Շաբաթ, 22 սեպտեմբերի

«Եթե տեսնում են, որ հնարավորություն ունես էս ծանրությունը բարձրացնելու` բարի կամքի տեր մարդիկ կողքից կտեսնեն եւ քեզ շատ կօգնեն»


Բասենը Շիրակի մարզի ամենափոքր գյուղերից չէ, բայց ավելի լայն ճանաչում ունի, քան այն համայնքները, որոնց բնակչության թիվը մի քանի հազարներով է հաշվարկվում: Ավելին, բասենցիների առօրյա կյանք ու կենցաղ մտած շատ նորարարություններ դեռեւս ֆանտաստիկայի ոլորտից են անգամ քիչ թե շատ լավ համայնքի համարում ունեցողների համար: Մոտ 2000 բնակչություն ունեցող համայնքում առաջինն են ներդրել հանրապետությունում նախադեպը չունեցող վերականգնվող էներգիայի կիրառման եւ գյուղատնտեսության վարման նոր տեխնոլոգիաները: Կառուցել են արեւային ջրատաքացուցիչ, արեւային օդատաքացուցիչ, համայնքային ջերմատուն, մրգերի եւ բույսերի արեւային չորանոց, կալիֆոռնիական որդերի մինի ֆերմա եւ այլն: Այս օրերին Բասենում սպասում են եվրոպայից գնված նոր սարքավորումներին՝ վառելահատիկների պատրաստման հոսքագծին՝ կենսաբանական թափոններից վառելահատիկներ (պելետներ) արտադրելու համար:

Բասեն համայնքի ղեկավար Համլետ Պետրոսյանն ասում է, որ կենսաբանական թափոններից վառելահատիկներ արտադրելու տեխնոլոգիան Հայաստանում կիրառելու առաջին փորձն են կատարելու: «Բասենը գազիֆիկացված չէ, այդ թանկ վառելիքի դիմաց մենք ունենք ռեսուրսներ` դա ծղոտն է: Այն համապատասխան սարքերով վերամշակվելուց հետո խտացվում է, վերածվում գնդիկների, լցվում է հատուկ վառարանների մեջ ու այրվում: Այն 1,8 անգամ խիտ է փայտից: Այդ վառարանով մանկապարտեզը կջեռուցենք, բնակիչները կտեսնեն արդյունավետությունը, կտեղափոխենք տուն»,- փորձարարական կենտրոնի համարում ունեցող Բասենի վերջին նորարարությունն է ներկայացնում համայնքի ղեկավարը:

Համայնքում նաեւ երկրորդ ջերմոցն են կառուցում, որի ջեռուցումը նույնպես ապահովելու են այս տեխնոլոգիայով:

Փոքրաթիվ բնակչություն ունեցող համայնքի համար մեծ համարձակություն է փորձարարական ծրագրերում ընդգրկվելը, այն էլ համայնքային ներդրում ապահովելու պայմանով: «Նյութական սուղ միջոցներ ունեցող փոքր համայնք լինելով, ինչպե՞ս են կարողացել դոնորների վստահությունը շահել, այն էլ այդքան պատասխանատու ծրագրեր իրագործելու հարցում»,- հարցնում եմ համայնքի ղեկավարին:

«Քանի որ պաշտոնավարման առաջին երկու տարիներին հարկերի հավաքագրման տոկոսը բարձրացրել էինք եւ բավականին գումար էինք հավաքել, ֆոնդային բյուջեում էլ 8 մլն դրամ գումար ունեինք, որոշեցի մի խորամանակ քայլի դիմել· գործընկերոջս վստահությունը շահելու համար 30%-ի փոխարեն 50% ներդրեցի»,- պատասխանում է համայնքի ղեկավարը: Առաջին համագործակցությունը «Հայկական Կարիտաս» կազմակերպության հետ է եղել: Ծրագրեր իրականացնելու նրանց պայմանն այն էր, որ համայնքը 30% համաֆինանսավորում ապահովեր: «Կարիտասը» առաջնայնությունը տվել է այն համայնքներին, որոնք համաֆինանսավորման տոկոսը բարձր են նշել:

Առաջին հաջողությունից հետո համաֆինանսավորման բարձր տոկոս է ապահովել նաեւ հաջորդ ծրագրերի ժամանակ: ՄԱԶԾ Գլոբալ էկոլոգիական հիմադրամի եւ «Բիոսոֆիա» առողջապահության, բնապահպանության եւ գյուղատնտեսության զարգացման կենտրոն» հ/կ-ից ջերմոցի եւ արեւային ջրատաքացուցիչներ տեղադրելու առաջարկ է արվել համայնքին: Նրանց աջակցությամբ նաեւ կալիֆոռնիական որդերի մինի ֆերմա են ստեղծել: «2011թ.-ից, երբ սկսեց գործել Բասենի համայնքային մանկապարտեզը, հաստատությունը ջեռուցելու խնդիր կար, ինչը շատ մեծ բեռ էր համայնքային բյուջեի համար, քանի որ բնակավայրը գազիֆիկացված չէ եւ ջեռուցումն իրականացվում է էլեկտրաէներգիայի միջոցով: Ձմռանը գործելու դեպքում լրացուցիչ 1 մլն դրամ կծախսվեր մանկապարտեզը ջեռուցելու համար: Այդ պատճառով ձմեռային ամիսներին մանկապարտեզը չի գործել»,- ասում է համայնքի ղեկավարը:

Հաշվարկել են, որ համայնքում վերականգնվող էներգետիկայի եւ գյուղատնտեական նոր տեխնոլոգիաների կիրառումը կնպաստի համայնքային կենտրոնի եւ մանկապարտեզի ծախսերի կրճատմանը, եկամուտների աճին, իսկ խնայված ռեսուրսները կուղղորդվեն համայնքի այլ կարիքները լուծելուն: Ջերմոցի արեւային ջրատաքացուցիչը կառուցել են զուտ մանկապարտեզի ծախսերը նվազեցնելու համար, մինչ այդ էլեկտրաէներգիայով էին տաքացնում: Երեխաներին էկոլոգիապես մաքուր, թարմ բանջարեղենով ու կանաչեղենով ապահովելու համար կառուցել են 50 քմ ջերմոց, որից ստացած 500 կգ պոմիդորն ու վարունգը լիովին ապահովել է մանկապարտեզ հաճախող 56 երեխաների կարիքները: Ավելացած բերքը վաճառել են աշխատողներին:

Միայն ջրատաքացուցիչները գործադրելուց 500 000 դրամ են տնտեսել համայնքային բյուջեում, եւս 200 000 դրամ խնայվել է ծնողների վարձավճարներից, որով մանկապարտեզի համար գույք են ձեռք բերել: Համայնքային բյուջեից խնայված գումարից վճարում են 170 աշակերտների դասագրքերի  համար: 2014 թ.-ին ստեղծել են «Բասենի զարգացման հիմնադրամը», եւ տնտեսված գումարները փոխանցել են հիմնադրամ՝ համայնքում նոր աշխատանքներ կատարելու համար:

«Նախագիծն ապացուցեց, որ Հայաստանի հյուսիսում, կլիմայական համեմատաբար անբարենպաստ պայմաններ ունեցող համայնքներում շատ արդյունավետ է վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաների կիրառումը` սոցիալ-տնտեսական եւ գյուղատնտեսական խնդիրները լուծելու, ջերմոցային տնտեսությունը զարգացնելու, համայնքներում բնապահպանական խնդիրները մեղմելու տեսակետից»,- համոզմունք է հայտնում Հ· Պետրոսյանը: Ասում է, թե համայնքի բնակիչները չէին պատկերացնում, որ արեւը կարող է ջուրը եռացնել: Ձեռքները պահեցին տակը եւ տեսան, որ գազի տաքացրած ջրից էլ տաք է, մտածեցին, որ Աստված հրաշագործ է, եւ այդ հրաշքն էլ կարող են կիրառել:

Բասենի 20 տների կտուրներին այսօր տեղադրված են արեւային ջրատաքացուցիչներ: Գյուղում մի ընտանիք, համայնքային ջերմատան օրինակով, 240 քմ մակերսով ջերմատուն է կառուցել եւ զբաղվում է բանջարեղենի արտադրությամբ: Կենսաբանական թափոններից ստացված խտացված վառելանյութը փորձարկելուց հետո կտրամադրեն նաեւ բնակիչներին՝ տները ջեռուցելու համար: Արտադրված էլեկտրաէներգիայի ավելուցուկը էլեկտրացանցին վաճառելու հնարավորություն ունեն:

Համլետ Պետրոսյանի ոչ միայն գործունեությունը, այլեւ մտածողությունը լուրջ մարտահրավեր է բոլոր համայնքների ղեկավարներին: Նա իր աշխատաոճով կոտրում է հարյուրավոր համայնքապետերի մոտ ձեւավորված այն կարծրատիպը, որ հաջողություններ կարող են ունենալ մայրաքաղաքին մոտ գտնվող համայնքները, զարգանալ կարող են միայն բնական ռեսուրսներով հարուստ, բնակլիմայական բարենպաստ պայմաններ ունեցող համայնքները: Այն համայնքները, որոնց ղեկավարները բարիդրացիական հարաբերություններ ունեն մարզպետների ու պետական պաշտոնյաների հետ, որպեսզի պետական բյուջեից գումարներ ստանան:

«Եթե տեսնում են, որ հնարավորություն ունես էս ծանրությունը բարձրացնելու` բարի կամքի տեր մարդիկ կողքից կտեսնեն եւ քեզ շատ կօգնեն: Մարդուն միայն ցանկություն է պետք գործ անելու, մնացածը կլինի»,- Բասեն համայնքի հաջողությունների գաղտնիքն այսպես է մեկնաբանում համայնքի ղեկավարը:

Այդուհանդերձ, բոլորը չէ, որ նորարարությունները կիրառելու համարձակություն կունենային, եթե պատկերացում չունենային այդ ամենի մասին:

«Դպրոցական տարիներից սեր ունեի տեխնիկայի նկատմամբ: 1992թ.-ին 9-րդ դասարան էի, երբ քամին օգտագործեցի որպես էներգիայի աղբյուր: Այն ժամանակ լույս չկար, ինտերնետ չկար ինֆորմացիայի այլ աղբյուրներ չկային, բացի ֆիզիկայի գրքից, որը կարող էր ինձ ոգեշնչել: Մեկ էլ մեր քամին էր, որն օգնեց ինձ միտքս հղացնել եւ ներկա պահին այդ կառույցը մեր բակում կա: Դրանով ես առաջինն իմ ընտանիքին ապացուցեցի, որ կարող եմ լույս ունենալ, երկրորդ օրը ողջ գյուղին ապացուցեցի, որ քամուց լույսը կվառվեր»,- փայլատակող աչքերով պատմում է Համլետ Պետրոսյանը:

«Դաշտում քանդված, թալանված էքսկավատոր կար եւ տեսա, որ քամին թեւերը կֆռցներ: Մեջս միտք հղացավ, որ կարելի է բարձր աշտարակի վրա մեծացնել, հզորացնել, տրակտորի գեներատորի վրա դնել ու լույս ստանալ: Էդ փոքր մտահղացումը բնությունն ինձ հուշեց, կարողացա նպատակին հասցնել: Երկրորդ օրն էլ ապացուցեցի ողջ համայնքին, որ քամուց լույսը կվառվեր: Դրանից հետո էդ կրակը իմ մեջ սկսեց բոցերի վերածվել»,- պատմում է Բասեն համայնքի ղեկավարը:

Սովորել է Պետական ճարտարապետական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում: Պատմում է, որ ուսումը շարունակելու հնարավորություն չի ունեցել, բայց արարելու ձիրքը մեջը չմեռավ: «Համալսարանում կարողացա ավելի խորացնել գիտելիքներս, զգացի, որ մարդու մեջ անսահմանափակ կարողություն կա, կարելի է անընդհատ պրպտել, փնտրել եւ գտնել, ինստիտուտը ինձ շատ օգնեց այդ առումով: Պատանեկան տարիների երազանքներս արդեն կարելի է կիրառել որպես համայնքի ղեկավար»,- ասում է նա:

Համլետ Պետրոսյանը 8 տարի է Բասեն համայնքի ղեկավարն է: Մինչ այդ, առաջադրվել է երկու անգամ, սակայն հաջողություն չի ունեցել, ինչպես ինքն է ասում՝ քանի որ ընդամենը 15 հոգի ազգական ուներ գյուղում: Երրորդ անգամ, երբ առաջադրվել է, 7 մրցակից ուներ, բայց ողջ համայնքը նրան է վստահել ղեկավարումը:

«Ի՞նչ էր փոխվել բնակիչների մեջ, երբ երկու անգամ մերժելուց հետո, երրորդ անգամ նախապատվությունը Ձեզ տվեցին»,- հարցնում եմ պրն Պետրոսյանին: Պատասխանում է, որ 2008 թ.-ին, երբ ընտրվեց համայնքի ղեկավար, առաջին խնդիրը եղել է բնակչության մեջ հոգեւոր տեղաշարժ մտցնելը, քանի որ մարդկանց հետաքրքրությունները նվազել էին բոլոր առումներով: «Առաջին գործս այն եղավ, որ մանուկ երեխեքի հետ գյուղի եկեղեցու տարածքի աղբը ձեռքով մաքրեցինք: Երիտասարդների մեջ հույս ու հավատ արթնացավ: Նրանցից ակտիվ խումբ ստեծվեց, որը բնակչության մեջ շրջայց կատարելով վեր հանեց համայնքային խնդիրները»,- պատմում է նա:

Ասում է, որ այդ հարցերից շատերի լուծումը ֆինանսական մեծ ներդրումներ էր պահանջում, բայց բնակչության առաջին ցանկությունը եկեղեցի ունենալն էր: Եկեղեցին վերականգնելու համար մեկնում է Ռուսատանի Դաշնություն՝ այնտեղ գտնվող բասենցիներից 10 օրում 14 հազար դոլար է հավաքում, ֆինանսական ներդրում է կատարում նաեւ համայնքային բյուջեից, եւ գյուղի երիտասարդների կամավոր աշխատանքի շնորհիվ վերականգնում են եկեղեցին:

«Դա մեծ նշանակություն ունեցավ իմ եւ իմ համայնքի այսօրվա զարգացման համար: Ես նկատում էի, որ մարդիկ պատրաստակամ էին ցանկացած աշխատանք կամավոր կատարելու եւ մի մասը կվճարեին, մի մասը վճար կուզեին, բայց եկեղեցու հարցում բոլորն անխտիր անվճար էին կատարում: Հենց այդտեղից զգացի, որ իմ ամուր տեղն այդ է, եւ հաղթանակ ունեցա»,- պատմում է համայնքի ղեկավարը:

Եկեղեցին վերականգնելուց հետո փողոցային լուսավորություն են անցկացրել, գյուղի սելավատարներն են մաքրել, հուշարձանային համալիրն են բարեկարգել, կանգառներ տեղադրել, գյուղի մի հատվածում 2 կմ ջրային ցանց է կառուցվել, ես 1600 մ մեկ այլ հատվածում, որտեղ ընդհանրապես խմելու ջուր չունեին: «Գյուղացիների 50%-ն ամառվա շրջանում խմելու ջուր չուներ: Այդ հարցն արդեն ավարտել ենք: Բնակիչները թերահավատ էին, ասում էին, թե սովետի ժամանակ չկարողացան, դու ինչպե՞ս սարքեցիր: Ես տարա ցույց տվեցի կապտաժները, որ միացվել էին աղբյուրներին: Այդտեղ ապացուցվեց, որ գեղովի կանգնենք, գերանը կկոտրենք, եւ այդ գերանը կոտրեցինք»,- Բասենի հաջողություններն է ներկայացնում Հ· Պետրոսյանը:

«Ներդրումներ կատարելու համար գումար է պետք, իսկ բոլոր համայնքների ղեկավարների համար դժվարությունը հարկերը հավաքագրելն է»,- նկատում եմ ես: Համայնքի ղեկավարն ասում է, որ ընտրվելուց հետո 1,5 տարի միայն աշխատակազմի հետ ունեցած ներքին պայքարը լուծելուն է տրամադրել: Հին կարծրատիպով աշխատողներ կային, որոնք չէին համակերպվում նոր պահանջների՝ աշխատաժամին աշխատավայրում լինելու, մարդկանց հետ վարվեցողության կարգ ունենալու եւ այլնի հետ: Բազմաթիվ հարցեր էին կուտակվել, համայնքի բյուջեն ընդհանրապես չէր կատարվել` հավաքագրումը 5% էր, 9 մլն դրամ դոտացիան միայն աշխատավարձ էին բաժանել: Գյուղապետարանի դուռը չէր բացվում, մարդիկ տեղեկանք անգամ չէին կարողանում վերցնել, հույսներն իրենց վրա դնելով համայնքային խնդիրներ էին լուծում թե՛ համայնքի ներսում, թե՛ դրսում:

«Նախկինում պայմանն այս էր· հարկերդ տուր` պարարտանյութ կտանք: Ես հակառակն արեցի` տվեցի նրանց անսահմանափակ վառելիք, պարարտանյութ, ինչ հարցով կգային` մեր սուղ բյուջեից գումար տվեցինք: Մարդիկ են եղել, որոնց հորդորել եմ` տանեն, ցանեն, որ չբողոքեն իրենցից, իրենց Աստծուց: Տվեցինք ու զգացինք, որ գործը հաջողվեց: Առաջին տարին 80% հողի հարկի հավաքագրում ունեցա, հաջորդ տարվանից 120-150%: Շատ ժամանակ բնակիչներն ասում էին, թե փող հավաքենք այսինչ բանն անենք: Ասում էի՝ դու փող մի՛ հավաքիր, հարկդ տուր` մենք կանենք: Եթե կուզես համայնքիդ օգնես` կգաս մեկ օր անվճար կաշխատես: Հետո տարուց-տարի դոտացիան 9 մլն դրամից հասավ 28 մլն-ի: Իմ առաջին խնդիրն էր ստեղծել մի տեղ, որտեղ բոլորը կարող էին գալ եւ ներկայացնել իրենց խնդիրը, ուսումնասիրեինք եւ համատեղ լուծումներ փնտրեինք»,- նշում է համայնքապետը:

Մարզպետարաններում նորարարությունները չեն ողջունում: Համլետ Պետրոսյանը համամիտ է ինձ հետ եւ ավելացնում է· «Քանի որ այլընտրանքային ոլորտը մի քիչ էլ ֆանտաստիկա է, դրա համար ոչ բոլորն էին լրջորեն մոտենում»: Ասում է, որ միջազգային կազմակերպությունների հետ ավելի հեշտ է աշխատելը, գյուղում այսքան շատ աշխատանք է կատարվել նրանց աջակցությամբ եւ Բասեն զարգացման հիմնադրամի միջոցներով: Նրանք ամեն անգամ գոհ ու հրճվանքով են հեռացել գյուղից, որ հայկական գյուղերում, որտեղ ամեն ինչը գաղջ ու մութ է ներկայացված, կարողանում են նաեւ այսպիսի կյանք ստեղծել: «Մարզպետարաններում մի քիչ ուրիշ է: Եթե նոր համայնքապետ է, ռոմանտիկ մտքերով, երիտասարդ է, ասում են`«ըսիգ եսիմ ով է, ինչ պդի էնե»,- պատմում է նա:

Որքանո՞վ է Բասենի փորձը վարակիչ եղել շրջակա համայնքների համար,- հարցնում եմ համայնքապետին: Նա ասում է, որ որոշ նորարարություններ ներմուծել են Բասենից, օրինակ, փողոցային լուսավորությունը: «Մեր գյուղի միջով կանցնեին-կդառնային, կըսեին`  «Ինչխո՞ր Քյափանակը կդնե-կենե, ըդոնց փողն ուրդի՞ց, որ ···»: Ստիպեցին իրենց գյուղապետերին՝ էրեցին»,- հարեւան համայնքների բնակիչների նախաձեռնողականությունն է ներկայացնում համայնքի ղեկավարը: Ապա վերհիշում է հուշարձանային համալիրի վերականգնման ժամանակ նրանց դրսեւորած «խանդոտ» վերաբերմունքը · «Հիմի նայեք ինճըխ խառնե գը սաղին իրար»:

«Մյուս համայնքներին հորդորում եմ, որ փորձեն, ինձ ոչ ոք չի օգնել, բայց ես պատրաստ եմ իրենց օգնելու: Ասում են` մենք փող չունենք, ամբողջը թող ներդրողներն անեն: Ես համաձայն չեմ, եթե ես գրպանիս փողը չծախսեցի, ձրի տված ոչ մի բանը այնպես չեմ օգտագործի, ինչպես պետք է: Համայնքի ղեկավարը բնակչությանը հաշվետվություն ներկայացնելիս պետք է ասի` սա ձեր տված հարկն է, կուզեք` ջարդեք, փշրեք: Ու էս հիմնական միտքը, որ երիտասարդների մոտ կա, հին կարծրատիպերից լիովին ձերբազատվել են: Անընդհատ պետությունից պահանջելով չի լինի, եկեք տեսնենք մենք մեր գյուղը, բակը որքանո՞վ ենք մաքուր պահում, որ այսօր պետությունից պահանջում ենք հսկայական բաներ: Ձեր գյուղապետին հարկադրեք, աշխատացրեք, վերահսկեք, տեսեք չի՞ աշխատում, հետո դիմեք վերեւներին»,- համայնքը վերափոխելու իր բանաձեւն է ներկայացնում համայնքապետը:

«Խթանելու, կյանք տալու համար շատ մեծ բան պետք չէ, մե քիչըմ սիրեսգը երգիրդ: Մեր համայնքն էլ մեր մեծ ընտանիքն է եւ լավ եմ զգում, որ նախկինում Բասենի մասին չգիտեին կամ միայն բացասական իմաստով էին հիշում, իսկ հիմա միայն գովեստով են խոսում: Ուկրաինայի էի գնացել մեր փորձը ներկայացնելու համար, ես խոսում եմ 2000 հոգու անունից»,- հպարտությամբ ներկայացնում է Բասեն համայնքի ղեկավարը:

Վերջին ընտրության ժամանակ որոշել է, որ եթե մրցակցից 100 ձայնի առավելություն ունենա` հաջորդ անգամ չի առաջադրվի: Ասում է այնքան շատ ձայն տվեցին, որ դա իրեն ստիպում է նորից աշխատելու, նորից փնտրելու, գտնելու, նորից ցույց տալու, որ այս երկիրը լուրջ հնարավորություններ ունի: «Այս համայնքում ես կոտրեցի մի կարծրատիպ, որ մեծ ազգություն ունեցողը, եթե գործունյա չէ, համայնքի ղեկավար չի ընտրվի»,- ասում է Համլետ Պետրոսյանը:


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (4)
1. Աննա Սարգսյան07:33 - 28 ապրիլի, 2016
Երկրապահ անվանումը մարդու այս տեսակի համար են մտածե:Համլետ Պետրոսյան տեսակը պետական մտածողության տեր հայորդի է, նա գիտակցել է ,որ հայրենիքը սկսվում է իր հայրենի գյուղից,իր սիրած աշխատանքից և գործով է ապացուցում այդ ամենը` մինչդեռ անհայրենիք շանորդիների համար հայրենի եզերքը սեփական երջանկությունը ուրիշների ողբի ու չքավորության հաշվին կերտելն է, հային գաղթական դարձնելը,,,,,, փայլուն օրինակ է Համլետը թալանչի համայնքապետերի կողքին, օրհնյալ լինի ու միշտ հաջողակ:
2. Արթուր17:48 - 28 ապրիլի, 2016
Ոնց որ ֆանտաստիկ գրականությունից հատված լիներ: Եթե եղած չլինեի Բասենում հաստատ չէի հավատա: Համլետ Պետրոսյանը իսկական ղեկավար է ու առաջնորդ, ումից շատ-շատ անասուններ ահագին բան ունեն սովորելու: Իսկ այն համաինքների ներկայացուցիչները, ովքեր չունեն Համլետ Պետրոսյանի նման ղեկավար պետք է բողոքեն, պահանջեն ու ստանան իրենց ուզածը ամեն գնով, քանի ուշ չի:
3. Սոնյա10:53 - 29 ապրիլի, 2016
Իսկապես կարելի է նախանձել Գեւորգ Պետրոսյանի նպատակասլաց աշխատանքային գործունեությանը եւ այն , թե ինչպես է կարողանում մարդկանց վարակել իր մտահաղացումների իրականացման համար ճիշտ աշխատանքային նորարական գաղափարների համախոհների թիմ հավաքել ու հասնել ցանկալի արդյունքի, հատկապես գործունյա եւ իրեն վստահող համայնքապետերի հետ աշխատելու կարողությանը:
4. Թերեզա13:56 - 29 ապրիլի, 2016
Մարդկանց վստահությունը վաելող ,ազնիվ ու խելացի ղեկավար-սա է հաջողության գրավականը
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։