HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանից մոլիբդենի արտահանումը 47%-ով նվազել է. կորուստը՝ միլիոնավոր դոլարներ

Նախորդ տարի Հայաստանը մոլիբդենի արտահանումից շատ ավելի փոքր գումար է ստացել, քան 2014 թվականին։ Պատճառը համաշխարհային շուկայում մոլիբդենի գնանկումն է։

Ինչպես վկայում են ՀՀ մաքսային ծառայության տվյալները, մոլիբդենը դասվում է Հայաստանից արտահանվող առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների շարքում։ Հայաստանից այն դուրս է գալիս երեք տեսքով՝ ֆեռոմոլիբդեն (ներկայացվում է որպես  երկաթահամահալվածք ), մոլիբդենի թափոն ու ջարդոն և մոլիբդենի խտանյութ։ Գերակշռում է  ֆեռոմոլիբդենի արտահանումը, ինչպեսև՝ արտադրությունը։  

Մոլիբդենի արտահանման գումարը 47%-ով նվազել է

2015 թվականին Հայաստանից արտահանված մոլիբդենի մաքսային արժեքը կազմել է 72,4 մլն դոլար (հաշվարկել ենք արտահանված մոլիբդենի երեք տեսակների ցուցանիշները)։ 2014-ի համեմատ  այս ցուցանիշը ավելի քան 47%-ով նվազել է։ Դա կազմում է 65 մլն դոլար։ Այսինքն՝ միայն մոլիբդենի գնանկման պատճառով ՀՀ արտահանման ցուցանիշը 65 մլն դոլարով պակասել է։ Սա ևս մեկ վառ օրինակն է այն բանի, որ Հայաստանի տնտեսության կախվածությունը գունավոր մետաղների շուկաներից այդ մետաղների գնանկման ժամանակ զգալի բացասական հետևանքներ է թողնում։

Ընդ որում՝ մոլիբդենի արտահանման ֆիզիկական ծավալների զգալի նվազում չի արձանագրվել։ Սակայն գնանկման հետևանքով արտահանումից ստացվող գումարները կտրուկ կրճատվել են։ Օրինակ՝ նախորդ տարի արտահանված ֆեռոմոլիբդենի մեկ տոննայի միջին գինը կազմել է 9,9 հազ. դոլար, մինչդեռ 2014-ին այն 16,9 հազ. դոլար է եղել։

Հայաստանից մոլիդբեն գնում են գլխավորապես Գերմանիան և Նիդերլանդները։ 2015 թվականին քիչ քանակությամբ ֆեռոմոլիբդեն առաքվել է նաև Ռուսաստան՝ 820 հազ. դոլարի։

Վերջին 5 տարում ամենամեծ ծավալի մոլիբդենն, ըստ ֆիզիկական ծավալների, արտահանվել է 2013 թվականին, իսկ ըստ մաքսային արժեքի՝ 2014-ին։

Հայաստանում գրեթե ամբողջությամբ վերամաշկվում է տեղի հանքերից ստացվող մոլիբդենը։ Գործում են «Մաքուր երկաթ» և «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» գործարանները, որոնք արտադրում են ֆեռոմոլիբդեն:  Մոլիբդենի էժանացնումը բացասաբար է ազդում նաև այս գործարանների աշխատանքի վրա։

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ 2015 թվականին Հայաստանում արտադրվել է 10,4 հազ. տոննա մոլիբդենի խտանյութ, 5,6 հազ. տոննա ֆեռոմոլիբդեն և 0,7 հազ. տոննա մոլիբդենի բրիկետներ։  Ինչպես տեսնում ենք, արտադրված ֆեռոմոլիբդենն ու բրիկետները գրեթե ամբողջությամբ արտահանվել են։ Ի դեպ,  2014-ի համեմատ, ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 14,6%-ով, խտանյութինը՝ 11,6%-ով։ Իսկ բրիկետների մասով փոփոխություն չի գրանցվել։

Հայաստանը  երբեմն ոչ մեծ ծավալի մոլիբդեն նաև ներմուծում է՝ հիմնականում այն վերամշակելու և հետագայում նորից արտահանելու նպատակով։

Ըստ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության՝ ներկայում Հայաստանի մետաղական օգտակար հանածոների թվում առկա է 7 պղնձամոլիբդենային հանքավայր։ Առավել կարևոր նշանակություն ունեն Թեղուտի, Քաջարանի և Ագարակի հանքավայրերը։

2015-ին մոլիբդենի գինը մոտեցել է 10 հազ. դոլարի շեմին

Լոնդոնի մետաղների բորսայի տվյալներով (LME)՝ մոլիբդենի 1 տոննայի գինը 2015 թվականի վերջին եռամսյակում մոտեցել է 10 հազ. դոլարի շեմին։ Ներկայում 12  հազ. դոլարի շրջակայքում է։

Առնվազն վերջին 10 տարում մոլիբդենի ամենաբարձր գինը համաշխարհային շուկայում արձանագրվել է 2008 թվականին, երբ հասել է 100 հազ. դոլարի։ Սակայն հաջորդող տարիների նորից կտրուկ նվազել է։ Նախորդ տարի գրանցված ցուցանիշները ամենացածրն են եղել։ 2010-ից սկսած մոլիբդենի գների դինամիկային  կարող եք ծանոթանալ այստեղ:

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով (USGS)՝ 2015  թվականի դրությամբ մոլիբդենի հաստատված պաշարներով առաջին տեղում Չինաստանն է, հետո՝ ԱՄՆ-ը և Չիլին։ Այս երկրներն են նաև երեք խոշորագույն արտադրողները։ Այս և մոլիբդեն սպառող երկրներն էլ, որոնց խոշորագույնների թվում է նաև Չինաստանը, թելադրում են մոլիբդենի գինը։ Մոլիբդենի գնանկման հիմնական պատճառը սպառման տեմպերի թուլացումն ու շուկայում առաջացած ավելցուկն է։ Որոշ գնահատկաններով էլ՝ Չինաստանը դեմպինգային քաղաքականություն է վարում այս հարցում։ Այս երկիրը, ըստ տարբեր աղբյուրների, պողպատի խոշորագույն արտադրողն է աշխարհում և մոլիբդենն օգտագործում է հենց չժանգոտվող պողպատի արտադրության մեջ։ Դա է պատճառը, որ մոլիբդենի նկատմամբ Չինաստանի պահանջարկը մեծ և որոշիչ ազդեցություն է ունենում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter