: Երկրորդ՝ ցանկացած մրցակցություն ողջունելի է, բնականաբար: Եթե նախկինում հետեւել եք «Հետքի» հոդվածներին, տեսած կլինեիք, որ թե իմ, թե ոլորտի մասնագետների կողմից կարեւորվել է տեղական փոխադրողի ներկայությունը: Բայց, հարգելիս, խոսքն այսպիսի ֆիկտիվ-թղթային ներկայության մասին չէր, այլ իրական թռիչքների: pom-ին. եթե ներկայացնում եք ընկերության շահերը, այդպես էլ ասեք: Իսկ արդարացում փնտրելուց առաջ, թե ինչու այսպես եղավ, ոչ թե այնպես, ընդամենը պետք էր մտածել մինչեւ թռիչքները սկսելը՝ ուղեւորներին հրապարակայնորեն տեղյակ պահելով այդ մասին թեկուզ նույն մամուլի միջոցով: Դա ավելի ազնիվ կլիներ: Իսկ 49 եվրոյի մասին աժիոտաժը, կարծում եմ, մարեց հենց Գաիաշվիլու ասուլիսից հետո: Մարկետինգային քայլը պետք չէ դրոշակ դարձնել. Հայաստանում դրա միջով քաղաքացիները շատ են անցնում ու քաջածանոթ են նման բաների: Առայժմ այսքանը:
ara
to follow your logic implies airfrance has to stop flying to armenia, armenia needs competition to bring down travel costs to bring tourists into armenia. its ok that they use air armenia name as long as the travel costs come down, i hope you realize that.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter