HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Մարտակերտը արկակոծությունից հետո (լուսանկարներ)

Մարտակերտցի Սասուն Հարությունյանը ձեռքում պահելով տան մուտքի բանալին ասում է, որ այն այդպես էլ պետք չեկավ առավոտյան տուն մտնելու համար։ Անցած գիշեր հրետակոծության արկերից մեկը Հարությունյանների տունն է խոցել։

«Գիշերվա 2-ն անց էր, կնոջս մի կերպ համոզեցի, որ դուրս գանք տնից ու գնանք ապաստարան։ Մեր հեռանալուց մոտ 10 րոպե հետո արկերից մեկը պայթեց ուղիղ մեր տան մուտքի մոտ։  Ենթադրում եմ` հաուբիցից են կրակել»,- ասում է Սասունը։

Չնայած տիրող իրավիճակին` Սասունը չի պատրաստվում լքել իր տունը։ Առավոտյան համաքաղաքացիները կամավոր եկել ու օգնել են մաքրել տունը պայթյունի հետքերից։

«Մարտակերտից հեռանալու միտք չունեմ, կվերականգնեմ տունս ու կշարունակեմ ապրել այստեղ»,- ասում է Սասունը։

Սաթենիկ Գրիգորյանը երկու անչափահաս երեխաների հետ ողջ գիշերը անց է կացրել ապաստարանում։ Չորս և յոթ տարեկան աղջիկները իրենց ընկերուհու հետ շաշկի էին խաղում։ Ռմբակոծության ժամանակ տնից դուրս գալուց խաղալիքները տանն են մնացել։

«Քնած էինք, երբ առաջին կրակոցի ձայները լսեցի։ Ասացի երևի դիրքերի ուղղությամբ են կրակում, ուր որ է կհանդարտվի։ Քիչ հետո արդեն պատուհաները դղրդում էին։ Երեխաներին վերմակի մեջ փաթաթեցի ու եկանք նկուղ։ Տանը մենակ էի երեխաների հետո։ Ամուսինս եղբայրներիս հետ դեիրքերում է»,- ասում է Սաթենիկը։

Բարբախտաբար իրենց տունը չի վնասել, սակայն արկերից մեկը հարևանությամբ է պայթել։ Ապրիլի 10-ից Սաթենիկը երկու երեխաների հետ Մարտակերտում է բնակվում։

Գիշերվա հրետակոծություններից տուժել է նաև Մարտակերտի քաղաքապետարանի շենքը, որի առաջին հարկում երաժշտական դպրոցն է։ Դպրոցի դահլիճում սև ռոյալը լուռ է, այն փոշուց սպիտակել է։ Ներս սողոսկող միջանցիկ քամուց պատուհաների փեղկերից կախված ապակու կտորներն են զրնգում միայն։

Մեկնաբանություններ (1)

Gohar
Լավից, վատից ամեն մեկն էլ տուն ու տեղ է դրել, կոպեկ կոպեկ հավաքելով ուրախացել։ հերիք չի գլխներին իջած վտանգը, հիմա էլ այս քանդ ու քարափը;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter