Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Կառավարությունը Ազգային ժողով է տարել անտառում կառուցապատումը թույլատրող օրինագիծ



Այս տարվա մարտի 31-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել մի նախագծի, որով թույլատրելի է դարձնում անտառում կառուցապատում իրականացնելը: Ապրիլի 11-ին օրենքի երկու նախագծերը՝ «ՀՀ Անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ուղարկվել են Ազգային ժողով:

Ինչպե՞ս է հիմնավորում կառավարությունը

Կառավարությունը թերացում է տեսնում անտառային գործող օրենսդրության մեջ: Նախագծով առաջարկում է հանել «անտառային տոմս՝ կողմնակի անտառօգտագործման իրավունքը հաստատող փաստաթուղթը» (այն ամրագրված է 2005 թ.-ի հոկտեմբերի 24-ին ընդունված Անտառային օրենսգրքի 3-րդ հոդվածում):

Անտառային գործող օրենսդրության համաձայն՝ պետական և համայնքային անտառներում կարող են իրականացվել ոչ բնափայտային անտառանյութի՝ պտուղների, հատապտուղների, ընկույզների, սնկերի, ուտելի բույսերի և դեղաբույսերի, տեխնիկական հումքի մթերում, մեղվանոցների, փեթակների տեղադրում: Դա կատարվում է մինչև մեկ տարի ժամկետով կողմնակի անտառօգտագործման պայմանագրի և անտառային տոմսի հիման վրա: Կառավարությունը նախագծի մեջ նշում է, թե պարզ չէ՝ ինչպես է կիրառվում այդ նորմը թույլտվություն չպահանջվող անտառօգտագործողների նկատմամբ: Ապա ավելացնում է, որ այդտեղից հետևում է, որ ֆիզիկական անձանց անտառօգտագործման թույլտվությունը լիարժեք չի ծառայում իր նպատակին, քանի որ սահմանված չեն հսկման հստակ մեխանիզմներ:

Օրինագծում ասվում է, որ իրականում անտառապահները տեղի բնակիչներին թույլ են տալիս առանց որևէ իրավունքի անսահմանափակ օգտվել անտառային պաշարներից, և հստակ չէ, թե նրանք ինչ նպատակներով են օգտվում՝ արդյունագործակա՞ն, անձնակա՞ն:

Գործադիրը շարունակում է հիմնավորումը, որ «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկի կողմից իրականացված հարցումներով «պարզ է դարձել, որ 2013-2014 թվականներին ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից անտառային տոմսեր ընդհնարապես դուրս չեն գրվել, եւ, բնականաբար, համապատասխան պայմանագրեր չեն կնքվել»: Այնուհետ հետևություն է արվում, որ բացի ֆիզիկական անձանցից՝ անտառօգտագործման այս իրավունքը չի տրամադրվել նաև իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին:

Եվ այդ բացը շտկելու համար առաջարկում է հանել Անատառային օրենսգրքով սահմանված հողի վարձակալության կողմնակի անտառօգտագործման պայմանագիրն ու տոմսը, որպեսզի վերացվի գործող նորմի անկատարությունը ֆիզիկական անձանց մասով և «խթանի փոքր բիզնեսին՝ ազատ ռեժիմով ոչ բնափայտային մթերումներ կատարելու համար»:

Նաև նշում է, որ այդ փոփոխությամբ քաղաքացիների և բիզնեսի համար առաջարկվելու են անտառօգտագործման ազատ ռեժիմները, ինչն էլ խթանելու է փոքր բիզնեսի զարգացմանը:

Նախագծում օրինակ է բերվում նաև այլ երկրների փորձը, ինչպիսիք են՝ Շվեդիան, Ճապոնիան, Բրազիլիան:

Փոքր բիզնեսի զարգացո՞ւմ, թե՞ օլիգարխիայի շահերի սպասարկում

Մեկ այլ փոփոխությամբ կառավարությունն առաջարկում է օրենսգրքի մեջ ավելացնել «կառուցապատման իրավունք» հասկացությունը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանն, ով գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, ասում է, որ էկոտուրիզմով զբաղվողների համար կարելի է որոշակի կառույցներ նախատեսել անտառում: Ասում է՝ վերջերս քննարկում են ունեցել Դիլիջանում, և ինքն առաջարկել է նույնիսկ, որ եթե Կահիրեում բուրգեր տանում են ուղտերով, մենք էլ կարող ենք տանել ձիերով ու էշերով:

Հարցնում եմ՝ ի՞նչ է նախատեսվում կառուցել անտառում՝ ռեստորա՞ն, սրճարա՞ն, ասում է՝ նման մի բան, բայց փոքր չափերով, երբ մարդկանց ես տանում անտառ, մի փոքր շրջելուց հետո հանգստի համար սուրճ կարելի է տալ տեղում:

Պատգամավորը կարծում է, որ էկոհամակարգին չեն վնասի, եթե ամեն բան նորմալ կազմակերպեն:

«Եթե օրենքի սահմաններում լինի այդ կառուցապատումը էկոտուրիզմի համար, իհարկե, կողմ եմ [նախագծին], բայց եթե պիտի լինի պալատներ կառուցելու իամստով, իրենք ներսում հյուրանոցներ և այլն կառուցեն, արդեն չի կարելի»,- նշում է Մախսուդյանը: Նաև ավելացնում է, որ նախագծի լսումներ դեռևս չեն եղել խորհրդարանում, եթե լինեն, կառաջարկի նաև սահմանել կառույցների չափերը:

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ասում է, որ այդ նախագիծը կառավարությունը պետք է հետ կանչի, նույնիսկ լսումներ պետք է չանցկացնել: Օրինագիծը, նրա կարծիքով, ինչ-որ օլիգարխների շահեր է սպասարկում:

«Եթե այդ փոփոխությունն ընդունվի, ապա կարող ենք ասել, որ օրենքով հնարավորություն ենք տալիս անտառային ծածկույթը վերացնելու: Տեսեք, ցանկացած անտառի տարածքում երբ ինչ-որ բան է կառուցվում՝ ռեստորաններ, տներ, հանգստայն տներ, դրա համար պետք է կառուցվի ճանապարհ, ավտոկայանատեղի, կոյուղի, գազ, իսկ անտառն ամբողջական օրգանիզմ է, հնարավոր չէ, անտառում ինչ-որ բան անել և չազդել անտառի ամբողջականության վրա»,- ասում է նա:

Էդմոն Մարուքյանը նկատում է, որ պատահական չէր նաև օրինագիծը ԱԺ բերելու ժամանակը, և ընտրվեց այն պահը, երբ հանրությունը մտահոգված էր սահմանային իրավիճակով:

Նախագծում փոքր բիզնեսի զարգացման մասին ձևակերպումը նա համարում է «լկտի սուտ»: Է. Մարուքյանի կարծիքով՝ փոքր բիզնեսի և անտառային տոմսի միջև որևէ կապ չկա, «Հայանտառը» անտառային տոմսի հաշվառում չի իրականացնում: Ըստ պատգամավորի, փոխանակ հաշվառման մեխանիզմը փոխեն, առաջարկում են անտառային տոմսը հանել: «Ասում են՝ եկեք դա հանենք, որ այդ մարդիկ մտնեն անտառը գրավեն, լցնեն բանկաները, արտահանեն: Խոսքը արդյունաբերական նպատակների մասին է: Բիզնեսը թող զարգանա, բայց անտառի համար պետք է վճարել»,- նշում է Մարուքյանը:

Պատգամավորն ասում է՝ ոչ թե անտառատոմսը հանեն՝ իբր փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար, այլ դատեն մոնոպոլիստներին, բռնագանձեն փողերը և բերեն պետական բյուջե:

Անկախ պատգամավորը հավելում է, որ կառավարությունից մեծ արագությամբ պետք է հետ կանչեն օրինագիծը, հակառակ դեպքում, դա կարող է հանգեցնել կառավարության հրաժարականի ձևակերպմանը:

Առաջին լուսանկարում՝ Դսեղի անտառտնտեսության մի հատված


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Իվան00:58 - 28 ապրիլի, 2016
Պետերով հաց ենք ուտում. Լոռու ԱՏ-ներից մեկի տնօրենը հայհոյել է 911-ի օպերատորուհուն: Լոռու մարզի փրկարարական վարչության ճգնաժամային կենտրոնում ապրիլի 24-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Եղեգնուտի անտառնտեսության տարածքում: NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ 911-ի օպերատորը զանգահարել է անտառտնտեսության տնօրենին հրդեհի բռնկման վերաբերյալ ահազանգի մասին տեղեկացնելու: Վերջինը հայտնել է՝ այդ հարցով ավելի ուշ կզբաղվի, «պետերով հաց են ուտում»: «Մեր օպերատորը, որը 21 տարեկան աղջիկ է, որոշ ժամանակ անց կրկին զանգահարել է տնօրենին, որ տեսնի՝ ինչ է կատարվում, անպատվել են այս աղջկան, տարբեր հայհոյանքներ տվել, ասել մեզ հետ գործ չունես, շատ եք ձեր վրա բան վերցնում ու այլ նման տիպի արտահայտություններ»,-ասել է ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Արթուր Չատինյանը, որը եւ միջադեպի մասին հայտնել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին: Մարզպետը փորձել է արդարացնել անտառտնտեսության տնօրենին՝ միեւնույն ժամանակ խոստանալով անդրադառնալ կատարվածին: «Օպերատորը որ զանգահարել է, երեւի տարածքն է խառնել: Դեպքն ուրիշ անտառտնտեսությունում է եղել: Չնայած կապ չունի, շփոթվել է օպերատորը, չի շփոթվել, տնօրենը պարտավոր էր շնորհակալություն հայտնել ինֆորմացիայի համար: Օպերատորն իր աշխատանքն է անում եւ ավել ոչինչ: Կարելի էր ընդամենը շնորհակալություն հայտնել»,- ասել է Արթուր Նալբանդյանը: Այսինքն Սկսվել է փայտի բիզնես պլանի մասին որոշման կայացման փուլը: Արդեն իսկ Լոռվա անտառներից ապօրինի փայտանյութի բիզնեսի մեկնարկը տրված է: Բոլոր շահագրգիռ մարդկանց ուշադրությունը սևեռել այդ բնագավառին, որպեսզի հերթական ախորժակները զավթվի վերը նշված պետերի:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ