Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

«Այսօր մենք ապրում ենք նրանց կյանքերով»



Ազատամարտիկ Արամ Ներսիսյանի հիշողությունների միջով ձգվող թելը տեղ-տեղ պրկվում է, տեղ-տեղ թուլանում: «Ծանր հիշողություն». այսպես է անվանում 90-ականների պատերազմի դրվագներից մեկը: Սա պատմում է մեր զրույցի ավարտին: Ասում է՝ այդպիսի օր չկա, որ չհիշի այդ մասին:

1993 թ. մայիսն էր, ադրբեջանցիները հարձակվել էին Լաչինի միջանցքի «Կոբրայի» դիրքերի վրա: Մի պահ շրջափակման մեջ էին հայտնվել հայ զինվորները, գնդացրորդ Սմբատ Ալոյանին, որը կասեցնում էր ադրբեջանական կողմի առաջխաղացումը, Արամ Ներսիսյանը, որ այդ ժամանակ ջոկատի հրամանատարն էր, առաջարկել էր հատվածը փոխել՝ ինքը տեղափոխվեր Սմբատի դիրքը, Սմբատն՝ իր: Վերջինս հրաժարվել էր, ասել՝ «դու հրամանատար ես, եթե զոհվես, մենք ի՞նչ ենք անելու»:

Այս պատմությունը Ա. Ներսիսյանը դադարներով է ներկայացնում: Ասում է՝ Սմբատն ինքնազոհողության գնաց, ծանր վիրավորվել էր: Այդ դիրքից տեղափոխել էին ապահով կետ, որտեղ հրամանատարին խնդրել էր, որ իրեն չթողնի այդտեղ, դին տանեն իր հայրենի գյուղ՝ Վարդենիկ: Դժվարություններով, բայց հրամանատրը խոստումը կատարել է: «Սմբատն իր կյանքը զոհեց ինձ համար, ինքը չի զոհվել, ես եմ զոհվել, բայց ես իր կյանքով ապրում եմ»,- սա ասելուց հետո լռում է: Մինչ օրս հրամանատարը գնդացրորդի ընտանիքի հետ կապը պահում է:

«Դա երբեք չի ջնջվի իմ հիշողություններից: Այսօր մենք ապրում ենք նրանց կյանքերով»,- ավելացնում է Ա. Ներսիսյանը:

Ազատամարտիկի հետ մեր զրույցը քառօրյա պատերազմից առաջ էր: 22 տարիների հեռավորությունը, կարծես, բան չէր փոխել նրա ապրումներում:

Արամ Ներսիսյանը ծնունդով Ջավախքի Գանձա գյուղից է, պատերազմի տարիներին կամավորագրվել էր Գեղազնիկ Միքայելյանի՝ Չաուշի ջոկատում: Մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Լաչինի ինքնապաշտպանական, ինչպես նաև Սյունիքի և Տավուշի սահմանամերձ շրջանների մարտերին: Ասում է՝ մարտական մկրտությունը ստացել է Նոյեմբերյանի Ոսկեպար գյուղում 1990 թ.:

90-ականներին Ֆրանսիայից Հայաստան էր հրավիրվել մարզիչ Գրիգոր Արուճյանը: Ա. Ներսիսյանը նշում է, որ վերջինս ԱՍԱԼԱ-ի մարտիկներից էր, իրեն ներկայացրել էր որպես ՆԱՏՕ-ի գնդապետ: Մարզումներն սկզբից Աշտարակի ստորաբաժանումներում էին, այնուհետ Բյուրականում դպրոց էր բացել:

Մարզումները խիստ ծանրաբեռնված էին անցնում, օրվա մեջ 1 ժամ հազիվ ընդմիջում էին ունենում. «Մարզումների ժամանակ նկատել էր, որ հրամանատարները զորքի առջևից չէին գնում, ասաց՝ ո՞ւր են ձեր հրամանատարները: Մի անգամ կանչել էր նրանց, ասել, թե «ես ատանկ գեներալների հազ չեմ անե, ատանկ հայվանների...»: Շատ կոպիտ էր խոսում, ասաց՝ գեներալները պետք է զորքի առջևից գնան, որ զինվորներն էլ հետևեն իրենց»:

Ձմեռվա խաղողը

Ազատամարտիկն ասում է՝ պատերազմի ժամանակ ուրախությունն ու մահը կողք կողքի էին: Հիշում է՝ 90-ականներին Շահումյանի Խարխափուտ գյուղում էին: Ասում է, որ շահումյանցիները շատ հյուրասեր էին, առավոտյան, կեսօրին և երեկոյան իրենց համար հաց էին տանում: Այդ ամենը կանոնակարգում էր շահումյանցի, պատերազմի վետերան 90-ամյա Աղասի պապը՝ Աղասի դայի էին ասում:

«Բարսեղյան Վահանի հետ կանգնել էինք պոստի, ասաց՝ Արամ, մի քիչ հանգստանամ, էլի, մի անկյունում քար էր դրված, նստեց էդ քարին, ես էլ գնում-գալիս էի: Մի բան հորինեցի, սկսեցի երգել. «Ձմեռ է եկել, խաղողն է հասել»: Ասաց՝ Արամ քեռի, էդ ի՞նչ ես ասում: Ասի՝ ի՞նչ եմ ասում, երգում եմ, որ քունս չտանի: Ասաց՝ ի՞նչ խաղող, ասացի՝ այգիները քաղված չեն, խաղողները մնացել են, կգնանք կուտենք, ի՞նչ է եղել»,- պատմում է զրուցակիցս:

Առավոտյան, երբ իջել էին դիրքերից, տեսել էին, որ շահումյանցիները հացի հետ մի արկղ խաղող էին բերել: «Ասացի՝ Վահան, որ չերգեի, էս խաղողը ո՞նց կբերեին»,- ծիծաղում է:

Մի անգամ էլ, հիշում է, 93-ին «Կոբրայի» դիրքերում հրետակոծությունից գետնատնակը (բլինդաժ) ցաքուցրիվ էր եղել: Ազատամարտիկներից Անդրանիկ Սարգսյանն ասաց. «Տղերք, ծննդիս համար մի կոնյակ էի բերել, մի հատ էլ բոնբոներկա, հիմա ո՞նց գտնեմ, քանդեք, հանենք»: Անդրանիկը բոնբոներկան, որ արդեն հողոտ էր, գտել էր, կոնյակը՝ չէ: Տղերքը պահած կոնյակ ունեին, հանել էին, շնորհավորել:

«Մի կողմում մահն էր, մյուս կողմում՝ ուրախությունը: Զինվորներին էնպես էինք դաստիարակում, որ ուշադրություն չդարձնեն մահացածների վրա, հակառակ դեպքում՝ մենք շատ բան կկորցնեիք: Մենք պիտի խուճապի չմատնվեինք: Մենք պիտի զգայինք, որ ուժեղ ենք, թեկուզ մեկ հոգով»,- ասում է ազատամարտիկը:

Հրադադարի լուրը Արամ Ներսիսյանը լսել էր Օմարի լեռնանցքում: Մարտական գործողությունների էին այդ հատվածում, հեռախոսակապով հաղորդվել էր, որ հրադադար է: Սակայն դրանից հետո ադրբեջանցիները հարձակում էին գործել՝ Օմարը գրավելու համար: «Կյանքի գնով պահեցինք, իրենց չհաջողվեց վերցնել: 10-ից ավել զոհ ունեցանք այդ ժամանակ»,- նկատում է զրուցակիցս:

Պատերազմից հետո երազանքները շատ էին երկրի մասին: Ասում է՝ ազատամարտիկներ կան, որոնք անօթևան են, հացի խնդիր ունեն, պետությունը նրանց պետք է ուշադրություն դարձնի ու նաև չմոռանա զոհված ազատամարտիկների ընտանիքներին: «Արտագաղթն ամեն ինչ ասում է երկրի մասին»,- եզրափակում է Արամ Ներսիսյանը: 

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի և անձնական արխիվից


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Այս թեմայով

  • «Մարդ սպանելը դժվար է»
    «Խփելուց պիտի չնայես նրան, անցնես-գնաս: Եթե նայես, հետո կամ պիտի գժվես, կամ էլ պիտի սադիստ լինես»,- ասում է ուջանցի ազատամարտիկ Նաիրի Կիրակոսյանը (ընկերների շրջանում հայտնի է իբրև Մոսո):
  • «Մեր պատկերացրած երկիրն էսօր չկա». ազատամարտիկ Գրիգոր Ազատյան
    «Էն վախտ ուրիշ էր, ավելի շատ էր մաքրությունը, պարզությունը… Իրականում կարոտում եմ էդ տարիները: Մեր կռված տղերքի մեջ մնացել ա էդ մաքրությունը: Չգիտեմ՝ ինչի՞ց ա, որ փոխվել ա»,- ուջանցի ազատամարտիկ Գրիգոր Ազատյանն այս խոսքերից հետո հոգոց է հանում:
  • «Կարող ա մեռնեմ, ռազվադնոյ կլյուչս չմոռանաս, կբերես». հումորային իրավիճակներ պատերազմի դաշտից
    Երբ մարտական գործողությունը գնում էր, պիտի սարը վերցնեինք, տղաներից մեկին՝ Մուրադյան Գալուստին (հարևաններ էին, կողքի շենքերում էին ապրում) ասաց. «Գալուստ, հիմա կռիվ ա գնում, կարող ա ես մահանամ, իմ ռազվադնոյ կլյուչը որ տարել ես, չմոռանաս, կբերես»: Գալուստն էլ ասաց. «Հա, Անդո ջան, դու մենակ մեռի, կբերենք, կտանք»:
  • «Մեր փրկիչն էսօր մեր զինվորն է». ազատամարտիկ
    «Մենք մի գաղափարի շուրջ ելանք ճանապարհ ու կորցրեցինք ընկերներ: Մենք անելիք ունենք արդարացնելու մեր գոյությունը, մեր ընկերների առաջ մենք մեղավոր ենք: Մեր երազանքն ազատ, արդար, բարոյական երկիր ունենալն է»,- շարունակում է նա:
  • Դավիթ Սարապյան. «Ահեղ Դևը»
    «Դեպքի ժամանակ Դավթի ակնոցն ընկել է գետնին, և մեկը սկսել է սապոգներով տրորել այն, գրգռվել է, ու 10 հոգով հարձակվել են նրա վրա, կռվի ժամանակ դանակ է տեսել օդում, ձեռքով ուղղակի հրել իր կողմից, բայց ինչ-որ մեկը մի փոքր քերծվածք է ստացել, այդ չարաբաստիկ դիպվածի համար 4 տարի ազատազրկել են: Իրեն ասել էին, որ եթե ասես կենցաղային հողի վրա է եղել վեճը, շատ չեն տա, իսկ ինքը կանգնել ու հայտարարել է՝ նրանք վիրավորում էին իմ ազգը, իմ անձը, իմ պատիվը»,- պատմում է Էվելինա Մելքումյանը:
... կարդացեք ավելին «Ազատամարտիկները՝ 20 տարի անց» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ