HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շարքային Բախշիկ Հակոբյան. «Բոլորս մտածում էինք՝ թուրքերը հանկարծ առաջ չգան»

Թալիշում վիրավորված ալավերդցի շարքային Բախշիկ Հակոբյանին հիվանդանոցից հետո թույլ են տվել վերականգնվել տանը` մոր խնամքի ներքո:

 «Գումարտակի հրամանատարին զինվորներով շատ ենք սիրում: Ինքը  մարդկային հրամանատար է: Հրամանատարին նաև իր դուխի համար ենք շատ սիրում: Զինվորի հոգեբանության մեջ մտնող մարդ է: Մեր մարտական գործողությունը անձամբ էր ղեկավարում: Առջևից ինքն էր գնում: Առ այսօր դիրքերից չի իջել: Մեր տղերքի հետ ա: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը գումարտակում զոհեր չլինելու համար պարտական ենք   հրամանատարի զգոնությանը: Նա հենց առաջին ականանետից կողմնորոշվեց, թե ինչ է կատարվում և մեր գումարտակը հանեց բատալիոնից»: Սա  շարքային զինվոր Բախշիկ Հակոբյանի գնահատականն է քառօրյա պատերազմի օրերին գումարտակի հրամանատար Արթուր Դարբինյանի գործողություններին: Բախշիկը 1992 թվականի սեպտեմբերի 2-ին  Ղարաբաղի  Վաղուհաս գյուղի  կատաղի ճակատամարտում զոհված՝ մահապարտ Լադիկ Հակոբյանի թոռն է:  Հայրը՝ ազատամարտիկ Արտաշ Օհանյանը նույնպես մահապարտներից է, կռվել է Մարտակերտում և Վաղուհասում: 

Բախշիկն ապրիլի 1-ի հերթափոխից հետո ընկերների հետ իջնում է գումարտակ՝ հանգստանալու: Նրա պապտմելով, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Թալիշի վրա գցված 1-ին արկից հրամանատարը գումարտակի բոլոր զինվորներին հանել է քնից. «Երկրորդ  ականանետից հետո մեր ամբողջ բատալիոնը տեղափոխվեց 1-ին հարկ: Առաջին հարկում մնացինք մինչև լույս: Բոլորս մտածում էինք,  որ լույսը կբացվի և ամեն ինչ կընթանա սովորական, որովհետև նման բան շատ է եղել»,-պատմեց Բախշիկը:

Առավոտյան հրաման է տրվել դուրս գալ գումարտակից: Հրամանատարը իրավիճակը ներկայացնում է գումարտակի զինվորներին, նաև բացատրում, թե ինչ պետք է անեն: Ապրիլի 2-ի առավոտյան իրենց  գործողությունների մասին Բախշիկը պատմում է. «Մենք տեսնում էինք, թե թուրքերը ինչպես են գալիս: Պետք է դուրս գայինք նրանց ընդառաջ, ուրիշ ձև չունեինք: Արդեն գիտեինք, որ մեր դիրքերից  մի քանիսը վերցրել են»: Այդ մասին զինվորներին հայտնել էր հրամանատարը:

Ապրիլի 2-ին` ժամը 2-ի  սահմաններում գումարտակը Թալիշից դուրս է գալիս դիրքեր բարձրանալու համար: Զինվորները թաքնվելով բարձրանում և դանդաղ առաջ են գնում դեպի դիրքեր: Շուտով թաքնվում են մի տան հետևում: Այդ ժամանակ Բախշիկը  սաղավարտը հանում է գլխից: Դասակի հրամանատար Լիոնիդ Թադևոսյանը թույլ չի տալիս: «Ասաց` Բախշիկ, մի հանի սաղավարտդ, պահիր գլխիդ»: Լարվածությունից և ամեն ինչից գլուխս ցավում էր: Սաղավարտը դրեցի, մի երկու րոպե հետո  ականի բեկորը հարվածեց քթիս: Ես ոչինչ չզգացի, ուղղակի մի հատ ալիք  խփեց ինձ, ես  կպա պատին: Ականի բեկորը նաև մեր  դասակի զինվորներից մեկի  ձեռքին էր կպել»,- հիշեց Բախշիկը:

Վիրավորները շարունակել են իրենց առաջխաղացումը: Գումարտակի հրամանատարին զեկուցում են վիրավորների մասին: Հրամանատարը հանձնարարում է նրանց  թողնել ապահով  տեղում,  իսկ դասակին հրամայում է առաջ գնալ: Վիրավորները չեն լքել շարքերը: Դասակի հրամանատարը նրանց ստիպողաբար նստեցրել է շտապօգնության մեքենա. «Ինձ տեղափոխեցին Մարտակերտի հոսպիտալ: Անընդհատ քթիցս արյուն էր հոսում: Այստեղ չհասկացան քթիս որ  մասից է հոսում արյունը: Տեղափոխեցին Ստեփանակերտի հոսպիտալ: Բժիշկն ասաց` քթիս միջնապատն է վնասվել, ասկոլկեն մնացել է աջ կողմում, պետք է հեռացվի: Գիշերը նարկոզով մեկը հեռացրին: Մյուսը հեռացնելու համար ինձ տեղափոխեցին Սիսիանի հոսպիտալ: Երևանից մասնագետ բժիշկ եկավ  Սիսիան ՝ ինձ և էլի մեկ վիրավոր զինվորի վիրահատելու համար: Քթի մասնագետ էր:  Պրոֆեսոր էր: Նրա վիրահատությունը ինձ շատ օգնեց, թե չէ դեռ հոսպիտալում կլինեի»,-բացատրեց Բախշիկը: Նրա խոսքով, հարձակման ժամանակ  գումարտակից  երկու սպա և մեկ զինվոր  է զոհվել, նաև  վիրավորներ են եղել: Բախշիկը նաև նկատել էր, որ  գումարտակի դեմ թուրքական ու ադրբեջանական ահաբեկիչներ են կռվում. «Իրենց դեմքին նայելով չէիր ասի 18,19 կամ 20 տարեկան զինվորներ են:  Հատուկ պատրաստված մի 30-40 տարեկան ահաբեկիչներ էին»,-  ասաց նա: Վիրավոր զինվորը  հիշեց նաև գրոհի գնալիս ընկերների և իր հոգեվիճակը. «Բոլորս մտածում էինք մեր դիրքերը հետ վերցնելու մասին: Մտածում էինք՝ թուրքերը հանկարծ չգան առաջ»,-պատմեց նա:

մայրը հայրը

Հոսպիտալում գտնվող Բախշիկին ընկերներ են տեղեկացրել գումարտակի կորցրած բոլոր դիրքերը հետ վերցնելու մասին: Բախշիկին հարցրի իր բանակային կյանքի ամենագեղեցիկ հիշողության մասին: Ժպտաց: «Ամենագեղեցիկ օրս  ծննդյանս օրն էր, 2015թ.-ի մարտի 25-ին: Ես չէի ուզում նշել, ընկերներս ինձնից թաքուն նախապատրաստվել էին, սեղան էին գցել: Դրանից մեծ նվեր չկար ինձ համար:  Բանակային ընկերությունը ուրիշ ընկերություն է: Բոլորս  տանից կտրված՝ իրար  հասկանում ենք»,-պատմում է նա:  

«Անպատմելի բան է, թե ինչ եմ զգացել Թալիշի վրա թուրքերի հարձակման մասին լսելուց հետո: Հեռուստացույցով թշնամու հարձակման ուղղությունը ցույց էին տալիս, ես տեսա , որ դա Թալիշն է: Միացրեցի ինտերնետը, կոմենտներում կարդացի, որ Թալիշի զորամասը չկա: Ու էլ չգիտեմ` ինչ եղա: Ես որոշել էի  որպես կամավոր գնամ երեխիս հետ թշնամու դեմ կռվելու»,- արտասվելով պատմեց Բախշիկի մայրը՝ Հասմիկ Հակոբյանը: Վերջինս որդու վիրավորվելու մասին ապրիլի 3-ին` ժամը 22-ի սահմաններում է տեղեկացել: «Գիշերը ժամը 2-ին դուրս եկանք, արդեն գիտեինք, որ Բախշիկը Ստեփանակերտի հոսպիտալում է: Բախշիկն ասաց, մամ, լավ եմ, քթից եմ վիրավորվել: Ես մտածում էի, որ երեխաս էլ քիթ չունի, երեխիս տեսքը կորչելու է, ամբողջ ճանապարհին մտքիս որոշում էի, որ փող եմ հավաքելու՝ Բախշիկին պլաստիկ վիրահատության  տանելու համար»,- պատմեց Հասմիկը: Բախշիկը երկու օր հոսպիտալում ոչինչ չի ուտում: Ապրիլի 4-ի առավոտյանը Հասմիկը ամուսնու հետ  հասնում է Բախշիկի մոտ:

Մայրը  երախտագիտությամբ պատմեց վիրավոր որդու նկատմամբ  Ստեփանակերտի հոսպիտալի բուժքույրերի հոգատարության մասին. «Բախշիկն ասաց՝ մամ,  էս էլ երկու անգամ է հոսպիտալի քույրերը տանից ինձ համար ուտելիք են բերել և մինչև ժամը 11-ը երկու անգամ ստիպելով կերակրել են: Մոտեցա  բուժքույրերին շնորհակալություն հայտնեցի»:

Երբ առաջին անգամ  այցելեցի Բախշիկենց տուն , նա Սիսիանի հոսպիտալում էր: «Ինչպիսի տղա է Բախշիկը»,- հարցրի նրա Հռիփսիմե տատին:

«Սիրուն տղա է, իմ թոռնիկը: Շատ ջիգյարով է: Իր խոսքի տեր մարդ է:  Շատ հարցերում կարողանում է մեզ չլսել: Կբարկացնի, հետո կգա կհամբուրի: Բախշիկը արտակարգ սովորող չէր,  բայց, երբ իրեն ագիտացիա արեցինք , որ անհրաժեշտ է բարձրագույն կրթություն ունենալ, պարապեց և ընդունվեց Երևանի պետական մանկավարժական համալսարանի  պատմության ֆակուլտետը: Նա 1-ին կուրսից է մեկնել  բանակ: Զորացրվելուց հետո կշարունակի: Սկզբունքներ ուներ, եթե ուզում էր, սովորում էր:  Ես գնացել եմ հոսպիտալում իրեն տեսել:  Իրեն այնպես էր պահում, կարծես վիրավոր չլիներ»,- հպարտացավ տիկին Հռիփսիմեն: 

Բախշիկի հայրը ՝ Արտաշ Օհանյանը 4-օրյա պատերազմում որդու համար  ապրած անհանգստություններից դժվարացավ մեզ հետ խոսել: Բախշիկն ասաց, որ հայրական կողմից իր նախնիները Ղարաբաղից են:  Նա Ղարաբաղում ծառայում է 2014թ. հուլիսի 17-ից: Արդեն  1,5 տարի է դիրքերում է լինում, 18 հերթափոխ է արել: Հրաժեշտից առաջ Բախշիկ Հակոբյանը հայտնեց, որ  մայիսի 2-ին մեկնելու  է հոսպիտալ: Առողջական վիճակը ստուգելուց հետո այնտեղից կմեկնի  դիրքեր. «Ես ուրախ եմ, որ հետ եմ վերադառնում գումարտակ:  Ուրախ եմ, որ նորից ընկերներիս կողքին եմ  լինելու»,- ասաց Բախշիկը: Հարցրի մահապարտ պապի մասին: Ասաց, որ նրա  զոհվելուց հետո է ծնվել. «Բայց ասում են` իմ համառ բնավորությամբ  նման եմ  Լադիկ պապիս»,-ժպտալով պատասխանեց նա:

 

 

Մեկնաբանություններ (2)

թնթերցող
Առողջություն քեզ զինվոր!
Արամ
Փառքդ շատ իմ Հայ զինվոր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter