HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Քաղցրաշենի» ծրագիրն իրականացնելու համար Ազատ գետից ջրօգտագործման թույլտվություն չի տրամադրվել

Բնապահպանության նախարարությունը պատասխանելով մեր հարցմանը հայտնում է, որ  նախարարությունը «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի»  կառուցում  ծրագրի իրականացման նպատակով Ազատ գետից ջրառ իրականացնելու համար ջրօգտագործման թույլտվություն չի  տրամադրել: 

Խոսքը վերաբերում է Գառնի գյուղում գտնվող Ազատ գետի ջուրը խողովակաշարով  Քաղցրաշենի պոմպակայանի ջրթող ավազան հասցնելուն, որպեսզի, ըստ ծրագրի` ինքնահոս ոռոգման ջրով ապահովեն Արարատի մարզի 12 գյուղերին: 

Նշենք, որ Գառնիի բնակչությունը երկու տարի շարունակ մերժել էր հանրային քննարկման ներկայացված «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագիրը: Գառնեցիներն ավելի քան 2000 ստորագրությամբ բաց նամակով դիմել էին hանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին՝ «պահանջելով արգելել այս կործանարար ծրագրի իրականացումը»: Մարտի 11-ին նրանց եւ 6 հասարակական կազմակերպությունների ղեկավարների պահանջով Համաշխարհային բանկի (ՀԲ) Երեւանի գրասենյակում քննարկվեց ծրագրի իրագործման նպատակահարմարությունը եւ Ազատ գետից ջուր վերցնելու այլընտրանքային տարբերակները:

Քննարկման ժամանակ ներկայացված առաջարկները մնացին  անպատասխան: Ինչպես տեղեկացրել ենք մեր նախորդ հրապարակման մեջ, «Ջրային տնտեսության ԾԻԳ» ՊՀ-ն, ապրիլ ամսվա սկզբին, օգտվելով պատերազմական օրերի խառնաշփոթից, սկսել էր «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի իրականացումը Ազատի կիրճում: Պարզվում է, որ ծրագրի փաստաթղթային փաթեթն ամբողջական չէ, Ազատ գետից ջրօգտագործման թույլտվություն չունենալով, նրանք ծառահատումներ էին իրականացնում կիրճում:

Ապրիլի 13-ին Գառնի գյուղի բնակիչներն ավելի քան 9 ժամ Երեւան-Գառնի պետական ավտոճանապարհը փակելուց հետո հարկադրեցին դադարեցնել շինարարական աշխատանքները եւ շինտեխնիկան դուրս բերել կիրճից:

Նշենք, որ ոչ միայն «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի փաստաթղթային փաթեթն է թերի, այլեւ ծրագրի նախապատրաստման ողջ ընթացքն ուղեկցվել է մշտական խարդավանքներով: Թափանցիկ չի իրականացվել նաեւ գնումների ընթացակարգը: «Ջրային տնտեսության ԾԻԳ» ՊՀ-ն մինչեւ վերջ թաքցնում էր շինարարի հետ գնումների ընթացակարգով ձեռք բերված պայմանագիրը: Այն միայն մեր պաշտոնական հարցումից հետո հրապարակվեց ԾԻԳ-ի պաշտոնական www.piu.am կայքում, այն ժամանակ, երբ շինարարական կազմակերպությունն արդեն սկսել էր կիրճում աշխատանքները

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter