HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մաքսազերծման ժամկետների խախտման համար պետական միջոցներից վճարվել է 83 մլն դրամ

ՀՀ պետական բյուջեի մասին 2012-2013թթ. oրենքներով «Ավստրիական Վագներ Բիրո Ստեյջ Սիստեմս» ընկերությունը պետք է վերազիներ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի և Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի դահլիճները: Նախատեսվել էր 4 միլիարդ 336 մլն 561 հազար դրամ, որից 3,5 մլրդ դրամից ավելին եղել են վարկային միջոցներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վերահսկիչ պալատը:

ՀՀ մշակույթի նախարարության կողմից 2011թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացված գրության և կից տեղեկանքի համաձայն` երկու դահլիճների լուսաձայնային և բեմական սարքավորումների ձեռք բերման, մոնտաժման, ետմոնտաժային սպասարկման, ուսուցման և խորհրդատվության նպատակով անհրաժեշտ է եղել 8 մլն 90 հազար եվրո վարկային միջոց: Իսկ ակուստիկ, բեմական և դահլիճային չափանիշների համապատասխանեցման աշխատանքները կազմել են 1 մլն 162 հազար եվրո: Երկու դահլիճների տեխնիկական վերազինման վերջնական նախահաշիվը կազմել է 8 մլն 969 հազար եվրո` առանց հարկերի: 

Ըստ Վերահսկիչ պալատի՝ 2012թ. մարտի 27-ին ՀՀ մշակույթի նախարարության և ավստրիական «Վագներ Բիրո Ստեյջ Սիստեմս», գերմանական «Սալզբրեններ սթեյջթեք աուդիո և վիդեո մեդինսիսթեմս», «Էլեքթրոնիք թիաթր քոնթրոլս» և հայաստանյան «Արթսթեք» ՍՊԸ-ի միջև կնքված 8 մլն եվրո արժեքով կոնսորցիումային պայմանագրով նախատեսվել և իրականացվել է միայն Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի դահլիճի տեխնիկական վերազինում` առանց օրենքներում, համաձայնագրում և նախահաշվում համապատասխան փոփոխություններ կատարելու: 

Վերահսկիչ պալատն արձանագրում է, որ պայմանագրի իրականացման նպատակով 2012թ.  հունիսի  26-ին Հայաստանի Հանրապետության և ավստրիական «Ռայֆայզեն բանկ ինտերնեյշնլ ԷյՋի» կազմակերպության միջև կնքված վարկային համաձայնագրով, ըստ որի` վերջինս ՀՀ-ին կտրամադրի 8 մլն եվրո վարկային միջոց, նույնպես նախատեսվել է, որ այդ միջոցներով վերը նշված արդեն կնքված պայմանագրով պետք է իրականացվի երկու դահլիճների տեխնիկական վերազինումը:

Վարկի տարեկան տոկոսադրույքը սահմանվել է 1%, արտոնյալ ժամանակաշրջանը` 7 տարի, իսկ մարման ժամկետը` 9.5 տարի:

Նախարարության կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն` վերջինս, հաշվի առնելով «Վագներ Բիրո Ստեյջ Սիստեմս» ընկերության, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի, ինչպես նաև այլ մասնագետների հետ բազմաթիվ քննարկումները, թատրոնի դահլիճի տեխնիկական վերազինումը միջազգային չափանիշներին ամբողջությամբ համապատասխանեցնելու և դրա արդիականացման որևէ խնդիր բաց չթողնելու նպատակով, նպատակահարմար է գտել իրականացնել միայն Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի դահլիճի տեխնիկական վերազինումը, որի արդյունքում էլ կնքվել է վերը նշված պայմանագիրը: 

Պայմանագրով նախատեսվել է, որ բեմական սարքավորումների մատակարարումը, տեղադրումը և ուսուցումը պետք է իրականացնի ավստրիական «Վագներ Բիրո Ստեյջ Սիստեմս» կազմակերպությունը, որի մասնաբաժինը կազմել է 5 մլն 95 հազար եվրո: Ձայնային սարքավորումների մատակարարումը, տեղադրումը և ուսուցումը պետք է իրականացներ գերմանական «Սալզբրեններ սթեյջթեք աուդիո և վիդեո մեդինսիսթեմս» կազմակերպությունը, որի մասնաբաժինը կազմել է 1 մլն 223 հազար եվրո: Իսկ լուսային սարքավորումների մատակարարումը, տեղադրումը և ուսուցումը գերմանական «Էլեքթրոնիք թիաթր քոնթրոլս» կազմակերպության «պարտականությունն» էր՝ 871 հազար 600 եվրո արժեքով: Որոշ սարքավորումների մոնտաժման, ապամոնտաժման և բեմական չափանիշների համապատասխանեցման աշխատանքները պետք է իրականացվեր  հայաստանյան «Արթսթեք» ՍՊԸ-ի կողմից՝ 809 հազար 300 եվրո արժեքով: Վերահսկիչ պալատն արձանագրում է, որ կազմակերպություններին վճարվել է պայմանագրով նախատեսված գումարները, իսկ աշխատանքների իրականացման վերջնաժամկետը սահմանվել է 2013թ. փետրվարի 28-ը:

Վերահսկողության արդյունքում պարզվել է, որ տեխնիկական վերազինման աշխատանքների հանձնում-ընդունումն իրականացվել է նախատեսվածից մեկ ամիս ուշացումով 2013թ. ապրիլի 8-ին: Բացի այդ՝ ձայնային սարքավորումները, որոնց արժեքը կազմել է 144 հազար 400 եվրո, ՀՀ մաքսային տարածք է մուտք գործել 2013թ. փետրվարի 6-ին, մաքսազերծվել է` 2014թ. սեպտեմբերի 23-ին: Իսկ 26.01.2013թ. ՀՀ տարածք ներմուծված 638 հազար 200 եվրո արժողության ձայնային սարքավորումների մաքսազերծումն իրականացվել է հանձնում-ընդունումից 15 օր հետո:

ՀՀ մշակույթի նախարարությունն ընդունել է, որ վերոնշյալ ապրանքները ստացվել տեղադրվել և անխափան գործում են, այն դեպքում, երբ դրանք հանձնման-ընդունման պահին դեռևս մաքսազերծված չեն եղել:

ՀՀ մշակույթի նախարարը տեղեկացրել է ՊԵԿ նախագահին, որ ներկրված ապրանքների մատակարարների կողմից ներկայացված հաշիվ ապրանքագրերում եղել են տեխնիկական և թվաբանական սխալներ և կից ներկայացվել է ճշտված հաշիվ ապրանքագրերը: ՀՀ ֆինանսների նախարարը 2014թ. սեպտեմբերի 27-ին ճշտված հաշիվ ապրանքագրերի հիման վրա մշակույթի նախարարին տրամադրել է մաքսային վճարների, տույժերի և տուգանքների վերաբերյալ հաշվարկներ: Նշվել է, որ տվյալ ծրագրով 2013թ. փետրվարին ներկրված 144 հազար 400 եվրո արժողությամբ ապրանքները որևէ մաքսային ռեժիմով չեն հայտարարագրվել և ներկայացվել է մաքսային վճարների, տույժերի և տուգանքների վերաբերյալ հաշվարկներ, որը կազմել է  82 մլն 829 հազար դրամ, այդ թվում՝ 35 մլն 319 հազար դրամը տույժեր և տուգանքներ:

Արդյունքում 2014թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից նախարարությանը հատկացրել է 82 մլն 829 հազար դրամ՝ վճարների, տույժերի և տուգանքներ վճարման համար:

Բացի դրանից՝ պայմանագրով նախատեսված ձայնային սարքավորումների քանակների և ներմուծված սարքավորումների մաքսային փաստաթղթերի համեմատության արդյունքում վերահսկիչ պալատը պարզել է, որ պայմանագրի հավելվածով նախատեսված 8,700. եվրո արժողությամբ որոշ ապրանքների փոխարեն ներմուծվել են պայմանագրի հավելվածով չնախատեսված ապրանքներ առանց պայմանագրի հավելվածում համապատասխան փոփոխություն կատարելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter