HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի մի քանի հայեցակարգային դրույթներ

ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարում վերջին տարիների ընթացքում մշակվել են տարբեր հայեցակարգեր և ծրագրեր, կատարվել են վերլուծություններ: Որոշ դեպքերում տարբեր բնագավառներում նաև կատարվել են կոռուպցիայի գնահատման հետազոտություններ, սակայն չնայած բազմաթիվ քննարկումներին և պետական մարմինների ընդունած որոշումներին՝ կոռուպցիայի ընկալումը մնում է բարձր, իսկ հակակոռուպցիոն գործառույթների արդյունավետությունը` դեռևս ցածր: Ընդ որում, կոռուպցիայի դեպքերի առկայությունը հաճախ գեներացվում է գործատուների, պետական պաշտոնյաների ու քաղաքացիների և աշխատողների պատճառով: Կոռուպցիան դարձել է խնդիրների արագ լուծման և անհնարինը հնարավոր դարձնելու միջոց: Բիզնեսում կոռուպցիան նաև անհավասար մրցակցության դեմ պայքարի միջոց է դարձել, քանի որ գործարար միջավայրում գործող օրենքները համաչափ չեն կիրառվում, և տեսչական տարբեր այցերը (ստուգում կամ ուսումնասիրություն) հաճախակի ավարտվում են կոռուպցիոն համաձայնությամբ:

Հայաստանի ներքին սահմանափակ հնարավորություններով շուկայում բիզնեսի գոյատևման ձգտումները վերջիններիս հաճախակի մղում են խնդիրների լուծումը գտնել միայն կոռուպցիոն ճանապարհով: Դրան էականորեն նպաստում է կրթական համակարգում կարևոր պետական համաձայնագրերի, կոնվենցիաների վավերացման և տարբեր սոցիալ-տնտեսական ռեֆորմների, հայեցակարգերի ու թույլատվությունների կամ առևտրի արտոնությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության դեռևս բացակայությունը, ինչպես նաև՝ կրթական ծրագրերում և դասախոսական անձնակազմի վերապատրաստման գործընթացներում դրանց մասին նյութերի բացակայությունը: Ստացվում է այնպես, որ ամեն տարի իրականացվող կարևոր փոփոխությունների մասին կրթական համակարգի կառույցները՝ հատկապես ԲՈՒՀ-երը, ՄԿՈՒ հաստատությունները, չեն իրազեկվում: Մինչդեռ, կառավարության ներսում այդ որոշումներն ընդունվում են տարբեր նախարարությունների կարծիքների հիման վրա՝ նախապես անցնելով գերատեսչական քննարկումների գործընթաց:

Այսպիսով, տեղեկատվության փոխանցում և հանձնարարություններ չեն տրվում կրթական կառույցներին: Առկա է այն կարծիքը, որ աշխատաշուկայի պահանջների մասին միայն գործատուները պետք է արձագանքեն և այդ պահանջները ներկայացնեն կրթական հաստատություններին, ինչպես նաև՝ իրականացնեն վերջիններիս տեխնիկական վերազինում, մասնակցեն չափորոշիչների մշակմանը և այլն: Սակայն այս ամենին զուգահեռ անհրաժեշտ է, որ ապագա աշխատողները կամ գործատուները կրթվեն համապատասխան գիտելիքներով, որոնք լայն նշանակություն ունեն մարդու իրավունքների պաշտպանության, աշխատանքային հարաբերությունների բարելավման, շրջակա միջավայրի պաշտպանության, աշխատանքի պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարում տարբեր միջազգային կոնվենցիաների պահանջների կատարման տեսանկյունից: Այս մասշտաբի գիտելիքների և տեղեկատվության պակասը համարյա անհնարին է աշխատաշուկայում միայն գործատուների ջանքերով ապահովել:

Գործատուները հաճախ հանդիսանում են տարբեր արտոնություններից և հնարավորություններից իրական իմաստով օգտվողներ կամ սպառողներ: Այս դեպքում համապատասխան պետական կառույցներն իրենց վրա պետք է վերցնեն նաև նշված խնդիրների կարգավորումը: Օրինակ, արտահանման խթանման համար ԵՄ-ը 2014թ. Հայաստանի համար կրկին հայտարարել է GSP+ արտոնությունների համակարգը, որի շրջանակում ՀՀ-ում արտադրված 6.400 տիպի ապրանքներ կարող են ԵՄ երկրներ արտահանվել 0-ական կամ ցածր մաքսատուրքով: Սակայն այդ թույլտվության դիմաց Հայաստանի Հանրապետությունը պետք է ապահովի միջազգային 27 կոնվենցիաների պահանջների կատարումը, որոնք ներառում են մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանությունը, աշխատանքի պաշտպանությունը և այլն:

Գործատուներն օգտվում են GSP+ համակարգից, սակայն այդ կոնվենցիաների պահանջների կատարման ապահովումը միայն գործատուների ուժերով և նրանց մասնակցությամբ անհնարին է: Հետևաբար, պահանջների կատարման հարցում լուրջ դերակատարություն ունեն պետական մարմինները, քաղաքացիական հասարակությունը և նաև՝ աշխատողները: Նշված բոլոր դերակատարների համար տեղեկատվության հիմնական աղբյուրները և կրթման հնարավորությունները հիմնականում գտնվում են կրթական հաստատությունների ներքո, և այդ պահանջների կատարման ապահովումը կարելի է արագացնել միայն կրթական համակարգի ակտիվ մասնակցության շնորհիվ: Եթե ներկայիս ուսանողները կամ ապագա աշխատողներն ու գործատուներն իրենց չիմացության պատճառով առաջացնում են կոնվենցիաների և ՀՀ օրենքների պահանջների խախտումներ՝ դրանով ստեղծելով կոռուպցիոն ռիսկեր գործատուի համար, և գործատուն, տարբեր տույժերից խուսափելու համար կամ անհավասար մրցակցային պայմաններից ելնելով իր գործունեությունը չխաթարելու նպատակով հարկադրված դիմում է կոռուպցիայի, ապա սա միայն գործատուի խնդիրը չէ, միայն նրա ջանքերով չի կարգավորվի, և կոռուպցիայի դեպքերը չեն նվազի:

Փաստորեն, ապագա աշխատողներն իրենց թույլ գիտելիքների պատճառով գործատուի մոտ աշխատելիս կարող են առաջացնել խնդիրներ, որոնց լուծումները հաճախ վերջինս գտնում է միայն կոռուպցիայի ճանապարհով: Այսպիսով, կոռուպցիայի դեմ պայքարի սկզբնաղբյուրը գտնվում է կրթության ներքո, և կրթական համակարգը պետք է լուրջ գործի դրվի կոռուպցիայի դեմ պայքարում: Կրթության դերը պետք է ուժեղացվի կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարություններում:

Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ուղեկցվի և իրականանա կրթման ճանապարհով, որի շնորհիվ գիտակցականության բարձրացումը, սեփական իրավունքը պաշտպանելու կարողությունների և գիտելիքների զարգացումը կհանգեցնեն թե՛ աշխատողների և թե՛ գործատուների շրջանում իմացության բարձրացմանը և հարցերի լուծման ուղիների ոչ կոռուպցիոն տարբերակի ընտրությանը: Այսպիսով, ամփոփելով կարելի է վստահաբար հայտարարել, որ կրթական համակարգի օգնությամբ առավել կդյուրացվի կոռուպցիայի դեմ պայքարը և, հետևաբար, ՀՀ-ում կբարձրանա կոռուպցիայի դեմ պայքարում գործողությունների արդյունավետությունը և կբարելավվի միջազգային կոնվենցիաների պահանջների կատարումը:

Դրանց շնորհիվ ՀՀ-ը կպահպանի մի շարք արտոնություններից օգտվելու իրավունքը և կբարելավի միջազգային ինտեգրման հնարավորություններն ու հեղինակությունը, ինչպես նաև՝ կխթանվեն օտարերկրյա ներդրումները:

Գագիկ Մակարյան

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter