HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տարածել է հետևյալ հայտարարությունը.

Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում և Անվտանգության խորհրդում տարածվել է ս.թ. ապրիլի 14-ի Ադրբեջանի հերթական սադրիչ նամակը, որտեղ փորձ է արվում, պատասխանատվությունը Հայաստանի վրա դնելով, միակողմանիորեն չեղարկել 1994թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագիրը։

Հայաստանը խստորեն դատապարտում է Բաքվի այս քայլը, որով Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է ինչպես 1994թ. մայիսի զինադադարի, այնպես էլ հարցականի տակ դնում 1994թ. հուլիսի զինադադարի վերահաստատման և 1995թ. փետրվարի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերը։ Հատկանշական է, որ 1994թ. հուլիսի համաձայնագրով Ադրբեջանը պարտավորվել էր «պահպանել զինադադարի ռեժիմը մինչև մեծ քաղաքական պայմանագրի կնքումը»։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները արդեն հայտնել են այս կապակցությամբ իրենց տեսակետը Ադրբեջանին, այդ թվում ԵԱՀԿ շրջանակներում, մասնավորապես նշելով, որ 1994թ․ և 1995թ. անժամկետ համաձայնագրերը, ինչպես և նախկինում, հիմք են հանդիսանում հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման համար: Համանախագահները կոչ են արել անշեղորեն պահպանել վերոհիշյալ համաձայնագրերը և թույլ չտալ դրանց խախտումը: Արհամարհելով այդ կոչը՝ Ադրբեջանը գնաց այս սադրիչ քայլին։

Անհրաժեշտ է ընդգծել, որ ս.թ. ապրիլի 5-ին Մոսկվայում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը, որին հղում է կատարվում ադրբեջանական նամակում, ուղղված էր հենց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիվ գործողությունների դադարեցմանը և, ինչպես նշել են համանախագահները, զինադադարի ռեժիմի վերականգնմանը: Ակնհայտ է, որ նշված բանավոր պայմանավորվածությունը չի կարող փոխարինել 1994թ. մայիսի 12-ի զինադադարի մասին համաձայնագիրը։

1994-1995թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերը տարիներ շարունակ հիմք են հանդիսացել փխրուն զինադադարի պահպանման համար։ Այդ համաձայնագրերը վնասող ցանկացած քայլ լուրջ հարված է հասցնում խաղաղ գործընթացին, միջնորդների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին, խաթարում է տարածաշրջանային անվտանգությունը:  

Հայաստանը կոչ է անում համանախագահ երկրներին, միջազգային հանրությանը անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պարտավորեցնելու Ադրբեջանին խստորեն հետևել 1994թ. մայիսի զինադադարի համաձայնագրին և կատարել իր միջազգային հանձնառությունները՝ զերծ մնալու ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից:

Հաշվի առնելով Ադրբեջանի այս անպատասխանատու քայլից բխող հնարավոր վտանգավոր հետևանքները` ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ Հայաստանը, հանդիսանալով զինադադարի հաստատման և դրա ամրապնդման մասին 1994-1995թթ. գործող համաձայնագրերը ստորագրած կողմ, ձեռնարկելու է բոլոր հնարավոր ջանքերը և իրակացնելու է անհրաժեշտ քայլերն Լեռնային Ղարաբաղի և նրա բնակչության անվտանգության ապահովման համար։

 

Մեկնաբանություններ (1)

Լևոն
Երեկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հերթական անգամ ապացուցեց, որ ինքը եթե մեռած էլ չէ, ապա հաստատ կոմայի մեջ է։ Ապրիլի սկզբի Արցախյան դեպքերից հետո ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արել, ոչ մի միջազգային մարմնի չի դիմել, այլ սպասել է, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում և Անվտանգության խորհրդում ապրիլի 14-ին նամակ ներկայացնի, որից հետո միայն ապրիլի 25-ին որոշել է պատասխանել այդ նամակին՝ անունը դնելով ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարություն։ Դա հայտարարություն չէ, այլ վախեցած սուբյեկտի անողնաշար պատասխան։ Մենակ առաջին 2 պարբերությունը կարդալը բավական է դա հասկանալու համար․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter