HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Վալերի Պերմյակով. «Ես երեխային սվինով հարվածներ եմ հասցրել, մինչև որ դադարեց լացել»

Այսօր եւս Վալերի Պերմյակովի գործով դատաքննությունը շարունակվեց նրա՝ նախաքննական մարմնին տված ցուցմունքների հրապարակմամբ: Դպրոցը միջին առաջադիմությամբ ավարտած եւ աշխարհագրական գիտելիքներով չփայլող Վալերի Պերմակովը համոզված է եղել, որ Գյումրին երկաթուղային կապ ունի Ռուսաստանի հետ եւ ինքը, թաքնվելով որեւէ բեռնատար գնացքում, հասնելու է Չիտա: Նախաքննության ժամանակ տված ցուցմունքում ամբաստանյալն ասել է, որ եթե հաջողվեր իր ծրագիրը, ապա ինքը թաքնվելու էր Չիտայի տափաստաններում, որտեղ իրեն ոստիկանությունը չէր գտնի:

Ինչու՞ է այդ դեպքում Պերմյակովը հայտնվել ոչ թե երկաթգծի կայարանում, այլ հայ-թուրքական սահմանի Բայանդուրի ուղեկալի մերձակա տարածքում: Նա համոզված է եղել, որ կարողանալու է Թուրքիայի տարածքով անցնել Վրաստան՝ այնտեղից էլ Ռուսաստան: Վալերի Պերմյակովի փոխանցմամբ, հայ-թուրքական սահմանի մասին տեղեկացել է ուսումնական վարժանքներից մեկի ժամանակ, իսկ ընդհանրապես գիտեր, որ Հայաստանը սահմանակից է Ադրբեջանին, Վրաստանին, Թուրքիային եւ Իրանին: «Ես տղաներից մեկին հարցրեցի, թե որտեղ է գտնվում հայ-թուրքական սահմանը, նա ձեռքով ցույց տվեց դեպի արեւմուտք եւ ասաց, որ մի 10  կմ այն կողմ սահմանն է»:

Իր՝ տարբեր ժամանակահատվածներում տված ցուցմունքներում Վալերի Պերմյակովը նույն հարցի վերաբերյալ տվել է հակասական պատասխաններ: 2015թ. փետրվարի 6-ին, հարցաքննվելով ՌԴ հատուկ քննչական կոմիտեի քննիչի կողմից եւ պատասխանելով վերջինիս հարցերին, Պերմյակովն ասել է, որ որոշել է ճիշտ ցուցմունքներ տալ, եւ որ նախկինում ստել է, երբ հայտնել է, թե սահմանի մոտ լքված տնակում եղած ժամանակ Ավետիսյանների տնից վերցրած բջջային հեռախոսում հայտնաբերելով տաքսիստի համարը՝ զանգահարել եւ ուտելիք է պատվիրել:

Ըստ Պերմյակովի տված նախաքննական ցուցմունքների, ինքը տեսել է անգլիատառ գրած Արթուր-տաքսի բառերը, զանգահարել է ու խնդրել, որ իրեն կոլա ու շաուրմա բերեն: Պերմյակովի փոխանցմամբ, ինքը նկարագրել է տարածքը եւ վարորդը 1,5 ժամ հետո բերել է իր ուզածը: Կոլայի ու շաուրմայի համար վարորդը պահանջել է 3,500 դրամ: «Ես հարցրեցի, թե դա որքան կկազմի ռուսական ռուբլով, նա ասաց 500 ռուբլի: Ես վճարեցի ու նա հեռացավ»,-պնդել է Պերմյակովը:

Այս վարկածն ամբաստանյալը կրկնել է մի քանի անգամ, սակայն 6.02.2015թ. հարցաքննության ժամանակ փոխել է ցուցմունքը՝ նշելով, որ ամեն ինչ հնարել է: Որեւէ մեկին չի զանգահարել, ոչինչ չի պատվիրել, ոչ մի բան չի կերել ողջ օրվա ընթացքում միայն ծխել է:

«Ես Ավետիսյանների տնից վերցրած երեք բջջայիններով փորձում էի տուն զանգահարել, բայց չէր ստացվում: Երկու հեռախոսների միջից քարտերը հանել ու շպրտել էի դեռ ճանապարհին, հետագայում գցել եմ նաեւ կարմիր բջջայինի միջի քարտը: Ես գնում էի գետի հունով, չգիտեի, որ այդ տարածքում տնակ կա, ես պարզապես քայլում էի: Լքված տնակը հայտնաբերել եմ պատահական: Առավոտյան ժամը 10-ն էր: Ներսում մահճակալ կար: Նստել ծխում ու մտածում էի, թե ինչպես եղավ այդ ամենը: Հետո քնել եմ, երբ արթնացա, արդեն ժամը 18-ն էր ու սկսել էր մթնել: Կեսգիշերին մոտ որոշեցի քայլել սահմանի երկարությամբ, միացրեցի լապտերի լույսը, սակայն, մարդ նկատելով, անջատեցի: Հետո լսեցի, թե ինչպես ինձ հրահանգեցին կանգնել, ես շարունակեցի առաջ գնալ, նրանք օդ կրակեցին, գոռացին, որ հաջորդ կրակոցը կլինի իմ ուղղությամբ: Ես պառկեցի գետնին, երբ ինձ բռնեցին, ասացի որ տանկիստ եմ, գնում եմ մերոնց մոտ»,-իր ցուցմունքում նշել է Պերմյակովը:

Նախաքննական ցուցմունքում Պերմյակովը նշել էր, որ ոչ մի բռնություն չի կիրառել Ավետիսյաններից որեւէ մեկի նկատմամբ, սակայն փորձաքննությամբ ապացուցվել է, որ ավագ Սերյոժա Ավետիսյանի քունքին առկա վնասվածքներն առաջացել են ինքնաձիգի խզակոթի հարվածներից: Եթե նախորդ հարցաքննությունների ժամանակ Պերմյակովը պնդել է, թե առաջին սենյակում քնած կինն իրեն տեսնելով սկսել է աղմկել, ցանկացել է զանգահարել ոստիկանություն, դրա համար է ինքը կրակել, ապա արդեն ապրիլի 7-ին տված ցուցմունքում պատմել է բոլորովին այլ բան:

«Ես մոտեցա աղջկան, նա քնած էր: Ես կանգնել ու նայում էի նրան: Նա բացեց աչքերը եւ չհասցրեց գոռալ, ես հրացանի փողն ուղղեցի նրա դեմքին ու կրակեցի, երեւի երկու անգամ»,-նշել է ամբաստանյալը: Նախորդ ցուցմունքներում Պերմյակովը ժխտել է նաեւ փաստը, որ ծխել է Ավետիսյանների տանը՝ պնդելով, որ մեկ ծխախոտ է ծխել, այն էլ բակում: Հետագայում խոստովանել է, որ տան սեղանին նկատելով ծխախոտի տուփ՝ ծխել է նաեւ տանը, ջուր է խմել ու հետո նոր սկսել սենյակների հետազոտումը: Նախաքննական ցուցմունքներից մեկում Պերմյակովը նշել էր, որ զինվորական հագուստը թաքցրել է տան բազմոցի մեջ, այդ թվում եւ զինվորական ճտքավոր կոշիկները, սակայն դրանք հետագայում հայտնաբերվել են տան կից խորդանոցում:

Քննիչի հարցին, թե ինչու է Պերմյակովը բազմիցս փոխել նախաքննական ցուցմունքները, ամբաստանյալը պատասխանել է՝ «չգիտեմ»: Վալերի Պերմյակովը, ով նախորդ հարցաքննությունների ժամանակ արտաամուսնական կապից երեխա ունենալու վերաբերյալ հարցին մշտապես տվել է բացասական պատասխան, իր ցուցմունքներից մեկի ժամանակ չգիտես ինչու որոշել է խոսել այդ թեմայով եւ հայտնել, որ ունի Յուլիա անունով սիրած աղջիկ եւ 2013թ. ծնված Նիկիտա անունով տղա երեխա արտաամուսնական կապից, որը չի հաստատվել:

Պերմյակովը նկարագրելով սպանության պահին սենյակում գտնվող մարդկանց դիրքերը, 3-րդ սենյակում գտնվող կնոջ համար ասել էր, որ իր ներս մտնելու պահին նրա ձեռքին տեսել է հեռախոս ու հասկացել, որ նա ինչ-որ տեղ է զանգում, դրա համար էլ կրակել է: Հետագայում Պերմյակովը պատմել է, որ կինը ձեռքի բջջայինը շպրտել է իր վրա ու թաքնվել վերմակի տակ, ինքն էլ կրակել է, որ չգոռա: Ինչ վերաբերում է փոքրիկ Սերյոժայի սպանությանը, Պերմյակովը հետագայում սպանության դրվագը ներկայացրել է այսպես. լսելով երեխայի լացի ձայնը` մոտեցել է, անգամ փորձել է հանգստացնել՝ ասելով, դե մի լացի, ինչու՞ ես լացում, բայց փոքրիկը շարունակել է լացել ու ինքը վախենալով աղմուկից՝ սվինով երեք անգամ հարվածել է: «Տեսել եմ միայն երեխայի գլուխը, իսկ մարմինը ծածկոցի տակ էր: Ես երեխային սվինով հարվածներ եմ հասցրել, մինչեւ որ դադարեց լացել»:

Բոլոր հարցաքննությունների ժամանակ Պերմյակովը նշել է, որ տան հանդեպ կարոտն է իրեն ստիպել լքել պահակակետն ու տուն փախչելու ծրագիր մշակել: Ամբաստանյալն ասել է, որ չի ցանկացել շարունակել ծառայությունը, թեպետ Հայաստան գալու ցանկություն հենց ինքն է հայտնել, պարզաբանելով, որ Գյումրիում տեղակայված ռազմաբազայում ծառայելու համար ավելի բարձր են վարձատրում եւ տարածաշրջանի կլիման էլ, Չիտայի համեմատ, շատ մեղմ է: Պերմյակովն ասել է, որ Ավետիսյանների տանն ինքը մենակ է եղել, եւ որ որեւէ մեկն իրեն քաղաքում չի սպասել: Նրա նկարագրությունից պարզ է դառնում, որ քաղաքում քայլել է երկու ժամ՝ մինչեւ «Բուլվարնի» կոչվող թաղամասից «Պոլիգոններով» հասել է «Արցախ» թաղամասի Մյասնիկյան փողոց:

Մեկնաբանություններ (1)

W. Wallace
Հարգելի խմբագրություն, ինչի համար եք դնում այսպիսի վերնագրով հոդվածներ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter