HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայթած ավտոբուսի գիծը սպասարկող ընկերությունը մոտ 1 տարի է՝ սնանկ էր ճանաչվել

Անի Հովհաննիսյան, Քրիստինե Աղալարյան

Ժամեր առաջ Հալաբյան փողոցում 63 համարի ավտոբուսի պայթյունի հետևանքով երկու զոհ կա և յոթ վիրավոր։ Տուժածների անունները հայտնի են։

Ավտոբուսային այս երթուղին սպասարկում է «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ն, որի հետ Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել 2013թ-ի օգոստոսի 21-ին։ Ըստ քաղաքապետարանի՝ «Հետքին» տրամադրած տվյալների՝ այս երթուղուն են պատկանում 17 հատ «Բոգդան» մակնիշի ավտոբուսներ։

63 համարի տրանսպորտային երթուղին սկսվում է Աջափնյակի 15-րդ թաղամասից և Դալմայի, Մաշտոցի-Ամիրյան-Խանջյան-Աբովյան փողոցներով բարձրանում մինչև Նորքի 9-րդ զանգված:

ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ ընկերության 100% բաժնետոմսերը պատկանում են 2015 թ.-ին Աբովյանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Արթուր Հարությունյանին՝ հայտնի Պալաչ մականունով:

Չնայած ընկերության կանոնադրական կապիտալը 2015 թվականի հոկտեմբերի դրությամբ անցել է 67 մլն դրամը, այդուհանդերձ, ընկերության նկատմամբ սնանկության հայց է ներկայացվել դատարան:

Ընկերությանը սնանկ ճանաչելու հայցով «Առեկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն է դիմել դատարան` ընկերության ունեցած շուրջ 1,8 մլն դոլարի վարկային պարտավորության համար: «Կինգ Դելյուքս» ընկերությունը չի էլ առարկել դրա դեմ: Անցնող տարվա հունիսի 19-ի վճռով դատարանը սնանկ է ճանաչել ընկերությանը:

27.06.2013թ. կնքված բաժնեմասերի (բաժնետոմսերի) հաջորդող գրավի պայմանագրով Արթուր Գեղամի Հարությունյանը գրավադրել է «Կինգ  Դելյուքս» ՍՊԸ-ում ունեցած իր ամբողջ բաժնեմասը, որը կազմել է ընկերության կանոնադրական կապիտալի 100 %-ը` ընդհանուր 69 035 000 ՀՀ դրամ անվանական արժեքով:

Բացի դրանից, 27.06.2013թ. կնքված մեկ այլ`  բաժնեմասերի (բաժնետոմսերի) հաջորդող գրավի պայմանագրով Արթուր Հարությունյանը գրավադրել է «ՏՐԱՆՍ ԿՈՆՖՈՐՏ» ՍՊԸ ունեցած իր ամբողջ բաժնեմասը, որը կազմում է ընկերության կանոնադրական կապիտալի 100 %-ը, ընղհանուր 50 000 ՀՀ դրամ անվանական արժեքով:

Բազում այլ պարտավորություններ կուտակելով` Արթուր Հարությունյանը, սակայն, շարունակել է շահագործել 63 համարի երթուղին: Թե ինչպես է դա թույլատրել Երևանի քաղաքապետարանը, մնում է անհայտ: 

Դիզելային վառելիքով աշխատող մեկ ավտոբուսի ամսական ծախսը, ըստ Երևանի քաղաքապետարանի հաշվարկի, կազմում է 1 870 908 ՀՀ դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter